Գլխավոր տեղեկություն
Համար
N 13-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (04.10.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.10.22/24(376) Հոդ.299
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
16.07.2010
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
16.07.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 հոկտեմբերի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 10010366

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

16 հուլիսի 2010 թ.

 N 13-Ն 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

(հրամանը խմբ. 06.11.18 N 27-Ն)

 

«ԱԽՏԱՀԱՆՄԱՆ, ԿՐԾՈՂԱՍՊԱՆ ԵՎ ՀՈԴՎԱԾՈՏԱՆԻՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ» ՍՆ N 2.2.5-003-05 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 06.11.18 N 27-Ն)

       

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝

(նախաբանը խմբ. 22.09.23 N 41-Ն)

       

Հրամայում եմ`

    

1. Հաստատել «Ախտահանման, կրծողասպան և հոդվածոտանիների ոչնչացման աշխատանքների իրականացման և աշխատողների առողջության պահպանման» ՍՆ N 2.2.5-003-05 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին:

  

       

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2010 թվականի հուլիսի 16-ի

N 13-Ն հրամանի

 

«ԱԽՏԱՀԱՆՄԱՆ, ԿՐԾՈՂԱՍՊԱՆ ԵՎ ՀՈԴՎԱԾՈՏԱՆԻՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ» ՍՆ N 2.2.5-003-05 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐ

 

ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները (այսուհետ` Կանոններ) սահմանում են ախտահանման, կրծողասպան և հոդվածոտանիների ոչնչացման աշխատանքների իրականացմանը և աշխատողների առողջության պահպանմանը ներկայացվող պահանջներ:

2. Սույն Կանոնները տարածվում են ախտահանման, կրծողասպան և հոդվածոտանիների ոչնչացման աշխատանքներ իրականացնող և այդ աշխատանքներում ներգրավված բոլոր իրավաբանական (այսուհետ՝ կազմակերպություն) և ֆիզիկական անձանց վրա:

3. Ախտահանման, կրծողասպան և հոդվածոտանիների ոչնչացման աշխատանքներն իրականացվում են բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերում, շինություններում և դրանց հարակից տարածքներում:

4. Կրծողասպան և հոդվածոտանիների ոչնչացման աշխատանքները իրականացվում են միայն մասնագիտացված կազմակերպությունների կողմից:

5. Հայաստանի Հանրապետության տարածքում ախտահանման, կրծողասպան և հոդվածոտանիների ոչնչացման աշխատանքների իրականացման ժամանակ ախտահանիչ, կրծողասպան և հոդվածոտանիների ոչնչացման նյութերը օգտագործվում են դրանց կից հրահանգների պահանջների համաձայն:

6. Ախտահանման տեսակներն են՝ կանխարգելիչ և օջախային: Վարակիչ հիվանդության օջախներում իրականցավում է եզրափակիչ և ընթացիկ ախտահանում:

    

ԳԼՈՒԽ 2. ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

     

7. Ախտահանման աշխատանքներ (այսուհետ՝ ախտահանում)՝ վարակիչ հիվանդությունների հարուցիչների և արտաքին միջավայրում դրանց թույների ոչնչացմանն ուղղված աշխատանքներ (կանխարգելիչ և օջախային):

8. Կանխարգելիչ ախտահանում՝ իրականացվում են վարակիչ հիվանդության առաջացումը կանխարգելելու նպատակով՝ այն տարածքներում, որտեղ վարակիչ հիվանդություն կամ վարակիչ հիվանդության հարուցիչ չի հայտնաբերվել, սակայն մեծ է նրա առաջացման վտանգը:

9. Օջախային ախտահանում (ընթացիկ և եզրափակիչ)՝ իրականացվում է վարակի փոխանցման մեխանիզմի ընդհատման՝ հիվանդի հետ շփված անձանց վարակումը և օջախից դուրս վարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով: Օջախային ախտահանման ենթակա հիվանդությունները, ախտահանման դեպքերը և ախտահանում իրականացնողները սահմանվում են սույն կանոններով՝ համաձայն աղյուսակ 1-ի:

10. Ընթացիկ ախտահանում՝ իրականացվում է, եթե հիվանդը հոսպիտալացված կամ մեկուսացված չէ, այդ թվում՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում՝ հիվանդին իր հիվանդասենյակից չտեղափոխելու դեպքում: Ընթացիկ ախտահանումը կատարվում է հիվանդի անկողնու շրջակայքում (սենյակ կամ հիվանդասենյակ)՝ ինչպես բժշկական կազմակերպությունում, այնպես էլ տան պայմաններում՝ հիվանդության վարակիչ շրջանի ամբողջ ընթացքում։

11. Եզրափակիչ ախտահանում՝ իրականացվում է միանվագ՝ հիվանդի հոսպիտալացումից կամ մեկուսացումից հետո՝ չսպասելով վարակիչ հիվանդության ախտորոշման հաստատմանը: Հիմնական նպատակն ախտածինների ոչնչացումն է և վարակի հետագա տարածման կանխումը:

12. Խցիկային ախտահանում՝ ախտահանման մեթոդ է, որով ախտահանվում են այն իրերը, որոնք հնարավոր չէ անվտանգ դարձնել եռացնելու, քիմիական լուծույթներում թրջելու միջոցով (վերնահագուստ, անկողնային պարագաներ՝ բարձ, ծածկոց, ներքնակ, գորգերը, բուրդը, վիրակապական նյութերը, կաշին, գրքերը և այլն)։ Խցիկային ախտահանումը պարտադիր է մի շարք հիվանդությունների ժամանակ (ժանտախտ, խոլերա, հետադարձ տիֆ, համաճարակային բծավոր տիֆ, սիբիրյան խոց և այլն):

13. Կրծողասպան աշխատանքներ (այսուհետ՝ կրծողների ոչնչացում)՝ հատուկ մեթոդներով, ձևերով և միջոցներով իրականացվող կրծողների ոչնչացման և կրծողների բազմացումը և տարածումը կանխարգելող ինժեներատեխնիկական և սանիտարահիգիենիկ միջոցառումներ են՝ ուղղված շրջակա միջավայրում կրծողների քանակի կրճատմանը կամ լրիվ ոչնչացմանը, ինչպես նաև կրծողներից պաշտպանմանը:

14. Հոդվածոտանիների ոչնչացման աշխատանքներ (այսուհետ՝ հոդվածոտանիների ոչնչացում)՝ հատուկ մեթոդներով, և միջոցներով (ինսեկտիցիդներ) բնակչության շրջանում վարակիչ հիվանդություններ փոխանցվող, երբեմն՝ ալերգիկ վիճակներ առաջացնող, ինչպես նաև տնտեսական վնասներ պատճառող (սննդամթերքի, առարկաների, իրերի փչացում) վնասակար հոդվածոտանիների ոչնչացումն է՝ ուղղված բնակչության համար բարենպաստ սանիտարահամաճարակային իրավիճակի ապահովմանը:

15. Մասնագիտացված կազմակերպություն՝ ախտահանման և(կամ) կրծողասպան և (կամ) հոդվածոտանիների ոչնչացման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ շենքային պայմաններով, սարքավորումներով և սարքերով, այդ միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ նյութերով և համապատասխան հմտություններ ունեցող մասնագետներով ապահովված կազմակերպություն:

16. Վարակիչ հիվանդության օջախ (այսուհետ՝ օջախ)՝ վարակի աղբյուրի գտնվելու վայրը (հիվանդի բնակության վայրը (այսուհետ՝ տնային օջախ), աշխատավայրը, ուսումնական հաստատությունները (այսուհետ՝ կազմակերպ օջախ), ինչպես նաև այն կազմակերպությունները, որտեղ տեղի է ունեցել հիվանդի հավանական վարակումը՝ հանրային սննդի, ժամանցի և այլ կազմակերպություններ) և այն տարածքը, որի սահմաններում կարող է փոխանցվել վարակը:

 

ԲԱԺԻՆ 2. ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 3. ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

     

17. Բժշկական կազմակերպություններում, սննդամթերքի արտադրության, առևտրի և հանրային սննդի կազմակերպություններում, ուսումնական հաստատություններում (մանկապարտեզներ, հանրակրթական և հատուկ կրթության ուսումնական հաստատություններ) վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման կանխարգելման նպատակով իրականացվում են կանխարգելիչ ախտահանման աշխատանքներ:

18. Բժշկական կազմակերպություններում սենքերի ախտահանումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի մարտի 27-ի N 03-Ն հրամանի պահանջների, իսկ Բժշկական նշանակության արտադրատեսակների ախտահանումը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 48-Ն հրամանի պահանջների:

19. Բժշկական կազմակերպություններում ախտահանման որակի գանհատման նպատակով իրականացվում է մանրէաբանական լաբորատոր հսկողություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 48-Ն հրամանի պահանջների:

20. Սննդամթերքի արտադրության, առևտրի և հանրային սննդի կազմակերպություններում ախտահանման ենթակա են՝

1) սննդի շղթայի բոլոր փուլերում սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված կառույցների սենքերը,

2) սննդամթերքի փոխադրման տրանսպորտային միջոցները,

3) բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ:

21. Ուսումնական հաստատություններում կանխարգելիչ ախտահանման աշխատանքներն իրականացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 20-ի N 857 և 2017 թվականի մարտի 28-ի N 12-Ն հրամանների պահանջների:

     

ԳԼՈՒԽ 4. ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՋԱԽՆԵՐՈՒՄ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

     

22. Վարակիչ հիվանդություննների օջախներում իրականացվող ախտահանման աշխատանքներն (այսուհետ՝ ախտահանում) ուղղված են վարակի փոխանցման մեխանիզմի ընդհատմանը, հիվանդի հետ շփված անձանց վարակման, ինչպես նաև վարակի օջախից դուրս տարածման կանխարգելմանը:

23. Վարակիչ հիվանդությունների տնային օջախներում եզրափակիչ ախտահանում իրականացվում է հիվանդի հոսպիտալացումից հետո 24 ժամվա ընթացքում, իսկ կազմակերպ օջախներում՝ հիվանդի վերջին հաճախումից հետո 24 ժամվա ընթացքում:

24. Ախտահանիչները կիրառվում են դրանց կից հրահանգների պահանջների համաձայն՝ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով:

25. Ժանտախտ, խոլերա, հետադարձ տիֆ, համաճարակային բծավոր տիֆ, սիբիրյան խոց, որովայնային տիֆ, պարատիֆեր և սալմոնելոզ հիվանդությունների օջախներում (տնային և կազմակերպ) եզրափակիչ ախտահանում կատարվում է միայն մասնագիտացված կազմակերպության մասնագետների կողմից:

26. Վիրուսային հեպատիտ Ա և Ե, պոլիոմիելիտ և այլ էնտերովիրուսային վարակներ, շիգելոզ, աղիքային յերսինիոզ հիվանդությունների օջախներում (տնային և կազմակերպ) եզրափակիչ ախտահանում իրականացվում են ինչպես մասնագիտացված կազմակերպության մասնագետների, այնպես էլ բժշկական կազմակերպությունների, նախադպրոցական, հանրակրթական ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ մանկական կազմակերպություն) անձնակազմի կամ բնակչության կողմից՝ մասնագիտացված կազմակերպության մասնագետների ղեկավարությամբ:

27. Այլ վարակիչ հիվանդությունների (այդ թվում՝ չճշտված և ենթադրյալ աղիքային վարակներ) դեպքում եզրափակիչ ախտահանումն իրականացնելու հարցը որոշվում է օջախի (տնային և կազմակերպ) համաճարակաբանական հետազոտություն իրականացնող համաճարակաբանի կողմից (ախտահանում իրականացվում են ինչպես մասնագիտացված կազմակերպության մասնագետների, այնպես էլ բժշկական կազմակերպությունների, մանկական կազմակերպությունների անձնակազմի կամ բնակչության կողմից՝ մասնագիտացված կազմակերպության մասնագետների ղեկավարությամբ)՝ ելնելով օջախի սանիտարահիգիենիկ վիճակից, վարակի տարածման հավանականությունից, ինչպես նաև համաճարակաբանական ցուցումից, մասնավորապես՝

1) անբարենպաստ սանիտարահիգիենիկ պայմաններով տնային օջախներում՝

ա. կենտրոնացված ջրամատակարարման և կոյուղու բացակայությունը (հոսող ջրի բացակայություն, սանհանգույցի կամ հորատիպ զուգարանի դրսում գտնվելը),

բ. անասնագոմի կամ թռչնանոցի առկայությունը, հատկապես, երբ դրանք գտնվում են բնակարանից 25 մետրից պակաս հեռավորության վրա,

գ. խիտ բնակեցված համայնքային բնակարաններում,

2) տնային օջախներում, որտեղ կան մինչև 2 տարեկան երեխաներ,

3) կազմակերպություններում, այդ թվում՝ հանրակացարաններում, հյուրանոցներում, եթե միաժամանակ արձանագրվում է վարակի 2 և ավել դեպք,

4) հանրակրթական ուսումնական հաստատություններում «վարակի 5-ից ավել դեպքերում»,

5) նախադպրոցական ուսումնական հաստատությունում, հատուկ կրթության հաստատություններում (գիշերօթիկ, երկարօրյա և այլն)՝ վարակի 2 և ավելի դեպք արձանագրվելիս:

28. Ժանտախտով, խոլերայով, հետադարձ տիֆով, համաճարակային բծավոր տիֆով, Բրիլի հիվանդությունով, Կու տենդով (թոքային ձև), սիբիրյան խոցով, բարձր վարակելիությամբ վիրուսային հեմոռագիկ տենդերով, որովայնային տիֆով, պարատիֆերով, բորով, դիֆթերիայով, մաշկի, մազերի և եղունգների սնկային հիվանդություններով (միկրոսպորիա, տրիխոֆիթիա, ռուբրոֆիթիա, ֆավուս), ոջլոտությամբ, քոսով վարակված պացիենտների անկողնային պարագաները և հագուստները ենթարկվում են նաև խցիկային ախտահանման:

29. Խցիկային ախտահանում իրականացվում է համաձայն ախտահանման խցիկին ուղեկցող հրահանգի։

30. Խցիկային ախտահանման իրականացման համար օջախից վերցված իրերի և առարկաների ծավալը սահմանվում է ախտահանման խցիկի ուղեկցող հրահանգով:

31. Եզրափակիչ ախտահանման աշխատանքների իրականացումը համարվում է լիարժեք, եթե՝

1) ախտահանման ենթակա տնային օջախների ընդգրկվածությունն առնվազն 95 % է,

2) ախտահանման ենթակա կազմակերպ օջախների ընդգրկվածությունն առնվազն 90 % է,

3) խցիկային ախտահանման ենթակա ախտահանումների ընդգրկվածությունն առնվազն 95 % է։

32. Եզրափակիչ ախտահանման որակի մանրէաբանական հսկողությունը տնային և կազմակերպ օջախներում սահմանվում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի հրամանով:

33. Եզրափակիչ ախտահանումից հետո իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում շեղումներ (հետազոտվող առարկաներից, իրերից և մակերեսներից ոչ ախտածին միկրոֆլորայի աճ՝ լվացուկների 2%-ից ավելի նմուշներում) արձանագրելիս ախտահանումը համարվում է անբավարար և իրականացվում է կրկնակի ախտահանում՝ լաբորատոր հսկողությամբ։

34. Եզրափակիչ ախտահանման որակի հսկողության վերաբերյալ լվացուկների մանրէաբանական հետազոտությունների արդյունքները գրանցվում են համաձայն սույն Կանոնների Ձև N 2-ի:

35. Ախտահանման խցիկի մանրէաբանական լաբորատոր հսկողությունը իրականացվում է եռամսյակը 1 անգամից ոչ պակաս` ախտահանման աշխատանքներ իրականացնող կազմակերպության կողմից թեստային մեթոդով:

36. Ախտահանման խցիկների մանրէաբանական հետազոտության արդյունքները գրանցվում են համաձայն սույն Կանոնների Ձև N 1-ի:

         

ԳԼՈՒԽ 5. ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆԱՅԻՆ ՕՋԱԽՆԵՐՈՒՄ ԸՆԹԱՑԻԿ ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

   

37. Վարակիչ հիվանդության տնային օջախի ընթացիկ ախտահանումը կազմակերպվում է բուժաշխատողի կողմից և իրականացվում է բնակչության ուժերով՝ հետևյալ դեպքերում.

1) հիվանդին առաջին անգամ հայտնաբերելիս մինչև նրա հոսպիտալացումը,

2) հիվանդի տանը բուժվելու դեպքում՝ մինչև լրիվ առողջացումը,

3) նախկինում հիվանդացածների օջախներում՝ մինչև դիսպանսեր հաշվառումից հանելը:

38. Բնակչության ուժերով կատարված ընթացիկ ախտահանումը համարվում է ժամանակին կատարված, եթե իրականացվում է հիվանդի հայտնաբերման պահից հաշված 3 ժամից ոչ ուշ։

39. Տնային օջախներում կիրառվում են ախտահանման ֆիզիկական և քիմիական մեթոդները՝ լվացող նյութերի և ախտահանիչների կիրառումով։

40. Ընթացիկ ախտահանման որակի մանրէաբանական հսկողությունը իրականացվում է Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մարզային և «Երևանի քաղաքային կենտրոն» մասնաճյուղերի կողմից:

41. Ընթացիկ ախտահանման որակի մանրէաբանական հսկողությունն իրականացվում է 15%-ից ոչ պակաս օջախներում:

42. Որովայնային տիֆի, պարատիֆերի, շիգելոզի, ամեոբիազի, դիֆթերիայի, սնկային հիվանդությունների օջախներում ընթացիկ ախտահանման հսկողությունը մշտական է։

43. Ընթացիկ ախտահանման որակի հսկողության վերաբերյալ մանրէաբանական հետազոտությունների արդյունքները գրանցվում են սույն Կանոնների Ձև N 2-ում:

44. Ընթացիկ ախտահանումից հետո իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում շեղումներ արձանագրելիս ախտահանումը համարվում է անբավարար և կատարվում է կրկնակի ախտահանում՝ լաբորատոր հսկողությամբ։

    

ԳԼՈՒԽ 6. ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼԻՍ՝ ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

    

45. Բժշկական կազմակերպություններում պացիենտների շրջանում վարակիչ հիվանդության դեպքերի հայտնաբերման ժամանակ բժշկական կազմակերպության կողմից իրականացվում է եզրափակիչ ախտահանում, եթե պացիենտը տեղափոխվել կամ մեկուսացվել է, ինչպես նաև ընթացիկ ախտահանում, եթե պացիենտը չի տեղափոխվել:

46. Բժշկական կազմակերպություններում ընթացիկ ախտահանման որակի նկատմամբ մանրէաբանական լաբորատոր հսկողությունն իրականացվում է բժշկական կազմակերպության մանրէաբանական լաբորատորիայի կողմից:

47. Բժշկական կազմակերպություններում մանրէաբանական լաբորատորիայի բացակայության դեպքում ընթացիկ ախտահանման որակի նկատմամբ մանրէաբանական լաբորատոր հսկողությունն իրականացվում է պայմանագրային հիմունքներով:

     

ԳԼՈՒԽ 7. ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՕԴԱՆԱՎԵՐՈՒՄ ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

     

48. Օդանավակայաններում ախտահանման, կրծողասպան և հոդվածոտանիների ոչնչացման աշխատանքներն իրականացվում են օդանավակայանները շահագործող կազմակերպության կամ ախտահանման աշխատանքներ իրականացնող մասնագիտացված կազմակերպության կողմից՝ սույն Կանոնների պահանջներին համապատասխան։

49. Օդանավերի ախտահանման, կրծողասպան և հոդվածոտանիների ոչնչացման նպատակով կիրառելի են միայն այն քիմիական և ֆիզիկական մեթոդները և դրանց կիրառումն ապահովող այն նյութերը (կամ միջոցները), որոնք առաջարկված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից և ընդունված Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության և Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի կողմից:

50. Յուրաքանչյուր չվերթից հետո օդանավերում իրականացվում են կանխարգելիչ ախտահանման, կրծողասպան և հոդվածոտանիների ոչնչացման աշխատանքներ:

51. Օդանավերում եզրափակիչ ախտահանման, կրծողասպան և հոդվածոտանիների ոչնչացման աշխատանքներ իրականացվում են միայն համաճարակաբանական ցուցման դեպքում:

 

ԳԼՈՒԽ 8. ԱԽՏԱՀԱՆԻՉ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

52. Ախտահանիչների պահպանումն իրականացվում է պահեստում՝ փակ տարողությունների մեջ:

53. Պահեստում փաթեթավորված ախտահանիչները տեղադրվում են մետաղական, իսկ ախտահանիչներով լցված ապակյա տարաները` փայտյա դարակաշարերի վրա, ախտահանիչներով տարողությունների և փաթեթների հեռավորությունը պահեստի պատից սահմանվում է 0,8 մ-ից ոչ պակաս, իսկ լուսավորման սարքերից` 0,5 մ-ից ոչ պակաս:

54. Պահեստի պատերի, առաստաղի և հատակի հարդարումը կատարվում է ոչ ադսորբցող (կլանող) նյութերով (կերամիկական սալիկներ, յուղաներկ և այլն)` քիմիական նյութերի կուտակումը բացառելու և պահեստի խոնավ մշակումը ապահովելու նպատակով:

55. Պահեստում միկրոկլիման համապատասխանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2005 թվականի սեպտեմբերի 16-ի N 842-Ն հրամանով սահմանված պահանջներին, ախտահանիչները պաշտպանվում են արևի ուղիղ ճառագայթների ներգործությունից:

56. Ախտահանիչների պահպանման ժամանակ ապահովվում է ախտահանիչների փաթեթավորման ամբողջականությունը, ախտահանիչների փաթեթավորումը և մակնշումը կատարվում է՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի մայիսի 7-ի թիվ 17-Ն հրամանի պահանջների:

57. Հեղուկ և սորուն ախտահանիչները (փոշու տեսքով, հատիկավոր) պահվում են պահեստի առանձին բաժիններում:

58. Պտուտակավոր խցաններով տարողություններում լցված ախտահանիչները պահվում են խցանները դեպի վեր վիճակում, պտուտակավոր խցաններով տարողությունները բացելու համար գործիքներ և հարմարանքներ չեն կիրառվում:

59. Ախտահանիչները պահեստից դուրս են գրվում փաթեթավորված և մակնշված: Առանց պիտակավորման և ուղեկցող փաստաթղթերի ախտահանիչների դուրսգրում և(կամ) վաճառք չի կատարվում:

60. Ախտահանիչների պահեստում աշխատող անձնակազմի համար առանձնացվում է սենք:

61. Ախտահանիչների պահեստի աշխատող անձնակազմն ամեն օր աշխատանքն սկսելուց առաջ իրականացնում է պահեստի ներհոս օդափոխություն` 30 րոպե տևողությամբ (ներհոս օդափոխության համակարգի բացակայության դեպքում` միջանցիկ օդափոխություն), ներհոս օդափոխության համակարգի բացակայության դեպքում աշխատանքն սկսելուց առաջ իրականացնում է պահեստի միջանցիկ օդափոխություն 30 րոպե տևողությամբ:

62. Ախտահանիչների պահեստում սննդամթերք և խմելու ջուր չի պահվում:

63. Ախտահանիչների տեղափոխումն իրականացվում է համաձայն ախտահանիչների կից հրահանգի, ախտահանիչների տեղափոխման ժամանակ նույն փոխադրամիջոցներով մարդկանց տեղափոխում չի թույլատրվում:

64. Փոխադրամիջոցներով ախտահանիչների տեղափոխման ավարտելուց հետո փոխադրամիջոցները ենթարկվում են խոնավ եղանակով մաքրման և վնասազերծման՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի N 03-Ն հրամանի պահանջների:

    

ԳԼՈՒԽ 9. ԱԽՏԱՀԱՆԻՉ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

    

65. Ախտահանման հետ կապված բոլոր աշխատանքները, մասնավորապես՝ լուծույթների պատրաստում, օջախի մշակում և այլն, իրականացվում է անհատական պաշտպանության միջոցների պարտադիր օգտագործմամբ:

66. Ախտահանիչներով իրականացվող ախտահանման ժամանակ արգելվում է ծխել, խմել և սնունդ ընդունել: Ախտահանման աշխատանքի ավարտից հետո բերանը ողողում են ջրով, ձեռքերը, դեմքը և մարմնի այլ բաց մասերը, որոնք կարող էին շփում ունենալ ախտահանիչների հետ, լվանում են հոսող ջրով կամ ընդունում են հիգիենիկ ցնցուղ:

67. Ախտահանման ենթակա տարածքներում սննդամթերք չի պահվում:

68. Ախտահանիչները կողմնակի անձանց չեն փոխանցվում և առանց հսկողության չեն պահվում:

69. Ախտահանիչ սարքավորումներից ախտահանիչների մնացորդները հեռացվում, լվացվում և չորացվում են:

70. Ախտահանիչներով կեղտոտված արտահագուստի վնասազերծման միջոցառումները` լվացումը, ինչպես նաև փոխադրամիջոցների, տարայի և ամանեղենի վնասազերծումն իրականացվում է արտաձիգ օդափոխությամբ ապահովված առանձին սենքում:

71. Ժամկետանց, մանրէասպան հատկությունները կորցրած ախտահանիչները ենթակա են օգտահանման համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի N 03-Ն և 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 20-Ն հրամանների պահանջների:

    

ԳԼՈՒԽ 10. ԱԽՏԱՀԱՆԻՉ ՆՅՈՒԹԵՐԻ ՎԱՃԱՌՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

     

72. Ախտահանիչների վաճառք իրականացնող կազմակերպությունն ունի վաճառասրահ (նվազագույն տարածքը` 20 մ2), պահեստային մաս (նվազագույն տարածքը` 9 մ2), փաթեթավորման տեղամաս (նվազագույն տարածքը` 6 մ2) և սանիտարակենցաղային հարմարություններ` հոսող ջրի, լվացող, վնասազերծող և առաջին բժշկական օգնության միջոցների առկայությամբ:

73. Ախտահանիչների վաճառք իրականացնող կազմակերպության փաթեթավորման տեղամասն ապահովվում է բնական և արհեստական օդափոխությամբ, ախտահանիչների պատրաստուկների փաթեթավորումը կատարվում է տեղային արտաձիգ օդափոխության համակարգի առկայության պայմաններում:

74. Ախտահանիչների վաճառք իրականացնող անձի կողմից ստուգվում է ախտահանիչների պատրաստուկների փաթեթավորման որակը, պիտակի առկայությունը` համապատասխան տեղեկատվությամբ:

75. Մինչև 18 տարեկան անձանց ախտահանիչների վաճառքն արգելվում է:

    

ԲԱԺԻՆ 3. ԿՐԾՈՂԱՍՊԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 11. ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԾՈՂՆԵՐԻՑ

     

76. Կազմակերպությունները, ֆիզիկական անձինք կրծողասպան աշխատանքները իրականացնում են մասնագիտացված կազմակերպությունների միջոցով՝ հայտի կամ պայմանագրի հիման վրա:

77. Բոլոր կազմակերպություններում կրծողների բազմացումը և տարածումը կանխարգելելու նպատակով իրականացվում են ինժեներատեխնիկական և սանիտարահիգիենիկ կանխարգելիչ միջոցառումներ:

78. Բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերի, շինությունների մուտքերի, նկուղների և աղբատնակների, պահեստների դռները, պատուհանները պետք է փակվեն ամուր, դռների ստորին հատվածները 50 սմ-ից ոչ պակաս բարձրությամբ երեսապատվում են այնպիսի նյութերով, որոնք չեն կարող վնասվել կրծողների կողմից կամ թիթեղապատվում են: Իսկ կազմակերպությունների, բնակարանների և հասարակական շենքերի նկուղների պատուհաններն ապակեպատվում կամ ցանցապատվում են կրծողների համար անթափանց ցանցով:

79. Օդափոխիչների բացվածքները ծածկվում են 10 X 10 մմ ծակոտիներ ունեցող ցանցով:

80. Տեխնիկական հաղորդակցման ուղիների և հարմարանքների, մուտքերի, դռների անցքերը և բնանցքերը հայտնաբերվելուց հետո 3 օրվա ընթացքում փակվում են ցեմենտի հատուկ շաղախով:

81. Սննդամթերքի պահեստները, դրանց կից կառույցները և ձեղնահարկերն ազատվում են ավելորդ կահույքից, սարքավորումներից, ջարդոնից, շինարարական աղբից, ոչ պիտանի իրերից, որոնք կրծողների համար կարող են թաքստոց հանդիսանալ և խոչընդոտել կրծողասպան աշխատանքների իրականացմանը:

82. Ուսումնական, առողջարանային, վերականգնողական և բժշկական կազմակերպությունների սննդի կառուցահատվածները, վերամշակման, պահեստավորման, թափոնների հավաքման բաժինները մեկուսացվում են երեխաների, պացիենտների և հանգստացողների սենքերից:

83. Չօգտագործված սննդամթերքը պահվում է կափարիչով փակված տարաներում կամ պահարաններում:

84. Այն սննդամթերքը և նյութերը, որոնք հնարավոր չէ պահպանել կրծողների համար անհասանելի (հեռու և/կամ բարձր գտնվող) տարաներում, պահվում են փաթեթավորված վիճակում, պահարանների մեջ, հատակից առնվազն 25 սմ բարձրության վրա:

85. Սննդամթերքի մնացորդները պահվում են հատուկ սենքերում, փակ վիճակում, հատկապես` գիշերային ժամերին: Կենցաղային աղբը հավաքվում է ամուր փակվող տարողություններում և հեռացվում յուրաքանչյուր աշխատանքային հերթափոխից հետո:

86. Եթե ապրանքը պահեստներում տեղավորելուց առաջ հայտնաբերվում են սենքի քանդված մասեր, ապա դրանք ենթակա են շատ կարճ ժամանակում վերանորոգման: Երեք ամիսը մեկ անգամ տեղաշարժվում են բոլոր պահարանները, դարակաշարերը՝ առաջացած թափոնները հեռացնելու և կրծողների բնանցքերը հայտնաբերելու և վերացնելու համար:

87. Կազմակերպություններում, բնակարաններում և հասարակական շենքերում սպառման թափոնները հավաքվում, պահվում և հեռացվում են՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 25-Ն և 2008 թվականի մարտի 4-ի թիվ 03-Ն հրամանների պահանջների:

88. Կրծողասպան աշխատանքների իրականացումն ապահովելու նպատակով պահեստներում ապրանքը պահեստավորելու համար նախատեսված գույքը և սարքավորումները տեղադրվում են պատերից հեռու, յուրաքանչյուր 5-6 մ հեռավորության վրա՝ թողնելով 70 սմ լայնությամբ անցուղիներ:

    

ԳԼՈՒԽ 12. ԿՐԾՈՂԱՍՊԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

89. Կրծողների ոչնչացում իրականացնելուց առաջ մասնագիտացված կազմակերպությունը կատարում է հետազոտություն, որի արդյունքում պատվիրատուին ներկայացնում է ինժեներատեխնիկական և սանիտարահիգիենիկ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու փաստաթղթավորված առաջարկություններ:

90. Կազմակերպություններում, որտեղ հայտնաբերվել են կրծողներ, պարբերաբար իրականացվում են կրծողասպան աշխատանքներ:

91. Կրծողասպան միջոցները և նյութերն ունենում են ուղեկցող փաստաթղթեր, որտեղ նշվում է նյութի անվանումը, պատրաստման տարեթիվը, պիտանելիության ժամկետը և օգտագործման հրահանգները: Ուղեկցող փաստաթղթեր չունեցող կրծողասպան նյութերի վաճառքը և օգտագործումն արգելվում է: Կրծողների ոչնչացումն իրականացվում է կրծողասպան նյութերի և միջոցների կիրառմամբ՝ համաձայն դրանց ուղեկցող հրահանգների պահանջների:

92. Կրծողների միջոցով փոխանցվող վարակիչ հիվանդությունների օջախներում կրծողների ոչնչացում իրականացվում է համաձայն սույն Կանոնների պահանջների:

93. Մանկական կազմակերպությունում կրծողների ոչնչացման քիմիական և ֆիզիկական մեթոդների կիրառման ժամանակ ապահովվում է երեխաների անվտանգությունը՝ բացառելով նրանց շփումը նյութերի և սարքերի հետ: Կրծողասպան աշխատանքներն իրականացվում են երեխաների բացակայության պայմաններում:

94. Կրծողասպան աշխատանքների իրականացման ավարտից հետո հեռացվում են նյութերի մնացորդները և սարքերը:

95. Բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերում և շինություններում կրծողների բարձր խտության առկայության դեպքում, կրծողասպան աշխատանքների իրականացման ընթացքում, դադարեցվում է աղբատար խողովակների և աղբատնակների շահագործումը 24 ժամ տևողությամբ` այդ մասին իրազեկելով բնակչությանը:

96. Կրծողասպան աշխատանքները համարվում են բավարար չափով իրականացված, եթե կրծողներից ազատված տարածքներում չեն հայտնաբերվում դրանց կենսագործունեության թարմ նշաններ:

97. Կրծողասպան աշխատանքների իրականացման վերաբերյալ լրացվում է կրծողասպան աշխատանքների իրականացման թերթիկ՝ համաձայն սույն Կանոնների Ձև 3-ի:

98. Կրծողասպան միջոցառումների կատարման նկատմամբ հսկողությունը և արդյունքի գնահատումը կատարվում է 2 մակարդակով՝

1) ինքնահսկում՝ կրծողասպան միջոցառումներն իրականացնողի կողմից,

2) ներքին հսկողություն՝ պատվիրատու կազմակերպության կողմից:

     

ԳԼՈՒԽ 13. ԿՐԾՈՂԱՍՊԱՆ ԳՐԱՎՉԱՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

     

99. Կրծողասպան գրավչանյութերի (այսուհետ՝ գրավչանյութ) պատրաստման լաբորատորիայի (այսուհետ՝ լաբորատորիա) սենքերն ապահովվում են արհեստական օդափոխանակության ներհոս-արտաձիգ համակարգով, հոսող ջրով և կոյուղու համակարգով:

100. Լաբորատորիայում տեղադրվում է քարշիչ պահարան` կահավորված օդի արտաձիգ սարքավորումով, գրավչանյութերի պատրաստումը և փաթեթավորումն իրականացվում է արտաձիգ օդափոխանակության համակարգի առկայությամբ:

101. Լաբորատորիայից դուրս գրավչանյութեր չեն պատրաստվում: Լաբորատորիայում սննդամթերք, ջուր չի պահվում, սնունդ չի ընդունվում:

102. Քիմիական նյութ պարունակող յուրաքանչյուր տարայի վրա փակցվում է այդ քիմիական նյութի անվանմամբ պիտակ: Գրավչանյութերի տարայի վրա նշվում է նաև «թույն» գրառումը:

103. Լաբորատորիայի աշխատատեղերում ջեռուցմանը, օդափոխմանը, օդի լավորակմանը և լուսավորմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանվում են՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի օգոստոսի 15-ի N 756-Ն հրամանի:

104. Լաբորատորիայի աշխատատեղերում միկրոկլիման համապատասխանում է ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի սեպտեմբերի 16-ի N 842-Ն հրամանի պահանջներին:

     

ԲԱԺԻՆ 4. ՀՈԴՎԱԾՈՏԱՆԻՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

          

ԳԼՈՒԽ 14. ՀՈԴՎԱԾՈՏԱՆԻՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

      

105. Վարակիչ հիվանդությունների օջախներում, ինչպես նաև վարակիչ հիվանդություններ փոխանցող հոդվածոտանիների բազմացման և տարածման համար նպաստավոր պայմաններ ունեցող բնակելի և հասարակական շինություններում իրականացվում են հոդվածոտանիների ոչնչացման աշխատանքներ:

106. Հոդվածոտանիների տեսակների, կուտակման վայրերի և խտության վերաբերյալ նախնական ուսումնասիրությունների արդյունքները հիմք են հանդիսանում հոդվածոտանիների ոչնչացման աշխատանքների մարտավարությունը և հոդվածոտանիների դեմ պայքարի եղանակներն ընտրելու համար:

107. Հոդվածոտանիների ոչնչացման համար կիրառվող նյութերը և միջոցները որոշվում են դրանց վտանգավորության (համաձայն տվյալ միջոցին կից անհրաժեշտ փաստաթղթերում ներառված միջոցի օգտագործման հրահանգի պահանջների) աստիճանով:

108. Հոդվածոտանիների ոչնչացման աշխատանքների իրականացման պարբերականությունը որոշվում է մասնագիտացված կազմակերպությունների կողմից կախված՝

1) տվյալ հոդվածոտանու կենսաբանական և էկոլոգիական առանձնահատկություններից, բազմացման և զարգացման ցիկլի տևողությունից,

2) հոդվածոտանիների խտությունից, տեսակային կազմից,

3) հոդվածոտանիների ոչնչացման համար օգտագործված նյութերի առանձնահատկություններից:

109. Կազմակերպություններում հոդվածոտանիների ոչնչացման աշխատանքների կազմակերպման պատասխանատվությունը կրում են կազմակերպությունների ղեկավարները:

110. Բնակելի և հասարակական շինություններում, դրանց հարակից տարածքներում հոդվածոտանիների բազմացման և տարածման կանխարգելման նպատակով ապահովվում է դրանց ներքնահարկերում, հարակից տարածքներում աղբի կանոնավոր հավաքումը և հեռացումը, ինչպես նաև ընթացիկ վերանորոգման աշխատանքների ժամանակին իրականացումը:

111. Շինարարական կազմակերպությունների կողմից շինարարական աշխատանքների, ջրամատակարարման, ջրահեռացման, էլեկտրամատակարարման ստորգետնյա ցանցերի տեղադրման, վերականգնման, վերանորոգման աշխատանքների ավարտից հետո իրականացվում են բարեկարգման աշխատանքներ՝ խրամատների, փոսերի վերացում` ջրականգերի առաջացումը կանխարգելելու նպատակով:

112. Դեկորատիվ ջրավազանների, արհեստական լճակների շահագործման պատասխանատուների կողմից իրականացվում է դրանց պարբերաբար մաքրում, ջրի փոխում և շրջանառու համակարգերի պատշաճ շահագործում` հոդվածոտանիների ձվադրումը կանխարգելելու համար:

113. Տնտեսվարողների գործունեության ընթացքում օգտագործվող ջրի պահուստային տարողությունների պատշաճ շահագործման նպատակով իրականացվում է ջրի փոխում՝ առնվազն 10 օրը մեկ անգամ:

114. Որպեսզի հոդվածոտանիների բազմացման պայմաններ չստեղծվեն, նկուղային զետեղարաններն ապահովվում են ամուր փակվող դռներով, տեսանելի լույսով, շարժական ցանցափեղկեր ունեցող օդափոխիչ սարքերով, ապակեպատված կամ ցանցապատված պատուհաններով, սարքին և ցեմենտյա ծածկեր ունեցող հատակներով:

115. Նկուղային հարկերն անձրևաջրերից և հալոցաջրերից պաշտպանող կամրջակները և բակային ջրատար խողովակների համակարգը մշտապես պահվում են սարքին վիճակում:

116. Նկուղներում կանխվում է ջրականգերի առաջացումը, աղբի կուտակումը, տնտեսական իրերի, ապրանքների խառնաշփոթ պահեստավորումը:

117. Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վթարները, նկուղային հաղորդակցումներում աղբի կուտակումները վերացվում են ժամանակին, կուտակված ջուրը հեռացվում է անմիջապես, սենքերը՝ չորացվում և օդափոխվում են:

118. Սննդամթերքի պահպանման համար նախատեսված պահեստները, օժանդակ սենքերը (հատկապես՝ նկուղները, աստիճանավանդակները, ձեղնահարկերը) չեն ծանրաբեռնվում շինանյութերով, ապրանքներով, ոչ պիտանի սարքավորումներով, կողմնակի իրերով, քանի որ դրանք ստեղծում են նպաստավոր պայմաններ հոդվածոտանիների բնակվելու համար և դժվարացնում են դրանց ոչնչացման աշխատանքները:

119. Մանկական, առողջարանային և բժշկական կազմակերպություններում սննդի կառուցահատվածները, սննդամթերքի պահպանման, մշակման սենքերը նախատեսվում են երեխաների, պացիենտների և հանգստացողների սենքերից առանձին: Չօգտագործված սննդամթերքը հավաքվում է հոդվածոտանիների համար անմատչելի ապրանքամանների, պահարանների և արկղերի մեջ: Սննդի մնացորդները և կենցաղային աղբը հավաքվում է կափարիչով աղբամաններում և հեռացվում են օրը 2 անգամից ոչ պակաս: Ջրածորակները, հատկապես գիշերը, պահվում են փակ, լոգարանները և լվացարանները՝ չոր վիճակում:

120. Պարենահումքը և սննդամթերքը պահվում են հերմետիկ տարաներում, պահարաններում և այլ տարողություններում՝ ուտիճներից, մրջյուններից և ճանճերից պաշտպանելու համար:

121. Շուտ փչացող սննդամթերքը պահվում է սառնարաններում, սառցախցիկներում, ուր ապահովված է հոդվածոտանիների համար անհասանելիությունը:

122. Սննդամթերքի մանրածախ առևտրի, հանրային սննդի կազմակերպությունների և մեծածախ մթերային շուկաների պահեստային սենքերում և այլ կառուցահատվածներում սննդամթերքը պահվում է փակվող տարաների մեջ, դարսված առանձին դարակաշարերի վրա` համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2004 թվականի հունիսի 1-ի N 581-Ն, 2002 թվականի դեկտեմբերի 17-ի N 845 և 2003 թվականի մայիսի 2-ի N 302 հրամանների պահանջների:

123. Բնակավայրերի տարածքներում սպառման թափոնների հավաքմանը, պահմանը և փոխադրմանը (աղբահանությանը) ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանվում են համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 25-Ն հրամանի պահանջների:

124. Հոդվածոտանիների ոչնչացման աշխատանքները պայմանագրային հիմունքներով իրականացնելու դեպքում լրացվում է հոդվածոտանիների ոչնչացման աշխատանքների իրականացման թերթիկ՝ համաձայն սույն Կանոնների Ձև 4-ի:

125. Հոդվածոտանիների ոչնչացման աշխատանքների իրականացումից հետո մասնագիտացված կազմակերպությունների կողմից հոդվածոտանիների տեսակների, կուտակման վայրերի և խտության վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման արդյունքում գնահատվում է այդ աշխատանքների իրականացման արդյունավետությունը:

126. Հոդվածոտանիների ոչնչացման համար կիրառվող նյութերի պահպանումը, փոխադրումը, կիրառումը և վաճառքն իրականացվում է Առողջապահության նախարարի 2005 թվականի օգոստոսի 30-ի «Թունաքիմիկատների (պեստիցիդների) պահպանման, փոխադրման, կիրառման և վաճառքի» սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին N 790-Ն հրամանի համաձայն:

   

ԲԱԺԻՆ 5. ԱԽՏԱՀԱՆՄԱՆ, ԿՐԾՈՂԱՍՊԱՆ ԵՎ ՀՈԴՎԱԾՈՏԱՆԻՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

   

ԳԼՈՒԽ 15. ԱԽՏԱՀԱՆՄԱՆ, ԿՐԾՈՂԱՍՊԱՆ ԵՎ ՀՈԴՎԱԾՈՏԱՆԻՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅՈՒՆԸ

     

127. Ախտահանիչ, կրծողասպան և հոդվածոտանիների ոչնչացման (ինսեկտիցիդ և ակարիցիդներ) նյութերի հետ շփվող աշխատողներն ենթակա են պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի N 1089-Ն որոշման պահանջների:

128. Մինչև 18 տարեկան անձանց, հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց շփումը ախտահանիչների հետ կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2308-Ն որոշմամբ:

     

ԳԼՈՒԽ 16. ԱԽՏԱՀԱՆՄԱՆ, ԿՐԾՈՂԱՍՊԱՆ ԵՎ ՀՈԴՎԱԾՈՏԱՆԻՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

      

129. Ախտահանիչ, կրծողասպան և հոդվածոտանիների ոչնչացման միջոցների հետ շփվող աշխատողներն ապահովվում են անհատական պաշտպանության միջոցներով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի N 1631-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2005 թվականի օգոստոսի 15-ի N 756-Ն հրամանի պահանջների:

130. Ախտահանիչ, կրծողասպան և հոդվածոտանիների ոչնչացման աշխատանքներ իրականացնող աշխատողներն ապահովվում են անձնական հիգիենայի պարագաներով՝ օճառով, սրբիչով և ձեռքերի մաշկը փափկեցնող քսուքներով:

131. Ախտահանիչների, կրծողասպան և հոդվածոտանիների ոչնչացման միջոցների հետ աշխատողներն ապահովվում են համապատասխան սանիտարակենցաղային պայմաններով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի սեպտեմբերի 19-ի N 15-Ն հրամանի պահանջների:

  

Հավելված

Առողջապահության նախարարի

2010 թվականի հուլիսի 16-ի

N 13-Ն հրամանով հաստատված

ՍՆ N 2.2.5-003-05 սանիտարական

կանոնների և նորմերի

 

Աղյուսակ N 1

    

ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆԱՅԻՆ ՕՋԱԽՆԵՐՈՒՄ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ԱԽՏԱՀԱՆՈՒՄ

      

Հիվանդություններ

Եզրափակիչ ախտահանում

Ընթացիկ ախտահանում

Խցիկային

Կատարող

1. Ժանտախտի, խոլերայի, հետադարձ տիֆի, համաճարակային բծավոր տիֆի, Բրիլի հիվանդության, Կու տենդի (թոքային ձև), սիբիրյան խոցի, բարձր վարակելիությամբ հեմոռագիկ տենդերի, բորի, որովայնային տիֆի, պարատիֆերի և սալմոնելոզի տնային օջախներ

Կատարվում է հիվանդի հոսպիտալացվելուց հետո 24 ժամվա ընթացքում

Կատարվում է հիվանդին հայտնաբերելուց հետո 3 ժամվա ընթացքում (կատարվում է բնակչի կողմից՝ հիվանդին հայտնաբերող բուժաշխատողի հսկողությամբ)

Կատարվում է՝ համաձայն սույն կանոնների և ախտահանման խցիկի հրահանգի

Մասնագիտացված կազմակերպություն

2. Վիրուսային Ա և Ե հեպատիտների, պոլիոմիելիտի և այլ էնտերովիրուսային վարակների, շիգելոզի, աղիքային յերսինիոզի, չճշտված և ենթադրյալ աղիքային վարակների տնային օջախներ

Կատարվում է հիվանդի հոսպիտալացվելուց հետո 24 ժամվա ընթացքում

Կատարվում է հիվանդին հայտնաբերելուց հետո 3 ժամվա ընթացքում

----

Մասնագիտացված կազմակերպություն, հիվանդին հայտնաբերող բուժաշխատող, ինչպես նաև բնակիչ՝ մասնագիտացված կազմակերպության մասնագետի ղեկավարությամբ

3. Այլ վարակիչ հիվանդությունների տնային օջախներ

Որոշվում է համաճարակաբանական հետազոտություն իրականացնող համաճարակաբանի կողմից՝ սույն հրամանի կետ 31-ում նկարագրված դեպքերում:

Կատարվում է հիվանդին հայտնաբերելուց հետո 3 ժամվա ընթացքում

-----

Մասնագիտացված կազմակերպություն, հիվանդին հայտնաբերող բուժաշխատողի, ինչպես նաև բնակչի կողմից՝ մասնագիտացված կազմակերպության մասնագետի ղեկավարությամբ

4. Վարակիչ հիվանդությունների կազմակերպ օջախներ

Կատարվում է, ինչպես աղյուսակի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նկարագրված դեպքերի տնային օջախներում, հիվանդի վերջին անգամ հաճախելուց հետո 24 ժամվա ընթացքում

-----

Կատարվում է աղյուսակի 1-ին կետում նկարագրված դեպքերում

Կատարվում է, ինչպես տնային օջախներում:

 

Ձև N 1

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ԽՑԻԿՆԵՐԻ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ

  

Ամսաթիվ

Կազմակերպության անվանում

Ախտահանման խցիկների թիվ

Նմուշառված թեստերի քանակ

Ախտահանման խցիկների մանրէաբանական հետազոտության իրականացման արդյունք

Դրական

Բացասական

1

2

3

4

5

6

                   

 

Ձև N 2

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԼՎԱՑՈՒԿՆԵՐԻ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ

     

Նմուշի ընդունման ամսաթիվ

Պատվի-րատու/ կազմակեր-
պություն

Գրանց-ման համար

Հետազո-
տության
համար

Լվացուկ-ների նմուշառ-ման մակերես/
առարկա

Հետա-զոտվող կազմակեր-
պություն

Ախտա-
հանման տեսակը/
ընթացիկ եզրափակիչ

Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ
ԱՑԽՄ

Ոսկեգույն ստաֆի-
լոկոկ

Հետա-
զոտվող այլ մանրէների վերաբերյալ

Պատաս-
խանի տրման ամսաթիվ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

                     

 

Ձև N 3

    

Թ Ե Ր Թ Ի Կ

    

ԿՐԾՈՂԱՍՊԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

    

20    թ. «   »  «          »   N

    

Պատվիրատու կազմակերպության կամ ֆիզիկական անձի անվանումը __________________________________

________________________________________________________________________________________

Պատվիրատու կազմակերպության կամ ֆիզիկական անձի հասցեն (կազմակերպության դեպքում իրավաբանական հասցե)

________________________________________________________________________________________

Հեռախոսը ___________________________

Բանկը                                            Հ/Հ                                                            ՀՎՀՀ                                                 

Կատարող մասնագիտացված կազմակերպության անվանումը ________________________________________

Կատարող մասնագիտացված կազմակերպության իրավաբանական հասցեն, գտնվելու վայրը _________________

________________________________________________________________________________________

Բանկը                                           Հ/Հ                                                             ՀՎՀՀ                                                 

      

Իրականաց-
ման ամսաթիվ

Իրականաց-
նողի ԱԱՀ

Պայմանա-գրի/հայտի N

Իրականաց-
ման
տարածք
/հա/մ2 /

Նյութի ծախս

Տեղադրված որսի միջոցներ

Իրականաց-
նողի ստորա-
գրությունը

Կազմակեր-
պության ներկայացուցչի ստորագրու-
թյուն

անվանում

քանակ

1

2

3

4

5

6

7

8

9

                            

      

Կատարող`

Կ.Տ.

Պատվիրատու`

Կ.Տ.

      

Ձև N 4

      

Թ Ե Ր Թ Ի Կ

      

ՀՈԴՎԱԾՈՏԱՆԻՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

      

20     թ. «   »       «              »  N

  

Պատվիրատու կազմակերպության կամ ֆիզիկական անձի անվանումը _______________________________________

_____________________________________________________________________________________________

Պատվիրատու կազմակերպության կամ ֆիզիկական անձի հասցեն (կազմակերպության դեպքում իրավաբանական հասցե)

_____________________________________________________________________________________________

Հեռախոսը ___________________________

Բանկը                                          Հ/Հ                                                         ՀՎՀՀ                                                                 

Կատարող մասնագիտացված կազմակերպության անվանումը _____________________________________________

Կատարող մասնագիտացված կազմակերպության իրավաբանական հասցեն, գտնվելու վայրը ______________________

_____________________________________________________________________________________________

Բանկը                                          Հ/Հ                                                        ՀՎՀՀ                                                                 

Իրակա-
նացման ամսաթիվ

Իրակա-
նացնողի ԱԱՀ

Պայմա-
նագրի/հայտի __N

Իրականացման տարածք /մ2 /

Նյութի ծախս

Իրակա-
նացնողի ստորա-
գրությունը

Կազմակեր-
պության ներկայա-
ցուցչի ստորա-
գրություն

անվանում

քանակ

1

2

3

4

5

6

7

8

                            

Կատարող`

Կ.Տ.

Պատվիրատու`

Կ.Տ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.09.2023, N 41-Ն 04.10.2023, N 13-Ն
06.11.2018, N 27-Ն 25.11.2018, N 13-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան