ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
27 մարտի 2018 թ. |
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ս. Ավետիսյանի,
համաձայն Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2017 թվականի հունիսի 14-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 27.02.2018թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:
Ուսումնասիրելով դիմումը, գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցության մասին համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2017 թվականի հունիսի 14-ին Երևանում` Կողմերի համապատասխան տարածքների միջև և դրանց սահմաններից դուրս կանոնավոր օդային հաղորդակցություն հաստատելու նպատակով:
Համաձայնագրին կից ներկայացված է Հավելված, որով սահմանվում են Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության նշանակված ավիաընկերությունների կողմից շահագործվող երթուղիները:
2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության սկզբունքով, ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
- տաջիկական Կողմին տրամադրել Համաձայնագրով նախատեսված իրավունքներ` Համաձայնագրի հավելվածով սահմանված երթուղիներով միջազգային օդային հաղորդակցություններ հաստատելու նպատակով (այսուհետև, համապատասխանաբար՝ «համաձայնեցված հաղորդակցություններ» և «սահմանված երթուղիներ»),
- ապահովել, որպեսզի տաջիկական Կողմի նշանակված ավիաընկերությունը սահմանված երթուղիներում համաձայնեցված հաղորդակցությունները շահագործելիս օգտվի Համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված իրավունքներից,
- ապահովել, որպեսզի Համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված ծանուցում ստանալուն պես ՀՀ ավիացիոն իշխանությունները, Համաձայնագրի 3-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի դրույթներին համապատասխան, յուրաքանչյուր նշանակված ավիաընկերության անմիջապես տրամադրեն թռիչքների կատարման համապատասխան թույլտվություն,
- երաշխավորել ՀՀ օրենքների, կանոնների և ընթացակարգերի, որոնք կարգավորում են միջազգային օդային հաղորդակցություններ իրականացնող օդանավերի՝ ՀՀ տարածք ժամանելը, այնտեղ գտնվելը և այնտեղից մեկնումը կամ այդ օդանավերի շահագործումը և նավիգացիան, կիրառումը տաջիկական Կողմի նշանակված ավիաընկերությունների օդանավերի նկատմամբ,
- երաշխավորել ՀՀ միջազգային օդային հաղորդակցություններին վերաբերող օրենքների, կանոնների և ընթացակարգերի, որոնք կարգավորում են ուղևորների, անձնակազմի, ուղեբեռի, բեռի կամ փոստի` ՀՀ տարածք մուտք գործելը, այնտեղ գտնվելը և այնտեղից մեկնումը և, մասնավորապես, վերաբերում են մաքսային, արժութային և սանիտարական կանոններին, երկիր մուտք գործելու, այնտեղից մեկնելու, էմիգրացիոն և իմիգրացիոն, ավիացիոն անվտանգությանն առնչվող ձևակերպումներին, կիրառումը տաջիկական Կողմի նշանակված ավիաընկերությունների օդանավերով փոխադրվող ուղևորների, անձնակազմի, ուղեբեռի, բեռի կամ փոստի նկատմամբ ՀՀ տարածքում գտնվելու ընթացքում,
- Համաձայնագրի 5-րդ հոդվածով նախատեսված օրենքները և կանոնները կիրառելիս ՀՀ նշանակված ավիաընկերությանը չտրամադրել տաջիկական Կողմի նշանակված ավիաընկերության նկատմամբ արտոնյալ իրավունք,
- ՀՀ և տաջիկական Կողմի նշանակված ավիաընկերություններին տրամադրել համապատասխան տարածքների միջև սահմանված երթուղիներով համաձայնեցված հաղորդակցությունների շահագործման արդար և հավասար պայմաններ,
- թռիչքների համար պիտանիության վկայականները, որակավորման վկայականները և հավաստագրերը, որոնք տրվել են տաջիկական կողմի կողմից և վավեր են այդ պետության տարածքում, վավեր ճանաչել ՀՀ համար` համաձայնեցված հաղորդակցությունների շահագործման նպատակով` պայմանով, որ այն պահանջները, որոնց համապատասխան տրվել են այդպիսի վկայականները և հավաստագրերը համապատասխանում են Չիկագոյի կոնվենցիային համապատասխան սահմանված նվազագույն ստանդարտներին կամ գերազանցում են դրանք,
- տաջիկական Կողմի նշանակված ավիաընկերությունների կողմից միջազգային փոխադրումների համար օգտագործվող օդանավերը, ինչպես նաև դրանց մշտական սարքավորումները, պահեստամասերը, ներառյալ շարժիչները, վառելիքի պաշարները, քսայուղերը և օդանավի պաշարները (այդ թվում` սննդամթերքը, խմիչքը), որոնք գտնվում են այդ օդանավերում, ՀՀ տարածք ժամանելուց ազատել բոլոր մաքսատուրքերից, ստուգման վճարներից և այլ տուրքերից ու հարկերից` պայմանով, որ այդ սարքավորումները և պաշարները կմնան օդանավում մինչև ՀՀ տարածքից մեկնելու պահը, ինչպես նաև այդպիսի մաքսատուրքերից, վճարներից և հարկերից, բացի մատուցված ծառայությունների դիմաց վճարներից, ազատել նաև Համաձայնագրի 8-րդ հոդվածի 2-րդ կետում նշված նյութերը,
- ապահովել, որպեսզի ՀՀ նշանակված ավիաընկերությունը ոչ ուշ, քան թռիչքներն սկսելուց 45 (քառասունհինգ) օր առաջ տաջիկական Կողմի ավիացիոն իշխանությունների հաստատմանը ներկայացնի նախատեսվող չվացուցակը՝ նշելով չվերթերի հաճախականությունը, օդանավի տեսակը, ժամանակը, տեղերի տեղաբաշխվածությունը և քանակը, ինչպես նաև չվացուցակի գործողության ժամկետը,
- ապահովել, որպեսզի ուղևորները, ուղեբեռը և բեռը, որոնք փոխադրվում են ուղիղ տարանցմամբ ՀՀ տարածքով և չեն լքում օդանավակայանի՝ այդ նպատակի համար նախատեսված տարանցիկ, ստերիլ գոտին, ենթարկվեն միայն պարզեցված հսկողության, և ուղիղ տարանցմամբ փոխադրման դեպքում ուղեբեռը և բեռն ազատել մաքսատուրքերից և նմանատիպ այլ հարկերից,
- միջազգային իրավունքով նախատեսված ՀՀ իրավունքների և պարտավորությունների համաձայն` հաստատել անօրինական միջամտության գործողություններից քաղաքացիական ավիացիայի անվտանգությունն ապահովելու՝ տաջիկական Կողմի նկատմամբ ՀՀ ստանձնած պարտավորությունը և առանց սահմանափակելու միջազգային իրավունքով նախատեսված ՀՀ ստանձնած իրավունքների և պարտավորությունների ընդհանուր կիրառելիությունը` գործել Համաձայնագրի 12-րդ հոդվածի 1-ին կետում նշված միջազգային պայմանագրերի դրույթների համաձայն, որոնց շրջանակներում համագործակցում են հայկական և տաջիկական Կողմերը,
- տաջիկական Կողմի խնդրանքով՝ տաջիկական Կողմին ցուցաբերել ողջ անհրաժեշտ աջակցությունը` կանխելու համար քաղաքացիական օդանավերի ապօրինի գրավման գործողությունները և օդանավերի, դրանց ուղևորների և անձնակազմերի, օդանավակայանների և աէրոնավիգացիոն սարքավորումների անվտանգության դեմ ուղղված այլ անօրինական գործողությունները, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ցանկացած այլ սպառնալիք,
- ապահովել, որպեսզի ցանկացած համաձայնեցված հաղորդակցությունում սակագները սահմանվեն՝ հաշվի առնելով բոլոր համապատասխան գործոնները, ներառյալ շահագործման ծախսերը, շահույթը և սահմանված երթուղու ցանկացած հատվածի համար այլ ավիաընկերությունների սակագները, և ապահովել, որպեսզի այդ սակագները սահմանվեն Համաձայնագրի 13-րդ հոդվածում սահմանված պայմանների համաձայն,
- տաջիկական Կողմի նշանակված ավիաընկերություններին, փոխադարձության սկզբունքով և ՀՀ մուտքի, բնակության, զբաղվածությանը վերաբերող օրենքներին և կանոններին համապատասխան, տալ հավասար հնարավորություններ՝ ՀՀ տարածքում բացելու իրենց ներկայացուցչությունները` անհրաժեշտ վարչական, տեխնիկական, առևտրային և գործառնական աշխատակազմով,
- տաջիկական Կողմի նշանակված ավիաընկերությունից չգանձել կամ չթույլատրել նրանից գանձել ավելի բարձր օգտագործողների վճարներ, քան նմանատիպ միջազգային հաղորդակցություն իրականացնող ՀՀ ավիաընկերություններից գանձված գումարն է,
- ամբողջովին կատարել միջնորդ դատարանի ցանկացած որոշում կամ վճիռ՝ այնքանով, որքանով այն համատեղելի է ՀՀ օրենսդրության հետ,
- հոգալ ՀՀ նշանակած դատավորի գործունեության հետ կապված ծախսերը, իսկ միջնորդ դատարանի այլ ծախսերը, ներառյալ ԻԿԱՕ-ի խորհրդի նախագահի՝ Համաձայնագրի 19-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված ընթացակարգերի կատարման կապակցությամբ կատարած ծախսերը, կրել տաջիկական Կողմի հետ հավասար մասնաբաժնով:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2017 թվականի հունիսի 14-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Հ. Թովմասյան |
27 մարտի 2018 թվականի ՍԴՈ-1410 |