ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի |
Վարչական գործ թիվ ՎԴ/34786/03/09 |
Նախագահող դատավոր՝ Ա. Առաքելյան | |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Սողոմոնյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
ա. Բարսեղյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ |
2011 թվականի մարտի 4-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ըստ ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) Թալինի տարածքային հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) հայցի ընդդեմ «Սուրհամ» ՍՊԸ-ի (այսուհետ Ընկերություն)` վճարման կարգադրություն արձակելու պահանջի մասին վարչական գործով «ՀՀ վարչական դատարանի 04.11.2009 թվականի վճարման կարգադրությունը» նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ Ընկերության վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է արձակել Ընկերությունից 98.955.100 ՀՀ դրամ բռնագանձելու վերաբերյալ վճարման կարգադրություն։
ՀՀ վարչական դատարանը (այսուհետ` Դատարան) 04.11.2009 թվականին արձակել է վճարման կարգադրություն, որը 25.11.2009 թվականին ստացել է օրինական ուժի մեջ մտած` գործն ըստ էության լուծող դատական ակտի ուժ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Տեսչությունը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Սույն գործով առկա է նոր երևան եկած հանգամանք:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանի 04.11.2009 թվականի վճարման կարգադրությունն արձակելու հիմքում դրվել է Կոմիտեի 14.08.2009 թվականի թիվ 1005058 ակտը: Կոմիտեի նախագահի 20.05.2010 թվականի թիվ 1009729 հանձնարարագրի հիման վրա Ընկերությունում կատարվել է նշված ակտով ընդգրկվող ժամանակաշրջանի և հարցերի վերստուգում, որի արդյունքում Կոմիտեի օպերատիվ-հետախուզության վարչությունը 09.08.2010 թվականին կազմել է թիվ 1009729 ակտը: Ընկերությունը 02.09.2010 թվականի գրությամբ դիմել է Կոմիտեի նախագահին` վերստուգման ակտի ընդունման կապակցությամբ 14.08.2009 թվականի թիվ 1005058 ակտն ուժը կորցրած ճանաչելու համար: Կոմիտեի նախագահի տեղակալի 23.09.2010 թվականի թիվ 29466/5-4 գրությամբ հայտնվել է, որ վերստուգման ակտով արձանագրված լրացուցիչ վճարման ենթակա պարտավորությունները գրանցվել են հարկ վճարողի անձնական հաշվի քարտերում 14.08.2009 թվականի թիվ 1005058 ակտով առաջադրված լրացուցիչ վճարման ենթակա պարտավորությունների փոխարեն:
Նշվածից հետևում է, որ Դատարանի 04.11.2009 թվականի վճարման կարգադրության` որպես օրինական ուժի մեջ մտած` գործն ըստ էության լուծող դատական ակտի կայացման համար հիմք ծառայած 14.08.2009 թվականի թիվ 1005058 ակտը դադարել է, ինչը հաստատվում է նաև Կոմիտեի նախագահի տեղակալի 23.09.2010 թվականի թիվ 29466/5-4 գրությամբ, որից ակնհայտ է, որ նշված ակտով առաջադրված պարտավորությունների փոխարեն գրանցվել են վերստուգման ակտով առաջադրված պարտավորությունները, ինչը նշանակում է, որ Կոմիտեն ինքն է համարել, որ վերստուգման ակտի ընդունմամբ 14.08.2009 թվականի թիվ 1005058 ակտն ուժը կորցրել է:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Դատարանի 04.11.2009 թվականի վճարման կարգադրությունը»:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները
Վերստուգումը ստուգումն իրականացնող մարմնի կողմից նույն տնտեսվարող սուբյեկտի մոտ մեկ տարվա ընթացքում կատարված երկրորդ (կրկնակի) ստուգումն է, ինչից ակնհայտ է, որ տվյալ դեպքը վերաբերում է միմյանցից սկզբունքորեն տարբերվող իրավական ինստիտուտներին, որոնք ունեն կարգավորման տարբեր առարկաներ:
Այսպես` եթե ստուգման կարգավորման առարկան տնտեսվարող սուբյեկտի ներկայացրած հաշվետվությունների, օրենսդրությամբ նախատեսված հայտարարագրերի, հարկերի և պարտադիր այլ վճարումների գծով նախատեսված հաշվարկների, ելակետային տվյալների, այլ փաստաթղթերի արժանահավատությունը, ինչպես նաև օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին վերջինիս ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունը պարզելն է, ապա վերստուգման կարգավորման առարկան միևնույն ժամանակաշրջանի վերաբերյալ մինչ այդ կազմված ստուգման ակտի արժանահավատության և իրավաչափության պարզումն է: Այսինքն` տվյալ դեպքում առկա են երկու ակտեր, որոնց կարգավորման առարկաները տարբեր են և չեն կրկնում միմյանց:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Կոմիտեի նախագահի 18.07.2009 թվականի թիվ 1005058 հանձնարարագրի հիման վրա Ընկերությունում կատարվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության վերստուգում, որն ընդգրկել է նույն հանձնարարագրում նշված հարցերը և ժամանակաշրջանները (գ.թ. 3):
2) Նշված վերստուգման արդյունքում Կոմիտեն 14.08.2009 թվականին կազմել է թիվ 1005058 ակտը, որով Ընկերությանն առաջադրվել է 98.955.100 ՀՀ դրամի պարտավորություն (գ.թ. 4-14):
3) Կոմիտեի նախագահի 20.05.2010 թվականի թիվ 1009729 հանձնարարագրի հիման վրա Ընկերությունում կատարվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության վերստուգում, որը նույնպես ընդգրկել է Կոմիտեի նախագահի 18.07.2009 թվականի թիվ 1005058 հանձնարարագրում նշված հարցերը և ժամանակաշրջանները (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):
4) Նշված վերստուգման արդյունքում Կոմիտեի օպերատիվ-հետախուզության վարչությունը 09.08.2010 թվականին կազմել է թիվ 1009729 ակտը, որով Ընկերությանն առաջադրվել է 82.935.900 ՀՀ դրամի պարտավորություն (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):
5) Ընկերությունը 02.09.2010 թվականին դիմում է ներկայացրել Կոմիտեի նախագահին, որով խնդրել է հայտնել, թե Կոմիտեի օպերատիվ-հետախուզության վարչության 09.08.2010 թվականի թիվ 1009729 ակտի ընդունման կապակցությամբ Կոմիտեի 14.08.2009 թվականի թիվ 1005058 ակտն ուժի մեջ է, թե` ոչ, և եթե նշված ակտը ուժը կորցրած չի ճանաչվել, ապա խնդրել է սահմանված կարգով այն ճանաչել ուժը կորցրած (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):
6) Կոմիտեի նախագահի տեղակալի 23.09.2010 թվականի թիվ 29466/5-4 գրությամբ, ի պատասխան Ընկերության 02.09.2010 թվականի դիմումի, հայտնվել է, որ Կոմիտեի օպերատիվ-հետախուզության վարչության 09.08.2010 թվականի թիվ 1009729 ակտով արձանագրված լրացուցիչ վճարման ենթակա պարտավորությունները գրանցվել են հարկ վճարողի անձնական հաշվի քարտերում Կոմիտեի 14.08.2009 թվականի թիվ 1005058 ակտով առաջադրված լրացուցիչ վճարման ենթակա պարտավորությունների փոխարեն (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վարչական դատարանի դատական ակտը վերանայում է վճռաբեկ դատարանը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական դատարանի` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերով և կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.3-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոք բերելու հիմքերն են նոր երևան եկած կամ նոր հանգամանքները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` այն դեպքում, երբ պատասխանողի կողմից վճարման կարգադրության ստացման մասին հետադարձ ծանուցումն ստանալու օրվանից կամ նույն օրենսգրքի 62-րդ հոդվածով սահմանված կարգով պատշաճ ծանուցումից հետո` 2 շաբաթվա ընթացքում, դատարանը հակընդդեմ հայց չի ստանում, ապա վճարման կարգադրությունն ստանում է օրինական ուժի մեջ մտած` գործն ըստ էության լուծող դատական ակտի ուժ և ենթակա է հարկադիր կատարման:
Սույն գործով Դատարանը 04.11.2009 թվականին արձակել է վճարման կարգադրություն, որը 25.11.2009 թվականին ստացել է օրինական ուժի մեջ մտած` գործն ըստ էության լուծող դատական ակտի ուժ: Նշված վճարման կարգադրությունն արձակելու համար հիմքում դրվել է Կոմիտեի 14.08.2009 թվականի թիվ 1005058 ակտը:
Սույն վճռաբեկ բողոքին կից Ընկերությունը ներկայացրել է`
1) Կոմիտեի նախագահի 20.05.2010 թվականի թիվ 1009729 հանձնարարագիրը, որի հիման վրա Ընկերությունում կատարվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության վերստուգում, որը նույնպես ընդգրկել է Կոմիտեի նախագահի 18.07.2009 թվականի թիվ 1005058 հանձնարարագրում նշված հարցերը և ժամանակաշրջանները,
2) Կոմիտեի օպերատիվ-հետախուզության վարչության 09.08.2010 թվականի թիվ 1009729 ակտը, որով Ընկերությանն առաջադրվել է Կոմիտեի 14.08.2009 թվականի թիվ 1005058 ակտով առաջադրված պարտավորությունից պակաս` 82.935.900 ՀՀ դրամի պարտավորություն,
3) Կոմիտեի նախագահի 23.09.2010 թվականի թիվ 29466/5-4 գրությունը, որով հայտնվել է, որ Կոմիտեի օպերատիվ-հետախուզության վարչության 09.08.2010 թվականի թիվ 1009729 ակտով առաջադրված լրացուցիչ վճարման ենթակա պարտավորությունները գրանցվել են հարկ վճարողի անձնական հաշվի քարտերում Կոմիտեի 14.08.2009 թվականի թիվ 1005058 ակտով առաջադրված լրացուցիչ վճարման ենթակա պարտավորությունների փոխարեն:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կոմիտեի նախագահի 20.05.2010 թվականի թիվ 1009729 հանձնարարագրի հիման վրա իրականացված վերստուգման արդյունքում կազմված Կոմիտեի օպերատիվ-հետախուզության վարչության 09.08.2010 թվականի թիվ 1009729 ակտը սույն գործով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված նոր երևան եկած հանգամանք է, քանի որ նշված ակտով հաստատվում է, որ նույն հարցերի և ժամանակաշրջանների վերաբերյալ իրականացված վերստուգման արդյունքում Ընկերության նկատմամբ առաջադրվել է Կոմիտեի 14.08.2009 թվականի թիվ 1005058 ակտով առաջադրված պարտավորությունից պակաս` 82.935.900 ՀՀ դրամի պարտավորություն, իսկ Դատարանն Ընկերությունից 98.955.100 ՀՀ դրամ բռնագանձելու վերաբերյալ 04.11.2009 թվականի վճարման կարգադրությունն արձակել է` հիմնվելով Կոմիտեի 14.08.2009 թվականի թիվ 1005058 ակտի վրա:
Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանով ներկայացված փաստարկները:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ ՀՕ-135-Ն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.32-րդ, 204.38-րդ և 240-2412 -րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 04.11.2009 թվականի վճարման կարգադրությունը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ՝ |
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ | |
|
Վ. Աբելյան | |
ս. Անտոնյան | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ | ||
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | ||
մ. Դրմեյան | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | ||
Է. ՀԱՅՐԻՅԱՆ | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ |