Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.02-2024.09.15 Պաշտոնական հրապարակման օրը 19.08.2024
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
27.12.2023
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Կոտայքի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր` Գ. Շահբազյան

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Ա. Նիկողոսյան

ԿԴ/0023/13/23

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Դ. Խաչատուրյանի

 

Ա. Պողոսյանի

 

Ս. Օհանյանի

27 դեկտեմբերի 2023 թվական

ք. Երևան

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով դատապարտյալ Արտակ Հովհաննեսի Ֆրանգյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի հունիսի 13-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 2-ի դատավճռով Արտակ Հովհաննեսի Ֆրանգյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 300.000 ՀՀ դրամի չափով: Ա.Ֆրանգյանի նկատմամբ նշանակված տուգանքի վճարումը տարաժամկետվել է 1 (մեկ) տարի ժամկետով։

2. 2023 թվականի փետրվարի 22–ին ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետ Ա.Բաղդասարյանը միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Ա.Ֆրանգյանի նկատմամբ նշանակված՝ 300000 ՀՀ դրամ տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ։

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2023 թվականի մարտի 30-ի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետ Ա.Բաղդասարյանի միջնորդությունը մերժվել է։

3Դատախազ Է.Գրիգորյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի հունիսի 13-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մարտի 30-ի որոշումը թողնելով անփոփոխ։

4 Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի օգոստոսի 2-ի որոշմամբ վարույթ է ընդունվել, և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոք բերած անձը փաստարկել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ` նյութական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա, ինչպես նաև դատական ակտի պատճառաբանությունները հակասում են Վճռաբեկ դատարանի՝ Գարուն Ասրյանի վերաբերյալ 2023 թվականի հունիսի 30-ի թիվ ՍԴ/0006/13/22 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին:

Բողոքաբերը փաստարկել է, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու իրավական ընթացակարգի սահմանման նպատակը տուգանք պատժատեսակի կատարման ապահովումն է՝ առանց վատթարացնելու դատապարտված անձանց վիճակը։

6. Ի հիմնավորումն վերոնշյալի՝ բողոքաբերը նշել է, որ առանց տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու իրավական ընթացակարգն ապահովելու, տուգանքը ազատազրկման փոխարինելը գործնականում անհնարին կդառնա, քանի որ քննարկվող իրավանորմը տուգանքն ազատազրկմամբ փոխարինելու իրավական ընթացակարգ չի սահմանել։

Բացի այդ, բողոքաբերը, մեջբերելով Վճռաբեկ դատարանի՝ Գարուն Ասրյանի որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները, նշել է, որ Ա.Ֆրանգյանի նկատմամբ առկա չէ նշանակված տուգանք պատժատեսակը հանրային աշխատանքներով փոխարինելու անհնարինություն, հետևաբար գույքի բռնագնձման ինստիտուտը նրա համար վատթարացնող բնույթ չի կարող ունենալ։

7 Արդյունքում բողոքաբերը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մարտի 30–ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հունիսի 13-ի որոշումը, կայացնել նոր դատական ակտ՝ բավարարելով ԱՖրանգյանի նկատմամբ նշանակված տուգանք պատժատեսակին համարժեք գույք բռնագանձելու միջնորդությունը:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

8Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(…) Դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը նախատեսում է դատապարտյալի կողմից տուգանքը սահմանված ժամկետներում չվճարելու դեպքում այն բացառապես հանրային աշխատանքներով փոխարինելու հնարավորություն՝ հաշվի առնելով տուգանքը վճարելու անհնարինության և չարամիտ խուսափելու հանգամանքները։ Մինչդեռ ՀՀ նոր քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ դատապարտյալի կողմից տուգանքը վճարելուց խուսափելու (չարամտություն դրսևորելու) դեպքում բռնագանձվում է տուգանքի չափին համարժեք գույք, իսկ այդպիսի գույքի բացակայության դեպքում տուգանքը փոխարինվում է ազատազրկմամբ։ Ասվածից հետևում է, որ դատապարտյալի կողմից տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում պատիժը փոփոխելու վերաբերյալ ՀՀ նոր քրեական օրենսգրքի դրույթը կիրառվել չի կարող, քանի որ դրանով սահմանվում է տուգանքն ազատազրկմամբ, այսինքն՝ ի տարբերություն հանրային աշխատանքների, ավելի խիստ պատժատեսակով փոխարինելու հնարավորությունը: Այլ խոսքով, անձը զրկվում է ազատազրկումից ավելի մեղմ պատժատեսակի՝ հանրային աշխատանքների կիրառման հնարավորությունից, ինչը բնականաբար հանդիսանում է անձի վիճակը վատթարացնող նորմ:

Այսպիսով, Դատարանն արձանագրում է, որ ՀՀ նոր քրեական օրենսգրքի այն փոփոխությունը, ըստ որի՝ տուգանքի վճարումից խուսափելու դեպքում չի կարող նշանակվել հանրային աշխատանքներ պատժատեսակը, համարվում է անձի վիճակը վատթարացնող և չի կարող ունենալ հետադարձ ուժ:

Հետևաբար, Դատարանը գտնում է, որ մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը կատարված հանցագործության համար նշանակված տուգանք պատժատեսակի փոփոխման հարցը պետք է լուծվի Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի վերաբերելի դրույթներին համապատասխան՝ հաշվի առնելով ՀՀ նոր քրեական օրենսգրքի այն դրույթները, որոնք բարելավում են դատապարտյալի վիճակը։

Ելնելով վերոգրյալից՝ Դատարանն արձանագրում է, որ Արտակ Ֆրանգյանի նկատմամբ (…) նշանակված 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանքին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային բաժնի միջնորդությունը ենթակա է մերժման (…)»1։

9. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) 2003 թվականի ապրիլի 18–ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի կիրառման պարագայում տուգանքի գումարը վճարելուց խուսափելու դեպքում դատապարտյալները կարող էին իրավաչափորեն ակնկալել, որ տուգանքի չվճարված մասը կարող է փոխարինվել կամ փոխարինվելու է հանրային աշխատանքներով և հանցագործության կատարման պահից պետության հետ ծագած քրեաիրավական հարաբերությունները կարող են ավարտվել այդ, և ոչ թե ազատազրկում պատժատեսակը լրիվ կրելու արդյունքներով։ Մինչդեռ ՀՀ քրեական նոր օրենսգրքի վերոնշյալ կարգավորումը տուգանքի վճարումից խուսափող դատապարտյալին զրկում է լեգիտիմ այդ ակնկալիքից, այն է՝ տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինվելու հնարավորությունից։

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նույնիսկ եթե մի պահ ընդունվի, որ գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրումը դատապարտյալի վիճակը բարելավող օրենք է, քանի որ նրան հնարավորություն է տրվում խուսափել ազատազրկման ձևով պատժով կրումից, այնուամենայնիվ բացակայում է տվյալ ինստիտուտին հետադարձություն տալու երկրորդ նախապայմանը՝ վերոնշյալ օրենքին հետադարձ ուժ տալու մասին հատուկ օրենքի ընդունումը, որը կարող էր կատարվել կամ ՀՀ քրեական նոր օրենսգրքի անցումային դրույթներով կամ այն ուժի մեջ դնելու մասին առանձին օրենքով, ինչը ևս չի կատարվել»2։

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

10. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք 2021 թվականի մայիսի 5–ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու մասին կարգավորումն անձի վիճակը վատթարացնող դիտարկելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։

11. 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»։

2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Դատարանը տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինում է հանրային աշխատանքներով տուգանքը վճարելու անհնարինության դեպքում` հանրային աշխատանքների երեք ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց, իսկ տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքում՝ հանրային աշխատանքների հինգ ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց: Եթե տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքը գերազանցում է երկու հազար երկու հարյուր ժամը, ապա նշանակվում է երկու հազար երկու հարյուր ժամ: Տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարվող հաշվարկի արդյունքում ժամային արժեքները կլորացնելը կատարվում է դատապարտյալի օգտին»։

2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 8. Եթե դատապարտվողն ի վիճակի չէ անհապաղ և ամբողջությամբ վճարելու նշանակված տուգանքը, ապա դատարանը նրա համար վճարման ժամկետ է սահմանում՝ առավելագույնը 1 տարի, կամ թույլատրում է տուգանքը մաս առ մաս վճարել նույն ժամկետում։ Եթե տուգանքը նշանակելուց հետո դատապարտյալի նյութական վիճակի վատթարացման հետևանքով նա զրկվում է տուգանքը վճարելու հնարավորությունից, ապա դատարանը, հաշվի առնելով դատապարտյալի դիրքորոշումը`

1) երկարաձգում է տուգանքի վճարման սահմանված վերջնաժամկետը` առավելագույնը 1 տարով,

2) նշանակում է հանրային աշխատանքներ` հանրային աշխատանքների 24 ժամը հաշվարկելով հանցանքը կատարելու պահին նվազագույն աշխատավարձի չափով:

(…)

11. Տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում բռնագանձվում է դատարանի որոշած տուգանքի չափին համարժեք գույք, եթե այդպիսին առկա է: Եթե այդպիսի գույք առկա չէ, ապա տուգանքը փոխարինվում է ազատազրկմամբ` ազատազրկման 3 օրը հաշվարկելով նվազագույն աշխատավարձի դիմաց»:

12Վճռաբեկ դատարանը Գարուն Ասրյանի որոշմամբ անդրադառնալով տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու ինստիտուտի էությանը՝ ընդգծել է, որ այն նախևառաջ միտված է ապահովելու տուգանք պատժատեսակի պատշաճ կատարումը, ընդ որում՝ անձի իրավունքներին հնարավորինս նվազ միջամտությամբ։ Այսպես՝ տուգանքի չափին համարժեք գույքի բռնագանձումն ինքնին պատժատեսակ չէ և ընդգրկված չէ քրեական օրենսդրությամբ սահմանված պատժի համակարգում, չունի պատժիչ բնույթ, քանի որ դրա միակ նպատակը դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով նշանակված պատժի կատարումն ապահովելն է։ Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը հատկապես կարևորել է բռնագանձվող գույքի և տուգանքի չափի միջև համաչափության ապահովման՝ օրենսդրորեն ամրագրված երաշխիքը, ըստ որի՝ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում բռնագանձվում է դատարանի որոշած տուգանքի չափին համարժեք գույք:

Քննարկվող ինստիտուտը դիտարկելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված իրավակարգավորման համատեքստում, ըստ որի՝ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում այն միանգամից փոխարինվում էր մեկ այլ պատժատեսակով՝ հանրային աշխատանքներով, Վճռաբեկ դատարանը փաստել է, որ բռնագանձման պարագայում պատժատեսակի փոփոխություն, որպես այդպիսին, տեղի չի ունենում։ Այլ կերպ՝ նախքան չվճարված տուգանքն ավելի խիստ պատժատեսակով փոխարինելը, օրենսդրորեն նախատեսվել է միջանկյալ հնարավորություն՝ տուգանքի կատարումն ապահովող ինքնուրույն գործիք, որը թույլ է տալիս հասնելու դատարանի դատավճռով նշանակված պատժի կատարմանը՝ անձի իրավունքների համեմատաբար նվազ սահմանափակման արդյունքում։

Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ կատարված փոփոխությունն ըստ էության պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող է, քանի որ թույլ է տալիս տուգանքն անմիջաբար չփոխարինել ավելի խիստ պատժատեսակով։ Հետևաբար, մինչև գործող քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կատարված արարքների դեպքում, եթե դատապարտյալը խուսափում է իր նկատմամբ նշանակված տուգանքը վճարելուց, դատարանը համապատասխան միջնորդության քննարկման արդյունքում պետք է տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ դատական ակտ կայացնի։ Համապատասխան գույքի բացակայության դեպքում միայն նշանակված տուգանքը կարող է փոխարինվել հանրային աշխատանքներով՝ նախկին դատավարական ընթացակարգերին համապատասխան, քանի որ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգավորումը՝ տուգանքի չափին համարժեք գույքի բացակայության դեպքում այն ազատազրկմամբ փոխարինելը, անձի համար ըստ էության պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող է, ուստի հետադարձ ուժ չի կարող ունենալ3։

12.1. Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ նախկին քրեական օրենսգրքի գործողության պայմաններում հանցանք կատարելու դեպքում տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու ինստիտուտն ըստ էության միջանկյալ գործիք է, որը թույլ է տալիս դատարանի դատավճռով նշանակված տուգանքն անմիջաբար չփոխարինել հանրային աշխատանքներով, այսինքն՝ դատարանը պետք է նախ և առաջ քննարկի տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու հարցը, իսկ այդպիսի գույքի բացակայության փաստը հաստատվելու դեպքում՝ տուգանքը փոխարինի հանրային աշխատանքներով4։

13. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- Առաջին ատյանի դատարանը մերժել է ԱՖրանգյանից տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետի միջնորդությունը՝ ընդգծելով, որ նոր կարգավորումն անձի վիճակը վատթարացնող է, ուստի հետադարձ ուժ չի կարող տրվել նշված օրենքին5։

- Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի դատական ակտը՝ նշելով, որ ՀՀ քրեական գործող օրենսգիրքն անձի վիճակը վատթարացնող է, քանի որ զրկում է չվճարված տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու հնարավորությունից։ Վերաքննիչ դատարանը նշել է նաև, որ նույնիսկ եթե գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրումը դատապարտյալի վիճակը բարելավող օրենք է, այնուամենայնիվ բացակայում է տվյալ ինստիտուտին հետադարձություն տալու երկրորդ նախապայմանը՝ նշված օրենքին հետադարձ ուժ տալու մասին հատուկ օրենքի ընդունումը6:

14 Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-121-րդ կետերում վկայակոչված իրավանորմերի և դրանց վերլուծության համատեքստում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների այն դիրքորոշումը, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված իրավակարգավորումն անձի վիճակը վատթարացնող է, հիմնավոր չէ։ Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ նոր իրավակարգավորումը չի կարող կիրառվել Ա.Ֆրանգյանի նկատմամբ, քանի որ բացակայում է տվյալ ինստիտուտին հետադարձություն տալու երկրորդ նախապայմանը՝ վերոնշյալ օրենքին հետադարձ ուժ տալու մասին հատուկ օրենքի ընդունումը, ապա Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ կատարված փոփոխություններն ընդհանուր առմամբ անձի համար պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող են, քանի որ թույլ են տալիս նշանակված տուգանքն անմիջաբար չփոխարինել ավելի խիստ պատժով՝ հանրային աշխատանքներով՝ նախատեսելով միջանկյալ գործիքակազմ7։

15 Վերոշարադրյալ դատողությունների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ կարգավորումն անձի վիճակը վատթարացնող դիտարկելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևություններն իրավաչափ չեն։

16. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, սույն վարույթով դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել դատական սխալ՝ նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է՝ սխալ է մեկնաբանել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ, 59-րդ հոդվածները, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի՝ հիմք է Վերաքննիչ դատարանի` 2023 թվականի հունիսի 22-ի որոշումը բեկանելու և վարույթը Վերաքննիչ դատարան` նոր քննության փոխանցելու համար8:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, պետք է քննության առնի դատախազի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը և ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետ Ա.Բաղդասարյանի միջնորդության վերաբերյալ հանգի համապատասխան հետևության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դատապարտյալ Արտակ Հովհաննեսի Ֆրանգյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հունիսի 13-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:

2. Վճռաբեկ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։

 

_________________

1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 40-44։

2 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 26-32։

3 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուն Ասրյանի վերաբերյալ 2023 թվականի հունիսի 30-ի թիվ ՍԴ/0006/13/22 որոշումը։

4 Տե՛ս նույն որոշումը։

5 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

6 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուն Ասրյանի վերաբերյալ 2023 թվականի հունիսի 30-ի թիվ ՍԴ/0006/13/22 որոշումը։

8 Հատուկ վերանայման արդյունքում դատական ակտը բեկանելուց հետո Վճռաբեկ դատարանի կողմից վարույթը համապատասխան ստորադաս դատարան նոր քննության փոխանցելու լիազորության վերաբերյալ տե՛ս, Վճռաբեկ դատարանի` Ավաթ Ամինի վերաբերյալ 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումը, կետ 17․1։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դ. Խաչատուրյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2024 թվական: