«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
20 հունվարի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 դեկտեմբերի 2002 թվականի N 2147-Ն
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ոստիկանության ծառայողի ատեստավորման անցկացման կարգն ու պայմանները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2003 թ. հունվարի 8 |
Հավելված |
Կ Ա Ր Գ Ե Վ Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են ոստիկանության ծառայողի ատեստավորման անցկացման կարգն ու պայմանները:
2. Ատեստավորումը զբաղեցրած պաշտոնին ոստիկանության ծառայողի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանության և նրա ծառայողական օգտագործման հեռանկարների որոշումն է:
3. Յուրաքանչյուր տարի ոստիկանության ծառայողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման:
4. Ոստիկանության ծառայողի հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ անգամ:
5. Ոստիկանության ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:
6. Ոստիկանության ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված որոշման հիման վրա կամ ոստիկանության ծառայողի ցանկությամբ:
7. Ատեստավորման ենթակա չեն`
ա) տվյալ պաշտոնում մեկ տարվանից պակաս ծառայած ոստիկանության ծառայողները, եթե նրանք ատեստավորվելու ցանկություն չեն հայտնել.
բ) ոստիկանության բարձրագույն պաշտոններ զբաղեցնողները.
գ) հղի կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող ոստիկանության ծառայողները, եթե նրանք ատեստավորվելու ցանկություն չեն հայտնել:
8. Հղիության կամ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող ոստիկանության ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո` ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե նրանք ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորման համար:
9. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ ոստիկանության ծառայողները ենթակա են ատեստավորման ծառայության անցնելուց հետո` երկամսյա ժամկետում:
10. Ոստիկանության ծառայության գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ոստիկանության ծառայողների ատեստավորումն անցկացնում է պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից ստեղծված` ոստիկանության կենտրոնական հանձնաժողովը (այսուհետ` կենտրոնական հանձնաժողով), իսկ ոստիկանության ծառայության ավագ և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ոստիկանության ծառայողների ատեստավորումը` պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից ստեղծված` ոստիկանության համապատասխան մարմնի ատեստավորման հանձնաժողովը:
II. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
11. Մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը ոստիկանության կադրային ապարատը պետական կառավարման մարմնի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում հաջորդ տարում հերթական ատեստավորման ենթակա գլխավոր և ավագ խմբերի պաշտոններ զբաղեցնող ոստիկանության ծառայողների ցուցակները:
12. Մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ը ոստիկանության ծառայողներին կրտսեր խմբի պաշտոններում նշանակելու իրավասություն ունեցող ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը հաստատում է հաջորդ տարում հերթական ատեստավորման ենթակա կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ոստիկանության ծառայողների ցուցակը:
13. Սույն կարգի 6-րդ կետով նախատեսված դեպքերում պաշտոնատար անձը կամ ատեստավորվելու ցանկություն հայտնած ոստիկանության ծառայողը ներկայացնում է զեկուցագիր, որից հետո երկամսյա ժամկետում ոստիկանության ծառայողն ատեստավորվում է համապատասխան ատեստավորման հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կողմից:
14. Ատեստավորման ենթակա ոստիկանության ծառայողներն ատեստավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:
15. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ոստիկանության ծառայության գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ոստիկանության ծառայողների անմիջական ղեկավարները ոստիկանության ծառայողների ծառայողական բնութագրերը ներկայացնում են ոստիկանության կադրային ապարատ, իսկ ոստիկանության ծառայության ավագ և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ոստիկանության ծառայողների անմիջական ղեկավարները` համապատասխան ոստիկանության մարմնի կադրային ապարատ:
Ոստիկանության ծառայողն ատեստավորման անցկացման օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին: Բնութագրին համաձայն չլինելու դեպքում ոստիկանության ծառայողը ներկայացնում է գրավոր առարկություններ, որոնք ծառայողական բնութագրի հետ միասին փոխանցվում են հանձնաժողովին:
16. Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ ոստիկանության ծառայողի մասին, նրա գործնական հատկանիշների և ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակաշրջանում ոստիկանության ծառայողի կողմից իր կատարած աշխատանքների մասին անմիջական ղեկավարին ներկայացված հաշվետվության վերաբերյալ վերջինիս եզրակացության վրա:
17. Եթե ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանում ոստիկանության ծառայողի անմիջական ղեկավարն ազատվել է պաշտոնից` պաշտոնին չհամապատասխանելու հիմքով, ապա վերջինիս տված եզրակացություններն իրավական ուժ չունեն: Եթե այդ ղեկավարի տված եզրակացություններն ընդգրկում են ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանի երկու երրորդից ավելին ժամանակաշրջանը, ապա ոստիկանության ծառայողի վերաբերյալ ծառայողական բնութագիր չի ներկայացվում: Այդ դեպքում ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել ոստիկանության ծառայողի ատեստավորման արդյունքների վրա:
18. Ոստիկանության ծառայողների անմիջական ղեկավարները պարտավոր են`
ա) վերլուծել ատեստավորման ենթակա ոստիկանության ծառայողների աշխատանքային ցուցանիշները` նրանց զբաղեցրած կոնկրետ պաշտոնում,
բ) ատեստավորման ենթակա ոստիկանության ծառայողների հետ անցկացնել զրույց նրանց գործնական, անձնական հատկանիշների, ծառայության անցնելու, մասնագիտական պատրաստվածության և աշխատաոճի վերաբերյալ, տալ անհրաժեշտ խորհուրդներ ու հանձնարարականներ թերությունների վերացման և աշխատանքի բարելավման նպատակով:
19. Ծառայողական բնութագիրը շարադրվում է ազատ ոճով: Տեքստում պետք է արտացոլվեն ոստիկանության ծառայողին բնութագրող հետևյալ հարցերը`
ա) պետության շահերը պաշտպանելու, օրինականությունը և հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու պատրաստակամությունը, գործնական հատկանիշները, պարկեշտությունը, արդարամտությունը, մարդկայնությունը, հարաբերություններն ընտանիքում և շրջապատում.
բ) մասնագիտական պատրաստականության աստիճանը, օպերատիվ-ծառայողական խնդիրներ լուծելու, կոնկրետ իրադրություններում կողմնորոշվելու, մասնագիտական ունակություններն արդյունավետ կիրառելու կարողությունը.
գ) տեսական գիտելիքների մակարդակը, գիտատեխնիկական միջոցներ, հաշվեցուցակային զենք, ինքնապաշտպանության հնարքներ օգտագործելու ունակությունը.
դ) մտավոր զարգացածության մակարդակը, աշխարհայացքը, իրավապահ մարմինների գործունեության հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները հասկանալու ունակությունը, հնարամտությունը, ակտիվությունը, կազմակերպվածությունը, աշխատանքում նորն ու առաջավորն օգտագործելու ձգտումը.
ե) ենթականերին ղեկավարելու, ուսուցանելու, դաստիարակելու, տրված առաջադրանքները կատարելու համար անձնակազմը համախմբելու ունակությունը.
զ) աշխատունակությունը, եռանդը, նախաձեռնողականությունը, ինքուրույնությունն ու վճռականությունը, ծառայության դժվարություններին դիմակայելը, ծայրահեղ պայմաններում ինքնատիրապետման կարողությունը և զսպվածությունը հանրության հետ շփվելիս.
է) իր գործունեությունը քննադատելու, գործին ստեղծագործաբար մոտենալու ունակությունը, բարեխղճությունը` ծառայողական պարտականությունները կատարելիս, հեղինակությունը կոլեկտիվում.
ը) դժվար պահերին պատասխանատվությունն իր վրա վերցնելու, պետական և ծառայողական գաղտնիքը պահելու ունակությունը.
թ) առողջական վիճակը.
ժ) ոստիկանական էթիկայի նորմերի պահպանումը:
Բնութագրում պետք է արտացոլվեն նաև ոստիկանության ծառայողի` ծառայության ընթացքում թույլ տված թերությունները, նշվեն դրանց վերացման ուղիները, տրվեն հանձնարարականներ` նրա գործունեության բարելավման համար:
20. Ատեստավորման ենթակա ոստիկանության ծառայողների ծառայողական բնութագրերը և գործառութային պարտականությունների մասին հրամանից քաղվածքը մինչև ատեստավորման անցկացումը համապատասխան կադրային ապարատի կողմից հանձնվում է հանձնաժողովին:
21. Ատեստավորումն անցկացվում է ոստիկանության ծառայողի անմիջական մասնակցությամբ` հետևյալ ձևերով`
ա) փաստաթղթային ատեստավորում և հարցազրույց,
բ) թեստավորում և հարցազրույց:
III. ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
22. Ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ոստիկանության ծառայողները ենթակա են փաստաթղթային ատեստավորման:
23. Փաստաթղթային ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա` հարցազրույցի միջոցով:
Հանձնաժողովը քննարկում է ծառայողական բնութագիրը և ոստիկանության ծառայողի գրավոր առարկությունները (այդպիսիք լինելու դեպքում):
Փաստաթղթային ատեստավորում անցկացնելու ընթացքում ոստիկանության ծառայողի անմիջական ղեկավարը հանձնաժողովի հրավերով կարող է մասնակցել իր ենթակայի ծառայողական բնութագրի քննարկմանը:
24. Ոստիկանության ծառայողի հետ հարցազրույցն անցկացվում է նրա զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված գործառութային պարտականությունների իմացությունը, ծառայողի գործնական կարողություններն ստուգելու համար:
25. Հանձնաժողովը ոստիկանության յուրաքանչյուր ծառայողի հետ անցկացնում է անհատական հարցազրույց: Հարցազրույցի ընթացքում հարց տվող հանձնաժողովի անդամը, լսելով ոստիկանության ծառայողի պատասխանը, բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում` ասում է ճիշտ պատասխանը:
Անհարկի բանավեճ սկսվելու դեպքում հանձնաժողովի նախագահը կարող է դադարեցնել այն:
26. Ոստիկանության ծառայողի հետ հարցազրույցից հետո հանձնաժողովն անցկացնում է փակ գաղտնի քվեարկություն: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:
27. Փաստաթղթային ատեստավորման արդյունքում հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`
ա) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին,
բ) ենթակա է ատեստավորման` թեստավորման և հարցազրույցի միջոցով:
28. Հանձնաժողովի նախագահը ոստիկանության յուրաքանչյուր ծառայողի համար փակ գաղտնի քվեարկության է դնում սույն կարգի 27-րդ կետի «ա» ենթակետում նշված որոշումը, որը չընդունվելու դեպքում որոշում է ընդունում այն մասին, որ ոստիկանության ծառայողը ենթակա է ատեստավորման` թեստավորման և հարցազրույցի միջոցով:
29. Փաստաթղթային ատեստավորման արդյունքների հիման վրա կազմվում է ոստիկանության ծառայողի ատեստավորման թերթ (ձևը կցվում է):
30. Թեստավորման և հարցազրույցի ձևերով ատեստավորման ենթակա են`
ա) ավագ և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ոստիկանության ծառայողները.
բ) ոստիկանության այն ծառայողները, որոնց վերաբերյալ հանձնաժողովն ընդունել է սույն կարգի 27-րդ կետի «բ» ենթակետում նշված որոշումը:
31. Հանձնաժողովի նախագահը ոստիկանության համապատասխան կադրային ապարատից ստանում է ատեստավորման ենթակա ոստիկանության ծառայողների թվին համապատասխան կնքված ամփոփաթերթեր (երկու օրինակից): Ամփոփաթերթի առաջին օրինակը բաղկացած է միևնույն կոդավորմամբ կտրոնից և հիմնական մասից: Կոդերը պատված են անթափանց ծածկաշերտով: Ամփոփաթերթի երկրորդ օրինակը չի կոդավորվում: Ամփոփաթերթի առաջին օրինակը կնքված է ձախ կողմում կտրոնի և հիմնական մասի վրա հավասարաչափ, իսկ երկրորդ օրինակը` ներքևի ձախ մասում:
32. Հանձնաժողովը մինչև թեստավորման փուլի սկիզբը գումարված նիստում ծանոթանում է ատեստավորման ենթակա ոստիկանության ծառայողների ծառայողական բնութագրերին, ինչպես նաև քննության է առնում ոստիկանության ծառայողի գրավոր առաջարկությունները (այդպիսիք լինելու դեպքում):
Ոստիկանության ծառայողի անմիջական ղեկավարը հանձնաժողովի հրավերով կարող է մասնակցել իր ենթակայի ծառայողական բնութագրի քննարկմանը:
33. Հանձնաժողովը մինչև թեստավորման փուլի սկիզբը, իր աշխատակարգով սահմանված կարգով, համակարգչում զետեղված հարցաշարից պատահական ընտրությամբ ընտրում է թեստավորում անցկացնելու համար ոստիկանության ծառայողի զբաղեցրած պաշտոնի գործառութային պարտականություններով նախատեսված պահանջներին համապատասխան հարցեր (խնդիրներ) և կազմում թեստեր հետևյալ չափաբաժիններով`
ա) ոստիկանության ծառայության գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորում անցկացնելու դեպքում` 40 թեստ.
բ) ոստիկանության ծառայության ավագ խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորում անցկացնելու դեպքում` 30 թեստ.
գ) ոստիկանության ծառայության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորում անցկացնելու դեպքում` 20 թեստ:
34. Թեստային առաջադրանքների հարցերում (խնդիրներում) ընդգրկվում են բնագավառներ (ծառայություններ)` ստորև նշված տոկոսային հարաբերակցությամբ`
ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն` 10 տոկոս.
բ) «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք` 30 տոկոս.
գ) ոստիկանության ծառայողի զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված գործառութային պարտականությունների պահանջներ` 30 տոկոս.
դ) ոստիկանության կազմակերպման և գործունեության կարգը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրություն` 20 տոկոս.
ե) տրամաբանություն, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն` 10 տոկոս:
IV. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
35. Թեստավորումն անցկացվում է համակարգչով, իսկ տեխնիկական պատճառներով այն անցկացնելու հնարավորություն չլինելու դեպքում` գրավոր:
36. Թեստավորումն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում (սրահում, լսարանում, դահլիճում և այլն), որն ապահովված է համապատասխան պայմաններով:
37. Սույն կարգի 30-րդ կետով նախատեսված ատեստավորման ենթակա ոստիկանության ծառայողը թեստավորմանը ներկայանում է ծառայողական վկայականով: Հանձնաժողովի քարտուղարն ստուգում է ոստիկանության ծառայողի ինքնությունը և թույլատրում նրան մուտք գործել թեստավորման անցկացման համար առանձնացված սենյակ, ուր ոստիկանության ծառայողը կարող է զբաղեցնել ցանկացած ազատ նստարան:
Ոստիկանության ծառայողների մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումն սկսվելուց 10 րոպե առաջ:
38. Ոստիկանության ծառայողներին արգելվում է իրենց հետ թեստավորման սենյակ բերել տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր, կապի միջոցներ կամ տեխնիկական այլ սարքեր:
39. Հանձնաժողովի քարտուղարը ոստիկանության ծառայողներին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը: Նա պատասխանում է ոստիկանության ծառայողների բոլոր հարցերին, որպեսզի հավաստիանա, որ ոստիկանության բոլոր ծառայողները հասկացել են առաջադրանքի էությունը:
40. Հանձնաժողովի քարտուղարը ոստիկանության ծառայողներին տալիս է սույն կարգի 31-րդ կետով նախատեսված ամփոփաթերթ` երկու օրինակից: Հանձնաժողովի բոլոր անդամների ներկայությամբ, ներկայացնելով ոստիկանության ծառայողի ծառայողական վկայականը, ոստիկանության ծառայողն ամփոփաթերթի առաջին օրինակի կտրոնի վրա լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը և անջատելով այն հիմնական մասից` հանձնում հանձնաժողովի քարտուղարին: Կտրոնները գցվում են ամփոփաթերթի պահպանման համար նախատեսված` կնքված արկղի մեջ:
41. Ոստիկանության ծառայողի կողմից ամփոփաթերթի հիմնական մասի և կտրոնի վրայի անթափանց ծածկաշերտը մաքրելն արգելվում է: Այդ դեպքում աշխատանքը գնահատվում է զրո միավոր:
42. Գրավոր թեստավորման ժամանակ ոստիկանության ծառայողները կտրոնները հանձնելուց հետո ստանում են թեստավորման առաջադրանքների տետրեր: Առաջադրանքները բաղկացած են հարցերից (խնդիրներից) և դրանց երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը, միանշանակ, ճիշտ պատասխանն է:
43. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման առաջադրանքների տետրերը ոստիկանության ծառայողներին տալուց հետո հայտարարում է թեստավորման սկիզբը:
44. Համակարգչով անցկացվող թեստավորման ժամանակ ոստիկանության ծառայողները կտրոնները հանձնելուց հետո համակարգչի միջոցով մոնիտորի վրա ստանում են թեստավորման առաջադրանքներ: Այդ առաջադրանքները նույնպես կազմված են հարցերից (խնդիրներից) և դրանց` երեք կամ չորս ենթադրյալ պատասխանից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:
45. Թեստավորման սկիզբը հայտարարվելուց հետո ոստիկանության ծառայողը ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր առաջադրանքի վերաբերյալ ամփոփաթերթում նախատեսված համապատասխան վանդակում կատարում նշում` ընտրելով մեկ (իր կարծիքով` ճիշտ) պատասխանը:
46. Թեստավորումը համակարգչով անցկացվելու դեպքում ոստիկանության ծառայողը յուրաքանչյուր հարցի (խնդրի) ենթադրյալ պատասխաններից ընտրում է պատասխանի իր տարբերակը, որը պահպանվում է համակարգչում:
47. Թեստավորման ընթացքում ոստիկանության ծառայողներին չի թույլատրվում աղմկել, հուշել, խոսել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում` հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ սենյակից: Եթե ոստիկանության ծառայողը ցանկանում է դուրս գալ սենյակից, նրա աշխատանքը համարվում է դադարեցված: Այդ դեպքում ոստիկանության ծառայողին թեստավորման միջոցով կրկին ատեստավորման թույլատրելը հնարավոր է ատեստավորման հանձնաժողովի որոշմամբ:
48. Ոստիկանության ծառայողը թեստավորման առաջադրանքների տետրում կարող է կատարել ցանկացած նշում, որոնք արդյունքների գնահատման ժամանակ հիմք չեն հանդիսանում և չեն կարող վկայակոչվել արդյունքների գնահատումը բողոքարկելիս:
49. Ամփոփաթերթի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարել չի թույլատրվում: Այդ դեպքում տվյալ հարցի (խնդրի) պատասխանը համարվում է սխալ:
50. Աշխատանքի ավարտից, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների համար հատկացված ժամանակն սպառվելուց հետո ոստիկանության ծառայողն ամփոփաթերթի առաջին օրինակի հիմնական մասը գցում է կնքված արկղի մեջ, իսկ թեստավորման առաջադրանքների տետրը հանձնում հանձնաժողովի անդամին: Ոստիկանության ծառայողն աշխատանքը հանձնելիս, հանձնաժողովի նախագահին ներկայացնելով ծառայողական վկայականը, ամփոփաթերթի երկրորդ օրինակի կնքված մասում լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը, վերցնում այն և դուրս գալիս սենյակից:
51. Համակարգչի միջոցով թեստավորման ժամանակ ոստիկանության ծառայողն աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև թեստավորման առաջադրանքները կատարելու համար սահմանված ժամանակն սպառվելուց հետո համակարգչով աշխատող օպերատորի օգնությամբ, հանձնաժողովի նախագահի ներկայությամբ, իր ամփոփաթերթի երկու օրինակի հիմնական մասերի վրա տպում է առաջադրանքի կատարման արդյունքները և համակարգչի կողմից կատարված վերլուծությունը` արտահայտված տոկոսով: Ոստիկանության ծառայողն ամփոփաթերթի 1-ին օրինակի հիմնական մասը գցում է կնքված արկղի մեջ, ամփոփաթերթի 2-րդ օրինակի կնքված մասում լրացնում իր ազգանունը, անունը, հայրանունը, վերցնում այն և դուրս գալիս սենյակից:
52. Թեստավորման առաջադրանքները կատարելու համար ոստիկանության ծառայողներին հատկացվում է`
ա) ոստիկանության ծառայության գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման համար` 80 րոպե.
բ) ոստիկանության ծառայության ավագ խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման համար` 60 րոպե.
գ) ոստիկանության ծառայության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման համար` 40 րոպե:
53. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման ավարտից 10 րոպե առաջ հիշեցնում է ոստիկանության ծառայողներին, թե որքան ժամանակ է մնացել առաջադրանքի կատարման համար:
54. Թեստավորման համար հատկացված ժամանակն ավարտվելուց հետո հանձնաժողովի քարտուղարը դրա մասին հայտարարում է, որից հետո ոստիկանության ծառայողները պարտավոր են անմիջապես դադարեցնել աշխատանքը: Հայտարարությունից հետո աշխատանքը չդադարեցրած ոստիկանության ծառայողի ամփոփաթերթը ճանաչվում է անվավեր և գնահատվում զրո, ինչի մասին հանձնաժողովի քարտուղարը նշում է կատարում պատասխանների ամփոփաթերթի վրա կամ համակարգչում:
V. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
55. Հանձնաժողովի անդամներն ստուգում են ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունը, որից հետո բացում են արկղը և հաշվում ամփոփաթերթերի կտրոններն ու հիմնական մասերը` կազմելով համապատասխան արձանագրություն:
Համակարգչով աշխատանքներն ստուգելու համար ամփոփաթերթերի հիմնական մասերը հանձնվում են համակարգչով աշխատող օպերատորին, որը տեսաներածիչի (սկաներ) միջոցով մուտքագրում է ոստիկանության յուրաքանչյուր ծառայողի պատասխանների ամփոփաթերթի տվյալները: Համակարգչային ծրագիրը կատարում է տվյալ ամփոփաթերթի պատասխանների վերլուծությունը և մոնիտորի վրա ներկայացնում արդյունքը` արտահայտված տոկոսով: Արդյունքը տպվում է ամփոփաթերթերի հիմնական մասի վրա և հաստատվում հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ:
56. Սույն կարգի 55-րդ կետով նախատեսված տեխնիկական պայմանների բացակայության դեպքում գրավոր աշխատանքների ստուգման համար օպերատորը, հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ, համակարգչի միջոցով տպում է թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանները, որոնց հիման վրա տեղում պատրաստվում է ձևանմուշ:
57. Հանձնաժողովի անդամները համատեղ, ձևանմուշի միջոցով, մեկ առ մեկ ստուգում են ոստիկանության ծառայողների կողմից ամփոփաթերթերում նշված պատասխանները:
Ոստիկանության յուրաքանչյուր ծառայողի համար հաշվարկվում է հավաքած միավորների քանակը և տոկոսը:
58. Թեստավորման արդյունքների յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր: Սխալ պատասխաններ են համարվում ոչ միայն ոչ ճիշտ պատասխան նշելը, այլև մեկից ավելի պատասխաններ նշելը, որևէ պատասխան չնշելը, ինչպես նաև սույն կարգի 49-րդ կետում նշված դեպքը:
59. Ստուգման աշխատանքների ավարտից հետո ոստիկանության բոլոր ծառայողները հրավիրվում են թեստավորման սենյակ:
60. Հանձնաժողովի նախագահի կողմից մեկ առ մեկ մաքրվում են ամփոփաթերթերի հիմնական մասերի ծածկաշերտերը: Յուրաքանչյուր հիմնական մասի ծածկաշերտը մաքրելուց հետո բարձրաձայն հայտարարվում է ամփոփաթերթի համարը և դրա վրա նշված տոկոսը, որն անմիջապես արձանագրվում է հանձնաժողովի քարտուղարի կողմից:
61. Հանձնաժողովի նախագահը բոլոր ամփոփաթերթերի հիմնական մասերի վերաբերյալ սույն կարգի 60-րդ կետում նշված գործողությունը կատարելուց հետո մեկ առ մեկ բարձրաձայն ընթերցում է ամփոփաթերթերի կտրոնների վրա նշված ազգանունը, անունը, հայրանունը: Ոստիկանության յուրաքանչյուր ծառայող ներկայացնում է իր ծառայողական վկայականը, ստանում իր կտրոնը, հանձնաժողովի անդամների ներկայությամբ մաքրում է ծածկաշերտը և բարձրաձայն հայտնում իր կտրոնի համարը, որն անմիջապես արձանագրվում է:
Չներկայացած ոստիկանության ծառայողների կտրոնների ծածկաշերտերը նույնպես բացվում են բոլորի ներկայությամբ: Հանձնաժողովի նախագահը բարձրաձայն հայտարարում է ոստիկանության յուրաքանչյուր ծառայողի հավաքած միավորները (տոկոսները):
62. Հանձնաժողովը միավորները (տոկոսները) հայտարարելուց անմիջապես հետո համապատասխան ցուցանակի վրա հրապարակում է թեստավորման արդյունքները և ճիշտ պատասխանների նշումով ամփոփաթերթի օրինակելի ձևը:
63. Թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել հանձնաժողովին` սույն կարգի 62-րդ կետում նշված հրապարակումից հետո հինգ ժամվա ընթացքում:
64. Բողոքարկումը թեստավորման առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում ոստիկանության ծառայողի հավաքած միավորները հաշվելիս թույլ տրված հնարավոր սխալի վիճարկումն է:
65. Եթե հանձնաժողովը որոշում է բավարարել ոստիկանության ծառայողի բողոքը և սխալ է համարում որևէ հարցադրում, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցի (խնդրի) համար զրո միավոր ստացած բոլոր ոստիկանության ծառայողների միավորներն ավելացվում են մեկ միավորով:
Եթե հանձնաժողովը պարզում է, որ ոստիկանության ծառայողի բողոքը թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ հիմնավորված է, ապա բավարարում է ոստիկանության ծառայողի պահանջը` կատարելով թեստավորման արդյունքների ճիշտ հաշվարկ:
66. Բողոքարկման արդյունքներն ամփոփվելուց հետո թեստավորման առաջադրանքները փաթեթավորվում են և կնքվում` արխիվացման նպատակով ոստիկանության համապատասխան կադրային ապարատ հանձնելու համար:
67. Բողոքարկման արդյունքներն ամփոփվելուց անմիջապես հետո, ինչպես նաև բողոք չլինելու դեպքում բողոքարկման համար սույն կարգի 63-րդ կետում նշված նախատեսված ժամանակի ավարտից հետո հանձնաժողովն ընդունում է որոշում առաջադրանքների 80 տոկոսից պակաս ճիշտ պատասխան տված ոստիկանության ծառայողի` զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին` ոստիկանության ծառայողի ատեստավորման թերթում (ձևը կցվում է) կատարելով համապատասխան գրառում:
Ոստիկանության ծառայողն ատեստավորման հաջորդ` հարցազրույցի փուլ է անցնում թեստավորման առաջադրանքների առնվազն 80 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:
Սույն կետի առաջին պարբերությունում նշված որոշումը ոստիկանության ծառայողի կողմից կարող է բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:
VI. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
68. Հարցազրույցն անցկացվում է ոստիկանության ծառայողի` իր զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված գործառութային պարտականությունների իմացությունն ստուգելու նպատակով:
Հարցազրույցի ընթացքն արձանագրվում է:
69. Հանձնաժողովը ոստիկանության յուրաքանչյուր ծառայողի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին: Հարցազրույցի ընթացքում հանձնաժողովի հարց տվող անդամը, լսելով ոստիկանության ծառայողի պատասխանը, բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում` ասում է ճիշտ պատասխանը:
Անհարկի բանավեճ սկսվելու դեպքում հանձնաժողովի նախագահը կարող է դադարեցնել այն:
70. Ոստիկանության յուրաքանչյուր ծառայողի հետ հարցազրույցն ավարտվելուց անմիջապես հետո հարցազրույցի արդյունքների ամփոփման համար անցկացվում է փակ գաղտնի քվեարկություն:
71. Հարցազրույցից հետո հանձնաժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`
ա) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին,
ա1) կարող է զբաղեցնել ավելի բարձր պաշտոն.
բ) կարող է ներկայացվել խրախուսման,
գ) ատեստավորումը հետաձգել մինչև մեկ տարի ժամկետով և առաջարկել ծառայողին գործուղել վերապատրաստման.
գ1) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:
72. Հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, մեկ առ մեկ հանում քվեաթերթերը և բարձրաձայն հայտարարում ոստիկանության ծառայողի ազգանունը, անունը, հայրանունը և տրված ձայնի կողմ կամ դեմ լինելը: Մեկից ավելի նշում պարունակող կամ ոչ մի նշում չպարունակող քվեաթերթը համարվում է անվավեր: Հանձնաժողովի նախագահի հայտարարություններն արձանագրվում են հանձնաժողովի քարտուղարի կողմից:
73. Քվեարկության արդյունքում ընդունված է համարվում այն որոշումը, որն ստացել է քվեարկությանը մասնակցած` հանձնաժողովի անդամների կեսից ավելիի կողմ ձայները: Եթե որոշումներից ոչ մեկի վերաբերյալ չի հավաքվել քվեարկությանը մասնակցած` հանձնաժողովի անդամների կեսից ավելիի կողմ ձայներ, ապա քվեարկության են դրվում երկու առավել կողմ ձայներ հավաքած որոշումները: Այդ որոշումներից ընդունված է համարվում առավել կողմ ձայներ հավաքած որոշումը, իսկ հավասար ձայների դեպքում` ոստիկանության ծառայողի համար առավել նպաստավորը:
VII. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
74. Ատեստավորման ավարտից հետո հանձնաժողովն ամփոփում է արդյունքները և ոստիկանության յուրաքանչյուր ծառայողի համար կազմում ատեստավորման թերթ (ձևը կցվում է):
75. Ատեստավորման թերթը պետք է ստորագրեն հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները: Հատուկ կարծիք ունեցող անդամներն ստորագրելիս նշում են դրա մասին` ստորագրության կողքին գրելով «Հատուկ կարծիքը կցվում է» բառերը և կցելով հատուկ կարծիքը:
76. Ոստիկանության ծառայողն ատեստավորման ավարտից հետո ծանոթանում է ատեստավորման թերթին և ստորագրում այն: Ոստիկանության ծառայողը ցանկության դեպքում կարող է գրավոր դիմել հանձնաժողովին և ստանալ ատեստավորման թերթի պատճենը:
77. Ոստիկանության ծառայողն ատեստավորման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում դրանք կարող է բողոքարկել հանձնաժողովին` մինչև այդ արդյունքները ոստիկանության ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող ղեկավարին ներկայացնելը: Հանձնաժողովը քննարկում է բողոքը և ընդունում որոշում: Ոստիկանության ծառայողը բողոքարկման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում դրանք կարող է բողոքարկել վերադասության կամ դատական կարգով, բայց ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքների հայտարարման օրվանից հետո 7 օրվա ընթացքում:
78. Հանձնաժողովն ատեստավորման օրվանից հետո մեկշաբաթյա ժամկետում ոստիկանության ծառայողի ատեստավորման թերթը ներկայացնում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող ղեկավարին, որից հետո հանձնաժողովի աշխատանքները համարվում են ավարտված:
79. Հանձնաժողովի աշխատանքների ավարտից անմիջապես հետո հանձնաժողովի նախագահը ոստիկանության համապատասխան կադրային ապարատին է հանձնում ոստիկանության ծառայողների համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը:
80. Հանձնաժողովը ոստիկանության համապատասխան կադրային ապարատին փոխանցում է հանձնաժողովի որոշումները, արձանագրությունները և մնացած բոլոր փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան պահպանելու և արխիվացնելու համար:
VIII. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԻ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
81. Ոստիկանության ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող ղեկավարը ատեստավորման թերթն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում ատեստավորման արդյունքների հիման վրա ընդունում է որոշում`
ա) ոստիկանության ծառայողին ավելի բարձր պաշտոնի նշանակելու մասին.
բ) ոստիկանության ծառայողին ավելի բարձր պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող ղեկավարին համապատասխան միջնորդություն ներկայացնելու մասին.
գ) ոստիկանության ծառայողին խրախուսելու մասին.
դ) ոստիկանության ծառայողին վերապատրաստման ուղարկելու մասին.
ե) ոստիկանության ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին:
Ոստիկանության ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին որոշում ընդունվում է նաև այն դեպքում, եթե ոստիկանության ծառայողը վերապատրաստման արդյունքում ստացել է բացասական գնահատական:
82. Ոստիկանության ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող ղեկավարը ոստիկանության ծառայողի ժամանակավոր անաշխատունակության, արձակուրդում գտնվելու կամ վերապատրաստում անցնելու ժամանակ ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշում է ընդունում ծառայողի` աշխատանքի ներկայանալու օրվանից հետո եռօրյա ժամկետում:
IX. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
83. Ոստիկանության ծառայողների առաջին ատեստավորումն անցկացվելու է 2003 թվականի հուլիսի 1-ից մինչև 2006 թվականի հուլիսի 1-ը:
84. Ոստիկանության ծառայողների առաջին ատեստավորումն անցկացվում է սույն կարգով սահմանված փաստաթղթային ձևով:
85. Ոստիկանության ծառայողների առաջին ատեստավորման արդյունքում հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`
ա) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին,
ա1) կարող է զբաղեցնել ավելի բարձր պաշտոն,
ա2) ատեստավորումը հետաձգել մինչև մեկ տարի ժամկետով և առաջարկել ծառայողին գործուղել վերապատրաստման,
բ) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին.
X. ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ
86. Օրենքի և սույն կարգով սահմանված դրույթների խախտման դեպքում ոստիկանության տվյալ ծառայողի ատեստավորումը կարող է ճանաչվել անվավեր` վերադասության կամ դատական կարգով:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Ձև
ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԹԵՐԹ
(ոստիկանության ծառայողի)
Ատեստավորման ձևը □ փաստաթղթային, □ թեստավորում և հարցազրույց
1. Ազգանունը, անունը, հայրանունը ____________________________ 2. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը ____________________________ 3. Ատեստավորման պահին զբաղեցրած պաշտոնի անվանումը և այդ պաշտոնում նշանակվելու տարեթիվը __________________________________ __________________________________________________ __________________________________________________ 4. Ոստիկանության ծառայողին հարցազրույցի փուլում տրված հարցերը և դրանց պատասխանները (համառոտ) ________________________________ ___________________________________________________ ___________________________________________________ ___________________________________________________ ___________________________________________________ ___________________________________________________ ___________________________________________________ 5. Թեստավորման արդյունքը (տոկոսով) __________________________ 6. Քվեարկությանը մասնակցել են ատեստավորման հանձնաժողովի_____ անդամներ, որոնցից կողմ են քվեարկել ______________ անդամ: 7. Թեստավորման և հարցազրույցի արդյունքում ատեստավորման հանձնաժողովի ընդունած որոշումը. ___________________________________________________ ___________________________________________________
Ատեստավորման անցկացման ամսաթիվը ___ ___________ 200 թ.
Ատեստավորման թերթի հետ ծանոթացա` ______________ (________) (ոստիկանության ծառայողի (ստորագրությունը) կոչումը, ազգանունը, անունը,
___ __________ 200 թ. |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|