ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«25» ապրիլ 2024 թ. |
N 2313-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԳՐԻՆ ԴՐԻՄՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՄ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՅՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՔՎՈՏԱՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 18-րդ հոդվածի 2.1-ին մասը, 23.1-ին հոդվածի 1-ին մասը, Կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման N 3 հավելվածի 19-րդ և 19.1-ին կետերը և շահագրգիռ պետական մարմինների կողմից տրված դրական դիրքորոշումները`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Բավարարել «ԳՐԻՆ ԴՐԻՄՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի լիցենզիայով սահմանված քվոտաների ավելացման հայտը:
2. «ԳՐԻՆ ԴՐԻՄՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել Առողջապահության նախարարության կողմից 2023 թվականի հունիսի 1-ին տրված արտադրական կանեփի ներմուծման և արտահանման թիվ Կ-ՆՄԱ-000011 լիցենզիայի նոր ներդիր, վերջինիս մեջ ներառելով նախկին ներդիրով սահմանված ներմուծվող և արտահանվող ապրանքատեսակները` համապատասխան քվոտաներով և 2024-2025 թվականների համար նոր ներմուծվող ապրանքատեսակ (արտադրական կանեփի կտրոն)` 2100 (երկու հազար հարյուր) հատ քվոտայով` Կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման N 3 հավելվածի 19.1-ին կետի պահանջին համապատասխան օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, իսկ չվճարելու դեպքում այդ հայտը համարել մերժված:
3. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝
1) սույն հրամանի ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ապահովել սույն հրամանի ընդունման մասին պատշաճ ձևով տեղեկացումը «ԳՐԻՆ ԴՐԻՄՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե.
3) պետական տուրքը վճարելուց հետո ապահովել սույն հրամանի և ներդիրի պատշաճ ձևով հանձնումը «ԳՐԻՆ ԴՐԻՄՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
4. Հրամանն ուժի մեջ է մտնում «ԳՐԻՆ ԴՐԻՄՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
Ա. Ավանեսյան |