Գլխավոր տեղեկություն
Համար
N 888-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.07.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.08.15/19(655) Հոդ.631
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.07.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հուլիսի 2019 թվականի N 888-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 430-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Նպատակային ուսումնառության համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմանները սահմանելու մասին» N 430-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման 1-ին և 3-րդ կետերի 2-րդ ենթակետերը և N 2 հավելվածի ամբողջ տեքստը «(արհեստագործական)» բառից հետո լրացնել «կամ միջին մասնագիտական» բառերով.

2) որոշման N 1 հավելվածում՝

ա. 2-րդ կետի վեցերորդ նախադասությունը «ավարտելու» բառից հետո լրացնել «կամ սույն պայմանների 12-րդ կետում նախատեսված» բառերով.

բ. 5-րդ կետի 1-ին ենթակետում «3 տարի ժամկետով» բառերը փոխարինել «3 ամիս ժամկետով շարքային կազմի պարտադիր զինծառայողի կարգավիճակով պատրաստություն և 2 տարի ժամկետով» բառերով.

գ. 7-րդ կետի առաջին և երկրորդ նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Թեստավորման արդյունքներով հաղթող են ճանաչվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ներկայացված անհրաժեշտ տեղերի թվի շրջանակներում` առավելագույն միավորից նվազման կարգով մինչև անհրաժեշտ թիվը լրանալը, համապատասխան միավորներ հավաքած այն քաղաքացիները, որոնց միջին որակական գնահատականը (ՄՈԳ) կազմում է տվյալ բարձրագույն ուսումնական հաստատությունում սահմանված ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 70 տոկոսը կամ ովքեր հավաքել են տվյալ բարձրագույն ուսումնական հաստատության համար սահմանված ընդունելության քննությունների առավելագույն դրական միավորների հանրագումարի առնվազն 75 տոկոսը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ հաստատված կարգի 108-րդ կետի համաձայն կամ միջնակարգ կրթության ատեստատի կամ միջին մասնագիտական կամ նախնական մասնագիտական ուսումնական հաստատության ավարտական փաստաթղթի գնահատականներով բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունված այն քաղաքացիները, ովքեր հավաքել են ընդհանուր զարգացվածության աստիճանը որոշող թեստի առավելագույն արժեքի առնվազն 75 տոկոսը: Ընդ որում, անկախ թեստավորման արդյունքներից, հաղթող ճանաչվելու առաջնահերթությունը տրվում է համապատասխան միջին որակական գնահատական ունեցող քաղաքացիներին:»,

դ. 7-րդ կետի երրորդ նախադասությունը «անվանացուցակներ» բառից հետո լրացնել «՝ թեստավորմանը մասնակցած քաղաքացիների անվանացուցակում նշելով յուրաքանչյուր քաղաքացու թեստավորման արդյունքները, ՄՈԳ-ի և (կամ) ընդունելության (մրցութային) քննություններից հավաքած միավորների տոկոսները» բառերով.

ե. 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Սույն պայմանների՝ 11-րդ կետում նախատեսված դեպքերում տարկետման իրավունքը դադարած քաղաքացուն սույն պայմանների համաձայն կրկին անգամ տարկետում չի տրվում:»,

զ. N 3 ձևում նախատեսված պայմանագրի 1.1-ին կետում «3 տարի ժամկետով,» բառերը փոխարինել «2 տարի 3 ամիս ժամկետով, որում առաջին 3 ամիսը՝ շարքային կազմի պարտադիր զինծառայողի կարգավիճակով,» բառերով, իսկ 2.1.3-րդ և 2.2.3-րդ կետերը «զորակոչվելուց» բառից հետո լրացնել «և շարքային կազմի պարտադիր զինծառայողի կարգավիճակով պատրաստություն անցնելուց» բառերով:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «բ» և «զ» պարբերությունների դրույթները տարածվում են նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ կնքված՝ ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու քաղաքացիաիրավական բնույթի պայմանագրերի վրա:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից՝ բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ա», «գ», «դ» և «ե» պարբերությունների, որոնք ուժի մեջ են մտնում 2019 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հուլիսի 16

Երևան