ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
12 հունիսի 2012 թ. |
թիվ 4 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
ԱՐՏԱԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԳՐԱՎԻ ԻՐԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 251-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Վերջին ժամանակաշրջանում ֆինանսական կազմակերպությունները պարզաբանման ակնկալիքով Կենտրոնական բանկին ուղղել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի կիրառման հետ կապված հետևյալ հարցադրումները.
- արտադատական կարգով գրավի իրացմամբ գրավով ապահովված պահանջները բավարարելուց հետո մնացած գումարը գրավատուին վերադարձնելու ո՞ր ժամկետն է համարվում ողջամիտ,
- արդյո՞ք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի համաձայն կարող է որպես ոչ օրինական հիմքով պահում, դրանք վերադարձնելուց խուսափում, վճարման այլ կետանցով դրանք օգտագործում, կամ այլ անձի հաշվին անհիմն ստացում կամ խնայում դիտարկվել այն գումարը, որը մնացել է ֆինանսական կազմակերպության մոտ գույքի արտադատական իրացմամբ գրավով ապահովված պահանջները բավարարելուց հետո, այն պարագայում, երբ կազմակերպությունը ձեռնարկել է հնարավոր միջոցները գրավատուին գումարը վերադարձնելու համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 251-րդ հոդվածի 1-ին կետով սահմանվում է գրավառուի պարտավորությունը գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարից այդ գույքի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու համար ծախսերը վճարելու համար անհրաժեշտ գումարներ պահելուց և գրավառուի` գրավով ապահովված պահանջները բավարարելուց հետո, մնացած գումարը վերադարձնել գրավատուին:
Համաձայն Օրենսգրքի 352-րդ հոդվածի 2-րդ մասի, այն դեպքերում, երբ պարտավորությունը կատարման ժամկետ չի նախատեսում և ժամկետի որոշման պայմաններ չի պարունակում, այն պետք է կատարվի պարտավորության ծագումից հետո` ողջամիտ ժամկետում:
Միևնույն ժամանակ, Օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված է պատասխանատվություն ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերի համար, մասնավորապես, սահմանվում է, որ այդ գումարին վճարվում են տոկոսներ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների չափով, եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Համաձայն նույն հոդվածի 3-րդ կետի, եթե պարտատիրոջ դրամական միջոցների անօրինաչափ օգտագործմամբ նրան պատճառված վնասները գերազանցում են հոդվածի 1-ին կետի հիման վրա նրան հասանելիք տոկոսների գումարը, նա իրավունք ունի պարտապանից պահանջել հատուցելու վնասները:
Oրենսդրության նման կարգավորման պայմաններում ֆինանսական կազմակերպությունների կողմից գրավատուների մնացած գումարը անհապաղ չվերադարձնելու գործելաոճը կարող է հանգեցնել մի շարք անցանկալի հետևանքների, ինչպիսիք են.
- սպառողների իրավունքների խախտում,
- ֆինանսական կազմակերպությունների կողմից ֆինանսական կորուստներ կրելու ռիսկ,
- սպառողների իրավունքների խախտման հետ կապված վերջիններիս բողոքների արդյունքում ֆինանսական կազմակերպությունների գործարար համբավի անկում,
- դատական գործընթացներում ներգրավվելու հետ կապված մի շարք այլ իրավական ռիսկերի առաջացում:
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «զ» կետերը, 20-րդ հոդվածի «իէ» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածը, հաշվի առնելով ֆինանսական շուկայի սպառողների, ինչպես նաև բանկերի և վարկային կազմակերպությունների գործունեության համար խնդրի պարզաբանման անհրաժեշտությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) պարզաբանում է.
Գրավ դրված գույքի իրացումից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածով նախատեսված գրավատուին վերադարձման ենթակա գումարը ֆինանսական կազմակերպությունների կողմից գրավատուին վերադարձվում է անհապաղ` մեկ բանկային օրվա ընթացքում` այն գրավատուի` կազմակերպությանը հայտնի բանկային հաշվին փոխանցելու, իսկ հաշվի բացակայության դեպքում այդ գումարի չափով համապատասխան անձի գծով կրեդիտորական պարտք ձևակերպելու միջոցով: Միևնույն ժամկետում գրավատուները պատշաճ ձևով (գրավատուին բռնագանձման ծանուցում առաքելու փոստային հասցեով և առկայության դեպքում նաև` էլեկտրոնային հասցեով) ծանուցվում են գրավի առարկա գույքի իրացման, պահանջները բավարարելուց հետո գումարի մնացորդի գոյացման, մնացորդի չափի և այդ գումարը ստանալու հնարավորության ձևերի վերաբերյալ:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2012 թ. հունիսի 14 Երևան |