Գլխավոր տեղեկություն
Համար
N 3142-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.08.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2014.12.17/69(1082) 20.08.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
20.08.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
20.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.08.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3142-Ա

«20» օգոստոսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված Վալերի Եղյանի 2024 հուլիսի 31-ի թիվ Դ-97504-24 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան` իրականացվել է վարչարարություն:

2024 հուլիսի 31-ի թիվ Դ-97504-24 դիմումով ներկայացված՝ վնասի փոխհատուցման պահանջի քննության կապակցությամբ 2024 թվականի օգոստոսի 9-ին հրավիրված լսումներին ներկայացել և մասնակցել է Վալերի Եղյանը:

Ուսումնասիրելով 2024 հուլիսի 31-ի թիվ Դ-97504-24 դիմումը, դրանց կից և վարույթի լսումների ընթացքում ներկայացված ապացույցները, 2024 թվականի օգոստոսի 9-ին կազմված՝ վարչարարության շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ արձանագրությունը, գնահատելով դիմումի առարկային առնչվող և լսումների ժամանակ ներկայացված բոլոր փաստական հանգամանքները` պարզվել է հետևյալը.

2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.

2024 հուլիսի 31-ի թիվ Դ-97504-24 դիմումով, ինչպես նաև հրավիրված լսումների ժամանակ Վալերի Եղյանը հայտնել է, որ 2023 թվականի հուլիսի 30-ին, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության պահպանվող հատուկ տարածքում գտնվող՝ իր սեփականությունը հանդիսացող «Mitsubishi Pajero IO 2.0» մակնիշի «35 MO 344» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառ է ընկել, ինչի արդյունքում ավտոմեքենան վնասվել է:

Վալերի Եղյանը, հիմք ընդունելով «Առաջին փորձագիտական» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2024 թվականի հուլիսի 29-ի թիվ 02722401 ապրանքագիտական եզրակացությունը, խնդրել է փոխհատուցել «Mitsubishi Pajero IO 2.0» մակնիշի «35 MO 344» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառ ընկնելու արդյունքում պատճառված վնասը, որը կազմում է 391,800 (երեք հարյուր իննսունմեկ հազար ութ հարյուր) ՀՀ դրամ:

2024 թվականի փետրվարի 20-ին տրված տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ YB684381 վկայագրի համաձայն՝ «Mitsubishi Pajero IO 2.0» մակնիշի «35 MO 344» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում է Վալերի Եղյանի սեփականությունը:

2024 հուլիսի 31-ի թիվ Դ-97504-24 դիմումի ուսումնասիրության արդյունքում, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից տրամադրվել է տեղեկատվություն այն մասին, որ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության պահպանվող հատուկ տարածք հասցեում կենսունակ կաղնին տապալվել և ընկել է քաղաքացի Վալերի Եղյանին պատկանող «Mitsubishi Pajero IO 2.0» մակնիշի «35 MO 344» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա։

«Առաջին փորձագիտական» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2024 թվականի հուլիսի 29-ի թիվ 02722401 ապրանքագիտական եզրակացության «Հետևություններ» բաժնի համաձայն՝ 2023 թվականի հուլիսի 30-ին, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության պահպանվող հատուկ տարածքում, ծառը կոտրվելու և ավտոմեքենայի վրա ընկնելու հետևանքով, «Mitsubishi Pajero IO 2.0» մակնիշի «35 MO 344» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի ստացած վնասվածքների հետևանքով, այդ ավտոմեքենայի վերականգնման, նորմալ շահագործողական վիճակի բերելու համար ծախսերի չափն՝ արժեքային արտահայտությամբ, 2023 թվականի հուլիսի 30-ի դրությամբ գործող շուկայական գներով կարող է կազմել 391,800 (երեք հարյուր իննսունմեկ հազար ութ հարյուր) ՀՀ դրամ, որն էլ տվյալ դեպքում ընդունվում է այդ ավտոմեքենայի սեփականատիրոջը՝ Վալերի Եղյանին պատճառված (գույքային) նյութական վնասի չափ:

Հայաստանի Հանրապետության շրջական միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի 2024 թվականի հուլիսի 9-ի թիվ 08/ԼԱ/-833 գրության համաձայն՝ 2023 թվականի հուլիսի 30-ին երեկոյան ժամերին Երևան քաղաքում դիտվել է քամու ուժգնացում և Երևան ագրո օդերևութաբանական և Երևան աերոլոգիական կայանների տվյալների՝ քամու առավելագույն պոռթկումը գրանցվել է 20մ/վրկ:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկային ծառայության մոնիթորինգի և վերլուծության բաժնի ծառայողական քննության բաժանմունքի պետի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 11-ին կազմվել է «Այլ անձից բացատրություն վերցնելու մասին» արձանագրություն, որի բովանդակությունից պարզվում է, որ 2022 թվականին «Mitsubishi Pajero IO 2.0» մակնիշի «35 MO 344» հաշվառման համարանիշի ավտոմեքենան դրվել է արգելանքի տակ և տեղափոխվել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության պահպանվող հատուկ տարածք:

2024 թվականի օգոստոսի 9-ին կայացած լսումների ժամանակ Վալերի Եղյանը պարզաբանել է, որ «Mitsubishi Pajero IO 2.0» մակնիշի «35 MO 344» հաշվառման համարանիշի ավտոմեքենան 2022 թվականի սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած վթարի արդյունքում, նույն օրվանից տեղափոխվել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության պահպանվող հատուկ տարածք, ընդ որում՝ վթարի հետևանքով ավտոմեքենան վնասվածքներ չի ստացել, քանի որ վթարն իրենից ներկայացրել է վրաերթ և չի եղել այլ փոխադրամիջոցի հետ բախման արդյունք:

3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 98.4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քրեական վարույթն իրականացնող մարմինը, համագործակցելով այլ իրավասու մարմինների հետ, իրականացնում է պաշտպանվող անձի անձնական պահպանությունը, նրա բնակարանի կամ այլ գույքի պահպանությունը:

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրեղեն ապացույցները պահվում են քրեական գործի հետ, իսկ մեծածավալության դեպքում` կարող են հանձնվել հիմնարկների, ձեռնարկությունների, կազմակերպությունների և առանձին անձանց պատասխանատու պահպանմանը:

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առարկաները պահելիս և փոխադրելիս պետք է միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի դրանք զերծ մնան կորստից, վնասվելուց, փչանալուց, այլ առարկաների հետ շփվելուց կամ խառնվելուց:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96-րդ հոդվածի համաձայն` վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ նույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման խնդրին, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաս հասցրած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որից հետո միայն անձը պարտավոր է նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով (տե՛ս, թիվ ՎԴ/3280/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին, մասնավորապես` արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման (տե՛ս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ «Mitsubishi Pajero IO 2.0» մակնիշի «35 MO 344» հաշվառման համարանիշի ավտոմեքենան 2022 թվականի սեպտեմբերի 10-ից գտնվել է արգելանքի տակ և 2023 թվականի հուլիսի 30-ին գտնվել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության պահպանվող հատուկ տարածքում, ինչպես նաև հաշվի առնելով, որ առկա չէ վնասը Երևանի քաղաքապետարանի ոչ իրավաչափ անգործության հետևանք հանդիսանալու հանգամանքը ճանաչող օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որի պայմաններում իրականացված վարչարարությամբ չի ապացուցվել 391,800 (երեք հարյուր իննսունմեկ հազար ութ հարյուր) ՀՀ դրամի չափով վնասը Երևանի քաղաքապետարանի կողմից Վալերի Եղյանին փոխհատուցման ենթակա լինելու պահանջի հիմնավորվածությունը, ուստի ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, 1071.1-րդ, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 98.4-րդ, 116-րդ, 117-րդ և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ, 43-րդ և 96-րդ հոդվածներով՝

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ Վալերի Եղյանի վնասի փոխհատուցման պահանջի մասին 2024 թվականի հուլիսի 31-ի թիվ Դ-97504-24 դիմումը մերժել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան