ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 8-ին
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի նոյեմբերի 11-ի ՀՕ-225-Ն օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-րդ հոդվածով.
«Հոդված 11.1. | Կարգավորման պարտադիր վճարների պարտավորությունների հաշվառումը |
1. Վճարների պարտավորությունների (վճար, տույժ) հաշվառման համար հարկային մարմնում բացվում են անձնական հաշվի քարտեր: Անձնական հաշվի քարտի ձևը և վարման կարգը սահմանում է վերադաս հարկային մարմինը:
2. Վճարների պարտավորությունները և դրանց մարումները (վճարումը, հաշվանցումը), ինչպես նաև վճարների պարտավորություններից ավելի վճարված գումարները հաշվառվում են հարյուր դրամներով (առանց լումաների): Վճարողին տրվող տեղեկանքներում և այլ փաստաթղթերում վճարների պարտավորությունների հաշվառման համար որպես չափման միավոր ընդունվում է դրամը (առանց լումաների): Վճարողի լուծարման դեպքում վճարների մինչև հարյուր դրամ ընդհանուր պարտավորությունները և գերավճարներն անտեսվում են:
3. Վճարների պարտավորությունները հաշվառվում են օրենքով սահմանված վճարման վերջնաժամկետով (այսինքն` տվյալ վճարի պարտավորության վճարման համար օրենքով սահմանված ամսաթվով):
4. Ժամանակագրական կարգի կիրառման ժամանակ վճարողի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կատարված փաստացի վճարումների կամ հաշվանցումների հաշվին, եթե վճարողը կոնկրետ չի նշել, թե որ ժամանակաշրջանի և որ պարտավորության մարմանն է այն վերաբերում (նպատակային չէ), ապա առաջնահերթ մարվում են առկա վճարների պարտավորությունները հետևյալ հերթականությամբ` վճարի գումարները, տույժերը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2010 թ. դեկտեմբերի 23 Երևան ՀՕ-196-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|