ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի հուլիսի 12-ին
«ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» 2002 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-474-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը «ոլորտում» բառից հետո լրացնել «օժանդակ» բառով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 2. | Օրենքի հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) վերարտադրողական առողջություն՝ մարդու ֆիզիկական, հոգեկան և սոցիալական լիակատար բարեկեցության վիճակ՝ կապված վերարտադրողական համակարգի, դրա գործառույթների ու կենսընթացների հետ.
2) հղիության արհեստական ընդհատում (աբորտ)՝ բժշկական միջամտություն, որը կատարվում է հղիության ընդհատման նպատակով մինչև հղիության 22 շաբաթը.
3) բժշկական ամլացում՝ վիրաբուժական միջամտություն, որը կիրառվում է որպես մշտական բեղմնականխման եղանակ և կատարվում է միայն կամավոր սկզբունքով.
4) վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներ՝ գործողություններ և միջամտություններ, որոնք ներառում են մարդու ձվաբջիջների, սերմի կամ սաղմերի հետ փորձանոթային պայմաններում իրականացվող գործողություններ անպտղության խնդրի հաղթահարման և հղիության հասնելու նպատակով: Դրանք ներառում են, բայց չեն սահմանափակվում միայն արտամարմնային բեղմնավորումով և սաղմի տեղադրմամբ, սեռաբջիջների, վերարտադրողական օրգանների հյուսվածքների և սաղմի կրիոպահպանումով, ձվաբջիջների և սաղմերի նվիրատվությամբ և փոխնակ մայրությամբ: Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաները չեն ներառում օժանդակ սերմնավորում՝ ամուսնու կամ դոնորի սերմով.
5) օժանդակ սերմնավորում՝ տղամարդու մշակված սերմի (սպերմայի) արհեստական ճանապարհով ներմուծում կնոջ հեշտոց կամ արգանդի խոռոչ.
6) արտամարմնային (փորձանոթային) բեղմնավորում և սաղմի տեղափոխում՝ կնոջ օրգանիզմից դուրս լաբորատոր պայմաններում սերմնաբջջի և ձվաբջջի կորիզանյութերի միավորում, առաջացած սաղմի փորձանոթային զարգացում և տեղափոխում արգանդի խոռոչ.
7) դեռահասներ՝ բժշկակենսաբանական (ֆիզիոլոգիական) հասկացություն, որը ներառում է 10-ից մինչև 18 տարեկան անձանց տարիքային խումբը և բնորոշում է մանկությունից լրիվ չափահասության անցումային շրջանը.
8) նախատեսված ծնողներ՝ զույգեր կամ անհատներ, որոնք դիտարկում են փոխնակ մայրությունը որպես ծնող դառնալու միջոց՝ իրենց կամ դոնորական սեռաբջիջներից ստացված սաղմ օգտագործելով.
9) փոխնակ մայր՝ կին, որը սույն օրենքով սահմանված կարգով անհատույց կամ դրամական հատուցման դիմաց կրում է հղիություն՝ նոտարական վավերացմամբ գրավոր պայմանագրի համաձայն պարտավորվում է սերունդը փոխանցել նախատեսված ծնողին (ծնողներին), և որից ծնված երեխան չի կրում նրա գենոտիպը.
10) կենսաբանական ծնող՝ տղամարդ կամ կին, որի սեռաբջջից է ձևավորվում սաղմը, և որի գենոտիպի կրողը նրա ապագա երեխան է.
11) վերարտադրողականության դոնոր (այսուհետ՝ դոնոր)՝ այլ անձանց օգտագործման նպատակով իր բեղմնունակ սերմը կամավոր տրամադրող տղամարդ կամ իր բեղմնունակ ձվաբջիջը կամավոր տրամադրող կին.
12) արտամարմնային բեղմնավորմամբ ստացված սաղմ՝ կենսաբանական ծնողի (ծնողների) կամ կենսաբանական ծնողի և դոնորի կամ դոնորների սեռաբջիջների միաձուլման արդյունքում առաջացած բեղմնավորման արգասիք, որը պետք է կրի կենսաբանական մայրը կամ երեխայի ապագա մայրը կամ փոխնակ մայրը.
13) հարազատ՝ արյունակցական 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանի կապ ունեցող անձ.
14) բեղմնականխում՝ անցանկալի հղիության կանխում ապացուցողական բժշկության միջոցների կամ մեթոդների կիրառմամբ.
15) անպտղություն՝ զույգի մեկ տարի կանոնավոր սեռական կյանքով ապրելու և բեղմնականխման միջոցներ և մեթոդներ չօգտագործելու դեպքում կնոջ հղիության բացակայություն.
16) վերարտադրողականության բնագավառի տվյալների բազա՝ լիազոր մարմնի կողմից վարվող ռեեստր, որը պարունակում է տեղեկություններ՝
ա. որպես դոնոր հանդես գալու ցանկություն հայտնած, սահմանված կարգով բժշկական հետազոտության ենթարկված, որպես դոնոր ընտրված և սեռաբջիջը հանձնած անձանց վերաբերյալ,
բ. որպես փոխնակ մայր հանդես գալու ցանկություն հայտնած, սահմանված կարգով բժշկական հետազոտության ենթարկված և փոխնակ մայր լինելու հակացուցումներ չունեցող անձանց վերաբերյալ,
գ. արտամարմնային բեղմնավորման եղանակով ստացված և անհատույց տրամադրված սաղմերի վերաբերյալ:»:
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածում՝
1) «բնակվող կամ գտնվող» բառերը փոխարինել «օրինական հիմունքներով բնակվող կամ գտնվող» բառերով.
2) «հետ» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 7. | Սեռաբջիջների և սաղմի պահպանումը, ոչնչացումը, անհատույց տրամադրումը, արտահանումը, ներմուծումը և տեղափոխումը». |
2) 1-ին մասի «սեռաբջիջները» բառից հետո «և» բառը փոխարինել «կամ» բառով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-6-րդ մասերով.
«4. Կենսաբանական ծնողների սեռաբջիջների, կենսաբանական ծնողների կամ կենսաբանական ծնողի և դոնորի սեռաբջիջների միաձուլման արդյունքում առաջացած սաղմերի արտահանումը, ներմուծումը և տեղափոխումն իրականացվում են բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպության տրամադրած տեղեկանքի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով: Սաղմերի և սեռաբջիջների արտահանման և ներմուծման կարգի և պայմանների խախտումն առաջացնում է օրենքով նախատեսված վարչական պատասխանատվություն:
Կենսաբանական ծնողների սեռաբջիջների միաձուլման արդյունքում առաջացած սաղմերի արտահանումը, ներմուծումը և տեղափոխումն իրականացվում են կենսաբանական ծնողների գրավոր համաձայնությամբ, իսկ կենսաբանական ծնողի սեռաբջիջների, կենսաբանական ծնողի և դոնորի սեռաբջիջների միաձուլման արդյունքում առաջացած սաղմերի արտահանումը, ներմուծումը և տեղափոխումը՝ կենսաբանական ծնողի գրավոր համաձայնությամբ:
Կենսաբանական ծնողի (ծնողների) գրավոր համաձայնության և բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպության տրամադրած տեղեկանքի ձևերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրված բուժօգնության ավարտից հետո կենսաբանական ծնող (ծնողներ) հանդիսացող զույգը (կինը և տղամարդը) կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող կինը գրավոր համաձայնություն է (են) տալիս արտամարմնային բեղմնավորման եղանակով ստացված և չօգտագործված սաղմերը՝
1) անհատույց տրամադրել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությանը հետևյալ անձանց անհատույց տրամադրելու նպատակով.
ա. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կնոջը (ամուսնուն),
բ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կնոջը,
գ. ազգությամբ հայ՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով բնակվող կամ գտնվող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ գտնվող օտարերկրացի զույգին,
դ. ազգությամբ հայ՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով բնակվող կամ գտնվող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ չգտնվող օտարերկրացի կնոջը.
2) ոչնչացնել.
3) պահպանել համապատասխան բժշկական կազմակերպությունում՝ դրամական հատուցման դիմաց, իսկ գրավոր համաձայնությամբ նախատեսված սաղմի պահպանման ժամկետը լրանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, սաղմի պահպանման ծառայություն ստանալու մասին իր ցանկությունն ամրագրող նոր գրավոր համաձայնություն չտալու դեպքում լիազորել սաղմի պահպանումն իրականացնող բժշկական կազմակերպությանը՝
ա. անհատույց տրամադրել սաղմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կնոջը (ամուսնուն),
բ. անհատույց տրամադրել սաղմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կնոջը,
գ. անհատույց տրամադրել սաղմը ազգությամբ հայ՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով բնակվող կամ գտնվող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ գտնվող օտարերկրացի զույգին,
դ. անհատույց տրամադրել սաղմը ազգությամբ հայ՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով բնակվող կամ գտնվող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ չգտնվող օտարերկրացի կնոջը,
ե. ոչնչացնել:
6. Արտամարմնային բեղմնավորման եղանակով ստացված և չօգտագործված սաղմերի անհատույց տրամադրման, ոչնչացման, պահպանման վերաբերյալ գրավոր համաձայնության ձևը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կնոջը (ամուսնուն) կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կնոջը կամ ազգությամբ հայ՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով բնակվող կամ գտնվող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ գտնվող օտարերկրացի զույգին կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ չգտնվող օտարերկրացի կնոջը սաղմի անհատույց տրամադրման, պահպանման, ոչնչացման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասում «ամուսինների» բառը փոխարինել «անձի» բառով, իսկ «նրանց» բառը՝ «անձի» բառով:
Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը «նրանց» բառից հետո լրացնել «գրավոր դիմումի և» բառերով:
Հոդված 7. Օրենքի 10-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 1-ին կետի «մինչև 12 շաբաթական» բառերը փոխարինել «մինչև 11 շաբաթ 7 օր» բառերով.
2) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) 11 շաբաթ 7 օրից մինչև 22 շաբաթական հղիության ժամկետը կատարվում է բացառապես բժշկական (ներառյալ՝ սեռի հետ կապված հիվանդության ժառանգման հավանականության դեպքում) ցուցումների առկայության դեպքում՝ կնոջ գրավոր համաձայնությամբ կամ սոցիալական ցուցումների առկայության դեպքում՝ կնոջ գրավոր դիմումի համաձայն:».
3) 2-րդ մասի «12-ից մինչև» բառերը փոխարինել «11 շաբաթ 7 օրից մինչև» բառերով.
4) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Ընդհատումը մինչև 16 տարեկան անձի դիմումով կատարվում է նրա օրինական ներկայացուցչի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ նրա լիազորած կոնտակտային անձի գրավոր համաձայնությամբ, ընդ որում բուժհաստատության տնօրինությունը ձեռնարկում է միջոցներ՝ ապահովելու մինչև 16 տարեկան երեխայի՝ իր կարծիքն ազատ արտահայտելու և լսված լինելու իրավունքը, ինչպես նաև հաշվի առնում նրա կարծիքը՝ իր տարիքին և հասունության մակարդակին համապատասխան:».
5) 4-րդ մասի «12-րդ շաբաթը լրանալու օրվան» բառերը փոխարինել «11-րդ շաբաթվա 7-րդ օրը լրանալու օրվան» բառերով.
6) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Վիրաբուժական եղանակով հղիության արհեստական ընդհատումը և 8-22 շաբաթական ժամկետում դեղորայքային եղանակով հղիության արհեստական ընդհատումն իրականացվում են միայն հիվանդանոցային պայմաններում մանկաբարձական և գինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություններում: Դեղորայքային եղանակով հղիության արհեստական ընդհատումը մինչև 8 շաբաթական հղիության ժամկետում կարող է իրականացվել հիվանդանոցային կամ արտահիվանդանոցային պայմաններում մանկաբարձական և գինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություններում:».
7) 8-րդ մասի 3-րդ կետի «մինչև 12 շաբաթական» բառերը փոխարինել «մինչև 11 շաբաթ 7 օրը կամ սոցիալական ցուցումով» բառերով.
8) 8-րդ մասի 4-րդ կետից հանել «կամ սոցիալական» բառերը, իսկ նույն կետը «ներկայացուցչի» բառից հետո լրացնել «, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ նրա լիազորած կոնտակտային անձի» բառերով.
9) 8-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) մինչև 16 տարեկան անձի հղիության ընդհատման համար նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցչի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ նրա լիազորած կոնտակտային անձի տված գրավոր համաձայնության ձևը:»:
Հոդված 8. Օրենքի 11-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «կիրառել» բառից հետո լրացնել «օժանդակ սերմնավորում ամուսնու կամ դոնորական սերմով և» բառերով.
2) 1-ին մասի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 9. Օրենքի 12-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Մարդու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեն՝
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ գտնվող զույգը՝ միայն կնոջ (ամուսնու) հետ փոխադարձ համաձայնության առկայության դեպքում, եթե ամուսիններից մեկը մինչև 55 տարեկան է (հղիությունը կրելու դեպքում կնոջ տարիքային շեմը սահմանվում է մինչև 53 տարեկան).
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ չգտնվող մինչև 55 տարեկան տղամարդը կամ կինը՝ իր ցանկությամբ (հղիությունը կրելու դեպքում կնոջ տարիքային շեմը սահմանվում է մինչև 53 տարեկան):».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ մասերով.
«1.1. Մարդու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքը՝ փոխնակ մոր միջոցով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու մասով, չի տարածվում՝
ա. ապագա երեխայի կենսաբանական ծնող չհանդիսացող՝ ամուսնության մեջ չգտնվող տղամարդու վրա,
բ. հղիությունը կրելու բժշկական հակացուցում չունեցող կնոջ վրա,
գ. Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող փոխնակ մոր միջոցով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու մասով՝ ազգությամբ հայ չհանդիսացող օտարերկրացիների վրա:
1.2. Այն դեպքում, երբ փոխնակ մոր միջոցով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող նախատեսված ծնողները (ամուսինը և կինը կամ ամուսնության մեջ չգտնվող կինը) չեն հանդիսանում ապագա երեխայի կենսաբանական ծնող, ապա մարդու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքը տրվում է միջգերատեսչական հանձնաժողովի թույլտվությամբ, որի կազմը և գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Սույն իրավունքը տարածվում է՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ գտնվող զույգի (ամուսնու և կնոջ), Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող կնոջ վրա.
2) ազգությամբ հայ լինելը հաստատող կրոնական և համայնքային կառույցների, ինչպես նաև պետական մարմինների կողմից տրամադրվող փաստաթղթերը ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով բնակվող կամ գտնվող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ գտնվող ազգությամբ հայ օտարերկրացի զույգի կամ ամուսնության մեջ չգտնվող ազգությամբ հայ օտարերկրացի կնոջ վրա:»:
Հոդված 10. Օրենքի 14-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Դոնոր ընտրվելու համար նախատեսված բժշկական զննումները և հետազոտությունները, դոնորի նկատմամբ ներկայացվող լրացուցիչ պահանջները, դոնորական սերմի կամ ձվաբջջի տրամադրման և պահպանման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 11. Օրենքի 14.1-ին հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 12. Օրենքի 15-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Փոխնակ մայր լինելու իրավունք ունեն 20-38 տարեկան այն կանայք, որոնք ունեն առնվազն մեկ երեխա, նախկինում ոչ ավելի, քան երեք անգամ ծննդաբերել են, ոչ ավելի, քան մեկ անգամ կեսարյան հատման վիրահատության միջոցով ծննդալուծվել են, սահմանված կարգով ենթարկվել են բժշկական հետազոտության, որի արդյունքով չեն հայտնաբերվել բժշկական հակացուցումներ:».
2) 14-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող տղամարդը հանդիսանում է երեխայի կենսաբանական ծնողը:»:
Հոդված 13. Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ մասերով.
«3. Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման տրամադրման արդյունքում ծնված երեխայի ծնողի՝ կենսաբանական ծնող լինելու փաստը հաստատվում է ԴՆԹ-ի որոշման արդյունքով՝ կենսաբանական ծնող հանդիսացող անձի ցանկությամբ:
4. Բուժման արդյունքով հղիությունն արձանագրելուց անմիջապես հետո վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բժշկական օգնություն և սպասարկում տրամադրող բժշկական կազմակերպությունը պարտադիր տրամադրում է գրավոր տեղեկատվություն կենսաբանական ծնող լինելու փաստը հաստատելու նպատակով ԴՆԹ-ի որոշման հնարավորության վերաբերյալ:»:
Հոդված 14.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. օգոստոսի 5 Երևան ՀՕ-317-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 օգոստոսի 2024 թվական: