«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
19 հուլիսի 2004 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10204185
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
12 հուլիսի 2004 թ. |
թիվ 101-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՐԴՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի դրույթների իրականացումն ապահովելու նպատակով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել քրեակատարողական ծառայողի երդման կարգը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետին` սույն հրամանն ուժի մեջ մտնելու պահից վեց ամսվա ընթացքում ապահովել մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում պաշտոնի նշանակված քրեակատարողական ծառայողների երդման արարողությունների կազմակերպումը:
|
Դ. Հարությունյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՐԴՄԱՆ
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում (այսուհետ` քրեակատարողական ծառայություն) առաջին անգամ որպես քրեակատարողական ծառայող պաշտոնի նշանակված անձը փորձաշրջանն անցնելու օրվանից երկու ամսվա ընթացքում տալիս է երդում:
2. Քրեակատարողական ծառայողի երդման արարողությունը քրեակատարողական հիմնարկում կամ կենտրոնացված կարգով` քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում կազմակերպում և իրականացնում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը:
3. Երդման արարողության անցկացման ժամանակը սահմանում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարը: Քրեակատարողական ծառայողը երդման արարողության ժամանակի մասին տեղեկացվում է երդման արարողությունից առնվազն երեք օր առաջ:
4. Քրեակատարողական ծառայողը երդումը տալիս է մեկ անգամ` անհատական կարգով` երդման տեքստն ընթերցելու միջոցով: Այնուհետև` քրեակատարողական ծառայողը ստորագրում է երդման տեքստը, որը պահպանվում է նրա անձնական գործում:
5. Երդման արարողությունն անցկացվում է հանդիսավոր պայմաններում` Հայաստանի Հանրապետության պետական դրոշի առջև: Քրեակատարողական ծառայողը երդման արարողության ընթացքում պարտադիր կրում է իր ծառայողական համազգեստը:
6. Երդում տվող քրեակատարողական ծառայողը մոտենում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշին, բարձրաձայն ընթերցում է երդման տեքստը (հավելված) և ստորագրում իր ազգանվան դիմաց:
7. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի` երդման արարողությունն անցկացնող պաշտոնատար անձը շնորհավորում է երդում տված քրեակատարողական ծառայողին:
8. Երդման արարողությունն ավարտելուց հետո հնչեցվում է Հայաստանի Հանրապետության օրհներգը:
ՀԱՎԵԼՎԱԾ |
Ք Ր Ե Ա Կ Ա Տ Ա Ր Ո Ղ Ա Կ Ա Ն Ծ Ա Ռ Ա Յ Ո Ղ Ի
Ե Ր Դ ՈՒ Մ
Ես` _______________________________________, Հայաստանի Հանրապետության
(անուն, հայրանուն, ազգանուն)
արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում պաշտոն ստանձնելով`
Ե Ր Դ Վ ՈՒ Մ Ե Մ`
հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել պարտականություններս:
___ ______________ _____ թ. |
___________________________ |
(երդվողի ստորագրությունը) |