ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի հուլիսի 1-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 37-րդ հոդվածի չորրորդ պարբերությունը «ստուգումներ» բառից հետո լրացնել «կամ դիտարկումներ» բառերով, իսկ «ստուգմամբ» բառից հետո՝ «կամ դիտարկմամբ» բառերով:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 44.3-րդ հոդվածով.
«Հոդված 44.3. | Արտադրական կանեփի օրինական շրջանառության վերաբերյալ սահմանված նորմերը խախտելը |
1. Արտադրական կանեփի արտադրությամբ, արտահանմամբ, ներմուծմամբ կամ մեծածախ առևտրով զբաղվելու լիցենզիա ունեցող անձի կողմից լիցենզավորման պահանջները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկից մինչև տասհազարապատիկի չափով:
2. Արտադրական կանեփի արտադրության լիցենզիա ունեցող անձի կողմից իր արտադրանքը արտադրական կանեփի արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի լիցենզիա չունեցող անձի փոխանցելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկի չափով:
3. Արտադրական կանեփի արտադրությամբ, արտահանմամբ, ներմուծմամբ կամ մեծածախ առևտրով զբաղվող անձի կողմից քվոտայով նախատեսված սահմանափակումները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհազարապատիկի չափով:
4. Արտադրական կանեփի օրինական շրջանառության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի տված կարգադրագրի պահանջները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկի չափով:
5. Արտադրական կանեփի օրինական շրջանառության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի աշխատանքները խոչընդոտելը կամ օրինական պահանջները չկատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհազարապատիկի չափով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 244.7-րդ հոդվածի 1-ին մասը «Սույն օրենսգրքի» բառերից հետո լրացնել «44.3-րդ հոդվածով,» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. հուլիսի 14 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հուլիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|