Գլխավոր տեղեկություն
Համար
N 1763-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.10.2023-10.11.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2014.12.17/69(1082) 13.10.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.10.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հոկտեմբերի 2023 թվականի N 1763-Լ

 

2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆՈՒՄ ԲՆԱԿՎԵԼՈՒ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆՆ ՕԺԱՆԴԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 21-րդ հոդվածի 1-ին մասի 3.1-ին և 4-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար սոցիալական աջակցության միջոցառումը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար սոցիալական աջակցություն տրամադրելու կարգը՝ համաձայն N 2 հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշմամբ նախատեսված սոցիալական աջակցության տրամադրման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 7-օրյա ժամկետում.

2) ապահովել սույն որոշմամբ հաստատված միջոցառման իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ համակարգ) ապահովման մշակումն ու ներդրումը «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի (այսուհետ՝ հիմնադրամ) միջոցով՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում.

3) ապահովել համակարգի շահագործումը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ծառայություն) կողմից.

4) ապահովել ծառայության կայքէջի միջոցով սոցիալական աջակցության տրամադրման վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը սույն որոշմամբ հաստատված միջոցառման շահառուներին։

3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ սույն միջոցառման շրջանակներում բռնի տեղահանվածների տվյալները (անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, անձը հաստատող փաստաթղթի համարը և սերիան, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը) հիմնադրամից ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում հիմնադրամին տրամադրել այդ անձանց վերջին սահմանահատման վերաբերյալ տվյալները։

4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին՝ հիմնադրամի միջոցով ապահովել տվյալների փոխանակումը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների շտեմարանի հետ, անձը հաստատող փաստաթուղթ չունեցող, սակայն տվյալ աջակցության համար դիմելու իրավունք ունեցող անձանց սույն որոշման շրջանակներում իրենց իրավունքներն իրացնելու համար տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ հաստատված ժամանակավոր վկայական:

5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին, առաջարկել Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը տրամադրել պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում ժամանակավոր բնակվող՝ բռնի տեղահանվածների տվյալները (անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, անձը հաստատող փաստաթղթի համարը և սերիան, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը), իսկ տրված տվյալների փոփոխությունները՝ հետագա ամիսների ընթացքում՝ առնվազն շաբաթական պարբերականությամբ՝ մինչև 2024 թվականի մարտի 15-ը։

6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշման 5-րդ կետով սահմանված տվյալները ստանալուց հետո 2-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում ժամանակավոր բնակվող՝ բռնի տեղահանվածների ամփոփված տվյալները։

7. Առաջարկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրենին՝ սույն միջոցառման շրջանակներում բռնի տեղահանվածների ներկայացրած՝ էլեկտրաէներգիայի աբոնենտի համարը հիմնադրամից ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում հիմնադրամին տրամադրել այդ աբոնենտի տեղակայման վայրը (մարզը, համայնքը, հասցեն)։

8. Սույն միջոցառման շրջանակներում նշանակվող սոցիալական աջակցության գումարները կարող են վճարվել նաև տեղական և միջազգային կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց կողմից (այսուհետ՝ ֆինանսավորող) և նրանց կողմից հատկացված դրամական միջոցների (այսուհետ՝ այլ ֆինանսական միջոցներ) հաշվին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից վերջիններիս հետ ձեռք բերված գրավոր համաձայնությամբ:

9. Սույն որոշման 8-րդ կետով նախատեսված սոցիալական աջակցության գումարները վճարելու հետ կապված գործողություններ իրականացնելու նպատակով ծառայությանը թույլատրել՝

1) ֆինանսավորողի կամ իր նախընտրած բանկի հետ, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դրական եզրակացության առկայության դեպքում, կնքել համապատասխան պայմանագիր՝ անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորող պայմանների ընդգրկմամբ.

2) ֆինանսավորողին կամ իր նախընտրած բանկին տրամադրել շահառուների էլեկտրոնային վճարման ցուցակներ՝ պայմանագրով սահմանված կարգով։ Ընդ որում, պայմանագրով սահմանված պայմաններով շահառուին սոցիալական աջակցությունը վճարվում է սույն որոշմամբ սահմանված այլ ֆինանսական միջոցներից, իսկ դրանց բացակայության կամ անբավարարության (մասնակի վճարման) դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված պետական բյուջեի միջոցների հաշվին։

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

13.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

հոկտեմբերի 12-ի N 1763-Լ որոշման

 

2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆՈՒՄ ԲՆԱԿՎԵԼՈՒ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆՆ ՕԺԱՆԴԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

 

1. Սույն միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 3-ի N 1675-Լ որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակում միանվագ դրամական սոցիալական աջակցության շահառու հանդիսացող անձանց (այսուհետ՝ շահառուներ), բացառությամբ՝

1) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում ժամանակավոր բնակվող անձանց.

2) պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում ժամանակավոր բնակվող անձանց.

3) բնակչության պետական ռեգիստրում Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անձանց։

2. Սույն միջոցառման շրջանակներում սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամենամսյա դրամական աջակցության ձևով՝ 2023 թվականի հոկտեմբերից մինչև 2024 թվականի մարտ ամիսը ներառյալ, ամիսների համար։

3. Սույն միջոցառման շահառու՝ մինչև 18 տարեկան երեխայի համար ամսական դրամական աջակցությունը տրամադրվում է նրա ծնողին կամ խնամակալին կամ հոգաբարձուին (այսուհետ՝ բոլորը միասին՝ ծնող):

4. Սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է՝

1) ժամանակավոր կացարանում բնակվելու համար, եթե շահառուն Հայաստանի Հանրապետությունում չունի սեփականության (այդ թվում՝ համատեղ կամ բաժնային) իրավունքով իրեն պատկանող բնակվելու համար նախատեսված անշարժ գույք՝ 40000 դրամ.

2) կոմունալ ծառայությունների դիմաց կատարվող վճարումների համար՝ 10000 դրամ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

13.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

հոկտեմբերի 12-ի N 1763-Լ որոշման

 

Կ Ա Ր Գ

 

2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆՈՒՄ ԲՆԱԿՎԵԼՈՒ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆՆ ՕԺԱՆԴԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 3-ի N 1675-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված միջոցառման (այսուհետ՝ միանվագ դրամական աջակցության միջոցառում) շրջանակում միանվագ դրամական սոցիալական աջակցության շահառու հանդիսացող անձանց, այդ թվում՝ մինչև 18 տարեկան երեխաներին (այսուհետ՝ շահառուներ) ամենամսյա դրամական աջակցություն (այսուհետ՝ դրամական աջակցություն) տրամադրելու (նշանակելու և վճարելու) հետ կապված հարաբերությունները:

2. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում կամ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում ժամանակավոր բնակվող կամ բնակչության պետական ռեգիստրում Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անձինք չեն հանդիսանում սույն միջոցառման շահառու։

3. Ամսական դրամական աջակցությունը տրամադրում (վճարում) է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն)՝ էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա:

4. 2023 թվականի հոկտեմբեր ամսվա համար ամսական դրամական աջակցությունը վճարվում է (անձի տվյալները ներառվում են վճարման նախնական ցուցակ) անկախ անձի համար դիմում ներկայացված լինելու կամ անձի՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում կամ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում ժամանակավոր բնակվելու հանգամանքից։

5. Դրամական աջակցություն նշանակելու և վճարելու համար էլեկտրոնային եղանակով ներկայացվում է մեկանգամյա դիմում՝ 2023 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2024 թվականի մարտի 15-ը ներառյալ։ Դրա համար շահառուն ծառայության socservice.am կայքէջից մուտք է գործում համապատասխան ծրագրային միջավայր և ծառայություն ներկայացնում՝

1) իր անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը).

2) իր հետ նույն բնակության վայրի հասցեում բնակվող շահառուների անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը).

3) եթե 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սկսված պատերազմական գործողությունների հետևանքով անձանց աջակցություն տրամադրելու միջոցառումների շրջանակներում առկա չէ անձի՝ մինչև 18 տարեկան երեխայի (այսուհետ՝ անչափահաս շահառու) ծնողը լինելու վերաբերյալ տեղեկատվություն, երեխայի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենը, եթե դիմումը չի ներկայացրել խնամակալը կամ հոգաբարձուն.

4) անչափահաս շահառուի նկատմամբ խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու (խնամակալ կամ հոգաբարձու ճանաչելու) մասին փաստաթղթի (խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշում կամ դատական ակտ կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի կողմից հաստատված և կնքված փաստաթուղթ՝ որոշում, արձանագրություն և այլն) և երեխայի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենները, եթե անչափահաս շահառուի դիմումը ներկայացրել է խնամակալը կամ հոգաբարձուն․

5) հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն և բջջային հեռախոսահամարը.

6) դիմումում նշված անձանց փաստացի բնակության վայրը՝ Հայաստանի Հանրապետության մարզեր (ընտրում է ցանկից).

7) դիմումում նշված անձանց փաստացի բնակության վայրի հասցեն.

8) դիմումում նշված անձանց ժամանակավոր կացարանի էլեկտրաէներգիայի աբոնենտի համարը.

9) լրացուցիչ տեղեկություններ (պարտադիր դաշտ չէ)։

6. Դիմումով ներկայացված տվյալներն առցանց ռեժիմում համեմատվում (համադրվում) են բնակչության պետական ռեգիստրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված՝ մահվան ակտերի գրանցման տվյալների հետ, և մերժվում կամ հաշվառվում կամ հաստատվում է դիմումը։

7. Դիմումը մերժվում է, եթե լրացված չէ էլեկտրաէներգիայի աբոնենտի համարը, կամ էլեկտրաէներգիայի աբոնենտի համարը փաստացի բնակության վայրի հասցեի համայնքինը չէ։

8. Դիմումը մերժվում է այն անձի մասով, ում՝

1) տվյալները հավաստի չեն (ներկայացված տվյալները չեն համապատասխանում բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներին).

2) մահվան պետական գրանցման վերաբերյալ տվյալներն առկա են քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալներում.

3) տվյալներն առկա չեն միանվագ դրամական աջակցության միջոցառման շահառուների ցուցակում.

4) տվյալներն առկա են միանվագ դրամական աջակցության միջոցառման շահառուների ցուցակում, սակայն դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ ժամանակավոր բնակվում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում կամ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում կամ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում։

9. Դիմումն ինքնաշխատ մերժվում է դիմումով ներկայացված այն անձի համար, ում համար առկա է սույն կարգի 8-րդ կետում նշված հանգամանքներից որևէ մեկը։

10. Դիմումը հաշվառվում է, իսկ դրանով ներկայացված անձանց տվյալները (ում համար առկա չէ սույն կարգի 8-րդ կետում նշված հանգամանքներից որևէ մեկը), այդ թվում՝ էլեկտրաէներգիայի աբոնենտի համարը, ներառվում են հաշվառված շահառուների ցուցակ։ Դիմումը չի հաշվառվում, եթե դրանով ներկայացված բոլոր անձանց համար առկա է սույն կարգի 8-րդ կետում նշված հանգամանքներից որևէ մեկը։

11. Հաշվառված դիմումներով ներկայացված էլեկտրաէներգիայի աբոնենտների համարները հիմնադրամն ուղարկում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ՝ տեղակայման վայրի (մարզի, համայնքի, հասցեի) վերաբերյալ տվյալներ ստանալու համար։

12. Ծառայությունը դիմումով ներկայացված՝

1) անչափահաս շահառուի մոր կամ հոր վերաբերյալ տվյալները համեմատում է (համադրում է) շահառուի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենում նշված՝ շահառուի մոր կամ հոր վերաբերյալ տվյալների հետ։ Անչափահաս շահառուի մոր կամ հոր վերաբերյալ տվյալները չհամապատասխանելու (չհամընկնելու) դեպքում անչափահաս շահառուի տվյալները չեն ներառվում հաշվառված շահառուների ցուցակ։ Անչափահաս շահառուի մոր կամ հոր վերաբերյալ տվյալները համապատասխանելու (համընկնելու) դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ համընկնում են երեխայի մոր անձը հաստատող փաստաթղթում և երեխայի ծննդյան վկայականում նշված՝ մոր անունը, առկայության դեպքում՝ հայրանունը (չի համընկնում միայն ազգանունը), իսկ երեխայի ծննդյան վկայականում համընկնում են երեխայի հոր և մոր ազգանունները, անչափահաս շահառուի տվյալները ներառվում են հաշվառված շահառուների ցուցակ՝ նշելով նաև մոր կամ հոր տվյալները.

2) անչափահաս շահառուի և խնամակալի (հոգաբարձուի) տվյալները համեմատում է երեխայի նկատմամբ խնամակալություն (հոգաբարձություն) սահմանելու (խնամակալ (հոգաբարձու) ճանաչելու) մասին փաստաթղթում նշված համապատասխան տվյալների հետ։ Անչափահաս շահառուի և խնամակալի (հոգաբարձուի) վերաբերյալ տվյալները համապատասխանելու (համընկնելու) դեպքում անչափահաս շահառուի տվյալները ներառվում են հաշվառված շահառուների ցուցակ՝ նշելով նաև խնամակալի (հոգաբարձուի) տվյալները, հակառակ դեպքում՝ անչափահաս շահառուի տվյալները չի ներառում հաշվառված շահառուների ցուցակ։

13. Հիմնադրամից ստացած էլեկտրաէներգիայի աբոնենտների համարները «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն համադրում է իր տվյալների շտեմարանում առկա տվյալների հետ և հիմնադրամին է տրամադրում այդ էլեկտրաէներգիայի աբոնենտների տեղակայման վայրի (մարզի, համայնքի, հասցեի) վերաբերյալ տվյալներ կամ տեղեկատվություն այդպիսի աբոնենտի համարի բացակայության վերաբերյալ։

14. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից ստացված տեղեկատվության հիման վրա՝

1) դիմումը հաստատվում է, եթե ստացվել են տվյալ էլեկտրաէներգիայի աբոնենտի համարի տեղակայման վայրի (մարզի, համայնքի, հասցեի) վերաբերյալ տվյալներ.

2) դիմումը մերժում է, եթե չեն ստացվել տվյալ էլեկտրաէներգիայի աբոնենտի համարի տեղակայման վայրի (մարզի, համայնքի, հասցեի) վերաբերյալ տվյալներ։

15. Սույն կարգի 14-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում համապատասխան դիմումով ներկայացված անձանց տվյալները հանվում են հաշվառված շահառուների ցուցակից։

16. Դիմումը մերժելու կամ հաշվառելու կամ հաստատելու մասին անմիջապես ինքնաշխատ էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկվում շահառուի հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեին։ Էլեկտրոնային հաղորդագրությունը պարունակում է սույն կարգի 5-րդ կետում նշված տվյալները, դիմումը ներկայացնելու ամսաթիվը, իսկ դիմումը մերժելու դեպքում՝ նաև մերժելու հիմքերը։

17. Սույն կարգի 14-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում տվյալ դիմումով ներկայացված շահառուների տվյալները, սույն կարգի 8-րդ կետի հաշվառմամբ, ներառվում են տվյալ ամսվա վճարման նախնական ցուցակ, եթե համադրման օրվա դրությամբ անձը չի հանդիսանում բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում կամ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում ժամանակավոր բնակվող կամ բնակչության պետական ռեգիստրում Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անձ։ Հակառակ դեպքում անձի տվյալները չեն ներառվում վճարման նախնական ցուցակ։

18. Սույն կարգի 17-րդ կետով, իսկ հոկտեմբեր ամսվա համար՝ 4-րդ կետով սահմանված կարգով վճարման նախնական ցուցակ ներառված անձանց տվյալները հիմնադրամն ուղարկում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն՝ այդ անձանց վերջին սահմանահատման վերաբերյալ տվյալներ ստանալու համար։

19. Վերջին սահմանահատման վերաբերյալ տվյալներն ստանալուց հետո վճարման նախնական ցուցակ ներառած շահառուների տվյալները համեմատվում (համադրվում) են քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված՝ մահվան ակտերի գրանցման և անշարժ գույքի պետական ռեգիստրի տվյալների հետ, և շահառուների տվյալները (անչափահաս շահառուի դեպքում՝ նաև ծնողի տվյալները) ներառվում են վճարման ցուցակ։

20. Դիմումը մերժվում է՝

1) այն անձի մասով, ում մահվան պետական գրանցման վերաբերյալ տվյալներն առկա են քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալներում.

2) այն անձի մասով, ով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ չի գտնվում Հայաստանի Հանրապետությունում.

3) այն անձի և նրա ընտանիքի անդամների (ամուսին, անչափահաս երեխա) մասով, ով Հայաստանի Հանրապետությունում սեփականության (այդ թվում՝ համատեղ կամ բաժնային) իրավունքով ունի բնակվելու համար նախատեսված անշարժ գույք։

21. Եթե դիմումը չի մերժվում, ապա ամսական դրամական աջակցությունը վճարվում է դիմումը ներկայացնելու և դրան հաջորդող ամիսների համար, իսկ դիմումը մերժվելու դեպքում՝ ներկայացվում է նոր դիմում։

22. Սույն միջոցառման շրջանակներում ամսական դրամական աջակցությունը վճարվում է՝

1) Հայաստանի Հանրապետությունում սեփականության (այդ թվում՝ համատեղ կամ բաժնային) իրավունքով իրեն պատկանող բնակվելու համար նախատեսված անշարժ գույք ունեցող շահառուին՝ 10000 դրամի չափով.

2) Հայաստանի Հանրապետությունում սեփականության (այդ թվում՝ համատեղ կամ բաժնային) իրավունքով իրեն պատկանող բնակվելու համար նախատեսված անշարժ գույք չունեցող շահառուին՝ 50000 դրամի չափով։

23. Ամսական դրամական աջակցությունը վճարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 3-ի N 1675-Լ որոշման N 2 հավելվածով հաստատված կարգով՝ այդ կարգի 23-րդ կետում նշված 2024 թվականի հունվարի 25-ի, 2024 թվականի հունվարի 31-ի և 27-րդ կետում նշված 2024 թվականի հունվարի 20-ի փոխարեն սահմանելով, համապատասխանաբար, 2024 թվականի ապրիլի 25-ը, 2024 թվականի ապրիլի 30-ը և 2024 թվականի ապրիլի 19-ը։ Ամսական դրամական աջակցությունն անկանխիկ եղանակով վճարվում է այն բանկային հաշիվների միջոցով, որոնցով վճարվել է միանվագ դրամական աջակցությունը։

24. Անձը հաստատող փաստաթղթի բացակայության դեպքում շահառուն կարող է դիմել Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ հաստատված ժամանակավոր վկայական ստանալու համար:

25. Դրամական աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց և ենթակա չէ ժառանգման:

26. Շահառուն պարտավոր է ներկայացնել իրեն վերաբերող հավաստի տվյալներ (փաստաթղթեր), տեղեկացնել այն հանգամանքների մասին, որոնց առկայությունը կարող է հանգեցնել դրամական աջակցություն չվճարելուն (այդ թվում՝ նաև անչափահաս շահառուին նշանակելը մերժելուն): Սույն կետով սահմանված պարտականությունները չկատարելու հետևանքով ավել վճարված դրամական աջակցության գումարները ենթակա են հետգանձման օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

13.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան