ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
26 հունվարի 2022 թ. |
N 04-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ «ՏԱՐՐԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ» ԵՎ «ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասի 5-րդ կետը և 30-րդ հոդվածի 1-ին մասի 26․12-րդ կետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1146. Հանրակրթություն» ծրագրի «11001. Տարրական ընդհանուր հանրակրթություն» և «11013. Նախադպրոցական կրթություն» միջոցառումների շրջանակում հանրակրթական դպրոցներին և նախակրթարաններին հատկացվող սուբսիդիայի շրջանակում սովորողներին սննդի կազմակերպման նպատակով տրամադրվող ֆինանսական միջոցների հաշվարկման նորմատիվները հաստատելու կարգը՝ համաձայն Հավելվածի:
2. Սահմանել, որ դպրոցական սնունդն օրական մեկ անգամ (նախաճաշին կամ ճաշին) սովորողներին տրվող անվտանգ և որակյալ սնունդն է, որը նպաստում է սովորողների առողջության բարելավմանը, հաճախելիության բարձրացմանն ու կրթություն ձեռք բերելու իրավունքի լիարժեք իրացմանը:
3. Սահմանել, որ սույն հրամանով հաստատված կարգով հաշվարկված և տրամադրված ֆինանսական միջոցները ենթակա են օգտագործման բացառապես հանրակրթական դպրոցների և նախակրթարանների սովորողներին սննդի կազմակերպման նպատակով։
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը և գործողությունը տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։
ՆԱԽԱՐԱՐ՝ |
Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ |
Հավելված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հունվարի 26-ի N 04-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ «ՏԱՐՐԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ» ԵՎ «ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ ԵՎ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՍՈՒԲՍԻԴԻԱՅԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ
1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից պետական բյուջեի «1146. Հանրակրթություն» ծրագրի «11001. Տարրական ընդհանուր հանրակրթություն» և «11013. Նախադպրոցական կրթություն» միջոցառումների շրջանակում հանրակրթական դպրոցներին և նախակրթարաններին հատկացվող սուբսիդիայի շրջանակում սովորողներին սննդի կազմակերպման նպատակով նախատեսված միջոցները հատկացվում են մարզերում տեղակայված հիմնական ընդհանուր հանրակրթական ծրագիր իրականացնող պետական ուսումնական հաստատություններին (այսուհետ՝ Հաստատություն)` նախակրթարաններում և տարրական դասարաններում սովորողների թվի հիման վրա:
2. Համապատասխան խոհանոցային պայմանների առկայության դեպքում հաստատությունը սովորողներին տրամադրում է մեկանգամյա տաք սնունդ:
3. Խոհանոցային ոչ բավարար պայմանների դեպքում հաստատությունը կարող է տրամադրել չոր սնունդ:
4. Սովորողներին սննդի կազմակերպման նպատակով տրամադրվող ֆինանսական միջոցների բաշխումն իրականացվում է հետևյալ կերպ.
Եթե Հաստատության նախակրթարանում և տարրական դասարաններում սովորողների թիվը ՝
1) փոքր է 248-ից, Հաստատությանը հատկացվող սննդի գումարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
Սգ = Խծ*Անվ *Ամ+Սթ* 151*Օթ,
որտեղ՝
Սգ -ն հաստատությանը հատկացվող սննդի գումարն է (ՀՀ դրամ),
Խծ -ն խոհանոցի աշխատակիցների թիվն է, որը ընդունվում է հավասար 1-ի, եթե սովորողների միջին տարեկան թիվը 86-ից 247 է, ընդունվում է հավասար 0,75-ի, եթե սովորողների միջին տարեկան թիվը 44 և ավելի է, սակայն չի գերազանցում 85-ը, ընդունվում է հավասար 0,5-ի, եթե սովորողների միջին տարեկան թիվը չի գերազանցում 43-ը,
Անվ -ն խոհանոցի աշխատակիցներին հատկացվող ամսական գումարն է, որի չափը հավասար է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափին՝ ներառյալ աշխատավարձից վճարվող հարկերը և նպատակային սոցիալական վճարները,
Ամ-ն ուսումնական տարվա ամիսների թիվն է (ընդունվում է սեպտեմբեր-մայիս ժամանակահատվածը),
Սթ -ն հաստատության նախակրթարանում և տարրական դասարաններում սովորողների տարեկան միջին թիվն է, որը ճշգրտվում է ուսումնական տարվա սկզբին` սովորողների փաստացի թվի հիման վրա,
151-ը մեկ սովորողի հաշվով օրական սննդի գումարն է (ՀՀ դրամ),
Օթ -ն ուսումնական տարվա ընթացքում օրերի թիվն է, որը․
5-օրյա ուսումնական շաբաթի դեպքում նախակրթարանում և 1-ին դասարանում ընդունվում է հավասար 150-ի, 2-րդ դասարանում՝ 160-ի, 3-րդ և 4-րդ դասարաններում՝ 170-ի,
6-օրյա ուսումնական շաբաթի դեպքում նախակրթարանում և 1-ին դասարանում ընդունվում է հավասար 180-ի, 2-րդ դասարանում՝ 192-ի, 3-րդ և 4-րդ դասարաններում՝ 204-ի։
2) հավասար է 248-ի կամ մեծ է 248-ից, ինչպես նաև տաք սնունդ տրամադրելու հնարավորության բացակայության դեպքում, հաստատությանը հատկացվող սննդի գումարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
Սգ = Սթ * 171* Օթ,
որտեղ՝
Սգ -ն հաստատությանը հատկացվող սննդի գումարն է (ՀՀ դրամ),
Սթ -ն հաստատության նախակրթարանում և տարրական դասարաններում սովորողների տարեկան միջին թիվն է, որը ճշգրտվում է ուսումնական տարվա սկզբին` սովորողների փաստացի թվի հիման վրա,
171-ը մեկ սովորողի հաշվով օրական սննդի գումարն է (ՀՀ դրամ),
Օթ-ն ուսումնական տարվա ընթացքում օրերի թիվն է, որը.
5-օրյա ուսումնական շաբաթի դեպքում նախակրթարանում և 1-ին դասարանում ընդունվում է հավասար 150-ի, 2-րդ դասարանում՝ 160-ի, 3-րդ և 4-րդ դասարաններում՝ 170-ի,
6-օրյա ուսումնական շաբաթի դեպքում նախակրթարանում և 1-ին դասարանում ընդունվում է հավասար 180-ի, 2-րդ դասարանում՝ 192-ի, 3-րդ և 4-րդ դասարաններում՝ 204-ի։
5. Հաստատության՝ ՀՀ պետական բյուջեից առաջին անգամ դպրոցական սննդի գումար ստանալու դեպքում կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված մարմնի կողմից ֆինանսավորումը ենթակա է հաշվարկման Հաստատության` սննդի տրամադրման օրվանից մինչև ֆինանսական տարվա ավարտը:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հունվարի 2022 թվական: