ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի հոկտեմբերի 8-ին
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1.
ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
1. Սույն օրենքը կարգավորում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից անհատական տվյալների մշակմանն առնչվող հարաբերությունները:
2. Սույն օրենքը չի կարգավորում պետական գաղտնիք համարվող անհատական տվյալների, հանրամատչելի աղբյուրներում հրապարակված անհատական տվյալների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից իրենց անձնական, ընտանեկան և նմանօրինակ այլ նպատակներով անհատական տվյալների մշակմանն առնչվող հարաբերությունները:
3. Սույն օրենքը չի տարածվում «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կարգավորվող հարաբերությունների վրա:
(1-ին հոդվածը լրաց. 22.10.08 ՀՕ-188-Ն, 18.05.10 ՀՕ-77-Ն)
Հոդված 2. | ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ |
1. Անհատական տվյալների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, անհատական տվյալների մշակումը կարգավորող օրենսդրական այլ ակտերից:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 3. | ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
անհատական տվյալ` ֆիզիկական անձին վերաբերող փաստերի, դեպքերի, հանգամանքների մասին ցանկացած տվյալ այնպիսի տեսքով, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ նույնականացնել անհատի ինքնությունը.
անհատական տվյալների մշակում` ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ` կապված անհատական տվյալների հավաքման, մուտքագրման, համակարգման, վերափոխման, փոխանցման, պահպանման, ուղղման, ուղեփակման, ոչնչացման և օգտագործման հետ.
մշակող` պետական և տեղական ինքնակառավարման մարմին, պետական կամ համայնքային հիմնարկ, իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը մշակում է անհատական տվյալներ.
տվյալների սուբյեկտ` ֆիզիկական անձ, ում վերաբերում են անհատական տվյալները.
անհատական տվյալների տեղեկատվական բազա (այսուհետ` տեղեկատվական բազա)` որոշակի հատկանիշներով համակարգված անհատական տվյալների ամբողջություն.
ապանձնավորված անհատական տվյալ` ֆիզիկական անձանց վերաբերող ցանկացած տվյալ այնպիսի տեսքով, որը թույլ չի տալիս նույնականացնել անհատի ինքնությունը.
խորհրդապահական տեղեկատվություն` տեղեկատվություն, որի մատչելիությունը սահմանափակված է օրենքով.
ուղեփակում` տեղեկատվական բազայում առկա անհատական տվյալների փոխանցման և օգտագործման հնարավորության կասեցում.
երրորդ անձ (պատվիրատու)` ցանկացած սուբյեկտ, որը տվյալների սուբյեկտ կամ անհատական տվյալներ մշակող չէ:
(3-րդ հոդվածը խմբ., փոփ. 23.05.06 ՀՕ-95-Ն)
Գ Լ ՈՒ Խ 2.
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ
Հոդված 4. | ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ |
1. Անհատական տվյալները հավաքվում և մշակվում են օրինական ձևով:
2. Անհատական տվյալները հավաքվում են հստակ սահմանված կամ հայտարարված օրինական նպատակների համար և չեն կարող օգտագործվել այլ նպատակներով, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
Արգելվում է այնպիսի անհատական տվյալների հավաքումը և մշակումը, որոնք անհրաժեշտ չեն տվյալների մշակման նպատակի իրականացման համար:
3. Անհատական տվյալները պահպանվում են այնքան ժամանակ, որքան պահանջում է այն նպատակը, որի համար դրանք հավաքվել և մշակվել են, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
4. Տեղեկատվական բազա վարող անհատական տվյալ մշակողները, բացառությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների, սահմանում են տեղեկատվական բազայի վարման կանոնակարգը:
Հոդված 5. | ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՅԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ |
1. Տեղեկատվական բազայի վարման կանոնակարգը ներառում է հետևյալ տեղեկությունները.
1) մշակողի անվանումը (անունը) և գտնվելու (բնակության) վայրը.
2) անհատական տվյալների մշակման նպատակը և օրինական հիմքերը.
3) մշակման ենթակա անհատական տվյալների ցանկը.
4) տվյալների սուբյեկտների շրջանակները.
5) անհատական տվյալների հնարավոր տրամադրման շրջանակները.
6) տվյալների սուբյեկտին` իրեն վերաբերող անհատական տվյալների տրամադրման կարգը.
7) անհատական տվյալների ուղղման, ուղեփակման և ոչնչացման պայմաններն ու կարգը.
8) անհատական տվյալների պաշտպանության կազմակերպչական և տեխնիկական միջոցառումները.
9) անհատական տվյալների մշակմանը վերաբերող այլ տեղեկություններ:
2. Տեղեկատվական բազայի վարման կանոնակարգ սահմանելը պարտադիր չէ`
1) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների առաջադրանքով անհատական տվյալներ մշակելիս.
2) գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձանց աշխատանքային գործունեությանն առնչվող անհատական տվյալները գործատուների կողմից` օրենսդրությամբ սահմանված կարգով մշակվելիս:
Հոդված 6. | ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ |
1. Անհատական տվյալների մշակումը համարվում է օրինական, եթե`
1) անհատական տվյալները մշակվում են տվյալների սուբյեկտի համաձայնությամբ.
2) (կետն ուժը կորցրել է 23.05.06 ՀՕ-95-Ն)
3) անհատական տվյալների մշակումը նախատեսված է օրենսդրությամբ, կամ ուղղակի բխում է օրենքից, կամ անհրաժեշտ է օրենքի պահանջները կատարելու համար.
4) անհատական տվյալները մշակվում են պետական և հասարակական անվտանգությունն անմիջական սպառնալիքից պաշտպանելու համար:
2. Տվյալների սուբյեկտի համաձայնությունն անհատական տվյալների մշակման միանշանակ, ցանկացած ձևով արտահայտված կամավոր թույլտվությունն է:
Տվյալների սուբյեկտը յուրաքանչյուր պահի կարող է համաձայնությունը գրավոր ձևով հետ կանչել: Համաձայնության հետկանչը հետադարձ ուժ չունի:
(6-րդ հոդվածը փոփ. 23.05.06 ՀՕ-95-Ն)
Հոդված 7. | ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ և ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ |
1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, պետական կամ համայնքային հիմնարկներն իրավասու են անհատական տվյալներ մշակել միայն օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով:
2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, պետական կամ համայնքային հիմնարկները պարտավոր են ապահովել իրենց կողմից մշակվող անհատական տվյալների հավաստիությունը:
3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների` անհատական տվյալները միմյանց փոխանցելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 8. | ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ |
1. Եթե Հայաստանի Հանրապետության օրենքներով այլ բան նախատեսված չէ, ապա արգելվում է սահմանափակել`
1) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների գործունեությանը, տնտեսական իրադրությանը, բնակչության կարիքներին, շրջակա միջավայրին, սանիտարահամաճարակային իրավիճակին, ժողովրդագրությանը վերաբերող` պետական և համայնքների բյուջեների հաշվին վարվող, ապանձնավորված անհատական տվյալներ պարունակող տեղեկատվական բազաների մատչելիությունը.
2) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների կողմից ապանձնավորված անհատական տվյալներ պարունակող գրադարանային և արխիվային փաստաթղթերի մատչելիությունը, որոնք հասարակական հետաքրքրություն են ներկայացնում կամ անհրաժեշտ են քաղաքացիների իրավունքների և ազատությունների իրականացման կամ պարտականությունների կատարման համար:
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված` անհատական տվյալների տեղեկատվական բազաների մատչելիությունը սահմանափակվում է, եթե տեղեկատվական բազաները պարունակում են օրենքով սահմանված գաղտնի տեղեկություններ:
Հոդված 9. | ԵՐՐՈՐԴ ԱՆՁԻ (ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ) ԱՌԱՋԱԴՐԱՆՔՈՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ |
1. Անհատական տվյալները կարող են մշակվել նաև երրորդ անձի (պատվիրատուի) առաջադրանքով: Առաջադրանքը տրվում է գրավոր, որի մեջ պետք է շարադրված լինեն անհատական տվյալների մշակման իրավական հիմքերը և պայմանները, տեխնիկական և կազմակերպչական միջոցառումներն ու տեղեկատվական բազայի վարման կանոնակարգ սահմանելու համար անհրաժեշտ` օրենքով նախատեսված այլ տվյալներ:
2. Անհատական տվյալները մշակվում են միայն առաջադրանքի շրջանակներում: Առաջադրանքի շրջանակներում անհատական տվյալների մշակման համար պատասխանատու է առաջադրանք տվողը: Եթե առաջադրանքը չի համապատասխանում սույն օրենքի կամ անհատական տվյալների մշակումը կարգավորող այլ իրավական ակտերի պահանջներին, ապա անհատական տվյալներ մշակողը պետք է այդ մասին տեղեկացնի երրորդ անձին (պատվիրատուին) և հրաժարվի մշակումից:
3. Անհատական տվյալները պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների առաջադրանքով մշակվում են սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված կարգով:
Հոդված 10. | ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԸ |
1. Մշակողի տնօրինության տակ գտնվող անհատական տվյալները խորհրդապահական տեղեկատվություն են, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
2. Մշակողը պարտավոր է ձեռնարկել համապատասխան միջոցառումներ` ապահովելու անհատական տվյալներ պարունակող տեղեկատվական բազաների պաշտպանվածությունը պատահական կորստից, տեղեկատվական բազաներ անօրինական մուտք գործելուց, տվյալներն անօրինական օգտագործելուց:
3. Իրավապահ մարմինների գործունեության ընթացքում հավաքված անհատական տվյալների իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով:
4. Տվյալների սուբյեկտի համաձայնությամբ կամ օրենքով նախատեսված դեպքերում կարող է սահմանվել անհատական տվյալների հանրամատչելի տեղեկատվության ռեժիմ (հեռախոսային տեղեկատուներ, հասցեների գրքեր, կենսագրական տեղեկատուներ, մասնավոր հայտարարություններ, եկամուտների հայտարարագրում և այլն):
5. Տվյալների սուբյեկտի մահից հետո անհատական տվյալների իրավական ռեժիմը կարող է փոխվել օրենքով սահմանված արխիվային պահպանության կամ այլ իրավական ռեժիմով:
6. Մահացած անձի անհատական տվյալների պաշտպանության իրավունքը, օրենքով սահմանված կարգով, կարող են իրականացնել այլ անձինք (այդ թվում` ժառանգները)` պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը, ինչպես նաև անձնական և ընտանեկան կյանքն անօրինական միջամտությունից պաշտպանելու նպատակով:
Հոդված 11. | ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՈՒԲՅԵԿՏԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ |
1. Տվյալների սուբյեկտի համաձայնությունը ձեռք բերելիս մշակողը պարտավոր է նրան հայտնել`
1) անհատական տվյալների մշակման նպատակը.
2) մշակողի անվանումը (անունը) և գտնվելու (բնակության) վայրը.
3) տեղեկություններ այն սուբյեկտների մասին, ում տրամադրվելու են կամ կարող են տրամադրվել անհատական տվյալները.
4) հանրամատչելի աղբյուրներում հրապարակման ենթակա անհատական տվյալները:
2. Տվյալների սուբյեկտի պահանջով, բացի սույն հոդվածի առաջին մասով սահմանված տեղեկություններից, մշակողը պարտավոր է տրամադրել տեղեկություններ`
1) տվյալների սուբյեկտի անհատական տվյալների մշակման փաստի վերաբերյալ.
2) տվյալների սուբյեկտին վերաբերող` մշակվող անհատական տվյալների բովանդակության և դրանց ձեռքբերման աղբյուրի վերաբերյալ.
3) առանց տվյալների սուբյեկտի համաձայնության` տվյալների փոխանցման հիմքերի վերաբերյալ:
Տվյալների սուբյեկտը պարտավոր չէ հիմնավորել պահանջը:
3. Տեղեկությունները տվյալների սուբյեկտին տրամադրվում են անվճար, եթե օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:
4. Տեղեկությունների տրամադրումը կարող է մերժվել օրենքով սահմանված դեպքերում:
Հոդված 12. | ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՈՒՄԸ, ՈՒՂԵՓԱԿՈՒՄԸ և ՈՉՆՉԱՑՈՒՄԸ |
1. Տվյալների սուբյեկտը կարող է մշակողից պահանջել ուղղումներ կատարել իր անհատական տվյալներում, եթե ներկայացնում է անհատական տվյալների սխալ լինելը հավաստող համապատասխան փաստաթղթեր:
2. Անհատական տվյալներն ուղեփակվում են, եթե`
1) տվյալների սուբյեկտը վիճարկում է իր անհատական տվյալների հավաստիությունը կամ մշակման օրինականությունը.
2) դա պահանջում է տվյալների սուբյեկտը, ում անհատական տվյալները մշակվել են իր համաձայնությամբ.
3) դրանք մշակողին այլևս անհրաժեշտ չեն մշակման նպատակի իրականացման համար, և չեն լրացել տվյալների պահպանության` օրենսդրությամբ սահմանված ժամկետները:
Անհատական տվյալների ուղեփակումը վերացվում է ուղեփակման հիմքերը դադարելու դեպքում:
3. Անհատական տվյալները ոչնչացվում են, եթե`
1) դրանց մշակումը չի համապատասխանում սույն օրենքի պահանջներին.
2) մշակողին դրանք այլևս անհրաժեշտ չեն մշակման նպատակի իրականացման համար, և (կամ) լրացել են տվյալների պահպանության` օրենսդրությամբ սահմանված ժամկետները.
3) դա պահանջում է տվյալների այն սուբյեկտը, ում անհատական տվյալները մշակվել են իր համաձայնությամբ:
4. Անհատական տվյալների ուղղման, ուղեփակման և ոչնչացման մասին տեղեկացվում են այն անձինք, որոնց կանոնավոր կերպով անհատական տվյալներ են փոխանցվում հետագա օգտագործման նպատակով:
Հոդված 13. | ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
(13-րդ հոդվածն ուժը կորցրել է 23.05.06 ՀՕ-95-Ն)
Գ Լ ՈՒ Խ 3.
ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 14. | ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ ՄՇԱԿՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ |
Եթե տվյալների սուբյեկտը համարում է, որ իր անհատական տվյալների նկատմամբ իրականացվել են անօրինական գործողություններ, ապա նա իրավունք ունի այդ գործողությունները բողոքարկել վերադասության կամ դատական կարգով:
Հոդված 15. | ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ |
Անհատական տվյալների մասին օրենսդրությունը խախտողները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 4.
ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
Հոդված 16. | ՕՐԵՆՔի ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 3 ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.05.2015, ՀՕ-49-Ն | 01.07.2015, ՀՕ-422-Ն | |
19.03.2012, ՀՕ-149-Ն | 25.07.2012, ՀՕ-422-Ն | |
18.05.2010, ՀՕ-77-Ն | 26.06.2010, ՀՕ-422-Ն | |
22.10.2008, ՀՕ-188-Ն | 26.05.2009, ՀՕ-422-Ն | |
23.05.2006, ՀՕ-95-Ն | 29.06.2006, ՀՕ-422-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|