Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Միջպետական արժութային կոմիտեի ստեղծման մասին
Տնտեսական միության ստեղծման մասին Պայմանագրի մասնակից պետությունները, այսուհետ` Կողմեր,
արժութավճարային և վարկային հարաբերությունների բնագավառում համագործակցության կազմակերպման նպատակով,
ղեկավարվելով «Անկախ Պետությունների Համագործակցության վճարային միության ստեղծման մասին» 1994 թվականի հոկտեմբերի 21-ի Համաձայնագրով,
պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Կողմերը ստեղծում են Միջպետական արժութային կոմիտե, որպես Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների վճարային միության մշտական մարմին:
Հ ո դ վ ա ծ 2
Միջպետական արժութային կոմիտեն իր գործունեությունը իրականացնում է Միջպետական արժութային կոմիտեի Կանոնադրության հիման վրա, որը հանդիսանում է սույն Համաձայնագրի անբաժանելի մասը (կցվում է):
Հ ո դ վ ա ծ 3
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում նրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ Կողմերի ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:
Կատարված է Մինսկ քաղաքում 1995 թվականի մայիսի 26-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարությունում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը:
Հավելված
Միջպետական արժութային կոմիտեի ստեղծման մասին
1995 թվականի մայիսի 26-ի Համաձայնագրին կից
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Միջպետական արժութային կոմիտեի ստեղծման մասին
1. Ընդհանուր դրույթներ
1. Միջպետական արժութային կոմիտեն (այսուհետ` ՄԱԿ) ստեղծվում է արժութավճարային և վարկային հարաբերությունների բնագավառում բազմակողմանի համագործակցության կազմակերպմանը օժանդակություն, բազմակողմ հաշվարկային և վարկային հարաբերությունները շոշափող արժութային օրենսդրության մերձեցման և կատարելագործման, Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների վճարային միության ստեղծման մասին (այսուհետ` Համաձայնագրի մասնակից պետություններ) Համաձայնագրի մասնակից պետությունների դրամավարկային և արժութային քաղաքականության համակարգման ձևերի և մթոդների զարգացման, ինչպես նաև արժութային հսկողության հարցերում համագործակցության և համաձայնեցված գործողությունների նպատակով:
ՄԱԿ-ը հանդիսանում է Վճարային միության աշխատանքային և համակարգող մարմին: ՄԱԿ-ը իր գործունեությունը իրականացնում է Համաձայնագրի մասնակից պետությունների կողմից կամավոր կերպով իրեն հանձնած լիազորությունների շրջանակներում:
Իր գործունեությունում ՄԱԿ-ը հաշվետու է Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների Խորհրդին և Կառավարությունների ղեկավարների Խորհրդին ու Տնտեսական միության միջպետական տնտեսական կոմիտեին, ղեկավարվում է Անկախ Պետությունների Համագործակցության Կանոնադրությամբ, Տնտեսական միության ստեղծման մասին Պայմանագրով, Համագործակցության պետությունների ղեկավարների Խորհրդի և Կառավարությունների ղեկավարների Խորհրդի, Տնտեսական միության միջպետական տնտեսական կոմիտեի որոշումներով, Համագործակցության շրջանակներում կնքված միջպետական և միջկառավարական համաձայնագրերով, ինչպես նաև սույն Կանոնադրությամբ:
2. ՄԱԿ-ի գործունեության հիմնական ուղղությունները և գործառույթները
2. ՄԱԿ-ի գործունեության հիմնական ուղղություններն են.
օժանդակություն արժութավճարային և վարկային հարաբերությունների կատարելագործման միջոցով Տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրի մասնակից պետությունների տնտեսական համագործակցության զարգացմանը,
օժանդակություն ազգային արժույթների փոխադարձ փոխարկելիության օգտագործման ռեժիմում հաշվարկների անխափան ապահովմանը,
օժանդակություն Համագործակցության յուրաքանչյուր մասնակից պետության տարածքում արժութային և արժեթղթերի շուկաների զարգացմանը,
օժանդակություն պետական արտաքին առևտրի և արժութային կարգավորման կանոնների մերձեցմանը,
օժանդակություն դրամավարկային և արժութային քաղաքականության համակարգմանը,
օժանդակություն արժութային հսկողության հարցերում համագործակցության և համաձայնեցված գործողությունների իրականացման կազմակերպմանը:
3. ՄԱԿ-ի հիմնական գործառույթներն են.
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների արժութավճարային և վարկային հարաբերությունների վիճակի վերլուծություն և առաջարկությունների պատրաստում դրանց կատարելագործման համար,
Համաձայնագրի յուրաքանչյուր մասնակից պետության տարածքում լիարժեք (լիկվիդային) արժութային, արժեթղթերի շուկաների կազմակերպման և սոցիալապես նշանակալի ոչ առևտրային վճարումներով Համաձայնագրի մյուս մասնակից պետությունների արժույթներով ազգային արժույթների երաշխավորված փոխարկելիության ապահովման համար երաշխավորությունների պատրաստում,
Համաձայնագրի մասնակից պետությունների ամբողջական վճարային համակարգի ձևավորման և գործունեության, այդ թվում փոխանակային (կոնվերսիոն) և արժույթի կանխիկ գնման (վաճառքի) գործողություններով համաձայնեցված կանոնների մշակում,
օժանդակություն միջազգային հաշվարկների համակարգի, միջազգային տնտեսական շրջանառության մեջ արդյունավետ վճարային միջոցների և մեխանիզմների ներդրման կազմակերպման գործում միջբանկային համակարգող-խորհրդակցական մարմիններին և լիազորված առևտրային բանկերին,
փոխգործակցություն արժութային հսկողության հարցերում,
առաջադեմ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման համակարգում, որն ապահովում է դրանց համատեղելիությունը, հաշվարկների և հաշվապահական հաշվառման բնագավառում բանկային համակարգերի կողմից անցում միջազգային չափանիշների,
Համաձայնագրի մասնակից պետություններում արժութաֆինանսական և վարկաբանկային աշխատանքի վերաբերյալ փորձի փոխանակման կազմակերպում,
օժանդակություն Համաձայնագրի մասնակից պետությունների համար հետաքրքրություն ներկայացնող արժութաֆինանսական և վարկաբանկային հիմնախնդիրներով բազմակողմանի գիտական համագործակցության կազմակերպմանը,
առաջարկությունների պատրաստում ազգային արժույթների փոխադարձ փոխարկելիության ապահովման վերաբերյալ,
օժանդակություն Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միջև վճարների ամբողջական համակարգի մշակման և ներդրման գործում, այդ թվում հավաքական արժույթի օգտագործման հիման վրա:
ՄԱԿ-ը կատարում է նաև այլ գործառույթներ, որոնք բխում են Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների Խորհրդի և Կառավարությունների ղեկավարների Խորհրդի, Տնտեսական միության միջպետական տնտեսական կոմիտեի կողմից ընդունած որոշումներից:
4. ՄԱԿ-ն իր գործառույթների իրականացման համար.
պատրաստում և Անկախ Պետությունների Համագործակցության մարմիններին է ներկայացնում արժութավճարային և վարկային հարաբերությունների հարցերով փաստաթղթերի նախագծեր, որոնք այդ մարմինների որոշումն են պահանջում,
ընդունում է երաշխավորական բնույթի որոշումներ,
տեղեկություններ է ստանում Համաձայնագրի մասնակից պետությունների համապատասխան մարմիններից բազմակողմ և երկկողմ համաձայնագրերի, ՄԱԿ-ի իրավասության մեջ մտնող Համագործակցության պետությունների ղեկավարների Խորհրդի և Կառավարությունների ղեկավարների Խորհրդի որոշումների կատարման մասին,
անհրաժեշտ դեպքերում ստեղծում է աշխատանքային խմբեր փաստաթղթերի նախագծերի պատրաստման համար և ՄԱԿ-ի իրավասությանը վերաբերող հարցերով հրավիրում է խորհրդակցություններ:
3. ՄԱԿ-ի աշխատանքի կազմակերպումը
5. ՄԱԿ-ը ձևավորվում է մասնակից պետությունների լիազոր ներկայացուցիչներից` ֆինանսների նախարարությունների, կենտրոնական (ազգային) բանկերի և այլ պետական մարմինների ղեկավարներից: ՄԱԿ-ում պետության պատվիրակության ղեկավարը և նրա տեղակալը նշանակվում են Համաձայնագրի մասնակից պետության կառավարության կողմից:
6. ՄԱԿ-ի աշխատակարգը հաստատվում է նրա կողմից:
7. ՄԱԿ-ի նստաշրջանները անց են կացվում ըստ անհրաժեշտության, սակայն առնվազն տարին երկու անգամ` ՄԱԿ-ի կողմից որոշած ժամկետներում և վայրում:
8. ՄԱԿ-ը գլխավորում է նախագահը, որը ընտրվում է պատվիրակությունների ղեկավարների թվից: Նախագահման կարգը և ժամկետները որոշում է ՄԱԿ-ը, իր աշխատակարգին համապատասխան:
ՄԱԿ-ի նախագահը ղեկավարում է ՄԱԿ-ի նիստերը, նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում կազմակերպում է ՄԱԿ-ի աշխատանքը:
9. ՄԱԿ-ը Միջպետական տնտեսական կոմիտեի հետ համաձայնեցնելով հաստատում է իր աշխատանքի պլանը, սահմանում է հարցերի պատրաստման և քննարկման կարգը և ժամկետները:
10. ՄԱԿ-ը Միջպետական տնտեսական կոմիտեին տարեկան զեկույցներ է ներկայացնում կատարված աշխատանքի և հաջորդ տարի նախատեսված միջոցառումների մասին:
11. ՄԱԿ-ի քարտուղարության գործառույթները կատարում է Տնտեսական միության միջպետական տնտեսական կոմիտեի արժութաֆինանսական և վարկային հարաբերությունների հարցերը տնօրինող վարչությունը:
12. ՄԱԿ-ի նիստերի մասնակիցների գործուղման, ինչպես նաև ստեղծվող աշխատանքային խմբերի ծախսերը հոգում է Համաձայնագրի յուրաքանչյուր մասնակից պետություն, որն այդ նիստերին գործուղում է իր ներկայացուցիչներին:
ՄԱԿ-ի նիստերի, նրա աշխատանքային խմբերի և անցկացվող խորհրդակցությունների տեխնիկական սպասարկումը իրականացնում է Տնտեսական միության միջպետական տնտեսական կոմիտեի աշխատակազմը:
13. ՄԱԿ-ը համագործակցում է արժութավճարային և վարկային հարաբերությունների բնագավառում միջպետական, միջկառավարական և միջբանկային համակարգող-խորհրդակցական մարմինների հետ: Այդ մարմինների ղեկավարները մասնակցում են ՄԱԿ-ի աշխատանքին խորհրդակցական ձայնի իրավունքով: ՄԱԿ-ի և նշված մարմինների միջև համագործակցության բնույթը և ձևերը սահմանվում են պայմանավորվածությունների մասին համաձայնագրերով կամ արձանագրություններով:
14. ՄԱԿ-ի որոշումներն ընդունվում են.
միաձայնությամբ` համաձայնեցված դրամավարկային և արժութային քաղաքականության անցկացման համար առաջարկությունների պատրաստման, վճարային ամբողջ համակարգի ձևավորման և գործունեության համաձայնեցված կանոնների մշակման, արտաքին առևտրի և արժութային կարգավորման բնագավառում ազգային օրենսդրությունների մերձեցման դեպքում,
որակյալ մեծամասնությամբ (ձայների ընդհանուր թվի առնվազն երեք քառորդը)` ՄԱԿ-ի իրավասության մեջ մտնող այլ հարցերով Համաձայնագրի մասնակից պետությունների համար երաշխավորությունների պատրաստման դեպքում,
պարզ մեծամասնությամբ` ընթացակարգային հարցերով:
15. Սույն Կանոնադրությունը կարող է փոփոխվել կամ լրացվել Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների Խորհրդի կողմից` Անկախ Պետությունների Համագործակցության Կառավարությունների ղեկավարների Խորհրդի առաջարկությամբ, Տնտեսական միության միջպետական տնտեսական կոմիտեի, ՄԱԿ-ի առաջարկությամբ:
*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1996 թվականի մարտի 6-ից:
