«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 օգոստոսի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 10804213
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
1 օգոստոսի 2004 թ. |
N 33-ԱՄ |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման օրինակելի կարգը հաստատելու մասին» թիվ 333-Ն որոշման 2 կետի
Հրամայում եմ՝
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունում լրագրողների հավատարմագրման կարգը» համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունում լրագրողների հավատարմագրման և հավատարմագրված լրագրողների գործունեության կազմակերպման համար պատասխանատու նշանակել նախարարի մամլո քարտուղարին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունում լրագրողների հավատարմագրումն իրականացնել համաձայն սույն հրամանի 1 կետի հաստատված կարգի:
4. Մամլո քարտուղար Լուսինե Հարությունյանին` սույն հրամանն ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
5. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարության աշխատակազմի ղեկավարին:
Նախարար` |
Ա. Մովսիսյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունում լրագրողների հավատարմագրման
1. Սույն կարգը սահմանում է լրատվական գործունեություն իրականացնող ներկայացուցիչ լրագրողի կամ լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձի (այսուհետ` լրագրողի) ՀՀ էներգետիկայի նախարարությունում (այսուհետ նախարարությունում) հավատարմագրման կանոնները և հավատարմագրված լրագրողի` էներգետիկայի նախարարությունում գործունեության կազմակերպման հիմնադրույթները` նպատակ ունենալով ապահովել էներգետիկայի նախարարության գործունեության թափանցիկությունը և այդ գործունեության մասին անմիջական տեղեկատվություն ստանալու նպատակով լրագրողների համար ստեղծել բարենպաստ պայմաններ:
2. Լրագրողների հավատարմագրումն իրականացվում է «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն կարգին համապատասխան:
Հավատարմագրված լրագրողի գործունեությունը էներգետիկայի նախարարության տարածքում կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով խոսքի ազատության ապահովման` միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին համապատասխան:
3. Էներգետիկայի նախարարությունը`
ա) որևէ ձևով կամ եղանակով չի իրականացնում հավատարմագրված լրագրողի մասնագիտական գործունեության գրաքննություն.
բ) հավատարմագրված բոլոր լրագրողների համար ապահովում է ոչ խտրական պայմաններ.
գ) լրագրողների համար նախատեսված տեղեկատվությունը հավատարմագրված բոլոր լրագրողներին տրամադրում է միաժամանակ.
դ) հավատարմագրված բոլոր լրագրողներին հնարավորին շուտ տեղեկացնում է նախարարության այն միջոցառումների ժամանակի և անցկացման վայրի մասին, որոնք կազմակերպվում են լրագրողների համար կամ նախատեսված է լրագրողների մասնակցությունը միջոցառումներին (այսուհետ` նախարարության միջոցառումներ):
Տեղեկատվությունը լրագրողին փոխանցելու պատշաճ ձև է համարվում էլեկտրոնային փոստով հաղորդումը: Լրագրողի էլեկտրոնային հասցեի բացակայության դեպքում նախարարությունը միջոցներ է ձեռնարկում տեղեկատվությունն այլ միջոցներով փոխանցելու համար:
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը ոչ ուշ, քան յուրաքանչյուր 2 ամիսը մեկ անգամ հավատարմագրված լրագրողներին տրամադրում է համառոտ ամփոփագիր նախարարության գործունեության արդյունքների մասին: Դա կարող է իրականացվել ամփոփագիրը ՀՀ նախարարությունների էլեկտրոնային էջում տեղադրվելու միջոցով:
Էներգետիկայի նախարարն առնվազը յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ իր գործունեության նախընթաց արդյունքների մասին հաղորդմամբ հանդես են գալիս մամուլի ասուլիսում` նախարարությունում հավատարմագրված լրագրողների մասնակցությամբ:
5. Էներգետիկայի նախարարությունում լրագրողների հավատարմագրման ու հավատարմագրված լրագրողների գործունեության կազմակերպման համար պատասխանատու է նախարարության ղեկավարի նշանակած անձը (այսուհետ` նախարարության պատասխանատու):
6. Էներգետիկայի նախարարության գործունեությունը լուսաբանելու նպատակով լրագրողին հավատարմագրելու համար լրատվական գործունեություն իրականացնողը գրավոր դիմում է ներկայացնում նախարարություն` նշելով`
ա) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է` նրա ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում) և բնակության վայրը` հասցեն.
բ) հավատարմագրման ներկայացվող լրագրողի, ըստ անձնագրի, ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում).
գ) լրագրողի ներկայացրած լրատվության միջոցի կամ լրատվամիջոցների անվանումը.
դ) լրատվական գործունեություն իրականացնողի կամ լրագրողի էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարները և հեռապատճենների համարները:
7. Էներգետիկայի նախարարությունը վարում է լրագրողների հավատարմագրման մատյան:
Լրագրողին կամ լրագրողներին հավատարմագրելու համար լրատվական գործունեություն իրականացնողի դիմումը ստանալուց հետո, այն անմիջապես գրանցվում է լրագրողների հավատարմագրման մատյանում, որտեղ նշվում են դրա ստացման օրը և սույն կարգի 6-րդ կետով նախատեսված` դիմումում մատնանշված տեղեկությունները: Մատյանի համապատասխան սյունակներում գրանցվում են լրագրողին հավատարմագրելու կամ հավատարմագրումը մերժելու մասին գրառումը, դրա մասին լրատվական գործունեություն իրականացնողին գրություն ուղարկելու օրը, հավատարմագրման վերջնաժամկետը, հավատարմագրման դադարեցման մասին նշումը, հավատարմագրման դադարեցման հիմնավորումը (համառոտ) և այլ տեղեկություններ:
8. Հավատարմագրումն իրականացվում է մեկ տարով, իսկ լրատվական գործունեություն իրականացնողի դիմումում ավելի պակաս ժամկետ մատնանշելու դեպքում` տվյալ ժամկետով:
9. Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվական միջոցը ներկայացնող 2 լրագրող, 2 լուսանկարիչ և 2 տեսաձայնագրման օպերատոր:
10. Էներգետիկայի նախարարությունը սույն կարգի 6-րդ կետում նշված դիմումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում լրագրողին հավատարմագրելու կամ նրա հավատարմագրումը մերժելու մասին գրառում է կատարում հավատարմագրման մատյանում և դրա մասին գրություն է ուղարկում լրատվական գործունեություն իրականացնողին:
11. Լրագրողի հավատարմագրումը մերժվում է, եթե սույն կարգի 6-րդ կետում նշված դիմումը չի բովանդակում սահմանված տեղեկությունները կամ խախտվում է սույն կարգի 9-րդ կետի պահանջը կամ առկա է հավատարմագրումը դադարեցնելու սույն կարգի 13-րդ կետի «ա», «բ» կամ «գ» ենթակետերում նշված հիմքերից որևէ մեկը:
12. Հավատարմագրված լրագրողների ցուցակը հանձնվում է նախարարության անցագրային կետ կամ կետեր:
Ցուցակում փոփոխություններ և լրացումներ կատարվում են հավատարմագրման մատյանում կատարված գրառումներին համապատասխան` այդ գրառումները կատարելուց անմիջապես հետո:
13. Էներգետիկայի նախարարությունը լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցնել, եթե`
ա) նա անգործունակ կամ սահմանափակ գործունակ է ճանաչվել դատական կարգով.
բ) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ.
գ) նա տարածել է նախարարության գործունեության մասին այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանել իրականությանը, ինչը հաստատվել է դատարանի վճռով.
դ) հավատարմագրումը դադարեցնելու մասին դիմել է նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը.
ե) դադարել է գործել լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը, և դադարեցվել է լրագրողի ներկայացրած լրատվության բոլոր միջոցների տարածումը:
Լրագրողի հավատարմագրման դադարեցումն իրականացվում է լրագրողների հավատարմագրման մատյանում համապատասխան գրառում կատարելու միջոցով:
Նախարարության պատասխանատուն լրագրողի հավատարմագրման դադարեցման մասին մեկօրյա ժամկետում գրությամբ հայտնում է լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողին:
14. Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար սույն կարգի 6-րդ կետով նախատեսված դիմումին կից պետք է ներկայացվի նաև Հայաստանի Հանրապետությունում լրագրողի հավատարմագրման Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված վկայականի լուսապատճենը, իսկ բնօրինակը ներկայացնում է լրագրողը:
Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման դադարեցման հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում նրա հավատարմագրման դադարեցումը:
Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի` էներգետիկայի նախարարությունում հավատարմագրման համար Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրումը չի պահանջվում, եթե Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված կարգով գործում է տվյալ լրատվական գործունեություն իրականացնողի առանձնացված ստորաբաժանումը, որի միջոցով առաջադրվել է լրագրողի հավատարմագրման խնդիրը:
15. Հավատարմագրված լրագրողը իրավունք ունի`
ա) ստանալու լրատվության միջոցների համար նախատեսված տեղեկատվությունը.
բ) նախապես տեղեկացված լինելու նախարարության միջոցառումների անցկացման մասին և ծանոթանալու առկա տեղեկատու նյութերին.
գ) մասնակցելու նախարարության միջոցառումներին.
դ) հավատարմագրված այլ լրագրողների հետ համահավասար օգտվելու հավատարմագրված լրագրողների համար ստեղծված պայմաններից.
ե) նախարարությունում հավատարմագրված լինելու հանգամանքից անկախ` տեղեկատվության ազատության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմելու և ստանալու իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը:
16. Նախարարության պատասխանատուն լրագրողի մասնագիտական գործունեությանն օժանդակելու նպատակով, լրագրողի միջնորդությամբ, կազմակերպում է այցելություններ նախարարության ստորաբաժանումներ և հանդիպումներ նախարարության պաշտոնատար անձանց հետ:
17. Նախարարության միջոցառումներին կարող են մասնակցել կամ ներկա գտնվել յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող մեկ լրագրող և մեկ լուսանկարիչ կամ տեսաձայնագրման մեկ օպերատոր, եթե պետական մարմնի պատասխանատուի հետ ձեռք չի բերված այլ պայմանավորվածություն և, եթե ավելի մեծ թվով լրագրողների, լուսանկարիչների և օպերատորների մասնակցությունը չի սահմանափակի հավատարմագրված այլ լրագրողների մասնակցության հնարավորությունը:
18. Նախարարության միջոցառումներից դուրս լրագրողի այցելությունը նախարարություն համաձայնեցվում է նախարարության պատասխանատուի հետ: Այդ դեպքում (ինչպես և միջոցառումների ժամանակ) լրագրողը նախարարություն է այցելում սույն կարգի 12-րդ կետում նշված ցուցակի և անձը հաստատող փաստաթղթի հիման վրա` առանց նախարարության տարածք մուտքի անցագրի:
19. Նախարարության պատասխանատուի` նախարարության տարածքում հավատարմագրված լրագրողի աշխատանքի կազմակերպմանն ուղղված ցուցումները պարտադիր են հավատարմագրված լրագրողի համար:
20. Հավատարմագրված լրագրողներին տեղավորելու համար, նախարարության շենքային հնարավորությունների սահմանափակ լինելու դեպքում, նախարարությունը, ելնելով իր գործունեության թափանցիկությունը ապահովելու և այդ գործունեության մասին հանրությանն առավել մեծ ծավալով և լիարժեք տեղեկատվություն տալու նկատառումներից, կարող է սահմանել լրագրողների հավատարմագրման հստակ, բանական և արդարացի քվոտաներ` ըստ լրատվության միջոցի տեսակի, տարածման տարածքի, մամուլի տպաքանակի, բովանդակային գերակա ուղղվածության և լրատվության միջոցի այլ բնութագրերի: Այդ դեպքում լրագրողների հավատարմագրումն իրականացվում է առաջնությունը տալով ըստ այդ քվոտաների պահանջվող հատկանիշներն առավել չափով բավարարող լրատվության միջոցները ներկայացնող լրագրողներին: