Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.05.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
31.05.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
31.05.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.05.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ1/0833/02/09

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ1/0833/02/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Խառատյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

2010 թվականի մայիսի 31-ին,

քննարկելով Սերգեյ Օհանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.03.2010 թվականի որոշման դեմª ըստ հայցի Սերգեյ Օհանյանի ընդդեմ Սիմոն Սարգսյանի և Նունե Հովհաննիսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործով կայացված դատական ակտի էությունը 

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետª Դատարան) 08.02.2010 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է՝ մինչև թիվ 26108209 քրեական գործով վերջնական դատական ակտ կայացնելը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.03.2010 թվականի որոշմամբ Սերգեյ Օհանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 08.02.2010 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ: 

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սերգեյ Օհանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

 2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն քաղաքացիական գործով գումարի բռնագանձման պահանջի հիմքը Սերգեյ Օհանյանին Սիմոն Սարգսյանի և Նունե Հովհաննիսյանի կողմից տրված պարտավորագիրն է: Հետևաբարհարուցված թիվ 26108209 քրեական գործով որպես վկա հարցաքննված Արա Օհանյանի հարցաքննության արձանագրությունը չի կարող հիմք հանդիսանալ սույն քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու համար, քանի որ քրեական գործը հարուցվել է այլ անձի հաղորդագրության հիման վրա՝ ինքնիրավչության փաստի առթիվ, և քրեական գործի ավարտը չի կարող որևէ կապ ունենալ սույն գործի քննության հետ, այսինքն` սույն քաղաքացիական գործի քննությունն անհնարին չէ միևչ մինչ քրեական գործով վերջնական որոշում կայացնելը:

 

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 09.03.2010 թվականի որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննարկելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններումª Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

<<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին>> եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն` առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն շարժառիթները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ:     

Վերը նշված օրինադրույթների իմաստով դատարանի պարտականությունն է կասեցնելու գործի վարույթը, եթե դրա քննությունն անհնարին է մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը, իսկ գործի վարույթը կասեցնելու մասին դատարանի որոշման մեջ պետք է նշվեն շարժառիթները, օրենքները, այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը հանգել է հետևությունների:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի վարույթի կասեցման դատարանի պարտականությունը չի ծագում, եթե տվյալ իրավահարաբերությունը կամ փաստը կարող է հաստատվել տվյալ գործի քննության շրջանակներում:

Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելիս պարտավոր է`

1. նշել այն կապը, որն առկա է քննվող գործի և այլ դատարանում սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող գործի միջև, այսինքն` նշել այլ դատավարության կարգով քննվող այն իրավահարաբերությունները կամ փաստերը, որոնք քննվող գործի համար իրավաբանական նշանակություն ունեն,

2. նշել, թե ինչու տվյալ իրավահարաբերությունը կամ փաստը չի կարող հաստատվել տվյալ գործի քննության շրջանակներում, այսինքն` ցույց տալ գործի քննության անհնարինությունը:

Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը, որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տրվի կիրառման ենթակա նորմը պարունակող նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է կազմում գործի ողջամիտ ժամկետում քննությունը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ նույնիսկ քաղաքացիական դատավարության ժամանակ, երբ ներպետական օրենսդրությունը և պրակտիկան կողմերից են պահանջում նախաձեռնություն ցուցաբերել դատավարական շարժի համար, պետությունը պարտավոր է երաշխավորել դատավարության ողջամտությունը (Տես Կռոտերն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 01.02.2005 թվականի վճիռը, կետ 29, CROWTHER v. THE UNITED KINGDOM, 1 February 2005, par. 29): Եվրոպական դատարանը նշել է նաև, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածը պահանջում է Բարձր Պայմանավորվող կողմերից իրենց իրավական համակարգը կազմակերպել այնպես, որը թույլ կտա դատարաններին գործել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` մասնավորապես գործի քննության ողջամիտ ժամկետի հետ կապված (Տես Բաչոլզն ընդդեմ Գերմանյայի գործով Եվրոպական դատարանի 06.05.1981 թվականի վճիռը, կետ 51, BUCHHOLZ v. GERMANY, 6 May 1981, par. 51): 

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը Սերգեյ Օհանյանի վերաքննիչ բողոքը մերժելիս հիմք է ընդունել այն հանգամանքը, որ անհնարին է սույն գործի քննությունը մինչև հարուցված թիվ 26108209 քրեական գործով վերջնական դատական ակտ կայացնելը, քանի որ այդ գործով որպես վկա հարցաքննված Արա Օհանյանը հայտնել է, որ Սիմոն Սարգսյանը և Նունե Հովհաննիսյանն իր որդուց` Սերգեյ Օհանյանից, փոխառությամբ գումար չեն  վերցրել, այդ գումարը նրանք վերցրել են իրենից, սակայն ստացականը գրել են որդու` Սերգեյ Օհանյանի, անվամբ: Այդ ցուցմունքները կարևոր նշանակություն ունեն սույն գործի քննության հետագա ընթացքի համար, ինչը պետք է հաստատվի թիվ 26108209 քրեական գործով կայացվող վերջնական դատական ակտով:

Փաստորեն սույն գործի քննության անհնարինությունը Վերաքննիչ դատարանը պայմանավորել է նրանով, որ թիվ 26108209 քրեական գործով որպես վկա հարցաքննված Արա Օհանյանի ցուցմունքը կարևոր նշանակություն ունի սույն գործի քննության հետագա ընթացքի համար:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ սույն գործով Սիմոն Սարգսյանը և Նունե Հովհաննիսյանը 01.08.2008 թվականին պարտավորվել են մինչև 30.12.2008 թվականը Սերգեյ Օհանյանին վերադարձնել  2.000.000 ՀՀ դրամ:

Սերգեյ Օհանյանը սույն հայցով պահանջել է Սիմոն Սարգսյանից և Նունե Հովհաննիսյանից բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ պարտքի և 40.000 ՀՀ դրամ նախապես մուծված պետական տուրքի գումարները, իսկ Սերգեյ Օհանյանի գումար բռնագանձելու պահանջը ծագել է 01.08.2008 թվականին Սիմոն Սարգսյանի և Նունե Հովհաննիսյանի ստանձնած պարտավորության հիման վրա:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հարուցված թիվ 26108209 քրեական գործով 26.08.2009 թվականին որպես վկա հարցաքննված Արա Օհանյանի ցուցմունքը սույն քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու հիմք չէ, քանի որ տվյալ փաստը սույն գործի համար իրավաբանական նշանակություն ունենալու դեպքում կարող է հաստատվել սույն քաղաքացիական գործի քննության շրջանակներում, այսինքն՝ այն անհնարին չի դարձնում սույն գործի քննությունը: 

 Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ հարուցված թիվ 26108209 քրեական գործով 26.08.2009 թվականին որպես վկա հարցաքննված Արա Օհանյանի ցուցմունքն անհնարին չի դարձնում սույն գործի քննությունը, ուստի և բացակայում է սույն քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու անհրաժեշտությունը:

 

   Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և  նոր դատական ակտ կայացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի  240-2411-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը  

ՈՐՈՇԵՑ

      1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.03.2010 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ. Վերացնել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 08.02.2010 թվականի «Քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը:

      2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող`

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան