ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2009 թվականի նոյեմբերի 18-ին
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-380-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի երրորդ պարբերության երկրորդ նախադասությունում «պայմանագրով սահմանված կարգով և չափով» բառերը փոխարինել «սույն օրենքով նախատեսված դեպքերում և կառավարության սահմանած կարգով» բառերով.
2) 6-րդ մասի երկրորդ պարբերությունում՝
ա. «դասախոսական» բառից առաջ լրացնել «իսկ մինչև բարձրագույն սպայական կազմի» բառերով,
բ. «կազմինը,» բառը փոխարինել «, բժշկական բնույթի մասնագիտական պաշտոններ զբաղեցնող զինծառայողներինը,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) 3-րդ կետը «թողնելու» բառից հետո լրացնել «կամ օրենքով սահմանված կարգով ապացուցված ինքնախեղման կամ դիտավորությամբ իր առողջական վիճակն այլ եղանակով վատթարացրած զինծառայողի բուժման մեջ գտնվելու» բառերով.
2) երկրորդ պարբերությունում`
ա. «համապատասխան տեղակալի» բառերը հանել,
բ. «դատախազության» բառից հետո լրացնել «կամ պետական լիազոր մարմնի քննչական ծառայության» բառերով:
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Առանձնահատուկ դեպքերում առաջին պայմանագիրը կարող է կնքվել նաև մինչև 45 տարեկան պահեստազորայինների հետ՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով:»:
Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ պարբերության համաձայն` սահմանային տարիքի հասած բարձրագույն սպայական կազմի զինծառայողների ծառայության ժամկետը երկարաձգելու որոշում ընդունում է Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ յուրաքանչյուր դեպքում մեկական տարով, իսկ մյուս կազմերի զինծառայողներինը՝ նույն կարգով՝ պետական լիազոր մարմնի ղեկավարը:»:
Հոդված 5. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու ընթացքում ռազմական պատրաստություն անցած քաղաքացիներին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.»:
Հոդված 6. Օրենքի 51-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 7-րդ կետը «տարվա» բառից հետո լրացնել «, իսկ պետական լիազոր մարմնի պատվերով ակադեմիական կրթություն (այդ թվում՝ ադյունկտուրա կամ օրդինատուրա) ստանալուց հետո` 5 տարվա» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Ռազմաուսումնական հաստատություններ ավարտած կամ ակադեմիական կրթություն ստացած զինծառայողները ուսման հետ կապված ծախսերը փոխհատուցում են նաև սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված ժամկետների ընթացքում սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ, 9-րդ կետերով սահմանված հիմքերով զինվորական ծառայությունից արձակվելու դեպքերում, ընդ որում, ռազմաուսումնական հաստատության կամ ակադեմիական կրթության ավարտից հետո` առաջին 3 տարվա ընթացքում, սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ կետերով սահմանված հիմքերով զինվորական ծառայությունից արձակվելու դեպքերում ուսման ծախսերը հաշվարկվում են կատարված փաստացի ծախսերի կրկնապատիկի չափով:»:
Հոդված 7. Օրենքի 52-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին պարբերությունում «4-7-րդ և 9-10-րդ» բառերը փոխարինել «1-ին մասի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ» բառերով:
Հոդված 8. Օրենքի 52-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Զինվորական համազգեստ կրելու իրավունք ունեն նաև ռազմամարզական կամ ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացին ներգրավված պահեստազորի սպաները՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով:»:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|