ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
20 նոյեմբերի 2019 թ. |
N 56-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի ԹԻՎ 04-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի փետրվարի 1-ի «Փոխպատվաստման օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու, մշակելու կանոնները և փոխպատվաստումն իրականացնելու կարգը հաստատելու մասին» թիվ 04-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 6-րդ և 7-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.
«6. Կենդանի դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելուց հետո կազմվում է տեղեկանք փոխպատվաստվող օրգանի և (կամ) հյուսվածքի որակի վերաբերյալ՝ ըստ Ձև 4-ի, որը կցվում է կենդանի դոնորի, իսկ պատճենը` ռեցիպիենտի հիվանդության պատմությանը:
7. Կենդանի դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցվում, մշակվում և փոխպատվաստումն իրականացվում է առաջնորդվելով յուրաքանչյուր օրգանի և (կամ) հյուսվածքի համար լիազոր մարմնի կողմից հաստատված կլինիկական ուղեցույցներով:»,
2) 10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«10. Դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելուց հետո յուրաքանչյուր օրգանի և (կամ) հյուսվածքի համար կազմվում է տեղեկանք փոխպատվաստվող օրգանի և (կամ) հյուսվածքի որակի վերաբերյալ, համաձայն Ձև 4-ի, որի պատճենը կցվում է դիակային դոնորի հիվանդության պատմությանը, իսկ բնօրինակը, լիարժեք լրացնելուց հետո, ռեցիպիենտի հիվանդության պատմությանը:»,
3) 11-րդ կետում «լիազոր մարմնի կողմից սահմանված բժշկական ուղեցույցների համաձայն» բառերը փոխարինել «առաջնորդվելով լիազոր մարմնի կողմից հաստատված կլինիկական ուղեցույցներով» բառերով,
4) 12-րդ կետի 2-րդ պարբերությունը լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«Հայտարարագրի պատճենն ուղարկվում է օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստր:»,
5) 13-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«13. Օրգանի և (կամ) հյուսվածքի տեղափոխման դեպքում, տեղափոխման հայտարարագրի հետ միասին փոխպատվաստումն իրականացնող բժշկական հաստատություն են ուղարկվում նախապես լրացված Ձև 4-ով հաստատված փոխպատվաստվող օրգանի և (կամ) հյուսվածքի որակի վերաբերյալ տեղեկանքը և Ձև 5-ով հաստատված դիակային դոնորի վերաբերյալ տեղեկությունը:»,
6) 14-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
7) 15-րդ կետում «լիազորած անձի կողմից լրացվում է» բառերը փոխարինել «լիազորված անձը լրացնում է» բառերով,
8) Ձև 4-ի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ. «Տեղեկանք փոխպատվաստվող օրգանի և (կամ) հյուսվածքի որակի վերաբերյալ»,
9) Ձև 4-ից հետո լրացնել Ձև 5` հետևյալ բովանդակությամբ.
«Ձև 5
Տեղեկություն դիակային դոնորի վերաբերյալ
Արյան խումբը ____________________________________________________
Ռեզուս պատկանելիություն _______________________________________»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ա. Թորոսյան |