Գլխավոր տեղեկություն
Համար
N 938-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.08.2009-15.09.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.08.26/43(709) Հոդ.1004
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.07.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.08.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.09.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հուլիսի 2009 թվականի N 938-Ն

 

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՄԵԿ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԵԿ ՈՒՐԻՇԸ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1112-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ուսանողներին մեկ բարձրագույն ուսումնական հաստատությունից մեկ ուրիշը փոխադրելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Ուսանողներին մեկ բարձրագույն ուսումնական հաստատությունից մեկ ուրիշը փոխադրելու կարգը հաստատելու մասին» N 1112-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. օգոստոսի 19
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2009 թվականի
հուլիսի 16-ի N 938-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՄԵԿ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԵԿ ՈՒՐԻՇԸ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգի գործողությունը տարածվում է պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների վրա (այսուհետ՝ բուհեր)` անկախ ուսուցման ձևից (առկա, հեռակա), իրականացվող կրթական ծրագրերից (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) և մասնագիտություններից:

2. Ուսանողը մեկ բուհից մյուսը փոխադրվում է 2 բուհերի ռեկտորների համաձայնությամբ` բացառությամբ սույն կարգի 10-րդ կետով նախատեսված դեպքերի: Փոխադրման մասին ուսանողների դիմումներն ընդունվում են կիսամյակների ուսումնական պարապմունքներին նախորդող և հաջորդող 2 շաբաթվա ընթացքում: Ներբուհական տեղափոխությունները կատարվում են տվյալ բուհի ռեկտորի հրամանով սահմանված ժամկետներում: Հայաստանի Հանրապետության (այլ պետությունների) այլ պետական բուհերից ուսանողների փոխադրումը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատություն կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 28-ի «Ոստիկանության ուսումնական հաստատությունում ուսման մասին կանոնագիրքը հաստատելու մասին» N 1184-Ն որոշմամբ սահմանված կարգով: Ուսանողների փոխադրումը կատարվում է տվյալ մասնագիտության համար լիցենզիայով սահմանված տեղերը չգերազանցելու պայմանով: Փոխադրված ուսանողները հրամանագրվում են միայն վճարովի համակարգ` հաջորդ ուսումնական տարվանից Հայաստանի Հանրապետության բուհերում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգով սահմանված փոխատեղմանը մասնակցելու իրավունքով: Փոխադրումներ կատարելիս պետք է պահպանել ուսումնական ծրագրերի միջև եղած տարբերությունը` մեկ ուսումնական տարին չգերազանցելու պարտադիր պահանջը:

3. Չի թույլատրվում բակալավրի կրթական ծրագրով առաջին և ավարտական կուրսերում սովորող ուսանողների փոխադրումը: Մագիստրոսի կրթական ծրագրով սովորող ուսանողների փոխադրումը թույլատրվում է առաջին կիսամյակի ավարտից հետո: Բուհերի հեռակա (առկա) բաժիններից առկա (հեռակա) բաժիններ փոխադրումը թույլատրվում է առաջին կուրսն ավարտելուց հետո` առանց պարտադիր ժամկետային զինվորական ծառայության տարկետման իրավունքի, բուհի կողմից սահմանված կարգով:

4. Չի թույլատրվում նպատակային տեղերում ընդունված ուսանողների տեղափոխումն այլ մասնագիտությամբ ուսումնառության:

5. Թերի կամ լրիվ զինվորական (քաղաքացիական) բարձրագույն կրթություն ունեցող զինծառայողները և Հայաստանի Հանրապետության ռազմական բարձրագույն ուսումնական հաստատությունների կուրսանտները (ունկնդիրները), ովքեր իսկական զինվորական ծառայությունից զորացրվել են առողջական վիճակի, տարիքի կամ հաստիքների կրճատման պատճառով, ամբողջ ուսումնական տարվա ընթացքում կարող են փոխադրվել բուհերի համապատասխան մասնագիտությունների առաջին և հաջորդ կուրսեր:

6. Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատությունից ուսանողը փոխադրվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատության ղեկավարի համաձայնությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի թույլտվությամբ:

7. Ուսանողների փոխադրումը թույլատրվում է, եթե առարկաների կրեդիտների (մոդուլների) 25 տոկոսից ավելի տարբերությամբ պայմանավորված ստուգարքների և քննությունների թիվը, հաշվի առնելով բուհերի և մասնագիտությունների առանձնահատկությունները, չի գերազանցում 8-ը: Մասնագիտության փոփոխմամբ թույլատրվող փոխադրումների նպատակահարմարությունը հիմնավորվում և համաձայնեցվում է ընդունող բուհի կողմից: Օտարերկրյա բուհերից ուսանողների փոխադրման դեպքում հանձնման ենթակա ստուգարքների և քննությունների թվի մեջ չեն մտնում հայագիտական առարկաները:

8. Տարբեր պատճառներով գոյացած առարկայական (մոդուլների) տարբերությունները և առարկաների (մոդուլների) առանձին բաժինները (ուսումնական պլանների տարբերություններ, չհանձնած քննություններ և ստուգարքներ) համարվում են ակադեմիական պարտքեր, եթե առարկայական (մոդուլների) կրեդիտների տարբերությունը գերազանցում է 30 տոկոսը կամ 18 կրեդիտը: Դրանց ցանկը և ծավալները որոշում է ընդունող բուհը:

9. Չի թույլատրվում պետական հավատարմագրում չունեցող ոչ պետական բուհերից ուսանողների փոխադրումը պետական կամ հավատարմագրված ոչ պետական բուհեր:

10. Հավատարմագրված ոչ պետական բուհից ուսանողը պետական բուհ փոխադրվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի թույլտվությամբ` ընդունող բուհի ռեկտորի ներկայացմամբ:

11. Բուհերը յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն (այսուհետ` նախարարություն) են ներկայացնում ուսանողների փոխադրման բոլոր ձևերի վերաբերյալ հաշվետվություն` տալով մանրամասն տեղեկություն` ըստ կրթական ծրագրի, ուսուցման ձևի, մասնագիտության և ուսուցման կուրսի փոխադրման:

 

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՀԻՑ ԲՈՒՀ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ

 

12. Ուսանողի` բուհից բուհ փոխադրումը, որի ընթացքում կարող է անցում կատարվել մեկ մասնագիտությունից մյուսը կամ փոխվել ուսուցման ձևը (առկա, հեռակա) իրականացվում է ուսանողի դիմումի համաձայն, որին կցվում է նաև ստուգման գրքույկի` բուհի կողմից հաստատված պատճենը:

13. Ուսանողը փոխադրման մասին դիմումը ներկայացնում է իր ուսումնառության բուհի ռեկտորին՝ նրա գրավոր համաձայնությունն ստանալու համար:

14. Ուսանողն ընդունող բուհի սահմանած կարգով, ինչպես նաև ընդունող բուհի հրամանով կարող է փոխադրվել ատեստավորման հիմունքով ուսանողի հանձնած քննությունների գնահատականների հաշվառման, հարցազրույցի, թեստավորման կամ գիտելիքների ստուգման այլ եղանակներով: Եթե ընդունող բուհում տվյալ մասնագիտությամբ և կուրսում ազատ տեղերի թիվն ավելի քիչ է, քան փոխադրվել ցանկացողների թիվը, ատեստավորման գործընթացից հետո անցկացվում է մրցույթ, որի արդյունքում ընտրվում են ուսումնառությունը շարունակելու համար առավել պատրաստ ուսանողները: Ատեստավորման և մրցույթի անցկացման կարգն ու պայմանները սահմանում է ընդունող բուհը: Մինչև տեղափոխվողների ատեստավորման արդյունքներն ստանալն ընդունող բուհի ռեկտորն իրավասու է ուսանողին ժամանակավորապես հրամանագրելու համապատասխան ակադեմիական խմբում և նրան թույլատրելու մասնակցել ուսումնական պարապմունքներին: Ժամանակավոր հրամանում նշվում են նաև ակադեմիական պարտքերի ցանկը, առարկաների (բաժինների) ծավալները, դրանց ուսումնառության և ակադեմիական պարտքերի մարման անհատական ժամանակացույցը: Բացի ատեստավորման գործընթացից` ուսանողը պետք է հանձնի գոյացած առարկայական տարբերությունները` ընդունող բուհի կողմից սահմանված անհատական ժամանակացույցով, մեկ ամսվա ընթացքում, որի ավարտից հետո մեկ շաբաթվա ընթացքում տրվում է հրաման:

15. Ատեստավորման դրական արդյունքի դեպքում ընդունող բուհն ուսանողին տալիս է սահմանված նմուշի տեղեկանք` համաձայն ձևի: Ուսանողը նշված տեղեկանքը ներկայացնում է իր սովորած բուհ, որի ռեկտորը եռօրյա ժամկետում տալիս է ազատման մասին հրաման` հետևյալ ձևակերպմամբ` «Ուսանող ___________ - ը ազատված է ___________ բուհ փոխադրման կապակցությամբ»: Ուսանողին առձեռն տրվում կամ փոստով առաքվում են ազատման մասին հրամանի պատճենը, սահմանված նմուշի ակադեմիական տեղեկանքը, միջնակարգ կրթության ավարտական վկայականը, անձնական գործի փաստաթղթերը և ընդունելության քննություններին առնչվող փաստաթղթերը: Ուսանողի անձնական գործում մնում են ազատման մասին հրամանի և բուհի կողմից հաստատված միջնակարգ կրթության ավարտական վկայականի պատճենները, ուսանողական տոմսը, ստուգման գրքույկը և ուղարկված փաստաթղթերի ցանկը:

16. Փոխադրվող ուսանողի հրամանագրումը կատարում է ընդունող բուհի ռեկտորը` ուսանողի դիմումը, միջնակարգ կրթության ավարտական վկայականը և ակադեմիական տեղեկանքն ստանալուց հետո (մինչ այդ ստուգվում է ակադեմիական տեղեկանքի և ստուգման գրքույկի պատճենի համապատասխանությունը):

17. Փոխադրման մասին հրամանում կատարվում է հետևյալ գրառումը` «___________ -ին ___________ բուհից փոխադրման կարգով ընդունել ___________ ֆակուլտետի ___________ մասնագիտության _____ կուրս` ________ ուսուցման ձևով, վճարովի (անվճար) սկզբունքով»: Ընդունող բուհում կազմվում է ուսանողի նոր անձնական գործ: Ուսանողին տրվում են նոր ուսանողական տոմս և ստուգման գրքույկ:

18. Հեռակայից առկա բաժիններ տեղափոխությունները կատարվում են սույն կարգի պահանջներին համապատասխան: Առարկայական տարբերությունները հանձնելու համար սահմանվում է անհատական ժամանակացույց, որի ժամկետը չպետք է գերազանցի տվյալ կիսամյակի առկա ուսուցման համար սահմանված ժամկետը:

 

III. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲՈՒՀԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՀԵՐ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ

 

19. Ուսանողներն օտարերկրյա պետական կամ հավատարմագրված ոչ պետական բուհերից Հայաստանի Հանրապետության բուհեր փոխադրվում են վճարովի ուսուցման սկզբունքով: Բացառության կարգով (առողջական վիճակի կամ այլ հարգելի պատճառով) օտարերկրյա բուհ նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներն ընդունող բուհում տվյալ մասնագիտության համապատասխան կուրսում անվճար ուսուցման ազատ տեղերի առկայության դեպքում, ընդունող բուհի ռեկտորի առաջարկությամբ և նախարարության հետ համաձայնեցված, կարող են ուսումնառությունը շարունակել անվճար սկզբունքով:

20. Օտարերկրյա բուհ ընդունվելու կարգը (հարցազրույց, թեստավորում, քննություն, քննությունների թիվը և մրցույթի կարգը), ուսուցման ձևը և համակարգը չեն կարող ազդել ուսանողի փոխադրման գործընթացի վրա:

21. Ընդունող բուհը դրական կարծիքի դեպքում նախարարություն է ներկայացնում փաստաթղթերի փաթեթը (ստուգման գրքույկ կամ ակադեմիական տեղեկանք, բուհերի համաձայնությունը): Փոխադրման մասին որոշումն ընդունում է նախարարը` համապատասխան օտարերկրյա բուհից գրավոր հարցման դրական պատասխան ստանալուց հետո:

22. Ուսանողի փոխադրումն իրականացվում է սույն կարգի 7-րդ, 14-18-րդ և 20-րդ կետերով սահմանված ընթացակարգերով: Եթե ուսանողի անձնական գործն առաքման ենթակա չէ, ապա ընդունող բուհին հղվում է դրա մասին փաստաթուղթ, իսկ ուսանողը հրամանագրվում է իր դիմումի և ակադեմիական տեղեկանքի հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Ձև

 

Ընդունող բուհի անկյունային կնիքը,

ամսաթիվը, գրանցման համարը

(կամ բուհի ձևաթուղթը)

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Տրվում է ___________________________________________ -ին` առ այն, որ

(անունը, հայրանունը, ազգանունը` լրիվ)

 

նրան __________________________ կողմից տրված _______________________

(բուհի լրիվ անվանումը)

(ստուգման գրքույկի գրանցման

 

________________________ ստուգման գրքույկի պատճենի և դիմումի համաձայն

թիվը և ամսաթիվը)

 

թույլատրվել էր մասնակցել ատեստավորման գործընթացին, որը նա հաջողությամբ անցել Է։

 

______________________________ -ի փոխադրումը կհրամանագրվի __________

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

____________________________________________________ ուսուցման

(ընդունող բուհի և ֆակուլտետի լրիվ անվանումները, առկա, հեռակա)

 

__________ կուրս ________________________________մասնագիտության գծով,

(մասնագիտության լրիվ անվանումը)

 

___________________ սկզբունքով, ակադեմիական տեղեկանքը և միջնակարգ

(անվճար, վճարովի)

 

կրթության ավարտական վկայականը ներկայացնելուց հետո։

 

Ռեկտոր ______________

___________________

(uտորագրությունը)

(անունը, ազգանունը)

   

Կ.Տ.

 

_____ __________ 200 թ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.08.2011, N 1240-Ն 15.09.2011, N 938-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան