Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-49-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.03.20-2023.04.02 Պաշտոնական հրապարակման օրը 27.03.2023
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
01.03.2023
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի մարտի 1-ին

 

ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Oրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման նպատակով տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու, գաղտնագրելու, պետական գաղտնիքը պահպանելու, պաշտպանելու, օգտագործելու, գաղտնազերծելու կամ ոչնչացնելու գործընթացների հետ կապված հարաբերությունները, սահմանում է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հասկացությունը, գաղտնիության աստիճանները, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվող հարաբերություններում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, իրավաբանական անձանց, ֆիզիկական անձանց լիազորությունները, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձանց պարտականությունները, նրանց աշխատանքի համար սահմանված պայմանները և սահմանափակումները, ինչպես նաև սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության հետ կապված հարաբերությունները:

2. Սահմանադրությամբ նախատեսված կամ օրենքով ստեղծված պետական մարմիններում պետական գաղտնիքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և դրանից բխող իրավական ակտերով, եթե տվյալ մարմինների գործունեությունը կանոնակարգող սահմանադրական օրենքներով և օրենքներով այլ բան նախատեսված չէ:

 

Հոդված 2. Oրենքի գործողության ոլորտը

 

 1. Սույն օրենքի դրույթները ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, իրավաբանական անձանց, պաշտոնատար անձանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից, որոնք իրենց կարգավիճակով պարտավոր են կամ պարտավորություն են ստանձնել կատարելու պետական գաղտնիքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները, ինչպես նաև սույն օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված անձանց կողմից:

2. Սույն օրենքի պահանջները չեն տարածվում սույն օրենքով չնախատեսված դրոշմագիր ունեցող տեղեկությունների, նյութերի, ինչպես նաև օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների վրա:

 

Հոդված 3. Oրենքում օգտագործվող հասկացությունները

 

 1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) պետական գաղտնիք (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ)` Հայաստանի Հանրապետության ռազմական կամ արտաքին հարաբերությունների կամ տնտեսության, գիտության և տեխնիկայի կամ հետախուզական, արտաքին հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկություններն են, արտադրանքը կամ նյութերը, որոնք, սույն օրենքի համաձայն, պահպանվում և պաշտպանվում են պետության կողմից, և որոնց տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը կամ շահերին,

2) սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն` Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց, պաշտոնատար անձանց գործունեությանն առնչվող, սույն օրենքի համաձայն, պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների շարքին չդասվող տեղեկություններն են, արտադրանքը կամ նյութերը, որոնք պարունակում են պետական գաղտնիքի տարրեր, սակայն ինքնին չեն բացահայտում պետական գաղտնիքը, և որոնց տարածումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը, ազգային անվտանգությանը, արտաքին հարաբերություններին, քաղաքական և տնտեսական շահերին, իրավակարգի պահպանությանը,

3) պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների կրիչներ (այդ թվում՝ էլեկտրոնային)` (այսուհետ նաև` տեղեկակիրներ) նյութական օբյեկտներն են (այդ թվում՝ ֆիզիկական դաշտերը), որոնցում պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները (այսուհետ նաև՝ գաղտնի տեղեկություններ) արտահայտվում են պատկերների, պայմանանշանների, ազդանշանների, տեխնիկական լուծումների, գործընթացի կամ այլ ձևերով,

4) պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների տարածում` պետության պաշտպանության տակ գտնվող և պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակում կամ հոսակորուստ,

5) հրապարակում` պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները ցանկացած ձևով մատչելի դարձնելն է այդպիսի տեղեկություններին առնչվելու թույլտվություն կամ իրավասություն չունեցող անձանց,

6) հոսակորուստ` պետության պաշտպանության տակ գտնվող և պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների կորուստ,

7) գաղտնագրում` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության կամ շահերի պաշտպանության նպատակով պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների տարածման նկատմամբ սահմանափակումների կիրառում,

8) գաղտնազերծում` պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների տարածման նկատմամբ օրենքով սահմանված կարգով սահմանափակումների վերացում,

9) գաղտնիության ռեժիմ՝ պետական գաղտնիքի պաշտպանության և պահպանության նպատակով համալիր միջոցառումների ամբողջություն` ուղղված պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակումը կամ հոսակորուստը կանխելուն,

10) պետական գաղտնիքի պաշտպանություն՝ լիազոր մարմնի համակարգմամբ Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, իրավաբանական անձանց ուժերի ու միջոցների կիրառում` ուղղված պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների, արտադրանքների և նյութերի հրապարակումը և հոսակորուստը կանխելուն,

 11) պետական գաղտնիքի պահպանություն` օրենսդրությամբ նախատեսված իրավական, կազմակերպչական, ինժեներատեխնիկական, ծրագրային, կրիպտոգրաֆիկական և այլ անհրաժեշտ միջոցների ու մեթոդների համակարգված կիրառում,

12) գաղտնիության աստիճան՝ տեղեկությունների կարևորությունը, դրանց տարածմամբ հնարավոր հետևանքների առաջացումը և տեղեկության մատչելիության սահմանափակումը բնութագրող ցուցիչ, որով որոշվում են համապատասխան տեղեկության պահպանության ուղղությամբ իրականացվող միջոցառումները,

13) պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն՝ ֆիզիկական անձանց կողմից գաղտնի տեղեկություններին ծանոթանալու և դրանք օգտագործելու նպատակով Կառավարության սահմանած կարգով տրված թույլտվություն,

14) պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության միջոցներ՝ գաղտնի տեղեկությունների պահպանության համար նախատեսված ինժեներատեխնիկական, կրիպտոգրաֆիկական, ծրագրային, ինչպես նաև գաղտնի տեղեկությունների պահպանության արդյունավետության վերահսկմանն ուղղված այլ միջոցներ,

15) գաղտնիության դրոշմագիր` վավերապայման, որը դրվում է տեղեկակիրների և (կամ) դրանց ուղեկցող փաստաթղթերի վրա և վկայում է տեղեկակիրներում առկա տեղեկությունների գաղտնիության աստիճանի մասին,

16) պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործում` պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հավաքումը կամ պահպանումը կամ փոխանցումը կամ գաղտնազերծումը,

17) պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելը՝ անկախ իրականացման ձևից և եղանակից (այդ թվում` ավտոմատացված, տեխնիկական ցանկացած միջոցներ կիրառելու կամ առանց դրանց) պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ կապված ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ, որը կապված է այդպիսի տեղեկությունների ստեղծման, ամրագրման, համակարգման, հավաքման, վերամշակման, փոխանցման, փոխանակման, տեղափոխման, պահպանման, պաշտպանության, օգտագործման, ծանոթացման, հաշվառման, գաղտնիության աստիճանի փոփոխման, գաղտնազերծման, արխիվացման, ոչնչացման կամ այլ գործողություններ կատարելու հետ,

18) լիազոր մարմին՝ ազգային անվտանգության հարցերով լիազորված պետական մարմին,

19) պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների ոչնչացում՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների մասնակի կամ ամբողջական վերականգնման հնարավորության բացառում,

20) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգություն` այնպիսի կացություն, երբ ապահովված են անձի, հասարակության և պետության անվտանգությունը, երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը, տնտեսության բնականոն զարգացումը, հասարակության նյութական և հոգևոր արժեքների, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, շրջակա միջավայրի պաշտպանությունը ներքին և արտաքին սպառնալիքներից։

 

Հոդված 4. Գաղտնիության աստիճանները

 

1. Ելնելով պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների կարևորությունից, բնույթից, դրանց տարածման դեպքում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը կամ շահերին պատճառված կամ սպառնացող վնասի չափից՝ սահմանվում են գաղտնիության երեք աստիճաններ`

1) «Հատուկ կարևորության»,

2) «Հույժ գաղտնի»,

3) «Գաղտնի»:

2. Գաղտնիության «Հատուկ կարևորության» աստիճանին համապատասխանում են Հայաստանի Հանրապետության ռազմական կամ արտաքին հարաբերությունների կամ տնտեսության, գիտության և տեխնիկայի կամ հետախուզական, արտաքին հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկությունները, որոնց տարածումը կարող է առանձնապես ծանր վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը կամ շահերին:

3. Գաղտնիության «Հույժ գաղտնի» աստիճանին համապատասխանում են այն տեղեկությունները, որոնց տարածումը կարող է ծանր վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը կամ շահերին:

4. Գաղտնիության «Գաղտնի» աստիճանին համապատասխանում են այն տեղեկությունները, որոնց տարածումը կարող է էական վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը կամ շահերին:

5. Գաղտնիության աստիճաններին համապատասխան` պետական գաղտնիքի տեղեկակիրներին տրվում են «Հատուկ կարևորության», «Հույժ գաղտնի» և «Գաղտնի» դրոշմագրեր:

 

Հոդված 5. Պետական գաղտնիքի մասին օրենսդրությունը

 

1. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և դրանց համապատասխան ընդունված այլ իրավական ակտերով ու Հայաստանի Հանրապետության վավերացրած կամ հաստատած միջազգային պայմանագրերով:

 

Հոդված 6. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների փոխանցումն այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև նշված տեղեկությունների օգտագործման հետ կապված հարաբերությունները

 

1. Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների ու միջազգային կազմակերպությունների միջև պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների փոխանցման, ինչպես նաև նշված տեղեկությունների օգտագործման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

 

Հոդված 7. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության բնագավառում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց գործառույթները

 

1. Հանրապետության նախագահի աշխատակազմում պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության ապահովման ուղղությամբ պաշտոնատար անձանց գործառույթները սահմանում է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը:

2. Կառավարությունը`

1) հաստատում է պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը՝ ըստ գերատեսչական պատկանելության,

2) սահմանում է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության միջոցները,

3) սահմանում է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները, պետական գաղտնիքի տեղեկակիրներն այլ պետություններ, օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձանց փոխանցելու կարգը,

4) սահմանում է պետական գաղտնիքի տեղեկակիրների հետ իրավաբանական անձանց և ֆիզիկական անձանց կողմից աշխատանքների իրականացման կարգը,

5) սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում, իրավաբանական անձանց մոտ գաղտնիության ռեժիմն ապահովող ստորաբաժանումների գործունեության կարգը,

6) սահմանում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվության տրամադրման, այդպիսի թույլտվություն ունեցող անձանց պարտականությունների իրականացման կարգը,

7) սահմանում է տեղեկությունների գաղտնագրման, գաղտնիության աստիճանի որոշման, գաղտնիության դրոշմագրեր շնորհելու, դրանք փոփոխելու, ինչպես նաև գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը մշակելու և հաստատելու կարգը,

8) սահմանում է պետական գաղտնիքի տեղեկակիրների պահպանման ժամկետները երկարաձգելու և գաղտնազերծելու կարգը,

9) սահմանում է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների գործավարության և այդպիսի տեղեկություններ պարունակող արտադրանքի թողարկման, պահպանության հետ կապված աշխատանքների իրականացման համար նախատեսված շինությունների ու այլ տարածքների պահպանման, պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործման հետ կապված աշխատանքներ կատարող՝ Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում, իրավաբանական անձանց մոտ անցագրային և ներօբյեկտային ռեժիմի կազմակերպման կարգը,

10) սահմանում է գաղտնի տեղեկություններ պարունակող արտադրանքի ստեղծման և օգտագործման ընթացքում գաղտնիության ռեժիմի կազմակերպման կարգը,

11) սահմանում է ռազմական կամ արտակարգ դրության, ինչպես նաև օտարերկրյա պետություններ գործուղման կամ մասնավոր այցելությունների ժամանակ գաղտնիության ռեժիմի կազմակերպման կարգը,

12) սահմանում է համակարգչային տեղեկատվական համակարգերի օգտագործմամբ գաղտնի տեղեկությունները կազմելիս (մշակելիս) և տեխնիկական միջոցներ օգտագործելիս գաղտնիության ռեժիմի ապահովման կարգը,

13) սահմանում է գաղտնիության ռեժիմի ապահովման խախտումների դեպքում ծառայողական քննության անցկացման կարգը,

14) սահմանում է էլեկտրոնային եղանակով պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների փոխանակման կարգը,

15) սահմանում է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործմամբ համատեղ և այլ աշխատանքների կատարման և դրա նկատմամբ վերահսկողության իրականացման կարգը,

16) սահմանում է պահպանման ժամկետները լրացած պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները գաղտնազերծելու, պետական արխիվ հանձնելու, ինչպես նաև պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները ոչնչացնելու կարգը։

3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները`

1) ապահովում են պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության բնագավառի օրենսդրության պահանջների կատարումն իրենց ենթակա կազմակերպություններում,

2) իրենց իրավասությունների սահմաններում ապահովում են պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության ստորաբաժանումների ստեղծումը կամ պատասխանատու անձանց նշանակումը և գործունեությունն իրենց ենթակա կազմակերպություններում, որոշումներ են ընդունում այդպիսի ստորաբաժանումների վերակազմավորման կամ լուծարման և պատասխանատու աշխատակիցներին պաշտոնների նշանակման կամ ազատման մասին:

4. Պետական մարմինների ղեկավարները (կոլեգիալ մարմինների դեպքում՝ նախագահողը), Երևանի քաղաքապետն ու Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը`

1) հաստատում են իրենց կողմից տնօրինվող գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը,

2) սահմանում են պետական գաղտնիքին առնչվելու լիազորություններ ունեցող հանրային ծառայության պաշտոնների անվանացանկերը,

3) գաղտնազերծում են իրենց կողմից գաղտնագրված (տնօրինվող) պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները,

4) հրապարակման են ուղարկում իրենց կողմից գաղտնազերծված իրավական ակտերը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԻՆ ԴԱՍԵԼԸ

 

Հոդված 8. Պետական գաղտնիքի շարքին դասման ենթակա տեղեկությունները

 

1. Պետական գաղտնիքի շարքին դասվում են հետևյալ տեղեկությունները.

1) ռազմական բնագավառում`

ա. զինված ուժերի և այլ զորքերի ռազմավարական, օպերատիվ և մարտավարական բնույթի պլանների և ծրագրերի, ըստ ռազմական գործողությունների ձևերի զորքերի, ներառյալ աշխարհազորի և տարածքային պաշտպանության, Հայաստանի Հանրապետության տարածքի օպերատիվ սարքավորման (կահավորման), գործողությունների նախապատրաստման և վարման, զորքերի ծավալման (այդ թվում` զորահավաքային), նրանց մարտունակության, մարտական հերթապահության կրման ձևերի ու եղանակների, ղեկավարման համակարգի փոխդասավորության, գործունեության հաջորդականության, համակարգի հասանելիության, ամբողջականության, համակողմանի ապահովման վերաբերյալ տեղեկությունը և գաղտնիության դեմ ուղղված սպառնալիքները չեզոքացնելու միջոցառումները,

բ. ռազմարդյունաբերական համալիրի ծրագրերի, դրանց անվանումների, բովանդակության և կատարման արդյունքների, սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման ուղղությունների, դրանց մարտավարատեխնիկական բնութագրերի ու մարտական կիրառության հնարավորությունների մասին,

գ. հատուկ պահպանվող և մուտքի ու ելքի հատուկ կարգ ունեցող օբյեկտների տեղաբաշխման, նշանակության, պաշտպանվածության ու պատրաստականության աստիճանի, դրանց նախագծման և շինարարության, ինչպես նաև այդ օբյեկտների համար տարածքներ հատկացնելու մասին,

դ. Հայաստանի Հանրապետության տարածքում դաշնակից պետությունների և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, պաշտպանության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների կազմակերպչական կառուցվածքի, զինվածության և թվաքանակի մասին,

ե. ռազմական դրության ժամանակ բնակչության պաշտպանվածության աստիճանի մասին,

զ. զինված ուժերի կարիքների համար իրականացված գնումների մասին տեղեկությունը, որի ցանկը հաստատում է Կառավարությունը.

2) արտաքին հարաբերությունների բնագավառում`

ա. Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական, արտաքին տնտեսական (առևտրային, վարկային և արժութային) գործունեության մասին, որոնց վաղաժամ տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը կամ շահերին,

բ. ռազմական, գիտատեխնիկական և այլ բնույթի համագործակցության մասին տեղեկություններ, որոնց տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը կամ շահերին.

3) տնտեսության, գիտության և տեխնիկայի բնագավառում`

ա. Հայաստանի Հանրապետությունը հնարավոր զինված հարձակումներից պաշտպանելու վերաբերյալ նախապատրաստական ծրագրերի բովանդակության, ռազմամթերքի և ռազմական տեխնիկայի արտադրության, նորոգման գծով արդյունաբերական մոբիլիզացիոն կարողությունների, ռազմական հումքի ու նյութերի պահեստավորման և մատակարարումների ծավալի, նյութական՝ պետական, զորահավաքային և ռազմավարական պահուստների կառուցվածքի, փաստացի չափի և դրանց տեղաբաշխման մասին,

բ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ազգային անվտանգության ապահովման նպատակով ենթակառուցվածքների օգտագործման մասին,

գ. պետական պաշտպանական պատվերների ծավալների, ծրագրերի, սպառազինության և ռազմական տեխնիկայի արտադրության, նորոգման, մատակարարումների, դրանց արտադրական կարողությունների առկայության և զարգացման մասին, այդ նպատակով կազմակերպությունների միջև ստեղծված փոխհամագործակցության կապերի, նշված սպառազինությունները և ռազմական տեխնիկա արտադրողների կամ տեխնիկական և գիտական մշակումներ կատարողների մասին,

դ. պաշտպանական կամ տնտեսական կարևոր նշանակություն ունեցող գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների մասին,

ե. քաղաքացիական պաշտպանության ուժերի ու միջոցների, վարչական շենքերի պաշտպանվածության ու բնակչության անվտանգության ապահովվածության աստիճանի մասին,

զ. քաղաքացիական պաշտպանության պլանների մասին,

է. Հայաստանի Հանրապետության պետական, զորահավաքային, ռազմավարական պաշարների պահուստի, դրա ֆինանսների և բյուջետային քաղաքականության (բացի տնտեսության և ֆինանսների ընդհանուր վիճակը բնութագրող ամփոփ ցուցանիշներից) մասին,

ը. տնտեսության զորահավաքային ծրագրերի և պլանների մասին.

4) հետախուզական, արտաքին հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառում`

ա. հետախուզական, արտաքին հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության ուժերի, միջոցների, աղբյուրների, մեթոդների, պլանների և արդյունքների, ինչպես նաև այդ գործունեության ֆինանսավորման մասին տվյալները, եթե դրանք բացահայտում են թվարկված տեղեկությունները,

բ. հետախուզական, արտաքին հետախուզական, հակահետախուզական և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ համագործակցած անձանց մասին,

գ. հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց պաշտպանության ուժերի, միջոցների, աղբյուրների, մեթոդների, պլանների և արդյունքների, ինչպես նաև այդ գործունեության ֆինանսավորման մասին տվյալները, եթե դրանք բացահայտում են թվարկված տեղեկությունները,

դ. կառավարական և այլ տեսակի հատուկ կապի համակարգի, ծածկագրերի մշակման, դրանց պատրաստման և ապահովման, ծածկագրային և հատուկ պաշտպանության միջոցների վերլուծության մեթոդների, հատուկ նշանակության տեղեկատվական վերլուծական համակարգերի, ինչպես նաև տեղեկատվական համակարգերի հարձակումներից պաշտպանվածության մասին,

ե. պետական գաղտնիքի պահպանման և պաշտպանության կազմակերպման և դրա փաստացի վիճակի մասին,

զ. ահաբեկչության հակազդման և որոշակի անձանց նկատմամբ պետական պաշտպանության միջոցներ կիրառելու մեթոդների, եղանակների մասին,

է. ահաբեկչության հետ հնարավոր առնչություն ունեցող անձանց և կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական մոնիտորինգի արդյունքների մասին,

ը. պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության մեթոդների ու միջոցների մասին,

թ. պետական պահպանության ենթակա կառույցների անվտանգության ապահովման ուժերի, միջոցների, մեթոդների, ինչպես նաև դրանց գործունեության ֆինանսավորման մասին տվյալները, եթե դրանք կարող են բացահայտել թվարկված տեղեկությունները,

ժ. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանության և պաշտպանության մասին,

ժա. կադրերի պատրաստման մասին տվյալները, եթե դրանք կարող են բացահայտել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները:

 

Հոդված 9. Տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու սահմանափակումները

 

1. Արգելվում է պետական գաղտնիքի շարքին դասել`

1) մարդկանց անվտանգությանը և առողջությանն սպառնացող արտակարգ դեպքերի, աղետների, ինչպես նաև տարերային (ներառյալ պաշտոնապես կանխատեսվող) աղետների, դրանց հետևանքների մասին տեղեկությունները,

2) տնտեսության ընդհանուր վիճակը, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, մշակույթի, առևտրի բնագավառներում տիրող իրական վիճակը ներկայացնող տեղեկությունները,

3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների և ազատությունների սահմանափակման փաստերի, հանցագործությունների վիճակագրության մասին տեղեկությունները,

4) պետության կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց, պաշտոնատար անձանց, կազմակերպություններին տրամադրվող արտոնությունների և սոցիալական երաշխիքների մասին տեղեկությունները:

 

Հոդված 10. Տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելը

 

1. Տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասվում են ըստ դրանց բնագավառի կամ գերատեսչական պատկանելության:

2. Տեղեկությունների գաղտնագրման բնագավառում միասնական պետական քաղաքականություն իրականացնելու նպատակով Կառավարությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը՝ ըստ գերատեսչական պատկանելության:

3. Գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերում նշվում է նաև դրանցում ներառված տեղեկություններից յուրաքանչյուրի գաղտնիության աստիճանը: Գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերի և դրանցում կատարվող փոփոխությունների ու լրացումների նախագծերը ներկայացվում են լիազոր մարմնի համաձայնեցմանը: Լիազոր մարմինը 15 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է իր համաձայնությունը նախագծերը հաստատելու վերաբերյալ կամ իր առարկություններն է ներկայացնում դրանք լրամշակելու համար: Գերատեսչական ցանկերի և դրանցում կատարվող փոփոխությունների ու լրացումների՝ լիազոր մարմնի դիտողությունների հիման վրա լրամշակված նախագծերը հինգ աշխատանքային օրվա ընթացքում կրկին ուղարկվում են լիազոր մարմնի համաձայնեցմանը: Գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերի և դրանցում կատարվող փոփոխությունների ու լրացումների նախագծերը հաստատում են պետական մարմինների համապատասխան պաշտոնատար անձինք: Գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերի, դրանցում կատարված փոփոխությունների և լրացումների մեկ օրինակն ուղարկվում է լիազոր մարմին:

4․ Գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը չեն գաղտնագրվում և ենթակա են հրապարակման, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանցում ընդգրկվող կոնկրետ տեղեկության վերտառությունը (անվանումը) ինքնին ամրագրման փաստի ուժով կարող է լինել պետական գաղտնիք: Այդպիսի տեղեկությունների գաղտնագրումն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

 ԳԱՂՏՆԱԳՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԱԳՐՈՒՄԸ

 

Հոդված 11. Գաղտնագրման սկզբունքները

 

1. Տեղեկությունները գաղտնագրվում են օրինականության, հիմնավորվածության, արդիականության և համաչափության սկզբունքներին համապատասխան:

2. Գաղտնագրման օրինականությունը գաղտնագրվող տեղեկությունների համապատասխանության ապահովումն է սույն օրենքի պահանջներին:

3. Գաղտնագրման հիմնավորվածությունը յուրաքանչյուր տեղեկության համապատասխանությունն է գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկին` ելնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման շահերից:

4. Գաղտնագրման արդիականությունը տեղեկությունների ստացման (մշակման) պահից կամ մինչև այդ դրանց տարածման նկատմամբ սահմանափակումների կիրառումն է:

5. Գաղտնագրման համաչափությունը տեղեկություններին տրված գաղտնիության աստիճանի համապատասխանությունն է դրանց տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը կամ շահերին պատճառվող հնարավոր վնասի ծանրության աստիճանին:

 

Հոդված 12. Տեղեկությունների գաղտնագրումը

 

1․ Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, իրավաբանական անձանց կողմից ստացված (մշակված) տեղեկությունների գաղտնագրման համար հիմք է հանդիսանում այդ տեղեկությունների համապատասխանությունը տվյալ մարմիններում գործող՝ գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերին:

2․ Գաղտնագրման սկզբունքներին համապատասխան` տեղեկությունները գաղտնագրելու անհրաժեշտության հիմնավորման պարտականությունը կրում են այն պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները, իրավաբանական անձինք, որոնք ստացել (մշակել) են այդ տեղեկությունները:

3. Ստացված (մշակված) տեղեկությունները գործող գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկում ընդգրկված չլինելու դեպքում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, իրավաբանական անձանց պաշտոնատար անձինք իրենց իրավասությունների սահմաններում պարտավոր են ապահովել այդ տեղեկությունների նախնական գաղտնագրումը ենթադրվող գաղտնիության աստիճանին համապատասխան և 10 աշխատանքային օրվա ընթացքում գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկում լրացում (փոփոխություն) կատարելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնել նշված ցանկը հաստատող պաշտոնատար անձին:

4. Գործող ցանկը հաստատող պաշտոնատար անձինք պարտավոր են երկամսյա ժամկետում կազմակերպել նախապես գաղտնագրված տեղեկությունների փորձագիտական գնահատումը և դրա հիման վրա որոշում կայացնել գործող ցանկում լրացում (փոփոխություն) կատարելու կամ տեղեկություններին նախապես տրված գաղտնիության դրոշմագրերը հանելու վերաբերյալ: Նախնական գաղտնագրված տեղեկությունները հանդիսանում են պետական գաղտնիք։

 

Հոդված 13. Տեղեկության նկատմամբ կազմակերպությունների, իրավաբանական անձանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց սեփականության իրավունքի սահմանափակումը

 

1. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձինք իրավասու են կազմակերպությունների, իրավաբանական անձանց և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց սեփականությունը հանդիսացող տեղեկությունների գաղտնագրման մասին որոշումներ ընդունելու, եթե դրանք պարունակում են պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ: Նշված տեղեկության գաղտնագրումն իրականացվում է տեղեկության սեփականատիրոջ ներկայացմամբ կամ պետական համապատասխան մարմնի նախաձեռնությամբ` հատուցելով դրա հետևանքով սեփականատիրոջը հասցվող վնասը: Փոխհատուցումը կատարվում է պետական բյուջեի` այդ նպատակով լրացուցիչ հատկացված միջոցներից, և դրա չափը որոշվում է տեղեկության սեփականատիրոջ և պետական այն մարմնի միջև կնքված պայմանագրով, որի պաշտպանության տակ անցնում է այդ տեղեկությունը: Պայմանագրում նախատեսվում է նաև տեղեկության սեփականատիրոջ պարտավորությունը տեղեկությունը չհրապարակելու, ինչպես նաև այն հրապարակելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության վերաբերյալ: Փոխհատուցման կարգը, ինչպես նաև փոխհատուցման չափը հաշվարկելու ընթացակարգը սահմանում է Կառավարությունը:

2. Պայմանագիրն ստորագրելուց հրաժարվելու դեպքում տեղեկության սեփականատերը գրավոր նախազգուշացվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները հրապարակելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության մասին, և հարցը ենթակա է լուծման դատական կարգով:

3. Տեղեկության սեփականատերն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բողոքարկելու պաշտոնատար անձի գործողությունները:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄԸ ԵՎ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ

 

Հոդված 14. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանման ժամկետները

 

1. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները, գաղտնագրման պահից (տեղեկությունները գաղտնագրելուց) սկսած, որպես գաղտնիք պահպանվում են՝

1) գաղտնիության «Հատուկ կարևորության» աստիճան ունեցող տեղեկությունները՝ 40 տարի,

2) գաղտնիության «Հույժ գաղտնի» աստիճան ունեցող տեղեկությունները՝ 30 տարի,

3) գաղտնիության «Գաղտնի» աստիճան ունեցող տեղեկությունները՝ 20 տարի։

2. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձինք պարտավոր են ոչ ուշ, քան հինգ տարին մեկ անգամ վերանայել պետական մարմիններում գործող գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերում ընդգրկված տեղեկությունների հիմնավորվածությունը այդ տեղեկություններին նախկինում տրված գաղտնիության աստիճանների համապատասխանությունը պարզելու համար: Նշված պաշտոնատար անձինք, ելնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման շահերից, իրավասու են երկարացնելու գաղտնագրված տեղեկությունների` որպես գաղտնիք պահպանության նախկինում սահմանված ժամկետները` յուրաքանչյուր անգամ մինչև հինգ տարի ժամկետով:

3. Գաղտնիության դրոշմագիր ունեցող իրավական ակտերը որպես գաղտնիք պահպանվում են նրանց գործողության ընթացքում, և սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը հաշվարկվում է դրանց գործողությունը դադարելու օրվանից:

 

Հոդված 15. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների գաղտնազերծումը և ոչնչացումը

 

1. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների գաղտնազերծման հիմքերն են`

1) պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների բաց փոխանցման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները,

2) օբյեկտիվ հանգամանքների փոփոխությունը, որի հետևանքով պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետագա պահպանությունը և պաշտպանությունը դառնում են ոչ նպատակահարմար:

2. Գաղտնագրված տեղեկությունների պահպանության ժամկետը կարող է կրճատվել, և տեղեկությունները ժամկետից շուտ կարող են գաղտնազերծվել Կառավարության սահմանած կարգով:

3. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները գաղտնազերծումից հետո, ըստ անհրաժեշտության, դրանք տնօրինող պետական մարմնի կամ կազմակերպության ղեկավարի որոշմամբ կարող են հանձնվել Հայաստանի Հանրապետության պետական արխիվի պահպանությանը:

4. Իրավական ակտերի գաղտնազերծման դեպքում գաղտնազերծվում են նաև դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարած իրավական ակտերը:

5. Գաղտնազերծված տեղեկություններ պարունակող իրավական ակտերը հրապարակվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գաղտնազերծումից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում։

6. Պահպանման ժամկետները լրացած և գաղտնազերծման կամ Հայաստանի Հանրապետության պետական արխիվի պահպանությանը հանձնման ոչ ենթակա պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները ոչնչացվում են:

7. Ռազմական դրության իրավական ռեժիմի ժամանակ ռազմական գործողություններով կամ արտակարգ դրության իրավական ռեժիմի ժամանակ իրավիճակով պայմանավորված, ինչպես նաև զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության պայմաններում, երբ հնարավոր չէ իրականացնել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների անհրաժեշտ պաշտպանությունը, և առկա է դրա փաստացի կորստի կամ հրապարակման վտանգ, ապա համապատասխան իրավասու (պատասխանատու) անձանց որոշմամբ դրանք ոչնչացվում են:

8. Մինչև պահպանման ժամկետի լրանալը տեղեկությունները կարող են ոչնչացվել նաև սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայության դեպքում:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

Հոդված 16. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների փոխանցումը

 

1. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործման հետ կապված աշխատանքներ կատարելու ընթացքում, անհրաժեշտության դեպքում, նշված տեղեկությունները կարող են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և իրավաբանական անձանց կողմից փոխանցվել այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց պետական այն մարմնի թույլտվությամբ, որի տնօրինության տակ, սույն օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան, գտնվում են այդ տեղեկությունները:

2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները, իրավաբանական անձինք պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները կարող են փոխանցել միայն այն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին, իրավաբանական անձանց, որոնք Կառավարության սահմանած կարգով ունեն գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքներ կատարելու իրավունք, իսկ ֆիզիկական անձանց դեպքում` դրանց առնչվելու համապատասխան թույլտվություն:

3. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ տնօրինող պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները, իրավաբանական անձինք իրենց գործառույթները, սեփականության ձևը փոխելու կամ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքները դադարեցնելու դեպքերում պարտավոր են ձեռնարկել միջոցներ` նշված տեղեկությունների պահպանությունն ապահովելու ուղղությամբ, իսկ տեղեկակիրները սահմանված կարգով ոչնչացվում են, հանձնվում արխիվային պահպանության կամ փոխանցվում են`

1) պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ տնօրինող պետական և տեղական ինքնակառավարման մարմնի, կազմակերպության, իրավաբանական անձի իրավահաջորդին, եթե վերջինս նշված տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելու իրավասություն ունի,

2) պետական այն մարմնին, որի տնօրինության տակ, սույն օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան, գտնվում են դրանց համապատասխանող տեղեկությունները,

3) պետական և տեղական ինքնակառավարման մարմնին, կազմակերպությանը, իրավաբանական անձին` Կառավարության որոշմամբ:

4․ Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները, պետական գաղտնիքի տեղեկակիրներն այլ պետությունների, օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձանց փոխանցվում են սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված կարգով։

 

Հոդված 17. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործմամբ համատեղ և այլ աշխատանքների կատարումը

 

 1. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործմամբ համատեղ և այլ աշխատանքներ կատարելու անհրաժեշտության դեպքում այդ աշխատանքների պատվիրատուի` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, իրավաբանական անձանց և այդպիսի աշխատանքներում ներգրավվող պետական կամ ոչ պետական կազմակերպության, ինչպես նաև ֆիզիկական անձի միջև կնքվում է պայմանագիր, ընդ որում, նախապայմանագրային բանակցությունների վերաբերյալ տեղեկությունը հրապարակման ենթակա չէ:

2. Պայմանագրում այլ անհրաժեշտ պայմանների հետ մեկտեղ ամրագրվում են պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության ապահովման ուղղությամբ կողմերի փոխադարձ պարտավորությունները (ինչպես աշխատանքների կատարման ընթացքում, այնպես էլ դրանց ավարտից հետո), պայմանագրի գործողության վաղաժամկետ դադարեցման հիմքերը:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

 ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 18. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության և պաշտպանության կազմակերպումը

 

1. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները պահպանվում ու պաշտպանվում են պետության կողմից:

2. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության և պաշտպանության ապահովումն իրականացնում են այդպիսի տեղեկություններ տնօրինող, դրանց օգտագործմամբ աշխատանքներ կատարող պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները և իրավաբանական անձինք:

3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում, իրավաբանական անձանց մոտ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության և պաշտպանության կազմակերպման պատասխանատվությունը դրվում է դրանց ղեկավարների վրա:

4. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործմամբ ցանկացած տեսակի գործունեության իրականացումը թույլատրվում է միայն դրանց պահպանության և պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվող անհրաժեշտ միջոցներն ապահովելուց հետո:

5. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության և պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքների համակարգումն իրականացվում է լիազոր մարմնի կողմից:

 

Հոդված 19. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու երաշխավորված իրավունքը

 

1. Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի նախագահի և վարչապետի՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվությունը երաշխավորվում է համապատասխան պաշտոնում նրանց ընտրվելուց կամ նշանակվելուց անմիջապես հետո, և պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն չի ձևակերպվում:

 

Հոդված 20. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունենալը

 

1. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն կարող են ունենալ`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` աշխատանքային կամ ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված կամ գիտական աշխատանք կատարելու անհրաժեշտությամբ,

2) օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք` աշխատանքային կամ ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված կամ գիտական աշխատանք կատարելու անհրաժեշտությամբ` Կառավարության սահմանած կարգով:

2. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք պետք է ունենան թույլտվություն, որը տրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց գրավոր համաձայնությամբ, լիազոր մարմնի կողմից նրանց նկատմամբ ստուգողական միջոցառումներ (այդ թվում` օրենսդրությամբ սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ) անցկացնելու և այդ միջոցառումների դրական արդյունքների հիման վրա համապատասխան մարմինների կողմից նրանց հետ պարտավորագիր կնքելու միջոցով:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացու, օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի նկատմամբ ստուգողական միջոցառումները, որոնց նպատակը սույն օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված հիմքերի հայտնաբերումն է, իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացու, օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի հետ կնքվող պարտավորագրում նախատեսվում են`

1) իրեն վստահված պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները չտարածելու ուղղությամբ պետության առջև Հայաստանի Հանրապետության քաղաքացու, օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի պարտավորությունը,

2) իր իրավասությունների շրջանակին վերաբերող պետական գաղտնիքի մասին Հայաստանի Հանրապետության իրավական ակտերին Հայաստանի Հանրապետության քաղաքացու, օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի իրազեկ լինելու պարտավորությունը,

3) կողմերի իրավունքները և պարտականությունները,

4) պարտավորագրի գործողության վաղաժամկետ դադարեցման հիմքերը,

5) պարտավորագրի գործողության ժամկետը,

6) այլ պայմաններ, որոնք կողմերն անհրաժեշտ կհամարեն:

5. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների գաղտնիության երեք աստիճաններին համապատասխան՝ սահմանվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու երեք ձևի թույլտվություն`

1) հատուկ կարևորության տեղեկություններին առնչվելու թույլտվություն,

2) հույժ գաղտնի տեղեկություններին առնչվելու թույլտվություն,

3) գաղտնի տեղեկություններին առնչվելու թույլտվություն:

6. Առավել բարձր գաղտնիության աստիճան ունեցող տեղեկություններին առնչվելու թույլտվության առկայությունը հիմք է առնչվելու (ծառայողական անհրաժեշտությունից ելնելով` իրենց վերաբերող մասով) ավելի ցածր գաղտնիության աստիճան ունեցող տեղեկություններին:

7. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվությունը տրամադրվում է լիազոր մարմնի համաձայնությամբ:

8. Ռազմական դրության ժամանակ, մարտական գործողություններից բխող անհրաժեշտությամբ պայմանավորված, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվության ձևակերպման գործընթացն իրականացվում է Կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 21. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվության տրամադրման մերժման հիմքերը

 

1. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվության տրամադրումը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, օտարերկրյա քաղաքացուն և քաղաքացիություն չունեցող անձին մերժվում է, եթե`

1) օրենսդրությամբ սահմանված կարգով նա ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

2) օրենսդրությամբ սահմանված կարգով նա ունի դիտավորությամբ կատարված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների համար դատվածություն կամ այդպիսի հանցագործություն կատարելու համար նրա նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում,

3) նա տառապում է Կառավարության հաստատած ցանկում ընդգրկված այնպիսի հիվանդությամբ, որի առկայությունը խոչընդոտում է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքների կատարումը,

4) ձևակերպում է փաստաթղթեր այլ պետություն մշտական բնակության մեկնելու համար,

5) ստուգողական միջոցառումների արդյունքով հայտնաբերվել է, որ նա կատարել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը սպառնացող գործողություններ, կամ ստացվել են նրա կողմից այդպիսի գործողություններ կատարելու վերաբերյալ հավաստի տվյալներ,

6) խուսափում է ստուգողական միջոցառումներից կամ ներկայացրել է ակնհայտ կեղծ տվյալներ,

7) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով մեղավոր է ճանաչվել պետական գաղտնիքին առնչվող օրենսդրությունը խախտելու համար,

8) պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործություն կատարելու համար օրենքով սահմանված կարգով ոչ ռեաբիլիտացնող հիմքով ազատվել է քրեական պատասխանատվությունից։

2. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու իրավունքի տրամադրումը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, օտարերկրյա քաղաքացուն և քաղաքացիություն չունեցող անձին կարող է մերժվել, եթե`

1) օրենսդրությամբ սահմանված կարգով նա ունի դիտավորությամբ կատարված միջին ծանրության հանցագործության համար դատվածություն, կամ այդպիսի հանցագործություն կատարելու համար նրա նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում,

2) օգտագործել է թմրամիջոցներ, կախվածություն ունի ալկոհոլային խմիչքներից կամ խաղամոլ է,

3) ենթարկվել է վարչական կամ կարգապահական պատասխանատվության պետական գաղտնիքին առնչվող օրենսդրության խախտման համար,

4) աշխատել է օտարերկրյա պետությունների հատուկ ծառայություններում, բացառությամբ այն դեպքերի, երբ լիազոր մարմնի գնահատմամբ վերջինիս գործունեությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար սպառնալիքներ չի պարունակում,

5) սույն հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկով պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվությունը նախկինում դադարեցվել է,

6) սոցիալական, նյութական, տնտեսական և այլ կախվածություն ունի անձից, որը կատարել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանն սպառնացող գործողություններ, կամ այդպիսի գործողություններ կատարելու վերաբերյալ հավաստի տեղեկություններ են ստացվել,

7) վերջին երեք տարում մշտապես չի բնակվել Հայաստանի Հանրապետությունում,

8) վերջին երեք տարվա ընթացքում դիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելու մասին,

9) վերջին երեք տարվա ընթացքում ձևակերպել է փաստաթղթեր` այլ պետություն մշտական բնակության մեկնելու համար:

 

Հոդված 22. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվության դադարեցման հիմքերը

 

1. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին Հայաստանի Հանրապետության քաղաքացու, օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի առնչվելու թույլտվությունը դադարեցվում է, եթե`

1) օրենսդրությամբ սահմանված կարգով լուծվել կամ անվավեր է ճանաչվել նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը կամ պարտավորագիրը,

2) առաջացել է սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկը։

2. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին Հայաստանի Հանրապետության քաղաքացու, օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի առնչվելու թույլտվությունը կարող է դադարեցվել, եթե առաջացել է սույն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

3. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվության դադարեցումը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, օտարերկրյա քաղաքացուն և քաղաքացիություն չունեցող անձին չի ազատում պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները չտարածելու վերաբերյալ ստանձնած պարտավորությունից:

4. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվության դադարեցման վերաբերյալ համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմնի, կազմակերպությունների, իրավաբանական անձանց ղեկավարի որոշման հետ համաձայն չլինելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացին, օտարերկրյա քաղաքացին և քաղաքացիություն չունեցող անձն իրավունք ունի բողոքարկելու այդ որոշումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 23. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին ծանոթանալը

 

1. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին կարող են ծանոթանալ միայն պետական գաղտնիքին առնչվելու համապատասխան ձևի թույլտվություն ունեցող անձինք` պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները տնօրինելու լիազորությամբ օժտված պետական և տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած համապատասխան պաշտոնատար անձի թույլտվությամբ:

 

Հոդված 24. Գաղտնիության ռեժիմի ապահովման միջգերատեսչական և գերատեսչական վերահսկողությունը

 

1. Գաղտնիության ռեժիմի ապահովման նպատակով սահմանվում է միջգերատեսչական և գերատեսչական վերահսկողություն:

2. Գաղտնիության ռեժիմի ապահովման փաստացի վիճակի ուսումնասիրման ու գնահատման, թերությունների և խախտումների հայտնաբերման, պատճառների ճշտման և դրանց վերացման ու կանխման նպատակով միջգերատեսչական վերահսկողությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում, իրավաբանական անձանց մոտ իրականացնում է լիազոր մարմինը՝ ստուգումների միջոցով:

3. Գաղտնիության ռեժիմի ապահովման ստուգումներն իրականացնում են լիազոր մարմնի ղեկավարի ստեղծած հանձնախմբերը:

4. Գաղտնիության ռեժիմի ապահովման ստուգումներն անցկացվում են լիազոր մարմնի ղեկավարի ստորագրած, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքով կնքված կարգադրագրի հիման վրա։ Կարգադրագրում նշվում են ստուգվող պետական և տեղական ինքնակառավարման մարմնի, կազմակերպության, իրավաբանական անձի անվանումը, ստուգումը կատարելու ժամկետը, ստուգում կատարող անձանց տվյալները (պաշտոնը, անունը և ազգանունը)։

5. Լիազոր մարմինն իրավունք ունի ստուգումներին ներգրավելու այլ պետական մարմինների մասնագետների, եթե նշված անձինք ունեն պետական գաղտնիքին առնչվելու համապատասխան ձևի թույլտվություն՝ համաձայնեցնելով տվյալ մարմինների ղեկավարների հետ։

6. Գաղտնիության ռեժիմի ապահովման ստուգման համար ձևավորվող հանձնախմբերում ընդգրկվում են պետական գաղտնիքին առնչվելու համապատասխան ձևի թույլտվություն ունեցող առնվազն երեք աշխատող` կախված ստուգվող փաստաթղթերի և արտադրանքի ծավալից: Հանձնախմբի անդամներն իրավունք ունեն ծանոթանալու ստուգվող հարցերի հետ կապված բոլոր փաստաթղթերին, հաշվառման մատյաններին և այլ նյութերին, իրենց իրավասության սահմաններում պահանջելու գրավոր բացատրություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ:

7. Ստուգումներն անցկացվում են առավելագույնը 15 աշխատանքային օրվա ընթացքում, անհրաժեշտության դեպքում լիազոր մարմնի ղեկավարի կողմից ստուգման ժամկետը կարող է երկարաձգվել առավելագույնը ևս 15 աշխատանքային օրով։

8. Ստուգումների արդյունքների վերաբերյալ կազմվում է եզրակացություն, որում արտացոլվում են գաղտնիության ռեժիմի ապահովման վիճակը, հայտնաբերված թերություններն ու խախտումները, ինչպես նաև դրանք վերացնելու առաջարկությունները` նշելով կատարման ողջամիտ ժամկետները:

9. Լիազոր մարմնի կազմած եզրակացությունն ուղարկվում է այն պետական և տեղական ինքնակառավարման մարմնի, կազմակերպության, իրավաբանական անձի ղեկավարին, որտեղ կատարվել է ստուգումը: Համատեղ աշխատանքների իրականացման դեպքում եզրակացությունն ուղարկվում է նաև պատվիրատու կազմակերպության ղեկավարին: Ստուգվող պետական և տեղական ինքնակառավարման մարմինը, կազմակերպությունը, իրավաբանական անձը եզրակացությունն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կազմում է հայտնաբերված թերությունների ու խախտումների վերացման և եզրակացության մեջ նշված առաջարկությունների կատարման միջոցառումների պլան-ժամանակացույց։

10. Գաղտնիության ռեժիմի ապահովման գերատեսչական վերահսկողությունը, սույն օրենքին համապատասխան, իրականացնում են պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները տնօրինելու լիազորությամբ օժտված պետական մարմինները: Նշված մարմինները պարտավոր են վերահսկել գաղտնիության ռեժիմի ապահովման արդյունավետությունը:

11. Գաղտնիության ռեժիմի ապահովման գերատեսչական ստուգումներն իրականացնում են պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները տնօրինելու լիազորություններով օժտված պետական մարմինների (այդ մարմիններում, ստորադաս և համատեղ աշխատանքներ կատարող կազմակերպություններում) ղեկավարների կողմից ստեղծված հանձնախմբերը:

12. Գաղտնիության ռեժիմի ապահովման գերատեսչական ստուգման համար ձևավորվող հանձնախմբերում ընդգրկվում են պետական գաղտնիքին առնչվելու համապատասխան ձևի թույլտվություն ունեցող առնվազն երկու աշխատող` կախված ստուգվող փաստաթղթերի և արտադրանքի ծավալից:

13. Հանձնախմբի կազմած գերատեսչական ստուգման եզրակացությունը ներկայացվում է ստուգվող և վերադաս կազմակերպության ղեկավարներին, ինչպես նաև ուղարկվում է լիազոր մարմին:

 

Հոդված 25. Ստուգողական միջոցառումները

 

1. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձանց նկատմամբ սույն օրենքի 21-րդ և 22-րդ հոդվածներով նախատեսված հիմքերի առկայության վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում լիազոր մարմինը սեփական նախաձեռնությամբ կամ պետական գաղտնիքը տնօրինելու լիազորությամբ օժտված մարմնի ղեկավարի միջնորդությամբ կարող է իրականացնել ստուգողական՝ օրենսդրությամբ սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որի արդյունքների մասին տեղեկացվում է պետական գաղտնիքը տնօրինելու լիազորությամբ օժտված մարմնին:

 

Հոդված 26. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու լիազորություն ունեցող հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց թույլտվություն ստանալու և այն դադարեցնելու առանձնահատկությունները

 

1. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու լիազորություններ ունեցող հանրային ծառայության պաշտոնում նշանակված անձն իր նշանակումից հետո՝ մեկամսյա ժամկետում, պարտավոր է սահմանված կարգով ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր և գրավոր համաձայնություն պետական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ստանալու նպատակով լիազոր մարմին դիմելու համար:

2. Մեկամսյա ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերը և գրավոր համաձայնությունը չներկայացվելու դեպքում պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու լիազորություններ ունեցող հանրային ծառայության պաշտոնում նշանակված անձը համարվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն չստացած։

3. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու լիազորություններ ունեցող հանրային ծառայության պաշտոնում նշանակված անձն ազատվում է զբաղեցրած պաշտոնից կամ լիազորությունները դադարեցվում են (ազատվում է ծառայությունից կամ ծառայությունը դադարեցվում է), եթե պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն չի ստացել, թույլտվության տրամադրումը մերժվել է կամ ստացած թույլտվությունը օրենքով սահմանված կարգով դադարեցվել է։

 

Հոդված 27. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանությանն ուղղված միջոցառումների ֆինանսավորումը

 

1. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանությանն ուղղված միջոցառումների ֆինանսավորումն իրականացնում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինները` իրենց բյուջետային միջոցների հաշվին, իսկ սույն օրենքին համապատասխան պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարող ոչ պետական կազմակերպությունները, իրավաբանական անձինք` իրենց միջոցների հաշվին:

 

Հոդված 28. Սույն օրենքի պահանջների պահպանման պարտականությունը և դրանք խախտելու համար պատասխանատվությունը

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին պատահականորեն, սույն օրենքով չնախատեսված կարգով որևէ կերպ առնչվելու կամ դրանք գտնելու (հայտնաբերելու) դեպքում պարտավոր են դրանք չհրապարակել և այդ մասին հայտնել լիազոր մարմնին կամ ոստիկանությանը, որի մասին վերջինս անհապաղ տեղեկացնում է լիազոր մարմնին:

2. Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՏԱՐԱԾՄԱՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 29.

Սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունը

 

1. Սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության հասանելիությունը սահմանափակվում է որոշակի ժամկետով Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության ապահովման, ինչպես նաև արտաքին հարաբերությունների, քաղաքական և տնտեսական շահերի պաշտպանության նպատակով՝ ելնելով ծառայողական անհրաժեշտությունից, և սահմանափակման ամբողջ ժամկետի ընթացքում հրապարակման ենթակա չէ:

2. Սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության տեղեկակիրների վրա կատարվում է «Ծառայողական օգտագործման համար» նշում:

3. «Ծառայողական օգտագործման համար» նշման անհրաժեշտությունը որոշում է այդ փաստաթուղթը կատարողը և ստորագրելու կամ հաստատելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

4. Սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունը չի կարող հրապարակվել (տարածվել) առանց այդ տեղեկությունը պարունակող փաստաթուղթն ստորագրելու կամ հաստատելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի թույլտվության:

5. «Ծառայողական օգտագործման համար» նշումով տեղեկության գործավարությունն իրականացնում է ոչ գաղտնի գործավարություն իրականացնելու համար նախատեսված ստորաբաժանումը:

6. «Ծառայողական օգտագործման համար» նշումով տեղեկության պահպանությունը և գործավարությունն իրականացվում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց ղեկավարների կողմից սահմանված կարգով:

7. «Ծառայողական օգտագործման համար» նշումով տեղեկություն հրապարակած անձինք ենթակա են կարգապահական պատասխանատվության:

 

Հոդված 30. Սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության պահպանման ժամկետները

 

1. «Ծառայողական օգտագործման համար» նշումով տեղեկության հասանելիության նկատմամբ սահմանափակումներ կարող են կիրառվել մինչև հինգ տարի ժամկետով:

2. Սահմանափակումների համար սահմանված ժամկետը լրանալուց հետո տեղեկության հասանելիության նկատմամբ սահմանափակումները հանվում են:

 

Հոդված 31. Տեղեկությունները սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության շարքին դասելու սահմանափակումները

 

1. Արգելվում է սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության շարքին դասել`

1) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, իրավաբանական անձանց իրավական կարգավիճակը, ինչպես նաև անձանց իրավունքները և ազատությունները, դրանց իրականացման կարգերը սահմանող իրավական ակտերը,

2) իրավաբանական և ֆիզիկական անձանց դիմումների և հանրագրերի քննարկման և դրանց արդյունքներով որոշումների կայացման կարգերը,

3) սահմանված կարգով քննարկված իրավաբանական և ֆիզիկական անձանց դիմումների և հանրագրերի վերաբերյալ կայացված որոշումները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,

4) անձանց իրավունքների, ազատությունների, պարտականությունների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք պահվում են գրադարանների բաց ֆոնդերում կամ կազմակերպությունների բաց տեղեկատվական համակարգերում,

5) բյուջեի կատարման, տնտեսության և բնակչության կարիքների վիճակի մասին տեղեկությունները,

6) սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունները:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 32. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 10 ամիս հետո, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դրույթների, որոնց համար սահմանված են ուժի մեջ մտնելու այլ ժամկետներ:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» 1996 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-94 օրենքը:

3. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 12-րդ, 15-րդ, 17-րդ կետերը, 4-րդ հոդվածը, 14-րդ հոդվածի 1-ին մասը, 19-րդ, 21-րդ, 22-րդ և 25-րդ հոդվածները, ինչպես նաև 7-րդ գլուխն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

4. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10 ամսվա ընթացքում:

5. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տեղեկություններին շնորհված գաղտնիության դրոշմագրերը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո համապատասխանաբար շարունակում են գործել: Ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին տրված «Գաղտնի» դրոշմագիրը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո համապատասխանում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին տրվող «Գաղտնի» դրոշմագրին։

6. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված պետական և ծառայողական գաղտնիքին առնչվելու թույլտվությունները շարունակում են գործել։ Այդպիսի թույլտվություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հետ սույն օրենքի 20-րդ հոդվածն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, սույն օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթների պահպանմամբ պետք է կնքվեն նոր պարտավորագրեր։ Նոր պարտավորագրի կնքումից հրաժարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց նախկինում տրված պետական և ծառայողական գաղտնիքին առնչվելու թույլտվությունները դադարեցվում են, և այդ մասին տեղեկացվում է լիազոր մարմնին։

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2023 թ. մարտի 24

Երևան

ՀՕ-49-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մարտի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան