Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.09.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2019.04.03/3(107) Հոդ.249
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
20.09.2018
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
20.09.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

 

Գործ թիվ ԱՐԴ1/0006/11/17

Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ` դատավորներ

Հ. Ասատրյանի

Ե. Դանիելյանի

ա. պողոսՅԱՆԻ

Ս. Օհանյանի

 
քարտուղարությամբ`

Մ. Ավագյանի

մասնակցությամբ`
դիմողի ներկայացուցիչ`

Դ. Հունանյանի

2018 թվականի սեպտեմբերի 20-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 20-ի որոշման դեմ դիմող «Հեսսար» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Դ.Հունանյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2016 թվականի ապրիլի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 57110416 քրեական գործը:

Նախաքննական մարմնի՝ 2017 թվականի ապրիլի 14-ի որոշմամբ քրեական գործի վարույթը կարճվել է, և Տիգրան Ալաջաջյանի, Միքայել Կարապետի, Լևոն Համբարձումյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով քրեական հետապնդում չի իրականացվել՝ արարքներում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Վերոհիշյալ որոշման դեմ «Հեսսար» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Դ.Հունանյանի բողոքն Արմավիրի մարզի դատախազի` 2017 թվականի մայիսի 10-ի որոշմամբ մերժվել է:

2. «Հեսսար» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Դ.Հունանյանի բողոքի քննության արդյունքում Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) 2017 թվականի օգոստոսի 1-ի որոշմամբ բողոքը մերժել է:

3. «Հեսսար» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Դ.Հունանյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան)  2017 թվականի դեկտեմբերի 20-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի օգոստոսի 1-ի որոշումը:

4. Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել «Հեսսար» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Դ.Հունանյանը, որը Վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի հունիսի 5-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել: 

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Առաջին ատյանի դատարան ներկայացրած բողոքում «Հեսսար» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Դ.Հունանյանը, ի թիվս այլոց, նշել է հետևյալը. «(…) [Տ]ուժողի դատավարական իրավունքների խախտման վերաբերյալ [իր] դիրքորոշումն ամրապնդվում է ՀՀ Սահմանադրական դատարանի 30.05.2017թ. ՍԴՈ-1372 որոշմամբ տրված մեկնաբանությունների լույսի ներքո:

(…) [Ե]թե տուժողը նախապես տեղեկացվեր նախաքննության ավարտի վերաբերյալ և մինչև նախաքննության ավարտը` քրեական գործի վարույթի կարճումը, ծանոթանար քրեական գործի նյութերին, կկարողանար ներկայացնել բոլոր այն առարկությունները և միջնորդությունները, որոնց չեն անդրադարձել քննիչը և դատախազը։ Միայն ներկայացված առարկությունները և միջնորդությունները պատշաճ կարգով քննության առնելու պարագայում քրեական գործով կարճման որոշման կայացումը չի խախտի տուժողի՝ քրեական օրենքով պաշտպանվող շահերի պաշտպանության համար գործի արդարացի քննության իրավունքը» 1:

6. Առաջին ատյանի դատարանը, մերժելով «Հեսսար» ՍՊԸ-ի ներկայացուցչի բողոքը, նշել է. «(…) [Քրեական հետապնդման մարմինների որոշումներով] փաստվել է, որ քրեական գործի նախաքննությամբ չի հիմնավորվել և փաստական հանգամանքներ ձեռք չեն բերվել Տ.Ալաջաջյանի, Մ.Կարապետի և Լ.Համբարձումյանի կողմից գումարներ յուրացնելու կամ վատնելու վերաբերյալ, և սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները:

 (…)

Դատարանը, ստուգելով վիճարկվող որոշումները և դրանցով դիմող կողմի իրավունքների ենթադրյալ խախտման վերաբերյալ փաստարկները, արձանագրում է, որ քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին նախաքննական մարմնի որոշմամբ դիմող կողմի ենթադրաբար խախտված իրավունքները վերականգնելուն պարտավորեցնելու հիմքերը բացակայում են (…)»2:

7. Վերաքննիչ դատարան ներկայացրած բողոքում «Հեսսար» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Դ.Հունանյանը, ի թիվս այլոց, նշել է հետևյալը. «(…) Դատարանը բողոքը մերժել է` ոչ թե քննարկելով և անհիմն համարելով ներկայացված փաստարկները, այլ պատճառաբանելով, որ առհասարակ, տվյալ գործով` «Հեսսար» ՍՊԸ-ի ենթադրաբար խախտված գույքային իրավունքերը ենթակա են վերականգնման քաղաքացիադատավարական ընթացակարգով (…)» 3:

8. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, արձանագրել է. «(…) Վերաքննիչ դատարանը, իր հերթին անդրադառնալով բարձրացված հարցին, փաստում է, որ այս պարագայում չի հիմնավորվել Տիգրան Ալաջաջյանի, Միքայել Կարապետի և Լևոն Համբարձումյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու փաստը և նման դեպքում խոսքը գնում է ոչ թե քրեական օրենքով արգելված արարք կատարելու մասին, այլ կողմերի միջև վեճը կրում է մասնավոր բնույթ և վերաբերելի է նշված սուբյեկտների միջև պարտավորությունների ոչ պատշաճ կատարմանը, ինչն էլ իր հերթին ենթադրում է իրավահարաբերության մասնակիցների իրավունքների և ազատությունների պաշտպանության հանրային ռեսուրսների կիրառման անհնարինության և մասնավոր ռեսուրսների կիրառման անհրաժեշտության մասին:

(…)

Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, բողոքաբերի բողոքը քննության առնելիս Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ չեն տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք հանգեցրել են դատական սխալի և կարող են հիմք հանդիսանալ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի օգոստոսի 01-ի որոշումը բեկանելու և փոփոխելու համար»4:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

9. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել դատավարական իրավունքի այնպիսի էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա: Մասնավորապես խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 9-րդ, 247-րդ, 262-րդ հոդվածների պահանջները, ինչպես նաև դատարանները չեն կիրառել Սահմանադրական դատարանի` 2017 թվականի մայիսի 30-ի թիվ ՍԴՈ-1372 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ի հիմնավորումն իր վերոհիշյալ փաստարկի՝ բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանն իր որոշմամբ չի բավարարել ներկայացված բողոքը, իսկ Վերաքննիչ դատարանն իր հերթին հաստատել է դրա օրինականությունը։ Մինչդեռ սույն գործով նախաքննական մարմինը Սահմանադրությանը հակասող բովանդակությամբ է մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածը, որի արդյունքում չի պարզաբանել գործի նյութերի հետ ծանոթանալու դիմողի իրավունքը` մինչև գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում կայացնելը: Ստացվում է, որ քննիչը զրկել է «Հեսսար» ՍՊԸ-ի ներկայացուցչին մինչև գործի վարույթը կարճելն ու քրեական հետապնդում չիրականացնելը գործի նյութերին ծանոթանալու հնարավորությունից: Բողոքաբերը նշել է, որ այս պայմաններում ինքը հնարավորություն չի ունեցել կազմելու լիարժեք կարծիք գործի վարույթը կարճելու մասին որոշման իրավաչափության վերաբերյալ, քանի որ ստիպված է եղել բավարարվել միայն իր տրամադրության տակ գտնվող փորձագետի եզրակացության և գործի վարույթի կարճման որոշման ուսումնասիրությամբ:

9.1. Բողոքաբերը նշել է նաև, որ արդյունքում ինքն ըստ էության զրկված է եղել գործում առկա փորձագետի եզրակացությանն անհամաձայնություն հայտնելու և կրկնակի կամ լրացուցիչ փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու իրավունքից, քանի որ փորձագետի եզրակացությանը ծանոթանալուց հետո ինքն արձանագրության մեջ նշել է, որ ծանոթացել է եզրակացությանը, միջնորդություններ չունի, իսկ ունենալու դեպքում՝ կներկայացնի: Հետագայում ներկայացրել է միջնորդություն՝ խնդրելով նշանակել կրկնակի համալիր փորձաքննություն, սակայն այդ ժամանակ քննիչն արդեն կայացրած է եղել որոշում գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին: Այսինքն` ստացվում է` ներկայացված միջնորդությունը՝ կրկնակի փորձաքննություն նշանակելու մասին, չի քննարկվել քննիչի կողմից, և ներկայումս գործում առկա է փորձաքննության եզրակացություն, որի արժանահավատությունն այլևս չի կարող կասկածի տակ դրվել՝ գործով նախաքննությունն ավարտված լինելու պատճառով:

Նշվածի հաշվառմամբ բողոքի հեղինակը եզրահանգել է, որ առկա է իրավունքի զարգացման խնդիր այն հարցի կապակցությամբ, որ նախաքննության ավարտին նախորդող ժամանակահատվածում քննիչը պարտավոր է հաղորդել շահագրգիռ անձանց գործի վարույթը կարճելու համար հավաքված նյութերի բավարարության մասին: Հակառակ դեպքում լիարժեք չեն իրացվի դատավարության մասնակցի՝ գործի նյութերին ծանոթանալու և, նախքան կարճման որոշում կայացնելը, միջնորդություններ հարուցելու իրավունքները:  

10. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել ու փոփոխել Վերաքննիչ դատարանի՝ 2017 թվականի դեկտեմբերի 20-ի որոշումը, պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնել «Հեսսար» ՍՊԸ-ի իրավունքների խախտումը, այն է՝ վերացնել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին քննիչի` 2017 թվականի ապրիլի 14-ի որոշումը և շարունակել գործի նախաքննությունը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մինչև քրեական գործով վարույթը կարճելը և քրեական հետապնդումը դադարեցնելը (քրեական հետապնդում չիրականացնելը) դատավարության մասնակիցներին և գործով շահագրգիռ անձանց գործի նյութերը ծանոթացման ներկայացնելու կառուցակարգի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:

 12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք դիմող «Հեսսար» ՍՊԸի իրավունքների խախտման բացակայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունն այն դեպքում, երբ մինչև քրեական գործի վարույթը կարճելը և քրեական հետապնդում չիրականացնելը գործի նյութերը դիմողին ծանոթացման չեն նեկայացվել։

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իր իրավունքները և ազատությունները»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Նախաքննությունն ավարտվում է (…) քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում կազմելով»:

Մինչև 2018 թվականի մայիսի 4-ը գործող խմբագրությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի համաձայն` «1. Քննիչը քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման պատճենն ուղարկում է (…) այն ֆիզիկական անձին կամ իրավաբանական անձի ներկայացուցչին, որոնց հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործը:

 2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց պարզաբանվում է գործի նյութերի հետ ծանոթանալու նրանց իրավունքը և վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման բողոքարկման կարգը:

3. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն սույն օրենսգրքով սահմանված կարգով ծանոթանալ կարճված գործի նյութերին»:

2018 թվականի մայիսի 4-ից գործող խմբագրությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի համաձայն` «1. Քննիչը (…) այն ֆիզիկական անձին կամ իրավաբանական անձի ներկայացուցչին, որոնց հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործը, պատշաճ ծանուցմամբ անհապաղ ուղարկում է քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը՝ պարզաբանելով գործի նյութերին ծանոթանալու նրանց իրավունքը և որոշման բողոքարկման կարգը և ժամկետները:

(…)

3. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն սույն օրենսգրքով սահմանված կարգով ծանոթանալ կարճված գործի նյութերին»:

14. ՀՀ սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-1372 որոշմամբ, բացահայտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակությունը, նշել է. «(…) [Տ]ուժողի՝ որպես դատավարության մասնակցի կողմից նախաքննության ավարտին գործի նյութերին ծանոթանալու վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանն արտահայտել է համապատասխան իրավական դիրքորոշումներ իր ՍԴՈ-1008 որոշման մեջ: Մասնավորապես, (…) Սահմանադրական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «գործի նյութերին` շահագրգիռ սուբյեկտների, այդ թվում` տուժողի կողմից ծանոթանալու ժամանակահատվածը կազմում է նախաքննության ինքնուրույն մաս, նախորդում է նախաքննության ավարտին, և, հետևաբար, տուժողը` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վիճարկվող հոդվածով սահմանված` գործի նյութերին ծանոթանալու իր իրավունքն իրացնում է մինչև նախաքննության ավարտը»:

Նույն որոշման շրջանակում Սահմանադրական դատարանը նաև արձանագրել է, որ. «(…) Նախաքննության փուլում տուժողի (…) իրավունքների, նախաքննություն իրականացնող մարմինների համապատասխան պարտականությունների համադրված վերլուծության հիման վրա, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ տուժողի` գործի նյութերին ծանոթանալու իրավունքն իրացվում է մինչև մեղադրական եզրակացություն կազմելը, այն է` նախաքննության (…) ավարտին նախորդող ժամանակահատվածում` սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթները չեն խոչընդոտում տուժողի իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանությանը»:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիշատակված որոշման շրջանակում դատավարության մասնակցի` գործի նյութերին ծանոթանալու իրավունքի վերաբերյալ վերը նշված իրավական դիրքորոշումները վերաբերում են մեղադրական եզրակացություն կազմելու միջոցով նախաքննության ավարտման դեպքին, այդուհանդերձ, Սահմանադրական դատարանը գտնում է, որ դրանք հավասարապես կիրառելի են նաև գործի վարույթը կարճելու միջոցով նախաքննությունն ավարտելիս օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անձանց, մասնավորապես, տուժողի` գործի նյութերին ծանոթանալու իրավունքի նկատմամբ:

Ըստ այդմ էլ, հիշյալ իրավական դիրքորոշումների համատեքստում Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսգրքի 262-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նաև նրան, որ գործի վարույթը կարճելու միջոցով նախաքննությունն ավարտելիս տուժողի կամ օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դատավարության մյուս մասնակիցների` գործի նյութերին ծանոթանալու իրավունքն իրացվում է մինչև գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելը, այն է` նախաքննության ավարտին նախորդող ժամանակահատվածում»5:

15. Սույն որոշման 13-րդ կետում վկայակոչված իրավադրույթների հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործի նյութերին ծանոթանալու իրավունքն ունի հիմնարար նշանակություն դատավարության մասնակիցների կամ շահագրգիռ անձանց կողմից իրենց իրավունքների ու օրինական շահերի արդյունավետ պաշտպանությունն իրականացնելու համար։ Մասնավորապես, այն հնարավորություն է տալիս մի կողմից պատկերացում կազմելու գործի ընթացքի մասին, միջնորդելու կատարել լրացուցիչ քննչական կամ այլ դատավարական գործողություններ, մյուս կողմից` անհրաժեշտության դեպքում ներկայացնելու փաստական տվյալներով հիմնավորված բողոք վարույթն իրականացնող մարմնի ոչ իրավաչափ որոշումների կամ գործողությունների (անգործության) դեմ։

15.1 Օրենսդիրը քրեական դատավարությունում նախատեսել է գործի նյութերին ծանոթանալու տարբեր իրավական ընթացակարգեր` մինչև նախաքննության ավարտը և նախաքննության ավարտից հետո։ Ընդ որում, եթե առաջին դեպքում, ելնելով նախաքննական գաղտնիքի պաշտպանության անհրաժեշտությունից կամ քրեադատավարական համապատասխան փուլի առանձնահատկություններից, գործի նյութերին ծանոթանալու իրավունքը, որպես կանոն, ենթարկվում է ժամանակային կամ ծավալային սահմանափակման, ապա երկրորդ դեպքում դատավարության մասնակիցների համար երաշխավորված է առանց որևէ սահմանափակման գործի նյութերին ծանոթանալու իրավունքը։ Այսպես` նախաքննության ավարտման պահից գործի բոլոր նյութերին ծանոթանալու, դրանցից պատճեններ հանելու և գործից ցանկացած ծավալի տեղեկություն դուրս գրելու իրավունքը քրեական դատավարության օրենսգրքում նախատեսված է տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի, մեղադրյալի, վերջիններիս օրինական ներկայացուցչների, ինչպես նաև պաշտպանի համար6։

Միևնույն ժամանակ, ելնելով դատավարության մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության անհրաժեշտությունից, ապացույցներ հավաքելու կողմերի հնարավորություններից` գործի նյութերին ծանոթանալու իրավունքը որոշ դեպքերում օրենսդիրը երաշխավորել է նաև մինչև նախաքննության ավարտը։

Այսպես, օրինակ` հաշվի առնելով ձեռքբերվող ապացույցի առանձնահատկությունները, դատավարության մասնակիցների իրավունքները` փորձաքննության եզրակացությունը ծանոթացման է ներկայացվում այն ստանալու պահից 10-օրյա ժամկետում7։ Կամ` գործի նյութերին ծանոթանալու և ըստ անհրաժեշտության` լրացուցիչ քննչական կամ այլ դատավարական գործողություններ կատարելու միջնորդություններ ներկայացնելու համար քրեական դատավարության օրենսգրքում ամրագրված է մինչև մեղադրական եզրակացություն կազմելը դատավարության մասնակիցներին գործի նյութերը ծանոթացման ներկայացնելու կարգը։ Վերջինս ըստ էության լրացուցիչ երաշխիք է կողմերի միջև դատավարական իրավահավասարության սկզբունքը կենսագործելու և, ըստ այդմ, ապացուցողական «զամբյուղում» ինչպես մեղադրական, այնպես էլ պաշտպանական կողմի համոզմամբ ձեռքբերման ենթակա փաստական տվյալները ներառելու համար։

15.2 Սույն որոշման 14-րդ կետում մեջբերված` ՀՀ սահմանադրական դատարանի և նախորդ կետում արտահայտված Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ հարկ է արձանագրել, որ գործի նյութերին ծանոթանալու և ըստ անհրաժեշտության` լրացուցիչ քննչական կամ այլ դատավարական գործողություններ կատարելու միջնորդություններ ներկայացնելու իրավունքն ունի հիմնարար նշանակություն նաև քրեական գործի վարույթը կարճելու հարցը լուծելիս։ Այլ կերպ` նախաքննությունը գործի վարույթը կարճելու որոշմամբ ավարտելիս դատավարության մասնակիցների, շահագրգիռ անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ապահովելու համար ևս գործի նյութերը պետք է ներկայացվեն ծանոթացման։ Հակառակ պարագայում, նախաքննության ավարտից հետո (post factum) գործի նյութերին ծանոթանալիս դատավարության մասնակիցները և շահագրգիռ անձինք զրկվում են գործի վարույթի կարճմանը նախորդող ժամանակահատվածում իրենց իրավունքներն արդյունավետ պաշտպանելու համար վարույթն իրականացնող մարմնին համապատասխան քննչական կամ այլ դատավարական գործողությունների կատարման միջնորդություններ ներկայացնելու, ապացուցողական «զամբյուղի» ձևավորմանը մասնակցելու իրավունքից։ Ավելին` սահմանափակվում է նաև գործի վարույթը կարճելու որոշման դեմ գործի նյութերում պարունակվող փաստական տվյալներով հիմնավորված բողոք ներկայացնելու դատավարության մասնակիցների և շահագրգիռ անձանց իրավունքը։

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բավարար ապացույցներ ձեռքբերելով գործի վարույթը կարճելու համար` վարույթն իրականացնող մարմինը մինչև համապատասխան որոշման կայացումը ողջամիտ ժամկետում պետք է դատավարության մասնակիցներին և գործով շահագրգիռ անձանց պարզաբանի գործի նյութերին ծանոթանալու նրանց իրավունքը և հնարավորություն ստեղծի իրացնելու այն:

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ «Հեսսար» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Դ.Հունանյանը բողոք է ներկայացրել Առաջին ատյանի դատարան նախաքննական մարմնի և դատախազի որոշումների դեմ, որով խնդրել է վերականգնել տուժողի խախտված իրավունքները, քանի որ նախաքննության ավարտին տուժողին չի պարզաբանվել գործի նյութերին ծանոթանալու նրա իրավունքը, ինչը նրան զրկել է միջնորդություններ և առարկություններ ներկայացնելու հնարավորությունից8:

Առաջին ատյանի դատարանը մերժել է բողոքն այն հիմնավորմամբ, որ քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշմամբ չեն խախտվել դիմողի իրավունքները9:

Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտը թողնելով անփոփոխ, փաստել է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական, հիմնավորված և պատճառաբանված է, և որ բողոքը քննության առնելիս Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ չեն տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք կհանգեցնեին դատական սխալի և որոշումը բեկանելու ու փոփոխելու հիմք կհանդիսանային10:

17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-15.2-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դիմողի իրավունքների խախտումների բացակայության մասին ստորադաս դատարանների դատողությունները հիմնավոր չեն։ Մասնավորապես, Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները պատշաճ իրավական գնահատականի չեն արժանացրել բողոքաբերի բարձրացրած այն փաստարկը, որ մինչև նախաքննության ավարտը վերջինիս չի պարզաբանվել գործի նյութերին ծանոթանալու նրա իրավունքը և հնարավորություն չի ստեղծվել իրացնելու այն: Արդյունքում` դիմողը զրկվել է գործի վարույթի կարճմանը նախորդող ժամանակահատվածում իր իրավունքներն արդյունավետ պաշտպանելու համար վարույթն իրականացնող մարմնին համապատասխան քննչական կամ այլ դատավարական գործողությունների կատարման միջնորդություններ ներկայացնելու, ապացուցողական «զամբյուղի» ձևավորմանը մասնակցելու իրավունքից։

Հետևաբար դիմող «Հեսսար» ՍՊԸի իրավունքների խախտման բացակայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունը հիմնավոր չէ, քանի որ մինչև քրեական գործի վարույթը կարճելը և քրեական հետապնդումը չիրականացնելը գործի նյութերը դիմողին ծանոթացման չեն նեկայացվել։

18. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատարանների կողմից թույլ են տրվել քրեադատավարական օրենքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 406-րդ հոդվածների համաձայն, հիմք են Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների դատական ակտերը բեկանելու և փոփոխելու համար: Միևնույն ժամանակ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է դիմող «Հեսսար» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Դ.Հունանյանի բողոքը բավարարել և պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնել դիմողի իրավունքների և ազատությունների խախտումը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող «Հեսսար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչ Դ.Հունանյանի բողոքը մերժելու մասին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի օգոստոսի 1-ի և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 20-ի որոշումները բեկանել և փոփոխել: Դիմող «Հեսսար» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Դ.Հունանյանի բողոքը բավարարել՝ պարտավորեցնել վարույթ իրականացնող մարմնին վերացնել դիմողի իրավունքների և ազատությունների խախտումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

ա. պողոսՅԱՆ

Ս. Օհանյան


______________________________________

1 Տես նյութեր, հատոր 2, թերթ 7:

2 Տես նյութեր, հատոր 2, թերթեր 39-40:

3 Տես նյութեր, հատոր 2, թերթ 53:

4 Տե’ս նյութեր, հատոր 2, թերթ 112:

5 Տե´ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի մայիսի 30-ի թիվ ՍԴՈ-1372 որոշման 6-րդ կետը:

6 Տե´ս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 61-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, 65-րդ հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետը, 73-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը, 75-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 77-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը։

7 Տե´ս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը։

8 Տե´ս սույն որոշման 5-րդ կետը։

9 Տե´ս սույն որոշման 6-րդ կետը:

10 Տե´ս սույն որոշման 8-րդ կետը: