Գլխավոր տեղեկություն
Համար
N 49-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (13.08.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.08.03/19.1 Հոդ.257.1
Ընդունող մարմին
Առևտրի և տնտեսական զարգացման նախարար
Ընդունման ամսաթիվ
10.03.2005
Ստորագրող մարմին
Առևտրի և տնտեսական զարգացման նախարար
Ստորագրման ամսաթիվ
10.03.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.08.2005

«Գրանցված է»
ՀՀարդարադատության
նախարարաության կողմից

30 հունիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 10305242

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

10 մարտի 2005 թ.
ք. Երևան

N 49-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն


ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԶԻՋՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածին համապատասխան.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել Ապրանքային նշանների զիջման մասին պայմանագրերի և լիցենզային պայմանագրերի գրանցման կարգը` համաձայն հավելվածի:

2. «Ուժը կորցրած ճանաչել ՀՀ արտոնագրային վարչության պետի 1997 թ. ապրիլի 25-ի «Արտոնագրերի զիջման մասին պայմանագրերի և լիցենզային պայմանագրերի գրանցման կարգը և «Ապրանքային նշանների զիջման մասին պայմանագրերի և լիցենզային պայմանագրերի գրանցման» կարգը հաստատելու մասին» N 13 հրամանի 2-րդ կետը և ՀՀ արտոնագրային վարչության պետի 2000 թ. մարտի 8-ի «ՀՀ արտոնագրային վարչության պետի 1997 թ. ապրիլի 25-ի թիվ 13 հրամանով հաստատված «Ապրանքային նշանների զիջման մասին պայմանագրերի և լիցենզային պայմանագրերի գրանցման մասին» կարգում փոփոխություն կատարելու մասին» թիվ 13 հրամանը»:ուղղ.

3. Նախարարի տեղակալ Ա. Գևորգյանին` սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն:

 

Կ. Ճշմարիտյան

 

Հավելված 1

 

Հաստատված է
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2005 թ. մարտի 10-ի
N 49-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԶԻՋՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ

 

1. Սույն կարգը սահմանված է «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 27-րդ հոդվածի համաձայն ապրանքային և (կամ) սպասարկման նշանների (այսուհետ` ապրանքային նշան) զիջման մասին կամ այլ անձանց դրանց օգտագործման իրավունքի ընձեռման մասին լիցենզային պայմանագրերի (այսուհետ նաև պայմանագիր) քննարկումն ու գրանցումն իրականացնելու համար:

2. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության մտավոր սեփականության գործակալությունում (այսուհետ` գործակալություն) գրանցման ենթակա են այն պայմանագրերը, որոնք վերաբերում են ապրանքային նշանների Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանում (այսուհետ` պետական գրանցամատյան) գրանցված ապրանքային նշանների զիջմանն ու լիցենզիաներին, այդ թվում` ֆրանչայզինգի պայմանագրով ապրանքային նշանների օգտագործման իրավունքի վերապահմանը, ինչպես նաև այն պայմանագրերը, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությունում առանց գրանցման պահպանվող ապրանքային նշանների լիցենզիաներին:

3. Ապրանքային նշանի զիջման և լիցենզային պայմանագրերի գրանցումը կատարվում է պատշաճ ձևով տպագիր լրացված դիմումի հիման վրա, որը պետք է վերաբերի մեկ պայմանագրի:

4. Զիջման մասին պայմանագրի գրանցման դիմումում (Հավելված 1) պետք է նշվեն ապրանքային նշանի գրանցման վկայագրի (երի) համարը (ները), նշանի սեփականատիրոջ (այսուհետ` զիջող) և այն անձի (այսուհետ` ստացող) անունը, ազգանունը (անվանումը), բնակության կամ գտնվելու վայրի փոստային հասցեն (այսուհետ նաև հասցե) և երկրի կոդը, ում զիջվում է ապրանքային նշանը:

Լիցենզային պայմանագրի գրանցման դիմումում (Հավելված 2) պետք է նշվեն ապրանքային նշանի գրանցման վկայագրի (երի) համար (ները), նշանի սեփականատիրոջ (լիցենզատու) և նշանի օգտագործման իրավունքն ստացողի (լիցենզառու) անունը, ազգանունը (անվանումը), բնակության կամ գտնվելու վայրի հասցեն և երկրի կոդը:

5. Սույն կարգի 4-րդ կետում նշված դիմումներն ստորագրում է ապրանքային նշանի սեփականատերը կամ նրա կողմից լիազորված անձը: Վերջին դեպքում դիմումին կցվում է լիազորագիրը:

Իրավաբանական անձի կողմից ներկայացվող դիմումն ստորագրում է դրա ղեկավարը, որի ստորագրությունը վավերացվում է տվյալ իրավաբանական անձի կնիքով:

Արտոնագրային հավատարմատարի միջոցով ներկայացվող դիմումն ստորագրում է հավատարմատարը` նշելով անունը և ազգանունը:

«Նամակագրության հասցեն» տողում նշվում են այն տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են պայմանագրի գրանցման գործավարության հետ կապված նամակագրությունը ապահովելու համար` հասցեն, հեռախոսի համարը, հնարավորության դեպքում` նաև ֆաքսը և էլեկտրոնային հասցեն:

6. Օտարերկրյա անձինք ապրանքային նշանի զիջման մասին և լիցենզային պայմանագրի գրանցման հետ կապված գործերը վարում են Հայաստանի Հանրապետությունում հիմնական բնակության կամ գտնվելու վայր ունեցող իրենց ներկայացուցչի կամ գործակալությունում գրանցված արտոնագրային հավատարմատարի միջոցով:

7. Դիմումը կարող է գործակալություն ներկայացվել անմիջականորեն կամ փոստով, որին կցվում են`

ա) լիցենզային կամ զիջման մասին պայմանագիրը (3 օրինակ, որոնցից առնվազն մեկը բնօրինակն է)` առանց ջնջումների, կարված և համարակալված էջերով.

բ) պայմանագրի գրանցման համար սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը.

գ) լիազորագիրը, եթե դիմումը ներկայացված է գործակալությունում գրանցված արտոնագրային հավատարմատարի կամ ապրանքային նշանի սեփականատիրոջ որևէ այլ ներկայացուցչի միջոցով:

Դիմումը ներկայացվում է հայերեն: Դիմումին կցվող փաստաթղթերը կարող են ներկայացվել այլ լեզվով: Այս դեպքում տվյալ փաստաթղթին կցվում է սահմանված կարգով վավերացված դրա հայերեն թարգմանությունը:

Դիմումին կարող է կցվել նաև նշանի գրանցման վկայագիրը (երը):

8. Դիմումը ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում ստուգվում է դրա և դրան կից ներկայացված նյութերի համապատասխանությունը սույն կարգի 3-7-րդ կետերով սահմանված պահանջներին:

Եթե պարզվում է, որ ներկայացված նյութերը չեն համապատասխանում սահմանված պահանջներին, ապա հարցում է կատարվում դիմումը ներկայացնողին` բացակայող կամ ճշգրտված նյութերը երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ:

9. Նշված ժամկետում պահանջված նյութերը չներկայացնելու դեպքում դիմումը քննարկման չի ընդունվում, և դիմումին կից փաստաթղթերը հետ են վերադարձվում:

10. Դիմումը և դրան կից ներկայացված նյութերը սույն կարգի 3-7-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում պայմանագիրը քննարկվում է ըստ էության, և մեկամսյա ժամկետում որոշում է կայացվում պայմանագրի գրանցման վերաբերյալ:

11. Եթե լիցենզային պայմանագրի քննարկման արդյունքում պարզվում է, որ`

ա) որոշված են պայմանագրի կողմերը, և ապրանքային նշանի (նշանների) օգտագործման իրավունքն ընձեռող անձը (լիցենզատու) ապրանքային նշանի (նշանների) սեփականատերն է կամ օրենքով սահմանված կարգով ունի այդպիսի իրավասություն,

բ) որոշված է պայմանագրի առարկան (նշված է ապրանքային նշանի ազգային գրանցման կամ միջազգային գրանցման համարը և ապրանքային նշանի (նշանների) նկատմամբ իրավունքների փոխանցման տեսակը (զիջում կամ լիցենզիա),

գ) որոշված են վերապահվող իրավունքների ծավալը (այն դասերի կամ ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ ընձեռվում է լիցենզիա), պայմանագրի գործողության ժամկետն ու տարածքը,

դ) առկա է այն պարտադիր պայմանը, որ լիցենզառուի ապրանքը որակապես չպետք է զիջի լիցենզատուի ապրանքին և վերջինս վերահսկողություն պետք է իրականացնի այդ պահանջի կատարման նկատմամբ,

ե) լիցենզառուի իրավունքների անհիմն սահմանափակումներ չկան,

զ) պայմանագրի գրանցմամբ չեն խախտվում այլ անձանց` նախկինում ձեռք բերած իրավունքները,

ապա որոշում է կայացվում պայմանագիրը գրանցելու մասին:

12. Սույն կարգի համաձայն գործակալությունում գրանցվում են նաև ապրանքային նշանի ենթալիցենզային պայմանագրերը, եթե նախկինում գրանցված լիցենզային պայմանագրով նախատեսված է, որ լիցենզառուն կարող է իրեն վերապահված իրավունքների շրջանակներում ապրանքային նշանի օգտագործման իրավունք տալ երրորդ անձանց:

13. Եթե ապրանքային նշանի զիջման մասին պայմանագրի քննարկման արդյունքում պարզվում է, որ`

ա) ապրանքային նշանը զիջվում է նույնատիպ ապրանքների մի մասի համար,

բ) զիջվող ապրանքային նշանը շփոթելու աստիճան նման է տվյալ նշանի սեփականատիրոջ` նույնատիպ ապրանքների համար գրանցված և չզիջվող այլ նշանի, և այդ նշանները օրենսդրությամբ սահմանված կարգով, նույնատիպ ապրանքների համար չեն կարող գրանցվել տարբեր անձանց անունով,

գ) զիջվող ապրանքային նշանը օրենքով սահմանված կարգով հանրահայտ ճանաչված ապրանքային նշան է,

դ) զիջվող ապրանքային նշանը ներառում կամ վերարտադրում է արդյունաբերական նմուշի պատկեր, որի արտոնագրատերը տվյալ ապրանքային նշանի սեփականատերն է և այդ արտոնագիրը չի զիջվում այդ ապրանքային նշանի հետ միասին,

ե) զիջվող ապրանքային նշանը ներառում է իրեն պատկանող, Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ֆիրմային անվանումը կամ դրա տարբերակիչ անունը,

զ) ապրանքային նշանի մեջ ներառված է պետական զինանշան, դրոշ և խորհրդանիշ, որևէ պետության պաշտոնական անվանում, միջազգային կազմակերպության լրիվ կամ կրճատ անվանում, պաշտոնական խորհրդանիշ, պաշտոնական վերահսկողական, երաշխիքային կամ հարգորոշիչ դրոշմ, կնիք, պարգև կամ այլ տարբերանշան, կամ թվարկվածներին շփոթելու աստիճան նման նշաններ, որոնք որպես չպահպանվող տարրեր ապրանքային նշանի մեջ ներառված են դրանց սեփականատիրոջ կամ համապատասխան իրավասու մարմնի համաձայնությամբ, սակայն նշանն ստացողը չի ստացել այդպիսի համաձայնություն,

է) զիջվող ապրանքային նշանը ներառում կամ վերարտադրում է Հայաստանի Հանրապետությունում գիտության, գրականության, արվեստի հայտնի ստեղծագործությունների անվանումները կամ դրանցից մեջբերումներն ու հատվածները (ֆրագմենտները), դրանց հերոսներին, որոնք ներառված են ապրանքային նշանի մեջ դրանց նկատմամբ հեղինակային իրավունքի իրավատիրոջ համաձայնությամբ, սակայն նշանն ստացողը չի ստացել այդպիսի համաձայնություն,

ը) ապրանքային նշանը ներառում է ապրանքի արտադրության վայրը մատնանշող նշում, որը որպես չպահպանվող տարր ներառված է ապրանքային նշանի մեջ, սակայն նշանն ստացողը չի գտնվում տվյալ աշխարհագրական տեղանքում,

թ) ապրանքային նշանը ներառում է ապրանքի ծագման տեղանուն կամ որևէ աշխարհագրական նշում, որի օգտագործման իրավունքը չունի նշանն ստացողը,

ապա համարվում է, որ այդպիսի զիջումը մոլորության մեջ կգցի սպառողներին, և օրենքի 25-րդ հոդվածի համաձայն պայմանագրի գրանցումը մերժվում է:

Մնացած դեպքերում որոշում է կայացվում զիջման մասին պայմանագիրը գրանցելու մասին:

14. Լիցենզային կամ զիջման մասին պայմանագրի գրանցման մասին որոշման հիման վրա`

ա) պայմանագիրը գրանցվում է պայմանագրերի գրանցամատյանում, որտեղ նշվում են` դիմումի ստացման թվականը, պայմանագրի գրանցման թվականը, վճարված պետական տուրքի չափը, պայմանագրի գրանցման համարը, ապրանքային նշանի (նշանների) գրանցման համարը (ները), պայմանագրի կողմերի անունը, ազգանունը (անվանումը), բնակության կամ գտնվելու վայրի հասցեն և երկրի կոդը, այլ նշումներ և տվյալներ, որոնք վերաբերում են պայմանագրի առանձնահատկություններին.

բ) գրանցված պայմանագրի յուրաքանչյուր օրինակի վերջին էջում կատարվում է հետևյալ գրառումը`

«Սույն պայմանագիրը գրանցված է Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության գործակալությունում:

Գրանցման համարը ______ գրանցման թվականը _______

(պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի անունը, ազգանունը, ստորագրությունը, ստորաբաժանման կնիքը)».

գ) Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2005 թվականի փետրվարի 7-ի թիվ 19-Ն հրամանով հաստատված «Արդյունաբերական սեփականության օբյեկտների, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների և արտոնագրային հավատարմատարների գրանցամատյանների վարման և պահպանական փաստաթղթեր տալու կարգի» համաձայն գրառում է կատարվում ապրանքային նշանների պետական գրանցամատյանում և վկայագրում (երում).

դ) սահմանված կարգով նոր վկայագիր է ձևակերպվում այն անձի անունով, ում մասնակիորեն զիջվել է նշանը, նշելով այն ապրանքների կամ ծառայությունների ցանկը, որոնց նկատմամբ գրանցվել է զիջման պայմանագիրը (եթե կատարվել է ապրանքային նշանի մասնակի զիջում).

ե) գրանցված պայմանագրի մեկ օրինակը պահպանվում է գործերում:

15. Գործակալությունում գրանցման ենթակա են նաև լիցենզային պայմանագրերի մեջ կատարված փոփոխությունները, որոնք վերաբերում են պայմանագրի կողմերի, պայմանագրի գործողության ժամկետի, պայմանագրի գործողության տարածքի, վերապահվող իրավունքների ծավալի փոփոխությանը:

16. Լիցենզային պայմանագրերի մեջ կատարված փոփոխությունների գրանցումը կատարվում է գործակալություն ներկայացված դիմումի հիման վրա (Հավելված 3), որին պետք է կցվի`

ա) լիցենզային պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին պայմանագիրը (համաձայնագիրը, բնօրինակ) կամ համապատասխան այլ փաստաթուղթ (3 օրինակ),

բ) սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը,

գ) լիազորագիրը, եթե դիմումը ներկայացված է գործակալությունում գրանցված արտոնագրային հավատարմատարի միջոցով կամ սեփականատիրոջ այլ ներկայացուցչի միջոցով:

Դիմումը քննարկվում է սույն կարգի 3-7-րդ կետերով սահմանված պայմաններին համապատասխան և բավարարելու դեպքում գործակալության կողմից ընդունվում է քննարկման, և մեկամսյա ժամկետում որոշում է կայացվում պայմանագրում տեղ գտած փոփոխությունները գրանցելու մասին:

17. Լիցենզային պայմանագրի վաղաժամկետ դադարեցման կամ լիցենզատուի և լիցենզառուի փոխհամաձայնությամբ կայացված որոշման մասին կողմերը մեկամսյա ժամկետում պետք է հայտնեն գործակալություն, որը համապատասխան գրառում է կատարում պայմանագրերի գրանցամատյանում և ապրանքային նշանների պետական գրանցամատյանում:

18. Սույն կարգին համապատասխան գրանցված պայմանագրերը և դրանց մեջ կատարված փոփոխությունները ուժի մեջ են մտնում դրանց գրանցման օրվանից:

19. Զիջման մասին կամ լիցենզային պայմանագրի գրանցման վերաբերյալ որոշումները կարող են բողոքարկվել գործակալության բողոքարկման խորհրդում կամ դատական կարգով:

20. Սույն կարգի համաձայն դիմումների քննարկումը և պայմանագրերի գրանցման հետ կապված աշխատանքներն իրականացնում է գործակալության պետական գրանցամատյանների բաժինը:

 

Հավելված 1

 

Հայաստանի Հանրապետության
մտավոր սեփականության
գործակալություն

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԶԻՋՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ գրանցել ապրանքային նշանի (ների) զիջման մասին կից ներկայացվող պայմանագիրը:

Ապրանքային նշանի գրանցման վկայագիր (եր) N _________

 

Նշանի սեփականատեր (զիջող)

_________________________
անունը, ազգանունը (անվանումը), հասցեն, երկրի կոդը

__________________________________________________________

 

Ստացող

____________________________
   անունը, ազգանունը (անվանումը), հասցեն, երկրի կոդը

 

 

Կ.Տ. ____________

ստորագրություն, թվական

____________________________________________________

նշանի սեփականատիրոջը ներկայացնող անձի անունը, ազգանունը և պաշտոնը

 

 

Նամակագրության հասցեն

__________________________

փոստային հասցեն, հեռախոսը, ֆաքսը

__________________________________________________________

 

Կից ներկայացվող փաստաթղթեր

 

1. Զիջման մասին պայմանագիրը __թերթից __3 օրինակ

2. Սահմանված տուրքի վճարման անդորրագիրը __ թերթից, 1 օրինակ

3. Լիազորագիրը ____ թերթից, 1 օրինակ

4. Նշանի գրանցման վկայագիրը (երը) __ թերթից, ___հատ

 

Հավելված 2

 

Հայաստանի Հանրապետության
մտավոր սեփականության
գործակալություն

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

լիցենզային պայմանագրի գրանցման մասին

 

Խնդրում եմ գրանցել ապրանքային նշանի (ների) օգտագործման իրավունքի ընձեռման մասին կից ներկայացվող լիցենզային պայմանագիրը:

Ապրանքային նշանի գրանցման վկայագիր (եր) N _______

 

Նշանի սեփականատեր (լիցենզատու)

____________________________

անունը, ազգանունը (անվանումը), հասցեն, երկրի կոդը

__________________________________________________________

 

Լիցենզառու

____________________________
   անունը, ազգանունը (անվանումը), հասցեն, երկրի կոդը

 

Կ.Տ. ____________

ստորագրություն, թվական

____________________________________________________

նշանի սեփականատիրոջը ներկայացնող անձի անունը, ազգանունը և պաշտոնը

 

 

Նամակագրության հասցեն

__________________________

փոստային հասցեն, հեռախոսը, ֆաքսը

__________________________________________________________

 

Կից ներկայացվող փաստաթղթեր

 

1. Լիցենզային պայմանագիրը ___ թերթից ___3 օրինակ

2. Սահմանված տուրքի վճարման անդորրագիրը __ թերթից, 1 օրինակ

3. Լիազորագիրը ____ թերթից, 1 օրինակ

4. Նշանի գրանցման վկայագիրը (երը) __ թերթից, ___հատ

 

Հավելված 3

 

Հայաստանի Հանրապետության
մտավոր սեփականության
գործակալություն

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

լիցենզային պայմանագրում կատարված փոփոխությունների գրանցման մասին

 

Խնդրում եմ գրանցել ապրանքային նշանի (ների) օգտագործման իրավունքի ընձեռման մասին պայմանագրում (գրանցված է __ ___________ 200 թ. N___) կատարված կից ներկայացվող փոփոխությունները:

Ապրանքային նշանի գրանցման վկայագիր (եր) N____

 

Նշանի սեփականատեր (լիցենզատու)

____________________________

անունը, ազգանունը (անվանումը), հասցեն, երկրի կոդը

__________________________________________________________

 

Լիցենզառու

____________________________
   անունը, ազգանունը (անվանումը), հասցեն, երկրի կոդը

 

Կ.Տ. ____________

ստորագրություն, թվական

____________________________________________________

նշանի սեփականատիրոջը ներկայացնող անձի անունը, ազգանունը և պաշտոնը

 

 

Նամակագրության հասցեն

__________________________

փոստային հասցեն, հեռախոսը, ֆաքսը

__________________________________________________________

 

Կից ներկայացվող փաստաթղթեր

 

1. Լիցենզային պայմանագրում կատարված փոփոխությունները (պայմանագիրը, համաձայնագիրը և այլն) _____ թերթից, 3 օրինակ

2. Լիազորագիրը __ թերթից, 1 օրինակ

3. Սահմանված տուրքի վճարման անդորրագիրը ____ թերթից, 1 օրինակ