Գլխավոր տեղեկություն
Համար
N 935-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.07.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.07.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հուլիսի 2019 թվականի N 935-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 19-ի N 802-Լ որոշման հավելվածի 34-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության մշակման նպատակով՝

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնախումբ:

2. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի կազմը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի գործունեության կարգը` համաձայն N 2 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարին` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը մեկ տարվա ընթացքում ներկայացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի հավանությանը:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հուլիսի 16

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2019 թ.

հուլիսի 16-ի N 935-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ

  

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար (հանձնախմբի նախագահ)

ՀՀ պաշտպանության նախարար

ՀՀ արտաքին գործերի նախարար

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն

ՀՀ ոստիկանության պետ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

ՀՀ ֆինանսների նախարար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

ՀՀ առողջապահության նախարար

ՀՀ արդարադատության նախարար

ՀՀ շրջակա միջավայրի նախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարար

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար (համաձայնությամբ)

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ)

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (համաձայնությամբ)

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի ներկայացուցիչ (հանձնախմբի քարտուղար)

  

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան

  

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2019 թ.

հուլիսի 16-ի N 935-Ա

որոշման

    

Կ Ա Ր Գ

    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

   

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ռազմավարության (այսուհետ նաև՝ ԱԱՌ) մշակման միջգերատեսչական հանձնախումբը (այսուհետ՝ հանձնախումբ) ստեղծվում է իրականացնելու ԱԱՌ -ի մշակման աշխատանքները:

2. Հանձնախումբը մշակում է ԱԱՌ-ն, որը Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարը (այսուհետ՝ քարտուղար) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) հերթական նիստի՝ նախագիծը խորհրդի հավանությանն արժանանալու համար:

3. Հանձնախումբն ԱԱՌ-ի մշակման աշխատանքների իրականացման նպատակով կազմակերպում է քննարկումներ Հայաստանի Հանրապետության շահագրգիռ մարմինների (այսուհետ՝ շահագրգիռ մարմիններ), իսկ անհրաժեշտության դեպքում՝ հասարակական-քաղաքական կազմակերպությունների հետ` վերջիններիս համաձայնությամբ:

4. Հանձնախումբն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, ազգային անվտանգության ոլորտը կարգավորող իրավական ակտերի և սույն կարգին համապատասխան:

  

II. ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

  

5. Հանձնախմբի խնդիրներն են ԱԱՌ-ի մշակումը, դրա հիման վրա կազմված նախագծերին համապատասխան ընթացք տալը:

6. Հանձնախումբն իր խնդիրների կատարման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) կազմակերպում է շահագրգիռ մարմինների, անհրաժեշտության դեպքում նաև հասարակական-քաղաքական կազմակերպությունների հետ ԱԱՌ-ի վերաբերյալ քննարկումներ` վերջիններիս համաձայնությամբ.

2) շահագրգիռ մարմիններից ստացված դիտողությունների և առաջարկությունների հիման վրա իրականացնում է ԱԱՌ-ի նախագծի մշակումն ու ամփոփումը.

3) նախագիծը քարտուղարը ներկայացնում է խորհրդի հավանությանը.

4) խորհրդի նիստում հավանության արժանանալուց հետո նախագիծը սահմանված կարգով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը.

5) նախագիծը խորհրդի կողմից հավանության չարժանանալու և (կամ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից չընդունվելու դեպքում ստեղծված հանձնախումբը սույն որոշմամբ հաստատված կարգով շարունակում է ստանձնած աշխատանքների կատարումը:

  

III. ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

  

7. Հանձնախմբի նախագահը խորհրդի քարտուղարն է:

8. Հանձնախմբի նախագահը`

1) ղեկավարում է հանձնախմբի գործունեությունը.

2) առարկություններ, առաջարկություններ և դիտողություններ ներկայացնելու համար կարող է դիմել շահագրգիռ մարմիններին և հասարակական-քաղաքական կազմակերպություններին.

3) ամփոփում և մշակում է շահագրգիռ մարմիններից և հասարակական-քաղաքական կազմակերպություններից ստացված առարկությունները, առաջարկություններն ու դիտողությունները.

4) հանձնախմբի աշխատանքների կազմակերպման համար աշխատանքային խմբեր ստեղծելու առաջարկով դիմում է Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ խմբում ընդգրկելով նաև հանձնախմբի աշխատանքների հետ առնչվող փորձագետների և փորձագիտական հաստատությունների ներկայացուցիչների (կազմակերպությունների).

5) նշանակում է հանձնախմբի նիստի անցկացման վայրը, օրը և հաստատում օրակարգը.

6) հրավիրում է հանձնախմբի նիստերը, ներկայացնում հանձնախումբն այլ մարմիններում և կազմակերպություններում.

7) տալիս է հանձնարարականներ:

9. Հանձնախումբն իր գործունեությունն իրականացնում է կոլեգիալության սկզբունքով՝ նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ:

10. Անհրաժեշտության դեպքում հանձնախմբի նախագահի կամ հանձնախմբի անդամների մեծամասնության առաջարկությամբ կարող է հրավիրվել հանձնախմբի արտահերթ նիստ:

11. Հանձնախմբի նիստերը վարում է հանձնախմբի նախագահը: Հանձնախմբի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է հանձնախմբի նախագահի կողմից որոշված հանձնախմբի անդամներից որևէ մեկը:

12. Հանձնախմբի նախագահի հանձնարարությամբ քննարկումներ և աշխատանքային հանդիպումներ կարող են տեղի ունենալ հանձնարարականում նշված շահագրգիռ մարմինների միջև:

13. Հանձնախմբի անդամներից բացի, հանձնախմբի նիստերին հանձնախմբի նախագահի կամ հանձնախմբի անդամների կեսից ավելիի համաձայնության դեպքում կարող են հրավիրվել նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ տեղեկատվությանը տիրապետող պետական կառավարման այլ մարմինների և (կամ) հարցերին առնչություն ունեցող հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչները ու (կամ) շահագրգիռ անձինք:

14. Նիստերն արձանագրում է հանձնախմբի քարտուղարը:

15. Հանձնախմբի նիստերի արձանագրություններն ստորագրում են հանձնախմբի նախագահը և հանձնախմբի քարտուղարը:

16. Հանձնախմբի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնախմբի անդամների առնվազն 2/3-ը:

17. Հանձնախմբի յուրաքանչյուր անդամ նիստի օրակարգը լրացնելու դեպքում կարող է հանձնախմբի նախագահին ներկայացնել առաջարկություններ նիստից առնվազն յոթ օր առաջ՝ կցելով նաև առաջարկության հիմնավորումը և անհրաժեշտ նյութերը:

18. Հանձնախմբի նիստերի վերջնական օրակարգը և քննարկվելիք հարցերին վերաբերող այլ անհրաժեշտ փաստաթղթերը հանձնախմբի անդամներին են փոխանցվում նիստից առնվազն հինգ օր առաջ՝ հնարավորության դեպքում էլեկտրոնային փոստի միջոցով:

19. Հանձնախմբի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստին ներկա անդամների ձայների 2/3-ով:

20. Ձայների հավասարության դեպքում հարցը դրվում է լրացուցիչ քննարկման և անցկացվում է նոր քվեարկություն: Եթե հանձնախմբի որոշման վերաբերյալ որևէ անդամ ունի հատուկ կարծիք, ապա այն գրավոր կցվում է հանձնախմբի նիստի արձանագրությանը և հանդիսանում է վերջինիս անբաժանելի մասը:

21. Հանձնախմբի անդամները՝

1) կարող են ներկայացնել հարցեր՝ հանձնախմբի նիստի օրակարգում ընդգրկելու համար.

2) կարող են հանձնախմբի նիստերի ընթացքում քննարկվող հարցերի վերաբերյալ ներկայացնել իրենց բանավոր կամ գրավոր կարծիքը.

3) մասնակցում են որոշումների ընդունման համար անցկացվող քվեարկությանը.

4) մասնակցում են հանձնախմբի աշխատանքներին.

5) իրենց իրավասության սահմաններում կատարում են հանձնախմբի նպատակների և խնդիրների լուծման համար հանձնախմբի կողմից ընդունված աշխատակարգային որոշումները և հանձնախմբի նախագահի հանձնարարականները:

 

IV. ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ, ՀԱՆՁՆԱԽՄԲԻ, ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

22. Հանձնախմբի նիստի արձանագրության մեջ նշվում է՝

1) նիստի անցկացման վայրը, տարին, ամիսը և ամսաթիվը, նիստը սկսելու և ավարտելու ժամերը.

2) նիստի օրակարգը.

3) նիստին մասնակցող հանձնախմբի անդամների, հրավիրված անձանց և մասնակցության դեպքում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների տվյալները.

4) քննարկվող հարցերի և ելույթների հիմնական կետերը.

5) նիստին մասնակցող հանձնախմբի անդամների ներկայացրած առաջարկները, դիտողությունները.

6) ընդունված որոշումները՝ ներառյալ տվյալ որոշման վերաբերյալ քվեարկության արդյունքները.

7) այլ անհրաժեշտ տեղեկություններ:

23. Հանձնախմբի նիստերի արձանագրությունները պահվում են խորհրդի գրասենյակում, անհրաժեշտության դեպքում հրապարակվում են խորհրդի պաշտոնական կայքէջերում՝ նիստի օրվան հաջորդող հնգօրյա ժամկետում:

24. Հանձնախմբի նիստը նախագահողի որոշմամբ կարող է ձայնագրվել, որի վերաբերյալ համապատասխան նշում է կատարվում նիստի արձանագրության մեջ:

25. Հանձնախմբի նիստերի արձանագրությունները կամ արձանագրության քաղվածքները կարող են տրամադրվել հանձնախմբի անդամներին՝ վերջիններիս ցանկությամբ, հնգօրյա ժամկետում:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան