ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
1983 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԲՌՆՈՒԹՅԱՄԲ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶՈՀԵՐԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
20 օգոստոսի 2003 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1983 թվականի նոյեմբերի 24-ին Ստրասբուրգում ստորագրված` Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին եվրոպական կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Դ. Հարությունյանի բացատրությունը, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Քննության առարկա կոնվենցիայի նպատակն է նպաստել, որպեսզի տուժողները փոխհատուցում ստանան այն պետության կողմից, որի տարածքում կատարվել է հանցագործությունը, մասնավորապես, երբ հանցագործություն կատարած անձը չի բացահայտվել կամ փոխհատուցման միջոցներ չունի:
Կոնվենցիան նախատեսում է, որ պետությունը պարտավոր է աջակցել այն տուժողներին փոխհատուցում վճարելու հարցում, ովքեր բռնությամբ կատարված դիտավորյալ հանցագործության ուղղակի արդյունքում ծանր մարմնական վնասվածք կամ առողջությանը պատճառած վնաս են ստացել, և (կամ) նման հանցագործության հետևանքով մահացածի խնամքի տակ գտնվող անձ են:
Ըստ կոնվենցիայի` նշված անձանց փոխհատուցում պետք է տրվի նույնիսկ այն դեպքում, երբ հանցանք կատարած անձը չի կարող հետապնդվել և պատժվել:
Կոնվենցիան նախատեսում է, որ փոխհատուցումը պետք է կատարի այն պետությունը, որի տարածքում կատարվել է հանցագործությունը: Ընդ որում, փոխհատուցումը պետք է կատարվի ինչպես կոնվենցիայի կողմ հանդիսացող պետությունների քաղաքացիներին, այնպես էլ Եվրոպայի խորհրդի բոլոր մյուս անդամ պետությունների քաղաքացիներին, որոնք մշտական բնակության վայր ունեն այն պետության տարածքում, որտեղ կատարվել է հանցագործությունը:
Կոնվենցիան մասնակիցներին լիազորում է, հաշվի առնելով դիմողի ֆինանսական վիճակը, ինչպես նաև տուժողի կամ դիմողի գործողությունները մինչև հանցագործությունը, դրա ընթացքում կամ դրանից հետո կամ կապված այլ հանգամանքների հետ` նվազեցնել կամ ընդհանրապես մերժել փոխհատուցման տրամադրումը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1983 թվականի նոյեմբերի 24-ին Ստրասբուրգում ստորագրված` Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին եվրոպական կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Վ. Հովհաննիսյան |
|