Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.05.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.07.28/45(848).1 Հոդ.1131.1
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.05.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/1048/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/1048/02/08
2011 թ.

Նախագահող դատավոր`   Տ. Նազարյան

Դատավորներ` Կ. Հակոբյան
                                   Տ. Սահակյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Գ. Հակոբյանի

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Է. Հայրիյանի

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. Սողոմոնյանի

2011 թվականի մայիսի 27 -ին

դռնբաց դատական նիստում, քննելով Բաբկեն Մելքոնյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.11.2010 թվականի որոշման դեմ´ ըստ հայցի Կարեն Հարությունյանի ընդդեմ Բաբկեն Մելքոնյանի` հիփոթեքի պայմանագրով գրավադրված անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու և այն հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան´ Կարեն Հարությունյանը պահանջել է բռնագանձում տարածել Բաբկեն Մելքոնյանին սեփականության իրավունքով պատկանող´ հիփոթեքի պայմանագրով գրավադրված Երևանի Սարի թաղի 12-րդ փողոցի թիվ 11 հասցեի անշարժ գույքի վրա և այն վաճառել հրապարակային սակարկություններով:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ´ Դատարան) 08.01.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ´ Վերաքննիչ դատարան) 05.11.2010 թվականի որոշմամբ Բաբկեն Մելքոնյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 08.01.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բաբկեն Մելքոնյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կարեն Հարությունյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

 Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 16-րդ, 21-րդ, 23-րդ, 53-րդ և 105-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, Բաբկեն Մելքոնյանի միջնորդության հիման վրա կասեցնելով քաղաքացիական գործի վարույթը, որոշման հիմքում դրել է երկու հիմնավորում´ թիվ 69105308 քրեական գործով որոշման, ինչպես նաև լիազորագիրը և հիփոթեքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջների վերաբերյալ առաջին ատյանի դատարանում քննվող քաղաքացիական գործով վերջնական որոշման բացակայությունը: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, անտեսելով նշված հանգամանքը, քաղաքացիական գործի վարույթը Կարեն Հարությունյանի դիմումի հիման վրա վերսկսելու մասին որոշումը կայացրել է այն հիմքով, որ թիվ 69105308 քրեական գործով կայացվել է դատական ակտ, որը մտել է օրինական ուժի մեջ´ համարելով, որ վերացել է գործի վարույթի կասեցման համար հիմք հանդիսացած հանգամանքը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը վճիռը կայացնելիս հիմք է ընդունել միայն Կարեն Հարությունյանի ներկայացրած ապացույցները, անտեսել և չի հետազոտել իր կողմից ներկայացված ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատուկ կարևոր գործերի քննության վարչության 12.11.2008 թվականի թիվ 7/66ԿԳ գրությունը, հայցադիմումի պատասխանը և 23.12.2008 թվականին նշանակված դատական նիստում իր տված ցուցմունքները:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.11.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Բաբկեն Մելքոնյանի վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, քանի որ դրանում նշված բողոք բերելու հիմքերը և բողոքի հիմնավորումներն անհիմն են:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Վերաքննիչ դատարանը 01.04.2009 թվականին որոշում է կայացրել սույն քաղաքացիական գործի վարույթը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով կասեցնելու մասին´ որոշման մեջ նշելով, որ «Տվյալ պարագայում սույն գործի քննության անհնարինությունը պայմանավորված է նրանով, որ սույն գործով հայցի բավարարման հիմքը հանդիսանում է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում վիճարկվող անշարժ գույքի գրավի պայմանագիրը: Բացի այդ, քրեական դատավարության կարգով քննվում է Բ. Մելքոնյանին պատկանող անշարժ գույքին խաբեությամբ տիրանալու վերաբերյալ հարցը» (գ.թ. 103,104).

2) 28.07.2010 թվականին Կարեն Հարությունյանի ներկայացուցիչը դիմում է ներկայացրել Վերաքննիչ դատարան սույն քաղաքացիական գործի վարույթը վերսկսելու մասին´ միջնորդության հիմքում դնելով այն, որ վերացել է գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքը` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը թիվ 69105308 քրեական գործով 18.11.2009 թվականին կայացրել է դատավճիռ, որը 27.05.2010 թվականին մտել է օրինական ուժի մեջ (գ.թ. 112).

3) Վերաքննիչ դատարանը 30.07.2010 թվականին որոշում է կայացրել սույն քաղաքացիական գործի վարույթը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով վերսկսելու մասին´ որոշման մեջ նշելով, որ «Ծանոթանալով Կարեն Հարությունյանի ներկայացուցչի դիմումին´ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերոգրյալ դիմումով վերացել է սույն գործի վարույթի կասեցման համար հիմք հանդիսացած հանգամանքը, ուստիև քաղաքացիական գործի վարույթը պետք է վերսկսել» (գ.թ. 154).

4) սույն գործի վարույթը վերսկսելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի 30.07.2010 թվականի որոշման կայացման պահին չէր վերացել գործի վարույթի կասեցման մյուս հիմքը, այն է` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում քաղաքացիական գործի քննությունն ավարտված չէր.

5) 27.10.2010 թվականին նշանակված դատական նիստում Բաբկեն Մելքոնյանի ներկայացուցիչ Սերգեյ Մկրտչյանը կրկին միջնորդել է կասեցնել գործի վարույթը, քանի որ «երկրորդ հանգամանքը չի վերացել´ վիճարկվող անշարժ գույքի գրավի պայմանագրի վերաբերյալ որոշում չի կայացվել»: Նշված միջնորդությունը Վերաքննիչ դատարանը մերժել է:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն´ դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն´ գործի վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքների վերանալուց հետո:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ քաղաքացիական դատավարության ընթացքում գործի վարույթը կասեցված լինելու դեպքում դատարանը գործի վարույթը կարող է վերսկսել միայն այն դեպքում, երբ վերանում են դրա կասեցումն առաջացրած հանգամանքները: Ընդ որում, եթե դատարանը, կասեցնելով գործի վարույթը, գտնում է, որ դրա քննությունն անհնար է մինչ այլ քաղաքացիական կամ քրեական դատավարության կարգով քննվող գործով որոշում կայացնելը, ապա դատարանի համար կասեցումն առաջացրած հանգամանքների վերացումն ըստ էության տվյալ գործի լուծումն է և համապատասխան դատական ակտի ուժի մեջ մտնելը: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նաև, որ այն դեպքերում, երբ դատարանի համար գործի վարույթի կասեցման հիմք են ոչ թե մեկ, այլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածով նախատեսված մի քանի հիմքեր, դատարանը գործի վարույթը վերսկսելու հարցին անդրադառնալիս պետք է քննարկի ոչ միայն մեկ, այլ այն բոլոր հիմքերը, որոնց հիման վրա կասեցվել է գործի վարույթը:

Սույն գործի փաստերի համաձայն` Վերաքննիչ դատարանը 01.04.2009 թվականին որոշում է կայացրել գործի վարույթը կասեցնելու մասին´ որոշման հիմքում դնելով այն, որ «սույն գործի քննության անհնարինությունը պայմանավորված է նրանով, որ սույն գործով հայցի բավարարման հիմքը հանդիսանում է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում վիճարկվող անշարժ գույքի գրավի պայմանագիրը: Բացի այդ, քրեական դատավարության կարգով քննվում է Բ. Մելքոնյանին պատկանող անշարժ գույքին խաբեությամբ տիրանալու վերաբերյալ հարցը»: Այսինքն` Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս ղեկավարվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետով´ հիմք ընդունելով սույն քաղաքացիական գործի քննության անհնարինությունը մինչև քաղաքացիական և քրեական դատավարությունների կարգով քննվող վերը նշված գործերով որոշումներ կայացնելը:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը գործի վարույթի կասեցումն առաջացրած միայն մեկ հանգամանքը վերանալու պայմանում (այն է´ թիվ 69105308 քրեական գործով 18.11.2009 թվականին կայացվել է դատավճիռ, որը 27.05.2010 թվականին մտել է օրինական ուժի մեջ) Կարեն Հարությունյանի ներկայացուցչի դիմումի քննության արդյունքում 30.07.2010 թվականին որոշում է կայացրել գործի վարույթը վերսկսելու մասին´ որոշման հիմքում դնելով այն, որ «վերոգրյալ դիմումով վերացել է սույն գործի վարույթի կասեցման համար հիմք հանդիսացած հանգամանքը, ուստիև քաղաքացիական գործի վարույթը պետք է վերսկսել»:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի և 107-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները´ անտեսելով իր իսկ կողմից 01.04.2009 թվականին կայացված որոշմամբ հաստատված իրավական դիրքորոշումն այն մասին, որ սույն քաղաքացիական գործի քննությունն անհնարին է մինչև քաղաքացիական դատավարության կարգով քննվող վերը նշված գործով որոշում կայացնելը, և գործի վարույթը վերսկսել է առանց նշված գործով որոշման կայացման փաստի առկայության:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար´ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 05.11.2010 թվականի որոշումը բեկանելու համար:

Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին չի անդրադառնում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով´ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.11.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ´ նոր քննության:

2. Վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Գ. Հակոբյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան