Գլխավոր տեղեկություն
Համար
N 1534-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.12.2015-07.01.2024)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.01.20/4(1184) Հոդ.1186.1
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.11.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
07.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 նոյեմբերի 2014 թվականի N 1534-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1073-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման չափորոշիչները հաստատելու մասին» N 1073-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման նախաբանից հանել «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 6-րդ ենթակետը» բառերը.

2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Հայաստանի Հանրապետությունում գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը (այսուհետ՝ տարածք) անհատույց օգտագործման է տրամադրվում պետական սեփականություն հանդիսացող համապատասխան շենքերում ազատ տարածքների առկայության և սույն որոշմամբ սահմանված չափորոշիչներին համապատասխանելու դեպքում, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ.».

3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. դեկտեմբերի 24

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2014 թվականի
նոյեմբերի 27-ի N 1534-Ն որոշման

 

«Հավելված
ՀՀ կառավարության 2013 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1073-Ն որոշման

 

Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր

 

 ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Պետական սեփականություն հանդիսացող տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում է գրահրատարակչական գործունեություն իրականացնող այն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, որոնք, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված տեղեկատվության, պետական սեփականություն հանդիսացող տարածքի անհատույց օգտագործման իրավունք ստանալու համար դիմելու պահին (այսուհետ` դիմելու պահ) չունեն և նախորդ երեք տարվա ընթացքում չեն ունեցել սեփականության իրավունքով իրենց պատկանող շենք, շինություն, տարածք (բացառությամբ բնակելի տարածքի):

2. Գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, ըստ սույն չափորոշիչների, պետության կողմից անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ են տրամադրվում միայն գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից նշված՝ պետական սեփականություն հանդիսացող շենքում ազատ տարածքների առկայության դեպքում:

3. Եթե մինչև սույն չափորոշիչների հաստատումը գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին նախկինում անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված` պետական սեփականություն հանդիսացող տարածքների մակերեսն ավելի քիչ է եղել, քան սույն չափորոշիչներով հաշվարկված հասանելի մակերեսներն են, ապա անհատույց օգտագործման իրավունքով նոր տրամադրվող տարածքն ավելացնելու պահանջը կարող է բավարարվել միայն տվյալ շենքում ազատ տարածքների առկայության դեպքում: Ընդ որում, տրամադրվող լրացուցիչ տարածքի մակերեսը սույն չափորոշիչներին համապատասխան հաշվարկելու ժամանակ հիմք է ընդունվում տվյալ տարածքում առկա ազատ սենյակի (կամ սենյակների) փաստացի մակերեսը:

4. Պետական սեփականություն հանդիսացող տարածքն անհատույց օգտագործելու իրավունքից օգտվելու համար գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը`

1) համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրված տեղեկատվության` դիմելու պահին պետք է ունենա առնվազն 5 աշխատող.

2) համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրված տեղեկատվության` դիմելու պահին չպետք է ունենա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ ժամկետանց պարտավորություններ.

3) դիմելու պահին նախորդող երկու տարվա ընթացքում պետք է հրատարակած լինի տարեկան առնվազն 20 մամուլ ծավալով գրականություն, այդ թվում` նաև կատարած լինի հրատարակչական (խմբագրական) աշխատանքներ (պայմանագրային հիմունքներով).

4) անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին պայմանագրի կնքումից հետո պայմանագրով սահմանված ամբողջ ժամանակահատվածում պետք է պահպանի սույն կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված պայմանները:

5. Սույն չափորոշիչների 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` վերջինիս գրավոր հարցման հիման վրա:

6. Սույն չափորոշիչների 4-րդ կետում նշված չափորոշիչներին համապատասխանող՝ գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին տրամադրվում է մեկ աշխատողի հաշվով` 6 - 8 քառ. մետր մակերեսով տարածք, մեկ սենյակ` տնօրենի համար, մեկ սենյակ (30-50 քառ. մետր մակերեսով)` որպես արխիվ-պահեստ, ինչպես նաև լրացուցիչ մեկ սենյակ` պայմանագրային հիմունքներով աշխատողների համար: Տարածքների հաշվարկն իրականացվում է` ելնելով սենյակների փաստացի մակերեսներից: Եթե ազատ տարածքների փաստացի մակերեսը թույլ չի տալիս ապահովել սույն կետում նշված նվազագույն չափերով տարածքի տրամադրումը, և գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը գրավոր ցանկություն է հայտնել անհատույց օգտագործման իրավունքով ավելի փոքր մակերեսով տարածք զբաղեցնելու մասին, ապա նրան կարող է տրամադրվել տվյալ պահին ազատ այնպիսի տարածք (տարածքներ), որը (որոնք) չի (չեն) համապատասխանում սույն կետով տարածքի տրամադրման նկատմամբ սահմանված նվազագույն չափորոշչին:

7. Եթե պետական սեփականություն հանդիսացող շենքում միևնույն ազատ տարածքի օգտագործման համար դիմել են մեկից ավելի` սույն չափորոշիչների 4-րդ կետում նշված չափորոշիչներին համապատասխանող` գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր, ապա ազատ տարածքը տրամադրվում է ավելի վաղ դիմողին:

8. Պետական սեփականություն հանդիսացող տարածքն անհատույց օգտագործման իրավունքով զբաղեցնող` գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը սեփականության իրավունքով անշարժ գույք (բացառությամբ բնակելի տարածքի) ձեռք բերելու դեպքում դրա մասին մեկամսյա ժամկետում տեղեկատվություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն:

9. Պետական սեփականություն հանդիսացող տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին պայմանագիրը ենթակա է վաղաժամկետ լուծման՝

1) սույն չափորոշիչների 4-րդ կետով սահմանված պայմանները խախտելու.

2) սույն չափորոշիչների 8-րդ կետում նշված հանգամանքն ի հայտ գալու.

3) մյուս պայմանագրային պարտավորությունները չկատարելու դեպքերում:»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան