Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
6 հոկտեմբերի 2011 թվականի N 39
26. ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ, ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԴ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՄԻՋՈՑՆԵՐ ՉՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ԻՐԵՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂՆԵՐԻ (ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐ) ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ` ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՒՂԵՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ ապօրինի շինարարությունների բացահայտման, ինքնակամ կառույցների կասեցման և վերացման, ինչպես նաև այդ ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու և իրենց պարտականությունները չկատարելու դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի, այդ թվում` կառուցապատողների (ապօրինի շինարարություն իրականացնողներ) և համապատասխան լիազոր մարմինների` օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ուղեցույցին` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին և առաջարկել տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին` առանց շինարարական թույլտվության ապօրինի շինարարություն իրականացրած և (կամ) իրականացնող կառուցապատողների (ապօրինի շինարարություն իրականացնող) նկատմամբ կիրառել օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ` առաջնորդվելով սույն արձանագրային որոշման հավելվածի դրույթներով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. հոկտեմբերի 12 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2011 թ. հոկտեմբերի 6-ի նիստի N 39 արձանագրային որոշման |
ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց
ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ, ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԴ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՄԻՋՈՑՆԵՐ ՉՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ԻՐԵՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ` ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂՆԵՐԻ (ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐ) ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ` ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
I. ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑ (ԻՆՔՆԱԿԱՄ` ԱՊՕՐԻՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ)
Համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի` ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը: Այսինքն շինարարությունն ինքնակամ (ապօրինի) (այսուհետ` ապօրինի) է համարվում, եթե`
1) կառուցվում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում, կամ
2) կառուցվում է առանց թույլտվության, կամ
3) կառուցվում է թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով:
Նշված 3 պայմաններից մեկի առկայությունն արդեն իսկ բավարար է իրականացվող շինարարությունը կամ կառուցված շինությունն ինքնակամ (ապօրինի) համարելու համար:
II. ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ
Համաձայն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի` շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը` իրականացնել որոշակի շինարարական գործունեություն ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում:
Շինարարության թույլտվությունը համայնքներում տալիս է համայնքի ղեկավարը:
Թույլտվության հիման վրա ցանկացած շինարարական աշխատանք կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության պահանջներին համապատասխան` տվյալ օբյեկտի համար տրամադրված հողամասի նպատակային և գործառնական նշանակություններին համապատասխան:
Շինարարության թույլտվությունը տրվում է` համաձայն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում շիանարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» 2002 թվականի փետրավարի 2-ի N 91 որոշման:
III. ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՈԼՈՐՏՈՒՄ
Համաձայն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ, ինչպես նաև «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածների` համայնքի ղեկավարը համայնքի տարածքում կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության (այսուհետ նաև` ապօրինի շիանարարություն) դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Համայնքի ղեկավարը ապօրինի իրականացվող շինարարության մասին տեղեկանալով` կարող է այդ մասին հաղորդել ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչություն, քանի որ վերջինս հանդիսանում է ոլորտի պետական վերահսկողության մարմին, իսկ տեչության պետը համաձայն ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1233-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության (այսուհետ նաև` կանոնադրություն) 12-րդ կետի` իր լիազորությունների սահմաններում պարտականություններ իրականացնելիս համագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարմասն մարմինների հետ: Այնուհետև համայնքի ղեկավարը միջոցներ է ձեռք առնում ապօրինի շինարարություն իրականացնողին վարչական պատասխանատվության ենթարկելու համար` համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի:
Համայնքի ղեկավարը ապօրինի շինարարություն իրականացնողին վարչական պատասխանատվության ենթարկելուց հետո, վերջինիս առաջարկում է ողջամիտ ժամկետում (օրինակ մեկ ամիս) վերականգնել համայնքին հասցված վնասները (եթե շինարարությունը կատարվել է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա և սեփական միջոցներով վերացնել հետևանքները): Իսկ եթե ապօրինի շինարարությունը կատարվել անձին սեփականության իրավունքով պատկանող հողատարծքի վրա, ապա համայնքի ղեկավարը առաջարկում է վերը նշված ժամկետում վերացնել հետևանքները:
Եթե ապօրինի շինարարություն իրականացնողը վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո չի դադարեցնում շինարարությունը և չի վերացնում հետևանքները, ապա համայնքի ղեկավարը պարտավոր է դիմել դատարան` դատական կարգով շինարարություն իրականացնողին պատասխանատվության ենթարկելու և համայնքին հասցված վնասները վերականգնելու համար (եթե շինարարությունը կատարվել է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա)` ապօրինի շինարարություն իրականացնողին պարտավորեցնելով սեփական միջոցներով վերացնել հետևանքները` համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, որով սահմանվում է, որ ուրիշի հողամասում ինքնակամ կառույց իրականացրած անձը պարտավոր է հատուցել հողամասի սեփականատիրոջը հասցրած վնասը, ներառյալ` ինքնակամ կառույցի քանդման և հողամասի նախկին վիճակի վերականգնման ծախսերը և վերջինիս կրկին ենթարկել վարչական պատասխանատվության` համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի:
Մեկ տարվա ընթացքում երկրորդ պատասխանատվության միջոցը կիրառելուց հետո, եթե շինարարությունը չի դադարեցվում, համայնքի ղեկավարը պարտավոր է անմիջապես օրենքով սահմանված կարգով հաղորդում ներկայացնել իրավասու մարմիններ` քաղաքաշինության բնագավառում իրավախախտումներ թույլ տված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու մասին` համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի 315.1-ին հոդվածի: Ըստ վերը նշված հոդվածի` եթե քաղաքացիները կամ իրավաբանական անձինք պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չեն դադարացնում և դրա հետևանքները չեն վերացնում, ինչպես նաև օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ նախատեսված թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով շենքի, շինության կառուցումը կամ վերակառուցումը չեն դադարեցնում և (կամ) անօրինական կառույցները չեն քանդում, որոնք կատարվում են նույն արարքի համար կրկնակի վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում` պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով:
IV. ՄԱՐԶՊԵՏԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՈԼՈՐՏՈՒՄ
«Համաձայն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի` մարզի տարածքում մարզպետը վերահսկում է համայնքների ղեկավարների գործունեությունը քաղաքաշինության բնագավառում:»
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 77.2-րդ հոդվածի համաձայն` համայնքի ղեկավարի` պետության պատվիրակված լիազորությունների նկատմամբ իրավական և մասնագիտական հսկողության մարմին է հանդիսանում մարզպետը: Վերջինս իրավական և մասնագիտական հսկողություն է իրականացնում հսկողության բարձրագույն մարմնի հաստատած ամենամյա աշխատանքային ծրագրին համապատասխան, իսկ առանձին դեպքերում իրավական հսկողության բարձրագույն մարմնի գրավոր համաձայնությամբ կարող է իրականացնել ամենամյա աշխատանքային ծրագրում չընդգրկված միջոցառումներ:
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 77.4-րդ հոդվածը սահմանում է, որ մարզպետն իրավասու է ծանոթանալու տեղական ինքնակառավարման մարմիններում հսկողության ոլորտին առնչվող փաստաթղթերին, կարող է այցելել տեղական ինքնակառավարման մարմիններ, համայնքին պատկանող բոլոր հաստատությունները, ստուգել նրանց գործողությունների և անգործության իրավաչափությունը, ինչպես նաև պահանջել դրանց հետ կապված փաստաթղթեր:
Եթե համայնքի ղեկավարն իր լիազորությունները չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում, համաձայն 77.5-րդ հոդվածի` մարզպետն իրավունք ունի նրան առաջարկելու իր սահմանած ժամկետում վերացնել խախտումները, իսկ իր սահմանած խելամիտ ժամկետում խախտումները չվերացնելու դեպքում մարզպետն իրավունք ունի դիմելու դատարան` համայնքի ղեկավարի նկատմամբ օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ կիրառելու, կամ համայնքին` պարտավորեցնելու համապատասխան գործողություն կատարելու համար:
Իր պարտականություններն իրականացնելիս մարզպետը կարող է ապօրինի իրականացվող շինարարության մասին տեղեկացնել պետական լիազոր մարմնին:
V. ՊԵՏԱԿԱՆ ԼԱԻԶՈՐ ՄԱՐՄՆԻ (ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ) ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՈԼՈՐՏՈՒՄ
ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչությունը (այսուհետ` տեսչություն)`
1) վերահսկում է քաղաքաշինական գործունեության բնագավառում իրավական ակտերի, քաղաքաշինական փաստաթղթերի, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարումը.
2) քաղաքաշինության բնագավառում հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ տալիս է պարտադիր կատարման հրահանգներ և ցուցումներ, հետևում է դրանց իրականացմանը.
3) օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում է վարչական տույժեր, ինչպես նաև իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ` քաղաքաշինության բնագավառում իրավախախտումներ թույլ տված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1233-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության (այսուհետ նաև` կանոնադրություն) 7-րդ կետը սահմանում է, որ տեսչությունը պետական վերահսկողություն է իրականացումը`
1) քաղաքաշինական գործունեության սուբյեկտների, այդ թվում` տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիների և իրավաբանական անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց կողմից քաղաքաշինական գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի պահանջների կատարման ապահովման նկատմամբ,
2) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի պահանջների կատարման ապահովման նկատմամբ,
3) աշխատանքներ իրականացնող սուբյեկտների կողմից քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման ապահովման նկատմամբ:
4) բնակավայրերի հողերի օգտագործման, կառուցապատման համար նախատեսված այլ հողերի քաղաքաշինական սահմանափակումների և նորմերի պահպանման, ինչպես նաև ամրակայված գույքի նպատակային օգտագործման ապահովման նկատմամբ,
5) ինքնակամ շինարարության (քանդման) կանխարգելման ու կասեցման, դրա հետևանքների` սահմանված կարգով վերացման նկատմամբ:
Համաձայն կանոնադրության 8-րդ կետի` տեսչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստուգումների միջոցով ուսումնասիրում է շինարարության թույլտվության առկայությունը և տրման կարգի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների պահանջներին, իրականացնում է ինքնակամ շինարարության կանխարգելմանը, կասեցմանը, քաղաքաշինական գործունեությանն առնչվող այլ գործընթացներ, իսկ համաձայն կանոնադրության 10-րդ կետի` տեսչության պետը պատասխանատու է քաղաքաշինության բնագավառում վերահսկողական գործառույթների իրականացման և պատասխանատվության միջոցների կիրառման, ինչպես նաև դրանց` օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:
Եթե տեսչության պետը պետական վերահսկողություն իրականացնելիս հայտնաբերում է ինքնակամ շինարարություն, նա պարտավոր է անմիջապես այդ մասին տեղյակ պահել համայնքի ղեկավարին, որպեսզի վերջինս վարչական պատասխանատվության ենթարկի ապօրինի շիանարարություն իրականացնողին և շարունակում է վարչական վերահսկողություն իրականացնել համայնքի ղեկավարի այդ պարտականությունների կատարման նկատմամբ, որոնք պետք է ուղղված լինեն ինքնակամ շինարարության (քանդման) կանխարգելմանն ու կասեցմանը, դրա հետևանքների` սահմանված կարգով վերացմանը: Եթե համայնքի ղեկավարը չի կատարում օրենքով իր վրա դրված պարտականությունները, տեսչության պետը պարտավոր է անմիջապես օրենքով սահմանված կարգով հաղորդում ներկայացնել իրավասու մարմիններ` համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար: Բացի այս, տեսչության պետն իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է ուսումնասիրություն` պարզելու համար, թե արդյոք տեղի ունեցել է նաև պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթում, ինչպես նաև արդյոք պահպանվել են ճարտարապետահատակագծային առաջադրանքների, ինչպես նաև շինարարության (քանդման) թույլտվության տրամադրման սահմանված կարգերի պահանջները: Եթե հայտնաբերվում են իրավախախտումներ ինքնակամ հողազավթման հետ կապված, տեսչության պետն անմիջապես այդ մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին, որպեսզի վերջինս` համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի, օրենքով սահմանված կարգով վարչական պատասխանատվության ենթարկի իրավախախտին և շարունակում է վարչական վերահսկողությունը:
Եթե տեսչության պետը հայտնաբերում է իրավախախտումներ` կապված ճարտարապետահատակագծային առաջադրանքների և շինարարության (քանդման) թույլտվության տրամադրման սահմանված կարգերի պահանջների կատարման հետ, ապա համայնքի ղեկավարին ենթարկում է վարչական պատասխանատվության` համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 157.2-րդ և 157.6-րդ հոդվածների` առաջարկելով վերջինիս վերացնել իրավախախտումն ու դրա հետևանքները:
Համաձայն կանոնադրության 12-րդ կետի` տեսչության պետը նաև առաջարկություններ է ներկայացնում քաղաքաշինական գործունեության լիցենզավորման իրավասու մարմին` իրավախախտում թույլ տված շինարարական աշխատանքներ իրականացնող սուբյեկտների լիցենզիաների գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ, օրենքով սահմանված դեպքերում ու կարգով հաղորդում է ներկայացնում իրավասու մարմիններ` քաղաքաշինության բնագավառում իրավախախտումներ թույլ տված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու մասին:
VI. ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՆՔՆԱԿԱՄ (ԱՊՕՐԻՆԻ) ԿԱՌՈՒՑԵԼԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի` սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով: Պատասխանատվություն սահմանող այս հոդվածի կիրառող է համարվում համայնքի ղեկավարը:
ՀՀ Քրեական օրենսգրքի 315.1-ին հոդվածը սահմանում է, որ քաղաքացիները կամ իրավաբանական անձինք եթե պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չեն դադարացնում և դրա հետևանքները չեն վերացնում, ինչպես նաև օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ նախատեսված թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով շենքի, շինության կառուցումը կամ վերակառուցումը չեն դադարեցնում և (կամ) անօրինական կառույցները չեն քանդում, որոնք կատարվում են նույն արարքի համար կրկնակի վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում` պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով:
VII. ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ (ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ) ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ՀՀ Քրեական օրենսգրքի 315.2-րդ հոդվածը պաշտոնատար անձանց համար սահմանում է պատասխանատվություն, համաձայն որի` այն պաշտոնատար անձինք, որոնց վրա իրավական ակտերով դրված է շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու պարտականություն, եթե ինքնակամ կառուցումը կասեցնելու միջոցներ դիտավորությամբ չեն ձեռնարկում, ինչպես նաև ինքնակամ կառույց իրականացնող կամ իրականացրած անձանց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանա-տվության միջոցներ դիտավորությամաբ չեն կիրառում, պատժվում են տուգանքով և որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկվելով, կամ ազատազրկմամբ մեկից երկու տարի ժամկետով և որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկվելով:
Սույն դրույթի վերլուծությամբ` համայնքի ղեկավարը, մարզպետը և տեսչության պետը դիտովորությամբ իրենց վրա դրված վերը նշված պարտականությունները չկատարելու դեպքում կատարում են ՀՀ Քրեական օրենսգրքով նախատեսված քրեորեն պատժելի արարք և ենթակա են պատասխանատվության օրենքով սահմանված կարգով:
