«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 հուլիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60605299
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
19 հուլիսի 2005 թ. ք. Երևան |
N 31-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 27-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել տեղամասային ընտրական հանձնաժողովում վիճակահանություններ անցկացնելու կարգը (Հավելված 1):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. օգոստոսի 28-ի «Տեղամասային ընտրական հանձնաժողովներում վիճակահանություններ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 10/7-Ն որոշումը:
|
Գ. Ազարյան |
թիվ 31-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
Տեղամասային ընտրական հանձնաժողովում վիճակահանություններ անցկացնելու
1. Քվեարկության նախորդ օրը տեղամասային ընտրական հանձնաժողովն իր նիստում վիճակահանությամբ որոշում է քվեաթերթիկները ստորագրող հանձնաժողովի երեք անդամի, որոնք պարտավոր են նույն օրը՝ մինչև ժամը 2400-ն ստորագրել բոլոր քվեաթերթիկները: Ստորագրությունները դրվում են քվեաթերթիկների հակառակ կողմում՝ քվեաթերթիկի հատման (պերֆորացման) գծից ներքև, սակայն այնպես, որ քվեաթերթիկը ներքևի աջ կամ ձախ մասից մարելու դեպքում ստորագրությունները չվնասվեն:
1.1. Քվեաթերթիկները ստորագրելու համար անցկացվող վիճակահանությանը մասնակցում են տեղամասային ընտրական հանձնաժողովի բոլոր անդամները:
1.2. Վիճակահանությունը կազմակերպելու նպատակով հանձնաժողովի նախագահը նիստին ներկա հանձնաժողովի անդամների թվին համապատասխան պատրաստում է իրարից չտարբերվող թերթիկներ, որոնցից երեքի վրա նշում է կատարում: Թերթիկները քառապատիկ ծալում է՝ այնպես, որ չտարբերվեն միմյանցից և գցում վիճակահանության համար նախատեսված արկղի մեջ:
1.3. Ըստ հանձնաժողովի անդամների ազգանունների, իսկ ազգանունները համընկնելու դեպքում՝ ըստ անունների (հայրանունների) այբբենական հերթականության, հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ վիճակահանության արկղից հանում է մեկ թերթիկ:
1.4. Քվեաթերթիկները ստորագրում է հանձնաժողովի այն երեք անդամը, ում վիճակահանության արդյունքում բաժին է ընկել նշում պարունակող թերթիկ:
1.5. Վիճակահանության արդյունքներն արձանագրվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանում:
2. Քվեարկության օրը՝ ժամը 700-ին, տեղամասային ընտրական հանձնաժողովը, տեղամասային կենտրոնում կայացած իր նիստում, վիճակահանությամբ որոշում է ընտրողների գրանցումն իրականացնող անդամներին՝ յուրաքանչյուր 1000 ընտրողի հաշվարկով առնվազն մեկ անդամ, քվեաթերթիկներ հատկացնող, քվեաթերթիկների կնքման և քվեատուփի համար պատասխանատու մեկական անդամի: Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը վիճակահանությանը չեն մասնակցում։ Նրանք փոխարինում են հանձնաժողովի մյուս անդամներին՝ նրանց բացակայության ընթացքում:
2.1. Վիճակահանությունը կազմակերպելու նպատակով հանձնաժողովի նախագահը վիճակահանությանը մասնակցող հանձնաժողովի անդամների թվին համապատասխան պատրաստում է իրարից չտարբերվող թերթիկներ, որոնց վրա լրացնում է՝
ա) «Ընտրողների գրանցումն իրականացնող» (1, իսկ 1000-ից ավելի ընտրող ընդգրկող տեղամասի դեպքում՝ 2 հատ թերթիկ),
բ) «Քվեաթերթիկներ հատկացնող» (1 հատ),
գ) «Քվեաթերթիկները կնքող» (1 հատ),
դ) «Քվեատուփի համար պատասխանատու» (1 հատ) բառերը:
Թերթիկները քառապատիկ ծալում է այնպես, որ չտարբերվեն միմյանցից և գցում վիճակահանության համար նախատեսված արկղի մեջ:
2.2. Ըստ հանձնաժողովի անդամների ազգանունների, իսկ ազգանունները համընկնելու դեպքում՝ ըստ անունների (հայրանունների) այբբենական հերթականության, հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ վիճակահանության արկղից հանում է մեկ թերթիկ, բարձրաձայն կարդում թերթիկի վրա գրվածը և թերթիկը փոխանցում հանձնաժողովի նախագահին:
2.3. Վիճակահանության արդյունքում, ըստ հանձնաժողովի անդամներին բաժին ընկած թերթիկների նշումների, հանձնաժողովի անդամների միջև բաշխվում են քվեարկությունը կազմակերպելու համար Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված պարտականությունները:
2.4. Վիճակահանության արդյունքում առանց նշումի թերթիկ հանած հանձնաժողովի անդամը կատարում է հանձնաժողովի նախագահի՝ քվեարկության կազմակերպմանն ուղղված հանձնարարականները:
2.5. Վիճակահանության արդյունքներն արձանագրվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանում: