050.0029.020399
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մարտի 1999 թվականի N 29
«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ (ԿԵՏԵՐԻ) ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 1-ՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումը և լիցենզավորումը, մասնաճյուղերի, գործառնական գրասենյակների (կետերի) և ներկայացուցչությունների գրանցումը» կանոնակարգ 1-ում կատարել հետևյալ փոփոխությունը.
1.1. կանոն 24-ը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կանոն 24. | Բանկի գործառնական գրասենյակի (կետի) տարածքին և տեխնիկական հագեցվածությանը ներկայացվող պահանջները |
Բանկի գործառնական գրասենյակները (կետերը) ըստ տարածքի բաժանվում են հետևյալ խմբերի.
- շենքերում գործող (I խումբ),
- կրպակ-դրամարկղային խցերում գործող (II խումբ),
- հյուրանոցներում գործող (III խումբ):
I խմբին պատկանող գործառնական գրասենյակը (կետը) պետք է ունենա սեփականության իրավունքով հիմնադիր բանկին պատկանող կամ վարձակալությամբ վերցված տարածք: Տարածքի վարձակալության պայմանագիրը պետք է վավերացված լինի նոտարական կարգով և գրանցված լինի պետական լիազորված մարմնի (ՀՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչություն կամ նրա տարածքային մարմիններ) կողմից և կնքված լինի ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնելու պահից առնվազն մեկ տարի ժամկետով:
Տարածքը պետք է`
- առանձնացված լինի հարակից տարածքներից,
- օգտագործվի միայն գրանցման վկայականով նախատեսված գործունեություն իրականացնելու համար: Գործունեության տարածքում չի կարող իրականացվել արտադրական, առևտրային կամ սպասարկման այլ գործունեություն:
Շենքերում գործող գործառնական գրասենյակը (կետը) պետք է ունենա`
- անմիջական մուտք դրսից.
- կանխիկ դրամով և այլ արժեքներով գործառնություններ կատարելու, հաճախորդների դրամարկղային սպասարկումն իրականացնելու, կանխիկ դրամի ու այլ արժեքների հուսալի պահպանության համար դրամարկղային հանգույց:
II խմբի մեջ մտնող գործառնական գրասենյակների (կետերի) կրպակ-դրամարկղային խցերը պետք է տեղակայված լինեն ավտոկայաններում, երկաթուղային կայարաններում, օդանավակայաններում, մաքսային կետերում կամ բնակչության սպասարկում իրականացնող այն օբյեկտներում, որոնց սպասարկման սրահի մակերեսը կազմում է առնվազն 250 քառակուսի մետր:
III խմբի գործառնական գրասենյակներին (կետերին) թույլատրվում է կազմակերպել արտարժույթի առք ու վաճառք հյուրանոցների ընդունարաններում կամ հյուրանոցների առաջին հարկում վարձակալված տարածքում:
Բանկի գործառնական գրասենյակները (կետերը) պետք է ունենան`
ա) հեռախոսային կապ, թղթադրամի իսկությունը ստուգող սարք,
բ) գրասենյակի (կետի) պատին փակցված ցուցանակ, որի վրա նշվում են բանկի անվանումը և գործառնական գրասենյակի (կետի) համարը կամ անվանումը, ընդ որում ցուցանակը պետք է պարունակի «գործառնական գրասենյակ» կամ «գործառնական կետ» բառերը,
գ) հիմնադիր բանկի հետ միացված համակարգչային ցանց,
դ) էլեկտրոնային վահանակ:
Գործարքի կատարման վերաբերյալ գործառնական գրասենյակի (կետի) աշխատակիցը համակարգչի միջոցով պարտավոր է հաճախորդին տալ անդորրագիր, որը պետք է ներառի հետևյալ վավերապայմանները`
ա) տվյալներ գործարքը կատարող բանկի գործառնական գրասենյակի (կետի) մասին (բանկի անվանումը, գործառնական գրասենյակի (կետի) անվանումը, հասցեն և այլն),
բ) գործարքի կատարման ամսաթիվն ու ժամը,
գ) փոխանակվող արժույթի տեսակը և գումարը,
դ) փոխանակման փոխարժեքը,
ե) կոմիսիոն վճարի չափը, եթե այն նախատեսված է գործարքի իրականացման համար,
զ) հաճախորդին տրվող արժույթի տեսակը և գումարը,
է) գործառնական գրասենյակի (կետի) հայեցողությամբ` նաև այլ տեղեկատվություն»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում`
- գործող գործառնական գրասենյակների (կետերի) համար` 2000 թվականի հունվարի 1-ից.
- նոր ստեղծվող գործառնական գրասենյակների (կետերի) համար` սույն որոշման ընդունման պահից:
3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը` սույն որոշման ընդունման պահից մեկամսյա ժամկետում կազմակերպել կանոնակարգ 1-ի (ընդունված փոփոխություններով հանդերձ) ռուսերեն թարգմանության և հայերեն, ռուսերեն հրատարակման, իսկ երկամսյա ժամկետում` անգլերեն թարգմանության և հրատարակման աշխատանքները (առանձին գրքույկներով):
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
ՀՀ կենտրոնական |