Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.02-2024.09.15 Պաշտոնական հրապարակման օրը 19.08.2024
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
17.05.2024
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
17.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

ԵԴ/0064/01/21

նախագահող դատավոր

 Տ․ Գրիգորյան


Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

 

նախագահող դատավոր՝

 Ա. Նիկողոսյան

դատավորներ՝
 

 Ա. Բեկթաշյան

 Ա. Վարդանյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Լ. Թադևոսյանի

 

Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ

Ա. Պողոսյանի

 

Ս. Օհանյանի

17 մայիսի 2024 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով Լևոն Հրաչյայի Սարգսյանի և Սուրեն Կորյունի Ղազարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 5-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2008 թվականի հոկտեմբերի 27-ին հարուցվել է թիվ 13147208 քրեական գործը` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերի և 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Նախաքննության մարմնի՝ 2012 թվականի դեկտեմբերի 13-ի որոշմամբ թիվ 13147208 քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 223-րդ հոդվածի 2-րդ մասի և 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ և առանձնացվել առանձին վարույթում, որին շնորհվել է 58212412 համարը:

Նախաքննության մարմնի՝ 2012 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ թիվ 58212412 քրեական գործի վարույթը կասեցվել է՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով՝ մինչև որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձանց հայտնաբերելը։

Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի սեպտեմբերի 28-ի որոշմամբ թիվ 58212412 քրեական գործով վարույթը վերսկսվել է։

Նախաքննության մարմնի՝ նույն օրվա մեկ այլ որոշմամբ թիվ 58212412 քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ և առանձնացվել առանձին վարույթում, որին շնորհվել է 58220818 համարը։

Նախաքննության մարմնի՝ նույն օրվա մեկ այլ որոշմամբ թիվ 58212412 և թիվ 58220818 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում և նախաքննությունը շարունակվել է 58212412 համարի ներքո։

2018 թվականի սեպտեմբերի 29-ին Սուրեն Կորյունի Ղազարյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել է։

1.1. Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի սեպտեմբերի 29-ի որոշումներով Լևոն Հրաչյայի Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 223-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 30-ի որոշմամբ մեղադրյալ Լևոն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

1.2. Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի հոկտեմբերի 1-ի որոշմամբ Սուրեն Կորյունի Ղազարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 223-րդ հոդվածի 2-րդ մասով։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 2-ի որոշմամբ մեղադրյալ Սուրեն Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

1.3. ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Ա.Չախոյանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 4-ի որոշմամբ մեղադրյալ Ս.Ղազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է և որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին։

Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի հունվարի 17-ի որոշումներով մեղադրյալ Լ.Սարգսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել և նա որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 223-րդ հոդվածի 2-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով։

1.4. 2019 թվականի նոյեմբերի 21-ին Լ.Սարգսյանը հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնությունում և վերցվել արգելանքի։

2020 թվականի օգոստոսի 6-ին Լ.Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը։

1.5. 2020 թվականի օգոստոսի 7-ին Լ.Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել։

Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի դեկտեմբերի 21-ի որոշմամբ Լ.Սարգսյանին առաջադրված մեղադրանքի` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մասը վերացվել է՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով, իսկ 223-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։

Նախաքննության մարմնի՝ նույն օրվա որոշումներով Լ.Սարգսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։

1.6. Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ Ս.Ղազարյանին առաջադրված մեղադրանքի` ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված մասը վերացվել է՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով։

Նախաքննության մարմնի՝ նույն օրվա որոշումներով Ս.Ղազարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։

1.7. Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ թիվ 58212412 քրեական գործից անջատվել է մեղադրյալներ Լ.Սարգսյանի և Ս.Ղազարյանի վերաբերյալ քրեական գործը, այն առանձնացվել է առանձին վարույթում և շնորհվել է 58234820 համարը։

1.8. 2020 թվականի դեկտեմբերի 30-ին թիվ 58234820 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունիսի 30-ի դատավճռով ամբաստանյալ Լ.Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 9 (ինը) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման: Լ.Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Նույն դատավճռով ամբաստանյալ Ս.Ղազարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 8 (ութ) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառմամբ, հաշվակցելով կալանքի տակ գտնվելու 2 (երկու) ամիս 4 (չորս) օրը, ամբաստանյալ Ս.Ղազարյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 7 (յոթ) տարի 9 (ինը) ամիս 26 (քսանվեց) օր ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման: Ս.Ղազարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը, թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

3. Ամբաստանյալ Լ.Սարգսյանի պաշտպան Դ.Հունանյանի և ամբաստանյալ Ս.Ղազարյանի պաշտպան Ա.Բայադյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի սեպտեմբերի 5-ի որոշմամբ բողոքները բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունիսի 30-ի դատավճիռը բեկանել է, և գործն ուղարկել է նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

Նույն որոշմամբ ամբաստանյալներ Լ.Սարգսյանի և Ս.Ղազարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցները թողնվել են անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի դեկտեմբերի 21-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավոր չէ, վիճարկվող որոշմամբ թույլ է տրվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում։

5.1. Ըստ բողոքաբերի՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի (այսուհետ՝ նաև ՀՀ դատական օրենսգիրք) 71-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում օգտագործված «տվյալ» եզրույթը պետք է մեկնաբանվի տառացի, այլ խոսքով՝ «տվյալ գործ» ասելով պետք է հասկանալ ոչ թե բովանդակային իմաստով փաստական հանգամանքներով որոշակիորեն համընկնող, այլ նույն ծավալով, նույն անձանց վերաբերյալ քննված կոնկրետ քրեական գործը։

5.2. Բողոքաբերն արձանագրել է, որ թիվ ԵԿԴ/0012/01/10 քրեական գործով Ա.Կարապետյանի և մյուսների նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում, ի թիվս այլնի, Արմեն Ավետիսյանի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու համար, նրանց առաջադրված մեղադրանքի նկարագրության մեջ Լևոն Սարգսյանի և Սուրեն Ղազարյանի մասնակցության և ներգրավվածության մասին որևէ տվյալ առկա չէ։ Հիշյալ երկու գործերի ընդհանրությունը բացառապես այն է, որ քննության առարկա է ավազակային հարձակման նույն արարքը, ինչը, սակայն, բավարար չէ՝ գալու եզրահանգման, որ խոսքը միևնույն գործի մասին է։

5.3. Բողոքաբերի համոզմամբ՝ ՀՀ դատական օրենսգրքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված` ինքնաբացարկ հայտնելու հիմքը նախատեսելու օրենսդրի նպատակն է բացառել նույն գործին որպես դատավոր կամ դատավարության մասնակից հանդես եկած անձի կողմից, որը գործով արդեն իսկ հետազոտման ենթակա ապացույցների վերաբերյալ ձևավորել է ներքին համոզմունք, տվյալ գործով արդարադատություն իրականացնելու հնարավորությունը, օրինակ, երբ նույն գործով առաջին ատյանի դատարանում որոշում կայացրած դատավորը վերաքննիչ ատյանում քննում է իր իսկ դատական ակտի դեմ բերված բողոքը։

5.4. Ըստ բողոքաբերի՝ դատական նիստերը քարտուղարելու փաստը չի կարող դիտվել որպես գործի քննությանը մասնակցություն, քանի որ դատական նիստի քարտուղարը գործի ելքով չշահագրգռված, դատական նիստի արձանագրությունը վարող դատարանի ծառայող է, վերջինս արդարադատություն իրականացնող մարմին կամ դատավարության մասնակից չէ, ուստիև վերջինիս կողմից տվյալ գործով հետազոտման ենթակա ապացույցների վերաբերյալ ներքին համոզմունք ձևավորած լինելու խնդիր չի կարող առաջանալ։ Դատական նիստի քարտուղարի լիազորությունները վերաբերում են բացառապես դատական նիստը ճիշտ արձանագրելուն։

5.5. Բողոքաբերը նշել է, որ դատավոր Տ.Գրիգորյանի անկողմնակալությունը սուբյեկտիվ գնահատման տեսանկյունից կասկածի տակ դնող՝ տվյալ գործում անձնական կանխակալ կամ կողմնակալ վերաբերմունք ունենալու որևէ հիմնավորում սույն գործով չի ներկայացվել։ Ինչ վերաբերում է դատավորի՝ օբյեկտիվ գնահատմամբ պայմանավորված անկողմնակալությանը, բողոքաբերն արձանագրել է, որ դրանով պայմանավորված՝ ինքնաբացարկ հայտնելու հիմք կարող էր առաջանալ բացառապես այն դեպքում, երբ նախագահող դատավոր Տ.Գրիգորյանի անկողմնակալությունը կասկածի տակ դնող մտավախությունն օբյեկտիվորեն հիմնավորված լիներ։

5.6. Ըստ բողոքաբերի՝ տվյալ դեպքում մեկ այլ՝ թիվ ԵԴ/0064/01/21 քրեական գործի հետ չնույնացող քրեական գործով դատական նիստերը քարտուղարելու հանգամանքն այն պայմաններում, երբ դատական նիստերի քարտուղարը արդարադատություն իրականացնող մարմին կամ դատավարության մասնակից չէ, կոնկրետ գործով իր կարգավիճակով պայմանավորված՝ չի ձևավորում ներքին համոզմունք հետազոտման ենթակա ապացույցների վերաբերյալ, չի կարող ստեղծել օբյեկտիվորեն հիմնավորված մտավախություն՝ նախագահող դատավոր Տ.Գրիգորյանի անկողմնակալության, անկողմնակալ դիտորդի մոտ նրա անաչառության կապակցությամբ կասկած հարուցելու, հետևաբար նաև՝ ինքնաբացարկ հայտնելու հիմքի առկայության վերաբերյալ։

5.7. Բացի այդ, բողոքաբերը գտել է, որ թիվ ԵԴ/0064/01/21 քրեական գործով դատարանը չէր կարող կասկածի տակ դնել և գնահատման ենթարկել այն հանգամանքները (ավազակային հարձակում տեղի ունեցած լինելու փաստը), որոնք հաստատված են համարվել օրինական ուժ ստացած դատական ակտով։ Ըստ բողոքաբերի՝ թիվ ԵԴ/0064/01/21 քրեական գործով դատարանը պետք է քննարկեր միայն կատարված ավազակային հարձակմանն ամբաստանյալների մասնակցության փաստը և գնահատական տար, թե արդյո՞ք ներկայացված ապացույցները բավարար են մեղադրական դատական ակտ կայացնելու համար։

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը՝ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը կամ քրեական գործն ուղարկել Վերաքննիչ դատարան՝ այլ կազմով քննության։

 

Վճռաբեկ բողոքի պատասխանները.

Սուրեն Ղազարյանի պաշտպան Ա.Բայադյանի՝ վճռաբեկ բողոքի պատասխանը.

7. Պաշտպան Ա.Բայադյանը ներկայացրած վճռաբեկ բողոքի պատասխանում նշել է, որ Վերաքննիչ դատարանը հանգել է ճիշտ եզրահանգման՝ կայացնելով հիմնավոր և արդարացի որոշում, իսկ վճռաբեկ բողոքն անհիմն է և ժամանակավրեպ, դրանում բացակայում են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու պայմանները։

7.1. Ըստ պաշտպան Ա.Բայադյանի՝ Առաջին ատյանի դատարանի դատավոր Տ.Գրիգորյանը, մասնակցելով տվյալ գործի քննությանն այլ դատարանում որպես դատական նիստերի քարտուղար, դատարանում հետազոտված ապացույցների վերաբերյալ կարող էր ձևավորել ներքին համոզմունք կամ երկու գործերով նույն տուժողների նկատմամբ ձևավորել դրական և կանխակալ վերաբերմունք, որը կարող էր ազդել դատավճիռ կայացնելիս։

7.2. Պաշտպան Ա.Բայադյանը նշել է նաև, որ դատավորը համապատասխան փուլում չի քննարկել, ինչպես նաև կողմերին չի բացահայտել տվյալ գործով այլ դատարանում դատական նիստերի քարտուղար լինելու մասին։

7.3. Բացի այդ, պաշտպան Ա.Բայադյանը փաստել է, որ երկու գործերի նույնության վերաբերյալ հիմնավորման համար լիարժեք և սպառիչ պատասխանը տվել են հենց վարույթն իրականացնող մարմինները՝ թիվ ԵԿԴ/0012/01/10 քրեական գործով մեղադրական դատավճիռը դիտելով որպես ապացույց։

8. Վերոշարադրյալի հիման վրա պաշտպան Ա.Բայադյանը խնդրել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել՝ այն թողնելով առանց քննության։

 

Լևոն Սարգսյանի պաշտպան Դ.Հունանյանի՝ վճռաբեկ բողոքի պատասխանը.

9. Պաշտպան Դ.Հունանյանը ներկայացրած վճռաբեկ բողոքի պատասխանում իր անհամաձայնությունն է արտահայտել բողոք բերած անձի մեկնաբանությանը, որ դատական նիստի քարտուղարը չի մասնակցում գործի քննությանը։ Ըստ պաշտպան Դ.Հունանյանի՝ դատական նիստի քարտուղարը, ունենալով դատավարական կարգավիճակ և լինելով դատավարությանը մասնակցող անձ, մասնակցում է դատավարությանը (ներգրավված է վարույթին)՝ ի տարբերություն դատական նիստերի դահլիճում պարզապես ներկա գտնված կամ դատավարության ընթացքին հետևած որևիցե անձի։

9.1. Պաշտպան Դ.Հունանյանը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանը «տվյալ գործ» արտահայտությունը մեկնաբանել է՝ ելնելով դրա տառացի նշանակությունից, որից չի հետևում, որ խոսքը նույն համարի գործի մասին է։

9.2. Բացի այդ, պաշտպան Դ.Հունանյանը գտել է, որ թիվ ԵԿԴ/0012/01/10 գործով կայացված դատավճիռը չէր կարող ճանաչվել որպես ապացույց և այդ գործով հաստատված հանգամանքները չէին կարող դրվել Լ.Սարգսյանի և Ս.Ղազարյանի դատապարտման հիմքում։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

10. Լևոն Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա. «(…) մասնակցելով ՀՀ քաղաքացիներ Արա Կարապետյանի և Արմեն Նիկողոսյանի ստեղծած հանցավոր համագործակցությանը, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով պատվիրել և ղեկավարել է կազմակերպված խմբի կողմից 2008 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող, Երևան քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 34«բ» հասցեում գտնվող առանձնատան վրա ավազակային հարձակման կատարումը (…)»1:

11. Սուրեն Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա. «(…) տեղեկատվություն տրամադրելու, այդ կերպ նաև խոչընդոտները վերացնելու միջոցով օժանդակել է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով 2008 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող, Երևան քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 34«բ» հասցեում գտնվող առանձնատան վրա կատարված ավազակային հարձակմանը (…)»2:

12. Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հունվարի 27-ի՝ քրեական գործը դատական քննության նշանակելու մասին որոշման համաձայն՝ «(…) Դատարանն արձանագրում է, որ դատավարության մասնակիցների կողմից դիմումներ, միջնորդություններ և բացարկներ դատարան չեն ստացվել, դատավարության մասնակիցների նկատմամբ պաշտպանության միջոցներ կիրառելու, պատճառված վնասի ապահովման միջոցները վերացնելու, փոխելու անհրաժեշտություն չկա (…)»3:

13. Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունիսի 30-ի դատավճռի համաձայն՝ «(…) Դատական քննության ժամանակ հետազոտվել են Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից թիվ ԵԿԴ/0012/01/10 քրեական գործով 2011թ. մայիսի 24-ին կայացված դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից նույն քրեական գործով 2011թ. հոկտեմբերի 10-ին կայացված որոշումը (…):

(…)

Վերլուծելով ամբաստանյալ Լևոն Սարգսյանին առաջադրված մեղադրանքը և գործով ձեռք բերված ապացույցները՝ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Լևոն Հրաչյայի Սարգսյանի կողմից, նրա մեղավորությամբ, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով, կազմակերպված խմբի կողմից ավազակային հարձակման կատարումը պատվիրելն ու կազմակերպելն ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներին:

Ապացուցված է նաև ամբաստանյալ Սուրեն Կորյունի Ղազարյանի կողմից, նրա մեղավորությամբ, կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակություն կատարելուն օժանդակելը, նրա արարքը նույնպես ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներին (…)»4:

14. Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 5-ի որոշման համաձայն՝ «(…) Առաջին ատյանի դատարանում հետազոտվել են հետևյալ ապացույցները՝

(…)

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից թիվ ԵԿԴ/0012/01/10 քրեական գործով 2011 թվականի մայիսի 24-ին կայացված դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից նույն քրեական գործով 2011 թվականի հոկտեմբերի 10-ին կայացված որոշումը (…):

[Ա]յլ դատարանում գործի քննությանը մասնակցելը վերաբերում է ոչ միայն որպես դատավոր այլ (վերադաս կամ ստորադաս) դատարանում հանդես գալուն, այլ առհասարակ կոնկրետ գործը քննող դատավորի կողմից տվյալ գործի դատավարությանը նաև որևէ այլ կարգավիճակով մասնակցելուն, մասնավորապես՝ որպես դատավարության մասնակից (կողմ), ընթերակա, թարգմանիչ, մասնագետ, փորձագետ, վկա, ինչպես նաև դատական նիստերի քարտուղար։

Ինչ վերաբերում է գործի նույնության վերաբերյալ օրենսդրական ձևակերպմանը, ապա տվյալ հարցի քննարկմանն անհրաժեշտ է մոտենալ բովանդակային տեսանկյունով, այսինքն՝ զուտ քրեական գործերի համարների տարբերությունը բավարար չէ արձանագրելու, որ գործ ունենք տարբեր գործերի և ոչ թե նույն գործի հետ։

Այսպես, դատավոր Մ.Մարտիրոսյանի կայացրած (սկզբնական) դատավճռով ապացուցված է համարվել կազմակերպված խմբի կողմից տուժող Ա.Ավետիսյանի առանձնապես խոշոր չափերի գույքն ավազակային հարձակմամբ հափշտակելու փաստը, դրան սույն գործով Ամբաստանյալների ենթադրյալ հանցակիցների մասնակցությունը (մեղավորությունը)։ Սույն գործը, որը, բնականաբար ունի այլ համար, վերաբերում է հանցագործության նույն դեպքին (կազմակերպված խմբի կողմից տուժող Ա.Ավետիսյանի առանձնատնից կատարված ավազակային հարձակմանը) ամբաստանյալներ Լ.Սարգսյանի և Ս.Ղազարյանի առնչությանը, նրանց մասնակցությունը պարզելուն և հաստատելուն։

Ավելին, մեղադրող դատավճռի հիմքում անհասկանալի կարգավիճակով դրվել է դատավոր Մ.Մարտիրոսյանի կայացրած մեղադրող դատավճիռը, որով, որպես սույն գործով Ամբաստանյալների մասնակցությունը ապացուցված համարելու հիմնավորում, ըստ էության փաստվել է կազմակերպված խմբի կազմում նաև սույն գործով ամբաստանյալների ընդգրկված լինելու և ավազակային հարձակմանը կոնկրետ դերակատարմամբ մասնակցելու հանգամանքը։

Տվյալ հանգամանքների համադրված գնահատման արդյունքներով է Վերաքննիչ դատարանը եզրակացնում, որ սույն դեպքում բովանդակային առումով գործ ունենք միևնույն, օրենսդրի եզրութաբանությամբ՝ «տվյալ» գործի հետ։

(…)

- Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի թիվ ԵԿԴ/0012/01/10 քրեական գործով 2011 թվականի մայիսի 24-ին կայացված դատավճռի (տե՛ս հատոր 3, գ.թ. 1-60) համաձայն՝ նշված գործով դատական նիստն ընթացել է նաև Տ.Գրիգորյանի քարտուղարությամբ: Նշված հանգամանքը հաստատվել է նաև պաշտպան Դավիթ Հունանյանի հարցմանն ի պատասխան, այն է՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կ.Համբարձումյանը հայտնել է, որ թիվ ԵԿԴ/0012/01/10 քրեական գործով դատական նիստերը քարտուղարել են Տաթևիկ Հրաչի Գրիգորյանը (ծնված՝ 1987թ.) և Վարդուհի Գագիկի Սարգսյանը (ծնված՝ 1980թ.).

- գործը դատաքննության նշանակելու մասին 2021 թվականի հունվարի 27-ի որոշմամբ նախագահող դատավոր Տ.Գրիգորյանն ըստ էության արձանագրել է դատավորի բացարկի (ինքնաբացարկի) հիմքերի բացակայությունը, իսկ տվյալ որոշման մեջ բացահայտված չէ սույն գործով Ամբաստանյալների ենթադրյալ հանցակիցների վերաբերյալ գործի դատական քննության ընթացքում սույն գործով նախագահող դատավորի՝ որպես դատական նիստերի քարտուղար հանդես գալու փաստը:

- Դատական նիստերի քարտուղարն ի պաշտոնե պարտավոր է մասնակցել դատական նիստերին և կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իր պարտականությունները, այլ կերպ՝ նա ներկա է գտնվում տվյալ գործի դատաքննության ընթացքում ապացույցների հետազոտման ողջ գործընթացին։

- Սույն գործով դատական նիստերի արձանագրությունների ուսումնասիրությամբ պարզ է դարձել, որ նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի թիվ ԵԿԴ/0012/01/10 քրեական գործով դատական նիստերը քարտուղարելու հանգամանքը սույն գործով կողմերին, այդ թվում՝ Բողոքաբեր կողմին, չի բացահայտել, թե դատական նիստի նախապատրաստական փուլում և թե ողջ դատական քննության ընթացքում, այլ կերպ՝ գործի նյութերում բացակայում է դատավոր Տ.Գրիգորյանի որևէ որոշում, որի բովանդակության ուսումնասիրությամբ Վերաքննիչ դատարանը կարող էր բացահայտել այն փաստական և իրավական հանգամանքները, որոնց համադրված գնահատման արդյունքներով նախագահող դատավորը հանգել է վիճարկվող հանգամանքի առկայության պայմաններում սույն գործի քննությունը շարունակելու և միաժամանակ խնդրին իրազեկ ու անաչառ դիտորդի տեսանկյունով անկողմնակալ երևալու վերաբերյալ եզրակացության5։

- Նախագահող դատավոր Տ.Գրիգորյանը սույն գործով Ամբաստանյալների նկատմամբ կայացրած մեղադրական դատավճռի հիմքում դրել է վերջիններիս ենթադրյալ հանցակիցների վերաբերյալ հանցագործության նույն դեպքի շուրջ դատավոր Մ.Մարտիրոսյանի կայացրած մեղադրական դատավճիռը, որը, լինելով անհատական իրավական ակտ, որպես ապացույցի տեսակ վկայակոչվել էր նաև մեղադրական եզրակացությունում, մեղադրողի մեկնաբանմամբ՝ ավազակային հարձակման փաստը նաև սույն գործով հաստատելու նպատակով։

Թեև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ տվյալ դատավճիռը որպես ապացույց (այլ փաստաթուղթ) ճանաչելու իրավական հիմքերը բացակայում են, այդ կապակցությամբ Բողոքաբերի փաստարկն անհիմն է, սակայն քննվող հանցագործության դեպքը, դրա ճիշտ որակումը և այդ արարքին սույն գործով Ամբաստանյալների մասնակցությունը ենթակա էր ապացուցման ընդհանուր հիմունքներով, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի ուղղակի պահանջն է։ Այլ կերպ՝ արարքը, որի կատարման մեջ սույն գործով Ամբաստանյալները մեղադրվում են, այդ արարքի՝ քրեական օրենսգրքի հատուկ մասի նորմերի հատկանիշներին համապատասխանության հարցը չէր կարող արձանագրվել և ապացուցված համարվել վերջիններիս ենթադրյալ հանցակիցների վերաբերյալ վարույթով կայացված դատավճռի հիման վրա (այն նրանց համար նախադատելի դատական ակտ չէ) և տվյալ անհատական իրավական ակտը սույն գործով Ամբաստանյալների նկատմամբ կայացրած մեղադրող դատավճռի հիմքում դնելով և դրանով որոշակի հանգամանքներ հաստատելով՝ նախագահող դատավորը, ով Վերաքննիչ դատարանի համոզմամբ պարտավոր էր իր անկողմնակալությունը կասկածի տակ դնող քննարկվող հանգամանքի մասին առնվազն հայտնել դատավարության մասնակիցներին (բացահայտել դա) և հայտնել անկողմնակալ կերպով վարույթը շարունակելու իր պատրաստակամության մասին (անշուշտ, եթե ուներ նման համոզմունք), ամրապնդել է որպես անկողմնակալ դատավոր չերևալու վերաբերյալ ծագած մտավախությունը:

(…) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերների պնդումները՝ տվյալ քրեական գործով նախագահող դատավոր Տ.Գրիգորյանի կողմից ինքնաբացարկի հնարավոր հիմքը չբացահայտելու, տվյալ հարցով իրենց կարծիքը չլսելու և այդկերպ անկողմնակալ չերևալու վերաբերյալ, հիմնավորված են, ընդունելի են նաև Վերաքննիչ դատարանի համար:

Այսպես, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ սույն քրեական գործով դատավճռի կայացման հիմքում բացի քրեական գործով ձեռք բերված ապացույցներից դրվել է նաև Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի թիվ ԵԿԴ/0012/01/10 քրեական գործով 2011 թվականի մայիսի 24-ին կայացված դատավճիռը: Վերաքննիչ դատարանը հարկ է համարում փաստել, որ նշված դատավճիռը սույն քրեական գործի լուծման համար ունեցել է կոնկրետ նշանակություն՝ հաշվի առնելով նաև դատական նիստի ընթացքում մեղադրողի արտահայտած դիրքորոշումն առ այն, որ ավազակության փաստը սույն գործով ապացուցելու անհրաժեշտություն չկար, քանի որ այն հաստատված էր թիվ ԵԿԴ/0012/01/10 քրեական գործով օրինական ուժի մեջ մտած 2011 թվականի մայիսի 24-ի դատավճռով:

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հատկապես թիվ ԵԿԴ/0012/01/10 քրեական գործով 2011 թվականի մայիսի 24-ին կայացված դատավճռի նման նշանակություն տալու պայմաններում բողոքաբերի պնդումներն առ այն, որ այդ գործով դատական նիստերի քարտուղար հանդիսանալու հանգամանքը կարող էր էական ազդեցություն ունենալ այլևս որպես նախագահող դատավոր ապացույցները գնահատելու և ներքին համոզմունքի ձևավորման գործընթացի վրա, ողջամիտ դիտորդի տեսանկյունից ձևավորելով անկողմնակալ չերևալու տպավորություն, հիմնավորված են:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ թեև սույն քրեական գործով նախագահող դատավորի կողմնակալ լինելը կասկածի տակ դնող որևէ փաստական տվյալ առկա չէ, այնուամենայնիվ, նախագահող դատավոր Տ.Գրիգորյանը, չբացահայտելով թիվ ԵԿԴ/0012/01/10 քրեական գործով դատական նիստի քարտուղար հանդիսանալու հանգամանքը, կողմերին չի տրամադրել բավարար երաշխիքներ՝ բացառելու սույն քրեական գործով իր՝ կողմնակալ երևալու վերաբերյալ կասկածները:

Այսպիսով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն դատավճիռը կայացվել է առանց վարույթին նախագահող դատավորի մասնակցությունը ենթադրաբար բացառող հանգամանքի առկայությունը մինչև դատաքննության սկիզբը6 կողմերի համար բացահայտելու՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատավճիռն անաչառ երևացող (ընկալվող) դատարանի կողմից կայացված լինելու հանգամանքը կասկած է հարուցում, ուստի այն պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության։ Հաշվի առնելով, որ դատավճիռը բեկանվում է քննարկվող հիմքով՝ նոր քննությունը կարող է և պետք է իրականացվի ողջ ծավալով:

(…)

Վերաքննիչ դատարանը փաստում է, որ գործը նոր քննության ուղարկելու հանգամանքով պայմանավորված՝ ինչպես ներկայացված վերաքննիչ բողոքների այլ հիմքերին և հիմնավորումներին, այնպես էլ վերաքննության կարգով դատաքննություն իրականացնելու վերաբերյալ միջնորդություններին լրացուցիչ անդրադառնալու անհրաժեշտությունը բացակայում է (…)»7:

15. Վճռաբեկ դատարանում ստացվել է Սուրեն Կորյունի Ղազարյանի դիմումը, համաձայն որի՝ վերջինս համաձայն է և չի առարկում, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու՝ ոչ արդարացնող (ոչ ռեաբիլիտացնող) հիմքով8։

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»։

Վերոգրյալից հետևում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետևաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգ, հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը Լ.Սարգսյանի և Ս.Ղազարյանի վերաբերյալ քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանների հետևությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:

17. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. օբյեկտիվորեն հիմնավորված է արդյո՞ք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ նախագահող դատավորի կողմից իր մասնակցությունը ենթադրաբար բացառող հանգամանքի առկայությունը կողմերի համար չբացահայտելն ինքնին բավարար է սույն գործով դատավճիռն անաչառ երևացող (ընկալվող) դատարանի կողմից կայացված լինելու հանգամանքը կասկածի տակ դնելու համար։

18. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»:

18.1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան) ձևավորած նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով դատարանը պետք է լինի անկողմնակալ։ Անկողմնակալության ստուգման նպատակով Եվրոպական դատարանը տարանջատում է սուբյեկտիվ մոտեցումը (չափանիշը), որը նպատակ ունի պարզել դատավորի շահագրգռվածությունը կոնկրետ գործով կայացված որոշման մեջ, և օբյեկտիվ մոտեցումը (չափանիշը), որը կոչված է որոշել, թե արդյո՞ք դատավորն ապահովել է անհրաժեշտ երաշխիքներ այս առնչությամբ ցանկացած ողջամիտ կասկած բացառելու համար9։ Երկրորդ չափանիշի կիրառումը պահանջում է պարզել, թե արդյո՞ք անկախ արդարադատություն իրականացնող անձի վարքագծից, առկա են փաստեր, որոնք կարող են կասկածի տակ դնել դատավորի անաչառությունը10։

Եվրոպական դատարանի գնահատմամբ՝ սուբյեկտիվ չափանիշի համաձայն` դատարանի կամ դատավորի անկողմնակալությունը հանդես է գալիս որպես կանխավարկած, հետևաբար, քանի դեռ հակառակն ապացուցված չէ, դատավորը համարվում է սուբյեկտիվորեն անկողմնակալ: Հակառակ դրան` օբյեկտիվ անկողմնակալությունը կախված է արտաքին գործոններից, և այս դեպքում դատավորի վարքագիծը երկրորդական նշանակություն է ստանում: Մասնավորեցնելով օբյեկտիվ չափանիշը` Եվրոպական դատարանն արձանագրել է, որ այն հիմնականում վերաբերում է դատավորի և վարույթի մյուս մասնակիցների միջև աստիճանակարգային կամ մյուս կապերին կամ դատական գործընթացի շրջանակներում միևնույն անձի կողմից տարբեր գործառույթների իրականացմանը: Հետևաբար յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է որոշել՝ արդյո՞ք տվյալ հարաբերությունների բնույթը և սերտության աստիճանը վկայում են այն մասին, որ դատարանն անկողմնակալ չէ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդգծել է, որ ցանկացած դեպքում, անկախ նրանից կիրառվում են երկու չափորոշիչները, թե դրանցից մեկը, անկողմնակալության հարցը կախված կլինի գործով կոնկրետ փաստերից11։

Օբյեկտիվ չափանիշի տեսանկյունից Եվրոպական դատարանը կարևորել է նաև կոնկրետ գործի քննությանը դատավորի ունեցած դերը, դատավորի կողմից իրականացված գործողությունների շրջանակն ու բնույթը և գտել է, որ դատավորի կողմից գործի նյութերին պարզապես ծանոթ լինելը չի հանգեցնում վերջինիս անաչառության վերաբերյալ ծագած կասկածների ողջամտությանը12:

Մեկ այլ գործի շրջանակներում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի անկողմնակալության հարցը քննարկելիս էական են այն փաստերը, որոնք հիմք են հանդիսանում անկողմնակալության մասին կասկածի առաջացման համար։ Երբ քննության առարկա է այն հարցը, թե կա արդյո՞ք բավարար հիմք դատարանի անկողմնակալության մասին կասկածի համար, նման կասկածի մասին բարձրաձայնող կողմի դիրքորոշումը կարևոր է, բայց ոչ որոշիչ։ Որոշիչ է այն, թե արդյո՞ք նման կասկածը կարող է դիտվել որպես օբյեկտիվորեն արդարացի, թե ոչ13:

Եվրոպական դատարանի գնահատմամբ՝ անկողմնակալության ապահովման մասով ազգային ընթացակարգերի, մասնավորապես՝ դատավորներին գործի քննությունից հեռացնելը կարգավորող կանոնների առկայությունն էական գործոն է: Այդպիսի կանոնները վկայում են այն մասին, որ ազգային օրենսդիրները հատուկ ուշադրություն են դարձնում տվյալ դատավորի կամ դատարանի անկողմնակալության հետ կապված հիմնավոր բոլոր կասկածները վերացնելուն և այդպիսի կասկածների պատճառները վերացնելու միջոցով փորձում են անկողմնակալություն ապահովել: Որպես այդպիսին կողմնակալության բացակայությունն ապահովելուց բացի՝ դրանք ուղղված են կողմնակալության ցանկացած արտաքին հատկանիշ վերացնելուն և այդպիսով նպաստում են, որ ժողովրդավարական հասարակությունում դատարանները հանրությանը վստահություն ներշնչեն: Իրավիճակից կամ կապից է կախված դատավորի անկողմնակալության վերաբերյալ կասկածների առաջացումը: Այդ կասկածների օբյեկտիվորեն հիմնավորված լինելը կամ չլինելն առավելապես կախված է կոնկրետ գործի հանգամանքներից և այն գործոններից, որոնք այդ իմաստով պետք է հաշվի առնվեն14:

19. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի համաձայն՝ «1. Դատավորի ինքնաբացարկի հիմքերը սահմանվում են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով (…)»:

ՀՀ դատական օրենսգրքի 71-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 1. Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ:

2. Ինքնաբացարկի հիմքերը ներառում են, ի թիվս այլնի, այն դեպքերը, երբ`

(…)

3) դատավորը մասնակցել է տվյալ գործի քննությանն այլ դատարանում (…)»:

19.1. Ինքնաբացարկի ինստիտուտը կոչված է արդարադատության բնագավառում երաշխավորելու օբյեկտիվ և անաչառ որոշումների կայացումը` ինչպես ընթացակարգային (դատավարական), այնպես էլ նյութական իրավահարաբերություններ կարգավորելիս, և կոչված է երաշխավորելու դատական իշխանության անկախությունը, արդարադատության արդյունավետությունը, անկողմնակալությունը15:

19.2. Վճռաբեկ դատարանը Մհեր Միլիտոնյանի գործով փաստել է, որ դատավորի չեզոքությունն ու դրա հասարակական ընկալումը՝ դատական համակարգի կայացրած որոշումների նկատմամբ հասարակության վստա­հության կարևոր նախապայմաններն են: Դրանով պայմանավորված՝ ՀՀ դատական օրենսգրքի 70-րդ հոդվածում ամրագրված է, որ ի պաշտոնե գործելիս, դատավորը պարտավոր է ողջամտության սահմաններում իրեն դրսևորել այնպես, որ նվազագույնի հասցվեն ինքնաբացարկի անհրաժեշտության դեպքերը, իսկ 71-րդ հոդվածն ամրագրում է, որ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ: Նույն հոդվածի 2-րդ մասը նախատեսում է ինքնաբացարկի պարտադիր, իհարկե, ոչ սպառիչ հիմքերի ցանկ, որը, ի թիվս այլնի, ներառում է դատավորի մասնակցությունը տվյալ գործի քննությանն այլ դատարանում։ Ընդ որում, այդ հիմքերի, և, մասնավորապես, քննարկվող հիմքի առանձնացումն օրենսդրի կողմից բխում է այն տրամաբանությունից, որ դրանք բավարարում են ընդհանուր այն պահանջին, որ անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով դատավորի անաչառության մեջ։ Քննարկվող հիմքի նախատեսումը միանգամայն համահունչ է անկողմնակալ դատարանի՝ Եվրոպական դատարանի մշակած օբյեկտիվ չափանիշին։

Միևնույն ժամանակ, նշված նորմի մեկնաբանությունից բխում է, որ նշված հիմքի առկայությունը բացառում է դատավորի կողմից նույն գործի քննությունը վերադաս դատական ատյանում, եթե խոսքը վերաբերում է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակում կամ գործի ըստ էության քննության արդյունքում կոնկրետ դատավորի կողմից կայացված դատական ակտի դեմ բերված վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքի քննությանը16։

19.3. Դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքների մեկնաբանության 96-րդ կետի համաձայն՝ «Պետական հաստատությունում կամ իրավաբանական խորհրդատվություն տրամադրող գրասենյակում նախկինում աշխատելու հետևանքով դատավորի կողմնակալ լինելու հնարավորությունը գնահատելիս պետք է հաշվի առնել տվյալ հաստատության կամ գրասենյակի իրավաբանական գործունեության առանձնահատկությունները կամ դատավորի կողմից նախկինում իրականացրած վարչական, խորհրդատվական կամ վերահսկողական գործառույթները»։

19.4. Վերոշարադրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ինքնաբացարկ հայտնելու հիմքերից տվյալ գործի քննությանն այլ դատարանում դատավորի մասնակցության հիմքին՝ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ վերջինը միանշանակ բացառում է նույն դատավորի կողմից իր իսկ կայացրած դատական ակտերի դեմ բերված բողոքների քննությունը: Սակայն, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, երբ բարձրացվում է դատավորի կողմից ստորադաս դատական ատյանում նույն գործով ունեցած մասնակցության հանգամանքը` որպես ինքնաբացարկի հիմք, այն պետք է գնահատվի դատավորի մասնակցության աստիճանի, ստորադաս դատական ատյանում նրա կողմից կատարված դատավարական գործողությունների համատեքստում:

20. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 82-րդ հոդվածի համաձայն՝ «1. Դատական նիստի քարտուղարը քրեական գործով չշահագրգռված, դատական նիստի արձանագրությունը վարող դատարանի ծառայողն է:

2. Դատական նիստի քարտուղարը պարտավոր է`

1) դատարանի կամ կողմի պահանջով տեղեկություններ հայտնել համապատասխան քրեական գործով վարույթին մասնակցող անձանց հետ իր հարաբերությունների մասին.

2) արձանագրության մեջ լրիվ և ճշտորեն շարադրել դատարանի գործողությունները և որոշումները, միջնորդությունները, առարկությունները, ցուցմունքները, դատարանի նիստին մասնակցող բոլոր անձանց բացատրությունները, ինչպես նաև դատական նիստի արձանագրության մեջ արտացոլման ենթակա այլ հանգամանքներ.

3) սույն օրենսգրքով նախատեսված ժամկետում պատրաստել դատական նիստի արձանագրությունը.

4) ենթարկվել նախագահողի իրավաչափ կարգադրություններին.

5) չհրապարակել դռնփակ դատական նիստի տվյալները:

3. Դատական նիստի քարտուղարը պատասխանատվություն է կրում դատական նիստի արձանագրության լրիվության և ճշտության համար: Արձանագրությունը կազմելիս կաշկանդված չէ որևէ մեկի ցուցումներով` կապված արձանագրության մեջ ընդգրկվող գրառումների բովանդակության հետ:

4. Դատական նիստի քարտուղարի կողմից իր պարտականությունները չկատարելն առաջ է բերում օրենքով նախատեսված պատասխանատվություն:

5. Դատական նիստի քարտուղարն ունի նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ իրավունքներ և պարտականություններ»:

20.1. Վերոշարադրյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ դատական նիստի քարտուղարը քրեական գործով չշահագրգռված, դատական նիստի արձանագրությունը վարող դատարանի ծառայողն է, ով չի իրականացնում արդարադատություն, չի հանդիսանում դատավարության մասնակից, իր կարգավիճակով պայմանավորված չի մասնակցում ապացույցների ձևավորմանը և հետազոտմանը, չի մասնակցում դատավորի մոտ ներքին համոզմունքի ձևավորմանը, ինչպես նաև նրա մոտ չի ձևավորվում ներքին համոզմունք ապացույցների վերաբերյալ, իսկ վերջինիս լիազորություններն ու պարտականությունները սահմանափակված են բացառապես դատական նիստի արձանագրման իրականացմամբ։ Ընդ որում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի արձանագրումն իրականացվում է դատական նիստի ձայնային արձանագրման և համակարգչային եղանակով միաժամանակ համառոտագրման միջոցով։

20.2. Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատավորի կողմից նախկինում այլ դատարանում գործի քննությանը որպես դատական նիստի քարտուղար մասնակցելը, ինքնին, չի կարող վկայել դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու անհրաժեշտության մասին։ Վերոգրյալ հետևությունը պայմանավորված է քրեական դատավարությունում դատական նիստի քարտուղարի դերով, նրա կողմից իրականացվող դատավարական գործառույթների շրջանակով և բնույթով։ Նման պայմաններում, գործի նյութերին պարզապես ծանոթ լինելն ինքնին չի կարող հանգեցնել հետագայում որպես դատավոր վերջինիս անաչառության վերաբերյալ ծագած կասկածի ողջամտության և չի կարող վկայել որպես դատավոր գործի քննությանը մասնակցելու դեպքում նրա ինքնաբացարկի հիմքի առկայության մասին։

21. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

- Լ.Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, մասնակցելով Ա.Կարապետյանի և Ա.Նիկողոսյանի ստեղծած հանցավոր համագործակցությանը, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով, պատվիրել և ղեկավարել է կազմակերպված խմբի կողմից 2008 թվականի հոկտեմբերի 27-ին Ա.Ավետիսյանին պատկանող առանձնատան վրա ավազակային հարձակման կատարումը17:

- Ս.Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, տեղեկատվություն տրամադրելու, այդ կերպ նաև խոչընդոտները վերացնելու միջոցով, օժանդակել է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով 2008 թվականի հոկտեմբերի 27-ին Ա.Ավետիսյանին պատկանող առանձնատան վրա կատարված ավազակային հարձակմանը18:

- Առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Տ.Գրիգորյանի նախագահությամբ, թիվ ԵԴ/0064/01/21 քրեական գործի քննության արդյունքում Լ.Սարգսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, իսկ Ս.Ղազարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով19:

- Վերաքննիչ դատարանը, բեկանել է Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունիսի 30-ի դատավճիռը, և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության։ Ըստ Վերաքննիչ դատարանի՝ այլ դատարանում գործի քննությանը մասնակցելը վերաբերում է ոչ միայն որպես դատավոր այլ (վերադաս կամ ստորադաս) դատարանում հանդես գալուն, այլ առհասարակ կոնկրետ գործը քննող դատավորի կողմից տվյալ գործի դատավարությանը նաև որևէ այլ կարգավիճակով մասնակցելուն, մասնավորապես՝ որպես դատավարության մասնակից (կողմ), ընթերակա, թարգմանիչ, մասնագետ, փորձագետ, վկա, ինչպես նաև դատական նիստերի քարտուղար։ Ինչ վերաբերում է գործի նույնության վերաբերյալ օրենսդրական ձևակերպմանը, ապա տվյալ հարցի քննարկմանը, ըստ Վերաքննիչ դատարանի, անհրաժեշտ է մոտենալ բովանդակային տեսանկյունով, այսինքն՝ զուտ քրեական գործերի համարների տարբերությունը բավարար չէ արձանագրելու, որ առկա են տարբեր գործեր և ոչ թե նույն գործը։

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի թիվ ԵԿԴ/0012/01/10 քրեական գործով 2011 թվականի մայիսի 24-ին կայացված դատավճռի համաձայն՝ նշված գործով դատական նիստն ընթացել է նաև Տ.Գրիգորյանի քարտուղարությամբ:

Վերաքննիչ դատարանը հիմնավորված է համարել նաև ողջամիտ դիտորդի տեսանկյունից Առաջին ատյանի դատարանում նախագահող դատավորի անկողմնակալ չերևալու տպավորություն ձևավորելու վերաբերյալ բողոքաբերի պնդումները20:

22. Նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 18-20.2-րդ կետերում մեջբերված իրավական նորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիմքեր չկան չհամաձայնվելու Վերաքննիչ դատարանի դատողությանն առ այն, որ Առաջին ատյանի դատարանում նախագահող դատավոր Տ.Գրիգորյանը պետք է դատավարության մասնակիցներին հայտներ թիվ ԵԿԴ/0012/01/10 քրեական գործով դատական նիստի քարտուղար հանդիսանալու մասին՝ լսելով այդ կապակցությամբ նրանց դիրքորոշումները։ Միևնույն ժամանակ, դատական նիստերի քարտուղարի՝ քրեական դատավարության օրենսդրությամբ վերապահված իրավունքների ու պարտականությունների բովանդակությունից բխող նրա դատավարական դերի, գործառույթների առանձնահատկությամբ պայմանավորված սույն գործի հանգամանքների վերլուծությունը հիմք է տալիս փաստելու, որ հիմնավոր համարվել չի կարող Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ թիվ ԵԿԴ/0012/01/10 քրեական գործով դատական նիստերի քարտուղար հանդիսանալու հանգամանքը կարող էր էական ազդեցություն ունենալ թիվ ԵԴ/0064/01/21 քրեական գործով որպես նախագահող դատավոր ապացույցները գնահատելու և ներքին համոզմունքի ձևավորման գործընթացի վրա։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով նախագահող դատավորի կողմից թիվ ԵԿԴ/0012/01/10 քրեական գործով դատական նիստերի քարտուղար հանդիսանալու՝ օբյեկտիվորեն գոյություն ունեցող հանգամանքը կողմերի համար չբացահայտելը, ինքնին, բավարար հիմք չէր կարող հանդիսանալ դատավորի անաչառության և անկողմնակալության կանխավարկածը հաղթահարելու, իսկ արդյունքում նաև տվյալ գործով կայացված դատական ակտն անաչառ դատարանի կողմից կայացված լինելու հանգամանքը ողջամտորեն կասկածի տակ դնելու (կամ առնելու) համար։

Վճռաբեկ դատարանը միաժամանակ հարկ է համարում նշել, որ սույն գործով նախագահող դատավորի՝ թիվ ԵԿԴ/0012/01/10 քրեական գործով դատական նիստերի քարտուղար հանդիսանալու հանգամանքը, Առաջին ատյանի դատարանում գործի դատաքննության ընթացքում հայտնի է դարձել պաշտպան Ա.Բայադյանին, ինչը հիմք է տալիս արձանագրելու, որ նշված հանգամանքը առնվազն պաշտպանական կողմի համար փաստացի բացահայտված է եղել, որի պայմաններում սակայն, պաշտպանական կողմը դատարանի անաչառության և անկողմնակալության վերաբերյալ որևէ կասկած չի հայտնել և այդ հիմքով նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու քրեադատավարական օրենքով (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 88-րդ հոդվածի 3-րդ մաս) իրեն վերապահված հնարավորությունից չի օգտվել21։

23. Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի հետևությանն առ այն, որ սույն դեպքում բովանդակային առումով առկա է միևնույն՝ օրենսդրի եզրութաբանությամբ՝ «տվյալ» գործը, ապա Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում բողոքաբերի այն փաստարկին, որ հիշյալ երկու գործերի ընդհանրությունը բացառապես այն է, որ քննության առարկա է ավազակային հարձակման նույն դեպքը, ինչը, սակայն բավարար չէ՝ գալու եզրահանգման, որ խոսքը գնում է միևնույն գործի մասին22։

24. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև Վերաքննիչ դատարանի այն փաստարկին, որ «մեղադրող դատավճռի հիմքում անհասկանալի կարգավիճակով դրվել է դատավոր Մ.Մարտիրոսյանի կայացրած մեղադրող դատավճիռը, որով, որպես սույն գործով Ամբաստանյալների մասնակցությունը ապացուցված համարելու հիմնավորում, ըստ էության փաստվել է կազմակերպված խմբի կազմում նաև սույն գործով ամբաստանյալների ընդգրկված լինելու և ավազակային հարձակմանը կոնկրետ դերակատարմամբ մասնակցելու հանգամանքը»։ Այս առնչությամբ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թիվ ԵԿԴ/0012/01/10 դատավճռում նման դատողություն առկա չէ։

25. Վերոգրյալը հիմք է տալիս փաստելու, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ նախագահող դատավորի կողմից իր մասնակցությունը ենթադրաբար բացառող հանգամանքի առկայությունը կողմերի համար չբացահայտելն ինքնին բավարար է սույն գործով դատավճիռն անաչառ երևացող (ընկալվող) դատարանի կողմից կայացված լինելու հանգամանքը կասկածի տակ դնելու համար, օբյեկտիվորեն հիմնավորված չէ։

26. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Ս.Ղազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

2021 թվականի հունիսի 30-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե`

(...)

12) անձը Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատաuխանատվությունից. (...)»:

2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Առանձնապես ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված է առավելագույն պատիժ՝ ազատազրկում տասը տարուց ավելի ժամկետով կամ ցմահ ազատազրկում»:

Նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն23` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

(…)

4) տասնհինգ տարի՝ առանձնապես ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից:

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը (…)»։

2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Ավազակությունը, որը կատարվել է՝

1) առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով,

2) կազմակերպված խմբի կողմից,

()

պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»:

27. Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե անցել են վաղեմության ժամկետները։

28. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Սուրեն Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով վերագրվող ենթադրյալ արարքը կատարվել է 2008 թվականի հոկտեմբերի 27-ին24։ Ս.Ղազարյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը կայացվել է 2022 թվականի հունիսի 30-ին, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2023 թվականի սեպտեմբերի 5-ին25: Նշված որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի կողմից վճռաբեկ բողոք է բերվել 2023 թվականի հոկտեմբերի 16-ին, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի դեկտեմբերի 21-ի որոշմամբ ընդունվել է վարույթ26:

29. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից ակնհայտ է, որ Ս.Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով մեղսագրված արարքի՝ որպես առանձնապես ծանր հանցանքի համար նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու տասնհինգամյա ժամկետը լրանալու օրվա դրությամբ, վերջինիս նկատմամբ առկա չի եղել օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ և վերջինս տվել է իր համաձայնությունը, որպեսզի իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով27, ուստի նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ:

30. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանը, դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել քրեադատավարական օրենքի` ՀՀ դատական օրենսգրքի 71-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ հանգեցրել է 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ և 23-րդ հոդվածներով ամրագրված սկզբունքների խախտման և ազդել է վարույթի ելքի վրա, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 5-ի որոշումը բեկանելու համար։ Միաժամանակ, անհրաժեշտ է Ս.Ղազարյանի մասով բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունիսի 30-ի դատավճիռը և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Լ.Սարգսյանի մասով անհրաժեշտ է վարույթը փոխանցել Վերաքննիչ դատարան` նոր քննության։ Նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, պետք է քննության առնի Լ.Սարգսյանի պաշտպան Դ.Հունանյանի վերաքննիչ բողոքի մյուս փաստարկները և հանգի համապատասխան հետևության, այդ թվում նաև՝ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի` սույն որոշման 5.2-րդ կետում նշված փաստարկի, ինչպես նաև թիվ ԵԿԴ/0012/01/10 քրեական գործով դատարանի կայացրած՝ օրինական ուժի մեջ մտած դատավճիռն ապացույցների շարքում ներառելու իրավաչափության կապակցությամբ:

31. Վճռաբեկ դատարանը միաժամանակ գտնում է, որ Ս.Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը պետք է վերացնել:

Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ Լ.Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորման հիմքերը շարունակում են պահպանվել, հետևաբար այն պետք է թողնել անփոփոխ։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի հունիսի 30-ի դատավճիռը՝ Սուրեն Կորյունի Ղազարյանի մասով, և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 5-ի որոշումը՝ ամբողջությամբ, բեկանել։

2. Սուրեն Կորյունի Ղազարյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

3. Լևոն Հրաչյայի Սարգսյանի մասով վարույթը փոխանցել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ նոր քննության:

4. Սուրեն Կորյունի Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը՝ վերացնել:

5. Լևոն Հրաչյայի Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը թողնել անփոփոխ։

6. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։

 

___________________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 8, թերթեր 49-53:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 8, թերթեր 77-81:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 9, թերթեր 61-67:

4 Տե՛ս քրեական գործ, հատոր 14, թերթեր 1-87:

5 Դատավորի վերը նկարագրված բացթողումները չեն կարող լրացվել կամ ուղղվել վերանայման վարույթի արդյունքներով։

6 Պաշտպան Ա.Բայադյանի պնդմամբ՝ քննարկվող հանգամանքի մասին նրան հայտնի է դարձել դատաքննության ընթացքում, իսկ պաշտպան Դ.Հունանյանի պնդմամբ՝ վերաքննիչ բողոք ներկայացնելիս։

7 Տե՛ս քրեական գործ, հատոր 17, թերթեր 21-60:

8 Տե՛ս քրեական գործ, հատոր 18, թերթեր 120-128:

9 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Piersack v. Belgium գործով 1982 թվականի հոկտեմբերի 1-ի վճիռը, գանգատ թիվ 8692/79, 30-րդ կետը, Grieves v. the United Kingdom [GC] գործով 2003 թվականի դեկտեմբերի 16-ի վճիռը, գանգատ թիվ 57067/00, 69-րդ կետը։

10 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Castillo Algar v. Spain գործով 1998 թվականի հոկտեմբերի 28-ի վճիռը, գանգատ թիվ 28194/95, 45-րդ կետը, Morel v. France, 2000 թվականի հունիսի 6-ի վճիռը, գանգատ թիվ 34130/96, 42-րդ կետը։

11 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Kyprianou v. Cyprus գործով 2005 թվականի դեկտեմբերի 15-ի վճիռը, գանգատ թիվ 73797/01, 118-րդ և 121-րդ կետերը, Nicholas v. Cyprus գործով 2018 թվականի հունվարի 9-ի վճիռը, գանգատ թիվ 63246/10, 49-րդ և 53-րդ կետերը, Ղուլյանն ընդդեմ Հայաստանի գործով 2019 թվականի հունվարի 24-ի վճիռը, գանգատ թիվ 35443/13, 45-րդ կետը):

12 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Morel v. France գործով 2000 թվականի հունիսի 6-ի վճիռը, գանգատ թիվ 34130/96, 45-րդ կետը, Fazlı Fazli Aslaner v. Turkey գործով 2014 թվականի մարտի 4-ի վճիռը, գանգատ թիվ 36073/04, 31-րդ կետը:

13 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Gautrin and others v. France գործով 1998 թվականի մայիսի 20-ի վճիռը, գանգատ թիվ 38/1997/822/1025-1028, 58-րդ կետը։

14 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Ղուլյանն ընդդեմ Հայաստանի գործով վերը հիշատակված վճիռը, 47-րդ և 51-րդ կետերը:

15 Տե΄ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2010 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ ՍԴՈ-918 որոշման 5-րդ կետը:

16 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Մհեր Միլիտոնյանի գործով 2021 թվականի նոյեմբերի 3-ի թիվ ԵԴ/0013/06/19 որոշման 16.3-16.4-րդ կետերը։

17 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

18 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:

19 Տե՛ս սույն որոշման 13-րդ կետը:

20 Տե՛ս սույն որոշման 14-րդ կետը:

21 Տե՛ս սույն որոշման 14-րդ կետը։

22 Տե՛ս սույն որոշման 5.2-րդ կետը:

23 Անձի վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ չտալու օրենսդրական պահանջի համաձայն՝ Ս.Ղազարյանի նկատմամբ կիրառելի է հանցավոր արարքը կատարելու պահին գործող` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու իրավական կարգավորումը:

24 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:

25 Տե՛ս սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերը:

26 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը:

27 Տե՛ս սույն որոշման 15-րդ կետը:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լ. Թադևոսյան

Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2024 թվական: