Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Բուլղարիայի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,
լինելով Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Կոնվենցիայի Կողմեր, որը բաց է ստորագրման համար 1944 թվականի դեկտեմբերի 7-ից` Չիկագոյում,
ցանկանալով կնքել Համաձայնագիր` իրենց համապատասխան օդային տարածքների միջև և դրանցից դուրս օդային հաղորդակցություն հաստատելու նպատակով,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1. | ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ |
Սույն Համաձայնագրի նպատակներից ելնելով, և եթե կոնտեքստը չի պահանջում այլ մեկնաբանում.
ա) «Կոնվենցիա» տերմինը նշանակում է Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Կոնվենցիան, որը բացվել է ստորագրման համար Չիկագոյում` 1944 թվականի դեկտեմբերի 7-ին և ներառում է ցանկացած Հավելված, որն ընդունվել է այդ Կոնվենցիայի 90-րդ հոդվածին համաձայն, և ցանկացած ուղղում Կոնվենցիայի Հավելվածներում, որը բխում է 90-րդ և 94-րդ հոդվածներից` այնքանով, որքանով տվյալ Հավելվածները և ուղղումները ուժի մեջ են մտել կամ վավերացվել են երկու Պայմանավորվող կողմերի համար էլ,
բ) «ավիացիոն իշխանություններ» տերմինը նշանակում է. Հայաստանի Հանրապետության պարագայում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն, իսկ Բուլղարիայի Հանրապետության պարագայում` տրանսպորտի նախարարություն` ի դեմս քաղաքացիական ավիացիայի վարչության, կամ երկու դեպքում էլ` ցանկացած անձ կամ մարմին, որը պատշաճորեն լիազորված է իրականացնելու նշված իշխանությունների կողմից ներկայումս իրագործվող գործառույթները,
գ) «նշանակված ավիաընկերություն կամ ավիաընկերություններ» տերմինը նշանակում է ավիաընկերություն կամ ավիաընկերություններ, որոնք նշանակվել և լիազորվել են` համաձայն սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի,
դ) «տարածք» տերմինը պետության առնչությամբ նշանակում է տվյալ պետության ինքնիշխանության տակ գտնվող հողային տարածությունները, տարածքային և ներքին ջրերը և դրանց վրայի օդային տարածությունը,
ե) «օդային հաղորդակցություն», «միջազգային օդային հաղորդակցություն», «ավիաընկերություն կամ ավիաընկերություններ» և «կանգառ ոչ առևտրական նպատակներով» տերմինները ունեն, համապատասխանաբար, այնպիսի իմաստներ, որոնք նշված են Չիկագոյի Կոնվենցիայի 96-րդ հոդվածում,
զ) «պայմանագրային չվագծեր» և «սահմանված երթուղիներ» տերմինները նշանակում են, համապատասխանաբար, կանոնավոր օդային հաղորդակցության երթուղիները` նշված սույն Համաձայնագրի Հավելվածում,
է) «տարողություն» տերմինը օդանավի առնչությամբ նշանակում է օգտակար բեռնվածությունը` արտահայտված ուղևորների նստատեղերի կամ բեռի քանակությամբ, որն այդ օդանավը կարող է ընդունել երթուղում կամ երթուղու հատվածում,
ը) «տարողություն» տերմինը սահմանված օդային չվագծի առնչությամբ նշանակում է նման հաղորդակցությունում օգտագործվող օդանավի տարողությունը` բազմապատկած որոշակի ժամանակահատվածում և երթուղում կամ երթուղու հատվածում այդ օդանավի կողմից իրականացված թռիչքների հաճախականությամբ,
թ) «սակագին» տերմինը նշանակում է ուղևորների, բեռների տեղափոխման համար վճարվելիք գները և այդ գների կիրառման պայմանները` ներառյալ լրացուցիչ ծառայությունների գները և պայմանները, բացառելով փոստի տեղափոխման համար վճարումները:
2. Սույն Համաձայնագրի Հավելվածը համարվում է նրա անբաժանելի մասը և Համաձայնագրին ցանկացած վկայակոչում ներառում է Հավելվածը և ուղղումները, բացառությամբ այստեղ այլ կերպ նախատեսվածի:
Հոդված 2. | ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ |
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմին տրամադրում է սույն Համաձայնագրում նախատեսված իրավունքները` միջազգային կանոնավոր երթուղիներում պայմանագրային չվագծերի հաստատման և շահագործման նպատակով: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունը կամ ավիաընկերությունները սահմանված երթուղով պայմանագրային չվագծերը իրագործելիս կօգտվեն Պայմանավորվող մյուս կողմի տարածքում` սույն Համաձայնագրի Հավելվածում այդ երթուղու համար սահմանված վայրերում, ուղևորների և բեռների, ներառյալ փոստը, օդանավ վերցնելու և իջեցնելու նպատակով կանգառների իրավունքից:
2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները չեն ենթադրում Պայմանավորվող կողմերից մեկի նշանակած ավիաընկերությանը կամ ավիաընկերություններին մյուս Պայմանավորվող կողմի տարածքում վարձակալության կամ վարձատրության պայմանով այդ նույն տարածքի այլ կետ տեղափոխման նպատակով ինքնաթիռ ուղևորներ, բեռներ, ներառյալ փոստը, վերցնելու իրավունքի տրամադրում (Կաբոտաժ):
3. Ի լրումն այս հոդվածի 1-ին կետով տրամադրված իրավունքների` յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմին պայմանագրային չվագծերը շահագործելու ընթացքում տրամադրում է նաև.
ա) Պայմանավորվող կողմի տարածքի վրայով առանց վայրէջք կատարելու թռիչքի իրավունք,
բ) Պայմանավորվող կողմի տարածքում ոչ առևտրային նպատակներով վայրէջքներ կատարելու իրավունք:
4. Պայմանավորվող կողմերից մեկի քաղաքացիական օդանավի` մյուս Պայմանավորվող կողմի տարածքի վրայով թռիչքը կամ այդ տարածքում վայրէջքը ոչ առևտրային նպատակներով պետք է իրագործվի միայն մյուս Պայմանավորվող կողմի նախնական թույլտվության տրամադրումից հետո:
Հոդված 3. | ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ |
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, մյուս Պայմանավորվող կողմին գրավոր ծանուցելով, իրավունք ունի նշանակելու մեկ կամ ավելի ավիաընկերություններ` սահմանված երթուղիներով պայմանագրային չվագծերը իրականացնելու նպատակով:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է գրավոր ծանուցի մյուս Պայմանավորվող կողմին նշանակված ավիաընկերությունը կամ ավիաընկերությունները այլ ավիաընկերությամբ կամ ավիաընկերություններով փոխարինելու մասին:
3. Տվյալ ծանուցումն ստանալուն պես մյուս Պայմանավորվող կողմը պետք է սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի դրույթներով առանց հապաղման տրամադրի նշանակված ավիաընկերությանը կամ ավիաընկերություններին համապատասխան թռիչքների թույլտվություններ:
4. Մի Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները կարող են մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունից պահանջել ապացույց, որ նա կարող է բավարարել այն օրենքներին ու կանոններին վերաբերող պայմանները, որոնք սովորաբար կիրառվում են միջազգային օդային հաղորդակցություններում այդ մարմինների կողմից` Կոնվենցիայի դրույթներին համապատասխան:
5. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի մերժել սույն հոդվածի 2-րդ կետում նշված թռիչքի թույլտվության տրամադրումը կամ պահանջել այնպիսի պայմանների կատարում, որոնք նա անհրաժեշտ կգտնի նշանակված ավիաընկերության իրավունքների օգտագործման ժամանակ, որոնք նշված են սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածով, ցանկացած դեպքում, երբ նշված Պայմանավորվող կողմը չունի այն բանի ապացույցներ, որ այդ ավիաընկերության հիմնական սեփականությունը և իրական վերահսկողությունը պատկանում են ավիաընկերությանը նշանակող Պայմանավորվող կողմին կամ նրա քաղաքացիներին:
6. Նշանակված և այդպիսով թույլտվություն ստացած ավիաընկերությունը կարող է ցանկացած պահի սկսել պայմանագրային չվագծերի շահագործումը` պայմանով, որ սույն Համաձայնագրի 6-րդ և 9-րդ հոդվածների համաձայն հաստատված սակագները և չվացուցակը ուժի մեջ են մտնում այդ հաղորդակցության առնչությամբ:
Հոդված 4. | ԹՌԻՉՔՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ |
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի չեղյալ հայտարարել թռիչքների իրավունքները կամ դադարեցնել սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածում տրամադրված իրավունքների իրագործումը մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կամ ավիաընկերությունների կողմից կամ պահանջել այնպիսի պայմանների կատարում, որոնք նա անհրաժեշտ կհամարի այդ իրավունքների իրագործման համար.
ա) բոլոր դեպքերում, երբ նա համոզված չէ, որ այդ ավիաընկերության կամ ավիաընկերությունների հիմնական սեփականությունն ու իրական վերահսկողությունը պատկանում են այդ Պայմանավորվող կողմին կամ նրա համաքաղաքացիներին, կամ
բ) այն դեպքում, երբ այդ ավիաընկերությունը չի պահպանում այդ իրավունքները տրամադրող Պայմանավորվող կողմի տարածքում գործող օրենքները ու կանոնները, կամ
գ) եթե այդ ավիաընկերությունը կամ ավիաընկերությունները ինչ-որ կերպ չեն պահպանում սույն Համաձայնագրում նշված պայմանները:
2. Երբ չեղյալ հայտարարումը, դադարեցումը կամ սույն հոդվածի 1-ին կետում նշված պայմանների անմիջապես կատարման պահանջը անհրաժեշտ չեն համարվում օրենքների և կանոնների հետագա խախտումները կանխելու համար, ապա իրավունքը, որի մասին խոսվում է այս կետում, կօգտագործվի միայն մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների հետ խորհրդակցելուց հետո:
Հոդված 5. | ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՉՎԱԳԾԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ |
1. Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերություններին տրամադրվում են արդարացի և հավասար հնարավորություններ` իրենց համապատասխան տարածքների միջև սահմանված երթուղիներով համաձայնեցված պայմանագրային չվագծերի շահագործման համար:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունը կամ ավիաընկերությունները պայմանագրային չվագծերը շահագործելիս պետք է հաշվի առնեն մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կամ ավիաընկերությունների շահերը, որպեսզի վնաս չհասցնեն վերջիններիս փոխադրումներին, որոնք շահագործում են ավիագծի երթուղին ամբողջությամբ կամ մասնակիորեն:
3. Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կամ ավիաընկերությունների կողմից շահագործվող պայմանագրային չվագծերը պետք է համապատասխանեն սահմանված երթուղիներով փոխադրումների հասարակական պահանջներին և որպես առաջնային նպատակ պետք է ունենան այնպիսի տարողունակության ապահովումը` ողջամիտ բեռնվածության գործակցից ելնելով, որը համապատասխանում է ավիաընկերությանը նշանակած Պայմանավորվող կողմի տարածքից կամ նրա տարածքի համար նախատեսված ուղևորների և բեռների, այդ թվում` փոստի, տեղափոխման ընթացիկ և ողջամտորեն կանխատեսվող պահանջների կատարմանը: Ուղևորների և բեռի, ներառյալ փոստը, որոնք օդանավ են վերցվել և բեռնաթափվել ավիաընկերությանը չնշանակած պետությունների տարածքներում սահմանված երթուղիների կետերում, տեղափոխման ապահովումը պետք է իրագործվի ընդհանուր սկզբունքներին համաձայն, որոնց համաձայն տարողունակությունը պետք է կախված լինի.
ա) ավիաընկերություն նշանակող Պայմանավորվող կողմի` դեպի նրա տարածք և տարածքից դուրս փոխադրումների պահանջներից,
բ) այն շրջանի փոխադրումների պահանջմունքներից, որոնցով անցնում է ավիաուղին, այդ տարածաշրջանի պետությունների ավիաընկերությունների կողմից շահագործվող ռեգիոնալ և տեղական չվագծերը հաշվի առնելով,
գ) պայմանագրային չվագծերի անվնաս և շահավետ շահագործման պահանջներից:
Հոդված 6. | ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ |
Շահագործվող պայմանագրային չվագծերի ժամանակացույցերը, ներառյալ թռիչքների հաճախականությունը, կսահմանվեն և կհամաձայնեցվեն երկու կողմերի նշանակած ավիաընկերությունների փոխադարձ համաձայնությամբ և կներկայացվեն ավիացիոն իշխանությունների հաստատմանը նրանց ուժի մեջ մտնելուց առնվազն 30 օր առաջ: Նշանակված ավիաընկերության կամ ավիաընկերությունների կողմից նման համաձայնության հասնելու անհաջողության դեպքում Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները հարցը կվճռեն իրենք:
Հոդված 7. | ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻՑ և ԱՅԼ ՀԱՐԿԵՐԻՑ ԱԶԱՏՈՒՄԸ |
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, փոխադարձության հիման վրա, իր ազգային օրենքի թույլատրած հնարավոր լրիվ չափով, մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կամ ավիաընկերությունների օդանավերն իր տարածք մուտք գործելիս կազատի ներմուծման սահմանափակումներից, մաքսատուրքերից, ակցիզային հարկերից և օդանավերի, վառելանյութի, քսայուղերի, սպառվող տեխնիկական մատակարարումների, պահեստամասերի (ներառյալ շարժիչները), կանոնավոր օդանավային գույքը, օդանավային պահեստավորումների (ներառյալ թռիչքի ընթացքում սահմանափակ քանակությամբ ուղևորներին վաճառքի համար նախատեսված ալկոհոլային խմիչքները, ծխախոտը, ըմպելիքները և այլ մթերքներ) և այլ առարկաների` նախատեսված միայն օդանավերի սպասարկման համար, օդանավի տեսչական վճարներից և այլն, ինչպես նաև ավիատոմսերի, փաստաթղթերի և ավիաընկերության տպագրական նյութերի, որոնք կրում են ընկերության տարբերանշանը, ներառյալ գովազդային նյութերը, որոնք անվճար բաժանվում են ավիաընկերության կողմից:
2. Սույն հոդվածով նախատեսված ազատումը պետք է կիրառվի սույն հոդվածի 1-ին կետում նշված առարկաների նկատմամբ, բացառությամբ առաջարկված սպասարկումների գանձումներից.
ա) Պայմանավորվող կողմերից մեկի տարածք մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կամ ավիաընկերությունների համար ներմուծված,
բ) Պայմանավորվող կողմերից մեկի նշանակած ավիաընկերության կամ ավիաընկերությունների օդանավի մեջ` մյուս Պայմանավորվող կողմի տարածք ժամանելու կամ այդ տարածքից մեկնելու ընթացքում գտնվող,
գ) Պայմանավորվող կողմերից մեկի նշանակած ավիաընկերության կամ ավիաընկերությունների օդանավի` մյուս Պայմանավորվող կողմի տարածքում վերցված և պայմանագրային չվագծերի շահագործման ընթացքում օգտագործման համար նախատեսված, անկախ այն բանից, որ այդ առարկաները կօգտագործվեն կամ կսպառվեն ամբողջությամբ կամ մասնակիորեն կամ կօգտագործվեն ազատումը թույլատրող Պայմանավորվող կողմի տարածքում` պայմանով, որ այդ առարկաները չեն օտարվի նշված Պայմանավորվող կողմի տարածքից:
3. Պայմանավորվող կողմերից մեկի նշանակած ավիաընկերության կամ ավիաընկերությունների օդանավերի կանոնավոր օդագնացային սարքավորումը, ինչպես նաև ապրանքներն ու պաշարները կարող են բեռնաթափվել մյուս Պայմանավորվող կողմի տարածքում միայն այդ տարածքի մաքսային իշխանությունների թույլտվությամբ: Նման դեպքում դրանք կարող են տեղակայվել նշված իշխանությունների վերահսկողության ներքո` մինչև դրանց վերաառաքումը կամ տնօրինումը` մաքսային կանոններին համաձայն:
Հոդված 8. | ՈւՂԻՂ ՏԱՐԱՆՑՈՒՄ |
Պայմանավորվող կողմերից մեկի տարածքով ուղիղ տարանցիկ ուղևորները, ուղեբեռը և բեռը, որոնք չեն թողնում օդանավակայանի իրենց համար նախատեսված տարածքը, կանցնեն պարզեցված ստուգում, բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ կլինի միջոցառումներ ձեռնարկել հակաօրինական գործողությունների, օդային տրանսպորտի ահաբեկչության և թմրադեղերի մաքսանենգության կանխման համար: ՈՒղիղ տարանցման դեպքում ուղեբեռը և բեռը ազատ են մաքսատուրքերից և այլ նման գանձումներից:
Հոդված 9. | ՍԱԿԱԳՆԵՐ |
1. Պայմանավորվող կողմերից մեկի կողմից մյուս Պայմանավորվող կողմի տարածք կամ նրա տարածքից փոխադրման համար կիրառվող սակագները յուրաքանչյուր պայմանագրային չվագծում պետք է սահմանվեն չափավոր մակարդակներով` հաշվի առնելով բոլոր համապատասխան գործոնները, ներառյալ շահագործման ծախսերը, խելամիտ շահույթը, փոխադրումների ստանդարտը (ինչպիսին են արագությունն ու հարմարավետությունը) և այլ ավիաընկերությունների սակագները:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված սակագները պետք է հնարավորության դեպքում համաձայնեցվեն նշանակված ավիաընկերությունների միջև, այլ ավիաընկերությունների հետ, որոնք շահագործում են նույն երթուղին ամբողջությամբ կամ մասամբ, խորհրդակցելուց հետո և նման համաձայնությունը հնարավորին չափ պետք է ձեռք բերվի Միջազգային օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի սակագների սահմանված մեխանիզմի կիրառումով:
3. Այսպիսով, համաձայնեցված սակագները պետք է ներկայացվեն Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների հաստատմանը նրանց ուժի մեջ մտնելու առաջարկված օրվանից առնվազն 45 օր առաջ: Հատուկ դեպքերում ժամանակի այս սահմանափակումը կարող է նվազեցվել ավիացիոն իշխանությունների միջև համաձայնությամբ:
4. Սակագների հաստատման մասին կարող է ներկայացվել ծանուցում: Եթե ավիացիոն նշված իշխանություններից ոչ մեկը, սույն հոդվածի նախորդ կետի համաձայն, ներկայացման օրվանից 30 օրվա ընթացքում չի արտահայտել իր անհամաձայնությունը 2-րդ կետին համապատասխան համաձայնեցված և սույն հոդվածի 3-րդ կետի համաձայն հաստատման ներկայացված սակագներին, ապա այդ սակագները համարվում են հաստատված: 3-րդ կետում նախատեսված ներկայացման ժամկետի կրճատման դեպքում ավիացիոն իշխանությունները կարող են համաձայնել, որ հաստատման ծանուցման ժամկետը պետք է լինի 30 օրվանից քիչ:
5. Եթե սակագինը չի կարող համաձայնեցվել սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն կամ 3-րդ կետի համաձայն կիրառելի ժամկետի ընթացքում կամ 4-րդ կետի դրույթների համաձայն, ավիացիոն իշխանություններից մեկը ծանուցում է ցանկացած համաձայնեցված սակագին չհաստատելու մասին, Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները պետք է գործադրեն իրենց բոլոր ջանքերը, որպեսզի սահմանեն սակագինը փոխադարձ համաձայնությամբ` սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն:
6. Եթե ավիացիոն իշխանությունները չեն կարող որոշել որևէ սակագին, համաձայն սույն հոդվածի 5-րդ կետի, վեճը պետք է կարգավորվի սույն Համաձայնագրի 18-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:
7. Սույն հոդվածի դրույթներին համապատասխան հաստատված սակագինը ուժի մեջ է մնում մինչև նոր սակագնի հաստատումը: Սակայն ցանկացած սակագնի գործողություն կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան 12 ամիս` նրա գործողության ժամկետի ավարտման օրվանից սկսած:
Հոդված 10. | ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ և ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ |
Պայմանավորվող կողմերից մեկի ավիացիոն իշխանությունները մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների պահանջով նրանց կտրամադրեն այնպիսի պարբերական կամ այլ վիճակագրական տվյալներ, որոնք կարող են ողջամտորեն պահանջվել պայմանագրային չվագծերում առաջին Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կողմից ներդրված տարողության վերանայման նպատակով: Այդ տվյալները պետք է ներառեն բոլոր անհրաժեշտ տեղեկատվությունները պայմանագրային չվագծերում փոխադրումների ծավալի որոշման համար, ինչպես նաև նրանց ծագումը և նշանակումը:
Հոդված 11. | ԿՈՄԵՐՑԻՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ և ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ |
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ փոխադարձության հիման վրա իրավունք է տալիս մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը ազատ վաճառելու տրանսպորտային փաստաթղթեր և ծառայություններ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ուղղակիորեն կամ գործակալի միջոցով` տեղական դրամով կամ այլ ազատորեն փոխարկելի տարադրամով` այդ տարածքում գործող ազգային օրենքներին և կանոններին համապատասխան:
2. Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերությունները, փոխադարձության հիման վրա, պետք է իրավունք ունենան փոխանցելու վաճառքի տարածքից իրենց երկրի տարածք ազատորեն և համապատասխան փոխանցման ինքնարժեքով և տարադրամի փոխանակման կանոնների համաձայն եկամուտներից կատարված ծախսերի հավելյալ գումարները, որոնք ստացվել են այդ ավիաընկերություններով պայմանագրային չվագծերը շահագործելիս` կապված ուղևորների, բեռի, փոստի և ուղեբեռի փոխադրման հետ: Այդ հիմնական փոխանցման մեջ պետք է ընդգրկվեն օդային տրանսպորտային ծառայությունների կամ երկրորդական լրացուցիչ ծառայությունների` ուղղակիորեն կամ գործակալի միջոցով կատարված վաճառքներից եկամուտները և այդ վճարումների նորմալ առևտրային տոկոսադրույքները, որոնք գումարվել են մինչև փոխանցման պահը:
3. Պայմանավորվող կողմերից մեկի ավիաընկերության կամ ավիաընկերությունների` մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ուղևորների, բեռների և փոստի տեղափոխումից վաստակած եկամուտները և հասույթները ազատվում են բոլոր հարկերից:
4. Այն դեպքում, երբ Պայմանավորվող կողմերը կկնքեն հատուկ համաձայնագիր, որը կկարգավորի նրանց միջև վճարումներն ու հաշվարկները, կկիրառվեն այդ համաձայնագրի պայմանները:
Հոդված 12. | ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ |
1. Պայմանավորվող կողմերից մեկի նշանակած ավիաընկերությանը կամ ավիաընկերություններին պետք է փոխադարձության հիման վրա թույլատրվի մյուս Պայմանավորվող կողմի տարածքում պահել իրենց ներկայացուցիչներին, առևտրային, գործառնական և տեխնիկական անձնակազմեր, որոնք պահանջվում են պայմանագրային չվագծերի շահագործման ապահովման համար: Այդ անձնակազմը կարող է բաղկացած լինել երկու Պայմանավորվող կողմերի քաղաքացիներից:
2. Ներկայացուցչության անձնակազմի պահանջները կարող են, նշանակված ավիաընկերության կամ ավիաընկերությունների տեսանկյունից, բավարարվել իր սեփական անձնակազմով կամ այդ կազմակերպության ընկերության կամ ավիաընկերության, որոնք գործառնում են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում և լիազորված են իրականացնելու նման ծառայություններ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, ծառայությունների օգտագործմամբ:
3. Ներկայացուցիչները և անձնակազմերը պետք է ենթարկվեն մյուս Պայմանավորվող կողմի գործող օրենքներին և կանոններին և յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է փոխադարձության հիման վրա և սեղմ ժամկետում սույն հոդվածի 1-ին կետում նշված ներկայացուցիչներին և անձնակազմերին տա աշխատանքային թույլատրություններ, վիզաներ և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:
Հոդված 13. | ՕՐԵՆՔՆԵՐԻ և ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ |
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի օրենքները և կանոնները, որոնք կարգավորում են միջազգային օդագնացություն իրագործող օդանավի` իր սեփական տարածքի մուտքը և ելքը կամ նման օդանավի` իր տարածքի ներսում, և օդագնացությունը պետք է կիրառվեն մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կամ ավիաընկերությունների օդանավի նկատմամբ:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի` իր տարածք ուղևորների, օդանավի անձնակազմի, ուղեբեռի, բեռների և փոստի մուտքի, մնալու, տարանցման և մեկնման օրենքները և կանոնները, ներառյալ մուտքի և ելքի, ներգաղթի և արտագաղթի, անձնագրային, մաքսային, արժութային կանոնները և սանիտարական միջոցառումները, պետք է պահպանվեն յուրաքանչյուր Կողմի ավիաընկերության կամ ավիաընկերությունների կողմից մյուս Պայմանավորվող կողմի տարածք մուտքի կամ տարածքից մեկնման և այդ տարածքում գտնվելու ժամանակ:
3. Փոխադարձության հիման վրա Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կամ ավիաընկերությունների շահագործման մեջ դրված օդանավերի անձնակազմերից չեն պահանջի մուտք գործելու, տարածքում մնալու և այնտեղից ելքի վիզաներ, երբ նրանք վերադառնում են նույն թռիչքով` հետադարձ երթուղով: Նույնը վերաբերում է այն դեպքերին, երբ անձնակազմը, օդանավի տեխնիկական վիճակից կամ բժշկական պայմաններից ելնելով, ստիպված է մնալ երկրում և վերադառնալ հաջորդ թռիչքով:
Հոդված 14. | վԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ և ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ |
1. Պայմանավորվող կողմերից մեկի կողմից տրված կամ վավերացված և դեռևս ուժի մեջ գտնվող օդագնացության պիտանելիության վկայականները, իրավազորության վկայականները և հավաստագրերը պետք է պիտանի ճանաչվեն մյուս Պայմանավորվող կողմից` պայմանագրային չվագծերի շահագործման նպատակով` պայմանով, որ այն պահանջները, որոնց համաձայն այդ վկայականները և հավաստագրերը տրվել կամ պիտանի են ճանաչվել, համապատասխանում են Կոնվենցիայից բխող հնարավոր հաստատվելիք չափանմուշների նվազագույնին կամ բարձր են դրանցից:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք է վերապահում մերժել ճանաչելու իր քաղաքացիներին մյուս Պայմանավորվող կողմից տրված իրավազորության վկայականները և հավաստագրերը այն դեպքում, երբ դրանց տերերը թռիչքներ են կատարելու իր սեփական տարածքի վրայով:
Հոդված 15. | ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԱՅԻՆ և ԱՅԼ ԳԱՆՁՈՒՄՆԵՐ |
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի կիրառել կամ թույլատրել, որ օդակայանների և օդագնացության սարքավորումների օգտագործման համար կիրառվեն արդարացի և չափավոր գանձումներ` պայմանով, որ այդ գանձումները չպետք է ավելի բարձր լինեն, քան միջազգային օդային հաղորդակցություններում զբաղված այլ ավիաընկերության կամ ավիաընկերությունների կողմից վճարվածը:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է խրախուսի նախնական խորհրդակցություններ իր գանձումները սահմանող իրավասու կազմակերպությունների և ծառայություններն ու սարքավորումներն օգտագործող ավիաընկերության կամ ավիաընկերությունների միջև (և այնտեղ, որտեղ դա հնարավոր է, նաև ավիաընկերության կամ ավիաընկերությունների ներկայացուցիչների միջոցով): Նոր գանձումների առաջարկության դեպքում համապատասխան ծանուցում պետք է տրվի ծառայության օգտագործողներին մինչ փոփոխությունների կատարումը, իրենց տեսակետները արտահայտելու հնարավորություն ընձեռելու համար:
3. Պայմանավորվող կողմերից ոչ մեկը չպետք է առավելություն տա իր սեփական կամ որևէ այլ ավիաընկերության կամ ավիաընկերությունների` նույն միջազգային օդային հաղորդակցությունում զբաղված մյուս Պայմանավորվող կողմի ավիաընկերության կամ ավիաընկերությունների նկատմամբ` իր մաքսային, կարանտինի, արտագաղթի և նման այլ կանոնների կամ օդակայանների, դրանց կառույցների, օդանավի գետնավարելու և դրա հետ կապված` իր կողմից վերահսկելի, սարքավորումների կիրառման կապակցությամբ:
Հոդված 16. | ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ |
1. Համաձայն միջազգային օրենքով նախատեսվող իրենց իրավունքների և պարտավորությունների` Պայմանավորվող կողմերը հաստատում են, որ անօրինական գործողությունների դեմ քաղաքացիական ավիացիայի անվտանգությունն ապահովելու նպատակին ուղղված իրենց փոխադարձ պարտավորությունները կազմում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը: Առանց ընդհանուր առմամբ սահմանափակելու միջազգային իրավունքի ներքո իրենց իրավունքները և պարտականությունները` Պայմանավորվող կողմերը պետք է մասնավորապես գործեն 1963 թվականի սեպտեմբերի 14-ին Տոկիոյում ստորագրված «Օդանավի վրա կատարված հանցագործությունների և այլ արարքների մասին» Կոնվենցիայի, 1970 թվականի դեկտեմբերի 16-ին Հաագայում ստորագրված«Օդանավի անօրինական զավթման խափանման մասին» Կոնվենցիայի, 1971 թվականի սեպտեմբերի 23-ին Մոնրեալում ստորագրված «Օդանավի անօրինական զավթման խափանման մասին» Կոնվենցիայի, 1988 թվականի փետրվարի 24-ին Մոնրեալում ստորագրված «Միջազգային օդանավակայաններում բռնության անօրինական ձեռնարկումների դեմ պայքարելու մասին» Արձանագրության և նույն բնագավառի այլ միջազգային փաստաթղթերի համաձայն, որոնք ապագայում կարող են վավերացնել Պայմանավորվող կողմերը` դրույթների համաձայն:
2. Պայմանավորվող կողմերը խնդրանքի դեպքում պետք է մեկը մյուսին տրամադրեն ողջ անհրաժեշտ աջակցությունը` կանխելու քաղաքացիական օդանավի անօրինական զավթումը և այդ օդանավի, նրա ուղևորների, անձնակազմի, օդակայանների և օդագնացության սարքավորումների անվտանգության դեմ ուղղված այլ անօրինական գործողությունները և որևէ այլ սպառնալիք քաղաքացիական օդագնացության անվտանգությանը:
3. Պայմանավորվող կողմերը գործում են Ավիացիոն անվտանգության և տեխնիկական պահանջների համապատասխան դրույթներով, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից հաստատված և Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Կոնվենցիայի Հավելվածներ ծառայող ավիացիայի անվտանգության դրույթներին համապատասխան, այն չափով, որքանով այդ անվտանգության դրույթները կիրառելի են Կողմերի համար: Նրանք պետք է պահանջեն, որ իրենց գրանցման օդանավերի շահագործողները, օդանավերի շահագործողները, որոնց գործունեության կամ մշտական գտնվելու վայրը գտնվում է իրենց տարածքում, և միջազգային օդանավակայանների շահագործողները իրենց տարածքում նույնպես գործեն համաձայն ավիացիոն անվտանգության դրույթների և պահանջների:
4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ համաձայնում է, որ մյուս Պայմանավորվող կողմը կարող է պահանջել օդանավեր շահագործողներից սույն Համաձայնագրի 3-րդ կետում նշված Ավիացիոն անվտանգության դրույթների և պահանջների պահպանումը, որոնք նախատեսվում են մյուս Պայմանավորվող կողմի տարածք մուտքի, ելքի և այդ տարածք մտնելու համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կապահովի բավարար միջոցառումների կիրառումն իր տարածքում օդանավը և ուղևորներին ստուգելու, անձնակազմին, ձեռքի իրերը, ուղեբեռը, բեռը և օդանավի պահեստավորման բաժանմունքները պաշտպանելու ուղղությամբ` մինչ ուղևորների նստեցումը և օդանավի բեռնումը և դրանց ընթացքում: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ նաև բարեհաճ մոտեցում է ցուցաբերում մյուս Պայմանավորվող կողմի ցանկացած խնդրանքի` ձեռնարկելու հատուկ անվտանգության միջոցառումներ որևէ կոնկրետ վտանգի դեպքում:
5. Քաղաքացիական օդանավի, նրա ուղևորների և անձնակազմի, օդանավակայանների և օդագնացության սարքավորումների անօրինական զավթման, պատահարի կամ պատահարի սպառնալիքի դեպքում Պայմանավորվող կողմերը աջակցում են մեկը մյուսին` դյուրացնելով հաղորդակցությունը և ձեռնարկելով այլ համապատասխան միջոցառումներ` նպատակաուղղված նման պատահարի կամ դրա սպառնալիքի արագ և անվտանգ վերացմանը:
Հոդված 17. | ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
1. Սույն համագործակցության ոգով` Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները պետք է պարբերաբար խորհրդակցեն մեկը մյուսի հետ` սույն Համաձայնագրի և նրա Հավելվածի ճշգրիտ կատարումը ապահովելու նպատակով:
2. Պայմանավորվող կողմերից որևէ մեկը կարող է ցանկացած ժամանակ պահանջել խորհրդակցություն մյուս Պայմանավորվող կողմի հետ` կապված սույն Համաձայնագրի մեկնաբանության, կիրառման և փոփոխության հետ: Այդպիսի խորհրդակցություններ կարող են անցկացվել Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև գրագրությունների և բանակցությունների միջոցով, և պետք է հարցման սկսվեն ուղարկման օրվանից 60 օրվա ընթացքում, եթե Պայմանավորվող կողմերը չեն համաձայնել երկարաձգելու կամ կարճացնելու այդ ժամկետը:
Հոդված 18. | ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ |
Պայմանավորվող կողմերի միջև սույն Համաձայնագրի մեկնաբանմանը կամ կիրառմանն առնչվող ցանկացած վեճ պետք է կարգավորվի երկու Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև ուղղակի բանակցությունների միջոցով: Եթե նշված իշխանություններին չհաջողվի համաձայնության գալ, տարաձայնությունները պետք է կարգավորվեն դիվանագիտական ուղիներով:
Հոդված 19. | ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
1. Սույն Համաձայնագրի ցանկացած փոփոխություն, համաձայնեցված Պայմանավորվող կողմերի միջև խորհրդակցությունից հետո` սույն Համաձայնագրի 17-րդ հոդվածին համապատասխան, ուժի մեջ պետք է մտնի Պայմանավորվող կողմերից մեկը մյուսին նրա ընդունման վերաբերյալ դիվանագիտական հայտագրերից երկրորդի ստացման օրը:
2. Սույն Համաձայնագրի Հավելվածի ցանկացած փոփոխություն կարող է կատարվել Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների ուղղակի համաձայնությամբ: Համաձայնեցված փոփոխությունները պետք է ուժի մեջ մտնեն ավիացիոն իշխանությունների համատեղ որոշած օրը և պետք է հաստատվեն դիվանագիտական հայտագրերի փոխանակմամբ:
3. Այն դեպքում, երբ կկնքվի բազմակողմ համաձայնագիր կամ օդային տրանսպորտի կոնվենցիա, որոնց անդամ կլինեն երկու Պայմանավորվող կողմերը, ապա սույն Համաձայնագրի մեջ պատշաճ կերպով համապատասխան փոփոխություններ կկատարվեն, որպեսզի համապատասխանի այդ համաձայնագրի կամ կոնվենցիայի դրույթներին:
Հոդված 20. | ԳՐԱՆՑՈՒՄ |
Սույն Համաձայնագիրը և նրա ցանկացած փոփոխություն պետք է գրանցվեն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում: Բուլղարական կողմը սույն Համաձայնագիրը կգրանցի նաև ՄԱԿ-ի քարտուղարությունում:
Հոդված 21. | ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ |
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած ժամանակ մյուս Պայմանավորվող կողմին դիվանագիտական ուղիներով ծանուցել Համաձայնագիրը չեղյալ հայտարարելու իր որոշման մասին: Միաժամանակ, այդպիսի ծանուցում պետք է անհապաղ հաղորդվի Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը: Այդ դեպքում Համաձայնագիրը դադարեցնում է իր գործողությունը մյուս Պայմանավորվող կողմի ծանուցման ստացման օրվանից 12 ամիս հետո, եթե չեղյալ հայտարարման մասին նշված ծանուցումը հետ չի կանչվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ մինչև այս ժամկետի լրանալը:
2. Մյուս Պայմանավորվող կողմի ծանուցման ստացականի բացակայության դեպքում ծանուցումը պետք է ստացված համարվի Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից դրա ստացման օրվանից 14 օր հետո:
Հոդված 22. | ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ |
1. Սույն Համաձայնագիրը կնքված է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում դիվանագիտական հայտագրերից երկրորդի ստացման օրվանից, որով Պայմանավորվող կողմերը տեղեկացնում են միմյանց իրենց իրավասու մարմինների կողմից իրենց երկրներում գործող օրենսդրությանը համաձայն դրա հաստատման մասին:
2. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից երկու երկրների նկատմամբ դադարեցվում է ԽՍՀՄ կառավարության և Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին 1969 թվականի հուլիսի 7-ին Սոֆիայում կնքված համաձայնագրի գործողությունը:
Ի վկայություն վերը շարադրվածի` ներքոստորագրյալները, պատշաճորեն լիազորված լինելով Պայմանավորվող կողմերի կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:
Կատարված է Սոֆիա քաղաքում 1995 թվականի ապրիլի 10-ին, երկու բնօրինակով, հայերեն, բուլղարերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանության տարակարծության դեպքում ռուսերեն տեքստը պետք է լինի գերակայող:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1996 թվականի մարտի 6-ից:
Համաձայնագրի Հավելված
Ե Ր Թ ՈՒ Ղ Ի Ն Ե Ր Ի Ա Ղ Յ ՈՒ Ս Ա Կ
ՄԱՍ 1
1. Բուլղարիայի Հանրապետության նշանակած ավիաընկերության կամ ավիաընկերությունների կողմից շահագործվող երթուղիներ երկու ուղղություններով:
Բուլղարիայի Հանրապետության վայրեր.
Միջանկյալ վայրեր. կորոշվեն և կհամաձայնեցվեն լրացուցիչ
Հայաստանի Հանրապետության վայրեր. Երևան, Գյումրի և 2 այլ վայրեր, որոնք կհամաձայնեցվեն լրացուցիչ
Վայրեր տարածքից դուրս
Մաս 2
1. Հայաստանի Հանրապետության նշանակած ավիաընկերության կամ ավիաընկերությունների կողմից շահագործվելիք երթուղիներ երկու ուղղություններով:
Հայաստանի Հանրապետության վայրեր
Միջանկյալ վայրեր. կորոշվեն և կհամաձայնեցվեն լրացուցիչ
Բուլղարիայի Հանրապետության վայրեր. Սոֆիա, Բուրգաս, Վառնա, Պլովդիվ
Վայրեր տարածքից դուրս. կորոշվեն և կհամաձայնեցվեն լրացուցիչ
2. Օդի հինգերորդ ազատությունը դեպի երրորդ երկրներ կամ այդտեղից գալու ազատության իրավունքները կարող են օգտագործվել պայմանագրային չվագծերում` այն դեպքում, երբ նախօրոք համաձայնեցվել և պայմանավորվել են երկու նշանակած ավիաընկերությունների միջև և հաստատվել են համապատասխան ավիացիոն իշխանությունների կողմից:
3. Ցանկացած կամ բոլոր միջանկյալ կամ տարածքից դուրս վայրերը կարող են, նշանակված ավիաընկերության կամ ավիաընկերությունների տեսանկյունով, բաց թողնվել ցանկացած կամ բոլոր թռիչքների դեպքում` պայմանով, որ հաղորդակցությունը սկսվում և ավարտվում է Պայմանավորվող կողմերի կողմից նշանակված ավիաընկերության տարածքում:
