ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
N 743 | 11.05.99 թ. ք. Երևան |
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ «ԼՌԱԿՅԱՑ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրամայում եմ`
Հաստատել ՀՀ Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության «Լռակյաց աճուրդի անցկացման կանոնակարգը»:
Նախարար | Դ. Հարությունյան |
Հաստատում եմ` |
ԼՌԱԿՅԱՑ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
1. Իրացման ենթակա գույքը ձեռք բերել ցանկացող իրավաբանական կամ ֆիզիկական անձը (այսուհետև` մասնակից) աճուրդին մասնակցելու համար աճուրդի կազմակերպչին (այսուհետև` կազմակերպիչ) ներկայացնում է անձը հաստատող որևէ փաստաթուղթ, որի հիման վրա կազմակերպիչը աճուրդի մասնակիցների հաշվառման մատյանում նշում է մասնակցի անուն ազգանունը, կազմակերպության անվանումը (եթե մասնակիցը իրավաբանական անձ է) և հեռախոսները: Կազմակերպչի կողմից մասնակցին տրվում է համարակալված հայտի կտրոն:
2. Աճուրդի անցկացման վայրի և ժամկետների մասին հայտնվում է զանգվածային լրատվության միջոցներով:
3. Աճուրդում վաճառքի ենթակա գույքը կամ նրանց նմուշները տեղադրվում են աճուրդի անցկացման սրահում: Յուրաքանչյուր գույքի վրա նշվում է նրա հերթական համարը, անվանումը, քանակը, նախնական գինը, նվազագույն քայլը, այլ անհրաժեշտ տեղեկություններ, ինչպես նաև աճուրդի ավարտի օրը և ժամը, վճարման և գույքը ստանալու ժամկետները:
Գույքի վաճառքի գինը կարող է սահմանվել կշռով, լիտրով, ծավալով, երկարությամբ, մակերեսով, ինչպես նաև յուրաքանչյուր միավորի համար:
Գույքը կարող է ներկայացվել վաճառքի քանակով և լոտերով:
Առանձին դեպքերում գույքի փոխարեն կարող են ցուցադրվել նրանց լուսանկարները կամ նկարագրությունները: Այս դեպքում սույն կետով սահմանված նշումը կատարվում է դրանց վրա:
4. Գույքը վաճառվում է ներկայացված տեսքով:
Վաճառվող գույքի որակի և պիտանիության վերաբերյալ երաշխիքներ չեն սահմանվում և վաճառքից հետո պահանջներ չեն ընդունվում:
5. Աճուրդի յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ուսումնասիրել աճուրդի հանված գույքը: Մասնակցի խնդրանքով կարող է ցուցադրվել նաև վաճառվող այն գույքը, որը ցուցադրված չէ, ինչպես նաև նրան կարող են տրվել գույքի մասին լրացուցիչ տեղեկություններ:
6. Եթե մասնակիցը ցանկանում է ձեռք բերել վաճառվող որևէ գույք, ապա նա դիմում է կազմակերպչին, որը գույքի վրա փակցված աճուրդային աղյուսակում գրառում է աճուրդի մասնակցի համարը և նրա կողմից առաջարկվող գինը: Այդ գինը պետք է բարձր լինի վերջին առաջարկվող գնից առնվազն նվազագույն քայլի չափով:
Աճուրդի մասնակիցն իրավունք ունի աճուրդի անցկացման ընթացքում բարձրացնել իր կողմից սահմանված գինը:
7. Աճուրդի ավարտի օրը ժամը 16.00-ին կազմակերպիչը աճուրդային աղյուսակում նշում է կատարում, ընդգծելով վերջին առաջարկության տակ: Նշումները հավաստվում են կազմակերպչի ստորագրությամբ:
8. Եթե նշում կատարելուց հետո 60 րոպեի ընթացքում ամենաբարձր գինը, որն առաջարկվել է մինչև նշում կատարելը, չի ավելացվել, կամ ավելացվել է միայն մեկ մասնակցի կողմից, ապա աճուրդի հաղթող է ճանաչվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
9. Եթե նշում կատարելուց հետո 60 րոպեի ընթացքում ամենաբարձր գինը, որն առաջարկվել է մինչև նշում կատարելը, ավելացվել է մեկից ավելի մասնակիցների կողմից, ապա այդ գույքը վաճառվում է բարձրաձայն աճուրդով` միայն նշումից հետո առաջարկություն ներկայացրած մասնակիցների մասնակցությամբ:
Բարձրաձայն աճուրդն անցկացվում է լռակյաց աճուրդի ավարտից անմիջապես հետո` աճուրդի անցկացման տեղում: Որպես մեկնարկային գին սահմանվում է աճուրդում առաջարկված առավել բարձր գինը:
10. Աճուրդի արդյունքների մասին մասնակիցները կարող են անարգել տեղեկանալ աճուրդի ավարտից հետո հաջորդ աշխատանքային օրը ժամը 10.00-ից մինչև 13.00-ը: Աճուրդի կազմակերպիչը պարտավոր չէ միջոցներ ձեռնարկել աճուրդի հաղթողին արդյունքները հաղորդելու համար: Աճուրդի հաղթողն ներկայանում է աճուրդի կենտրոն աճուրդի կանոններով սահմանված ժամկետում և կազմակերպչի հետ ստորագրում է արձանագրությունը և վճարում գույքի արժեքի 5 % չափով նախավճար:
Աճուրդի հաղթողը պարտավոր է ձեռքբերված գույքի ամբողջ գինը վճարել աճուրդի ավարտից հետո եռօրյա ժամկետում: Ապրանքի դիմաց վճարումները կատարվում են թե կանխիկ վճարով և թե փոխանցման կարգով:
Եթե սահմանված ժամկետում աճուրդի հաղթողը չի վճարում նախավճարը կամ գույքի գինը, ապա նա զրկվում է գույքը ձեռք բերելու իրավունքից և աճուրդի հաղթող կարող է ճանաչվել նախորդ ավելի բարձր գին առաջարկած մասնակիցը, որին այդ մասին հայտնում է աճուրդի կազմակերպիչը: Աճուրդի այդ հաղթողը պարտավոր է գույքը ձեռք բերելու համար աճուրդի կենտրոն ներկայանալ կազմակերպչի կողմից սահմանված ժամկետում և սույն կետով սահմանված կարգով գույքի առուվաճառքի պայմանագիր:
Աճուրդում հաղթած, բայց նախավճարը կամ գույքի գինը չվճարած մասնակցի նկատմամբ աճուրդի կազմակերպիչը կարող է սահմանել տույժ գույքի մեկնարկային գնի 5 %-ի չափով:
11. Եթե աճուրդի ընթացքում որևէ մասնակցի կողմից չի ավելացվել գույքի մեկնարկային գինը կամ աճուրդին չի մասնակցել որևէ անձ կամ աճուրդի հաղթողները հրաժարվել են գույքը ձեռքբերելուց կամ աճուրդի հաղթող չի ճանաչվել, ապա աճուրդը համարվում է չկայացած: Աճուրդը չկայացած համարվելու դեպքում գույքը դրվում է հաջորդ աճուրդին, ընդ որում մեկնարկային գինը պակասեցվում է 20 %-ով:
Գրանցված է |