ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2016 թվականի հունիսի 17-ին
«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի (այսուհետ` Օրենք) 93-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1 «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով խոշոր ընկերությունում ընկերության աուդիտն իրականացնող անձը կամ վերստուգող հանձնաժողովը (վերստուգողը) շահագրգռվածության առկայությամբ խոշոր գործարքի կնքման որոշումն ընդունելուց հետո` մինչև պայմանագրի կնքումը, տալիս է եզրակացություն գործարքի` սույն օրենքի պահանջներին, ինչպես նաև շուկայական արժեքին համապատասխանության վերաբերյալ:»:
Հոդված 2. Օրենքի 96-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Ընկերությունը պարտավոր է շահագրգռվածության առկայությամբ խոշոր գործարք կնքելու մասին որոշումը կայացնելուց հետո` մինչև պայմանագրի կնքումը, գործարքի կողմերի, պայմանների, շահագրգռվածության բնույթի ու շրջանակների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև սույն օրենքի 93-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված եզրակացությունը հրապարակել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2016 թ. հուլիսի 2 Երևան ՀՕ-108-Ն |