ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
1980 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-ԻՆ ՄԱԴՐԻԴՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿԱՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
20 օգոստոսի 2003 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` հետևյալ կազմով. նախագահող` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ Վ. Տերտերյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1980 թվականի մայիսի 21-ին Մադրիդում ստորագրված` Տարածքային համայնքների կամ իշխանությունների անդրսահմանային համագործակցության մասին եվրոպական շրջանակային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Տարածքային համայնքների կամ իշխանությունների անդրսահմանային համագործակցության մասին եվրոպական շրջանակային կոնվենցիան Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միջև ստորագրվել է 1980 թ. մայիսի 21-ին` Մադրիդում, ուժի մեջ է մտել 1981 թ. դեկտեմբերի 22-ին: Հայաստանի Հանրապետության կողմից կոնվենցիան ստորագրվել է 2002 թ. ապրիլի 3-ին:
2. Քննության առարկա շրջանակային կոնվենցիան նպատակաուղղված է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միջև համագործակցության խրախուսմանը, սահմանամերձ տարածքային համայնքների կամ իշխանությունների համագործակցության միջոցով սահմանամերձ շրջանների տնտեսական և սոցիալական առաջընթացին:
Համաձայն կոնվենցիայի` տարածքային համայնքների և իշխանությունների միջև համագործակցության հիմնական ուղղություններն են` տարածաշրջանային, քաղաքային, գյուղական ենթակառուցվածքների և հանրային ծառայությունների զարգացումը, շրջակա միջավայրի պահպանությունն ու բարելավումը, փոխօգնությունն արտակարգ իրավիճակներում:
3. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, այդ թվում կնքել անհրաժեշտ համաձայնագրեր` տարածքային համայնքների կամ իշխանությունների համագործակցությունը խրախուսելու և այդ համագործակցությունը խոչընդոտող ցանկացած դժվարություն վերացնելու համար:
Պայմանավորվող կողմերը միմյանց ապահովում են կոնվենցիայից բխող պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկատվությամբ, ինչպես նաև պարտավորվում են իրենց տարածքային համայնքներին և իշխանություններին իրազեկել սույն շրջանակային կոնվենցիայով ընձեռված գործունեության հնարավորությունների մասին:
4. Պայմանավորվող կողմերին կոնվենցիայով իրավունք է վերապահվում առանձին համաձայնագրերի կնքման միջոցով ամրագրել տարածքային համայնքների և իշխանությունների անդրսահմանային համագործակցության շրջանակը, ձևերն ու սահմանները: Պայմանավորվող կողմերն ազատ են նաև որոշելու այն տարածքային համայնքները, իշխանությունները, մարմինները կամ սուբյեկտները, որոնց վրա տարածվում է սույն կոնվենցիայի գործողությունը:
5. Պայմանավորվող կողմերի տարածքային համայնքները և իշխանություններն անդրսահմանային համագործակցությունն իրականացնում են իրենց ներպետական օրենսդրությամբ սահմանված լիազորությունների շրջանակներում և հաշվի առնելով այդ օրենսդրությամբ սահմանված` միջազգային հարաբերությունների բնագավառում իրենց իրավազորությունը:
6. Կոնվենցիայի առանձին դրույթներ (2-րդ հոդվածի 1-ին կետ, 3-րդ հոդվածի 4-րդ կետ), որոնց համաձայն տարածքային համայնքները և իշխանություններն անդրսահմանային համագործակցությունն իրականացնում են ներպետական օրենսդրությամբ սահմանված իրենց լիազորությունների շրջանակներում, երաշխավորում են համագործակցության գործընթացում մարզպետների և համայնքների գործունեության կազմակերպումը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5 հոդվածի պահանջներին համապատասխան:
Կոնվենցիան համահունչ է ՀՀ Սահմանադրության 9 հոդվածով նախատեսված` ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներին, ինչպես նաև 110 հոդվածի պահանջներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1980 թվականի մայիսի 21-ին Մադրիդում ստորագրված` Տարածքային համայնքների կամ իշխանությունների անդրսահմանային համագործակցության մասին եվրոպական շրջանակային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Վ. Հովհաննիսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|