ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ք. Երևան 11 հոկտեմբերի 2021 թ. |
ԲԴԽ-29-Ո-Կ-09 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՌԱՖԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ` ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝
նախագահությամբ՝ |
|
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար |
|
մասնակցությամբ՝ |
|
անդամներ |
Գ. Բեքմեզյանի, |
Դ. Խաչատուրյանի, | |
Մ. Մակյանի, | |
Լ. Մելիքջանյանի, | |
Ա. Մխիթարյանի, | |
Ս. Չիչոյանի, | |
Վ. Քոչարյանի, | |
Արդարադատության նախարարի ներկայացուցիչ |
|
Արդարադատության նախարարի ներկայացուցիչ
Արդարադատության նախարարի ներկայացուցիչ
Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր |
Դ. Գասպարյանի,
Գ. Հարությունյանի
Ռ. Մելքոնյանի |
քարտուղարությամբ՝ |
Ա. Շիլաջյանի, |
դռնփակ նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի՝ «ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» (այսուհետ՝ Միջնորդություն) 2021 թվականի ապրիլի 14-ի N 28-Ա որոշումը ու կից ներկայացված փաստաթղթերը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Գործի նախապատմությունը.
Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Գլխավոր դատախազի՝ 2020 թվականի դեկտեմբերի 18-ին Արդարադատության նախարարին (այսուհետ՝ Նախարար) ներկայացրած հաղորդումը։
Նախարարի 2021 թվականի փետրվարի 15-ի N7-Ա որոշմամբ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի (այսուհետ՝ նաև Դատավոր) նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։
Նախարարի 2021 թվականի ապրիլի 14-ի N28-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.
Նախարարը, վկայակոչելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ նաև Օրենքի) 66-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 67-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6-րդ և 8-րդ կետերը, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերը, նշել է, որ Դատավորը զերծ չի մնացել դատական իշխանությունը վարկաբեկող, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող, դատարանի անկախությունը և անաչառությունը վտանգող ու կասկածի տակ առնող հայտարարություններ անելուց և վարքագիծ դրսևորելուց, անհարգալից և անբարեկիրթ վերաբերմունք է ցուցաբերել դատավարության մասնակիցների, դատարանի աշխատակազմի և բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվել է ի պաշտոնե, չի եղել անաչառ, զերծ չի մնացել խոսքով և վարքագծով կողմնակալություն և խտրականություն դրսևորելուց, ողջամիտ, անկողմնակալ դիտորդի մոտ նման տպավորություն ստեղծելուց, զերծ չի մնացել այլ դատարանի գործողությունները հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց, չի եղել ինքնուրույն դատական ակտը կայացնելիս:
Նախարարը միջնորդությամբ նշել է, որ Դատավորը, գործելով ի պաշտոնե, թիվ ՏԴ/0030/06/20 դատական գործով 2020 թվականի հոկտեմբերի 10-ին, թիվ ՏԴ/0001/11/20, թիվ ՏԴ/0109/01/19, թիվ ՏԴ2/0043/01/17 դատական գործերով 2020 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած դատական նիստերի ընթացքում իր խոսքով, արված հայտարարություններով և ցուցաբերած վարքագծով դրսևորել է անհարգալից վերաբերմունք օրենքի, դատավարության մասնակիցների, դատարանի աշխատակազմի և բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվել է ի պաշտոնե, վարկաբեկել է դատական իշխանությունը, նվազեցրել է հանրության վստահությունը դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ, վտանգել և կասկածի տակ է առել դատարանի անկախությունը և անաչառությունը, չի եղել անաչառ, դրսևորել է խտրականություն և կողմնակալություն, ողջամիտ, անկողմնակալ դիտորդի մոտ նման տպավորություն է ստեղծել, զերծ չի մնացել այլ դատարանի գործողությունները հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց, չի եղել ինքնուրույն դատական ակտը կայացնելիս:
Մասնավորապես Նախարարը միջնորդությամբ նշել է․ «Տվյալ դեպքում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դատավորի կողմից թույլ տրված՝ դատավորի վարքագծի կանոնների խախտումները բազմաբնույթ են և բազմակի՝ Դատավորի՝ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող վարքագծի դրսևորումները պայմանականորեն դասակարգվել են խմբերի.
1) Դատավորը թույլ է տվել դատավորի անկախ, անաչառ, անկողմնակալ լինելու պահանջը խախտող հետևյալ արտահայտությունները՝ «Ձեր երկրորդ փաստաբանն եմ», «ես քեզնից լավ պաշտպան եմ», «վսյո, էս տղեն կալանավորվում ա», «դու հիմա ոնց ուզես՝ էդպես էլ կլինի», «Իջևանի տարածքում ինչ գործով կուզես իմ մոտ գալ, դու կգաս ու դա կհաղթես», «ասեմ Նազիկը փողի կեսը քեզ տա, թող լրիվ փողը քեզ տա, ես չեմ ուզում», «ընենց չի, որ ինձ փողերը տվել են, ես քեզ կեսը չեմ տվել, կարո՞ղ ա տվել եք՝ խաբար չեմ», «դու ինձ թև ու թիկունք եղի՝ թող էդ տղեն էթա», «կասես՝ պարոն Մելքոնյան, պիտի կալանավորվի, եթե չկալանավորեմ՝ պասլեդնի տղեն եմ», «ես իմ ախպորը օգնելու եմ՝ իրան կալանավորելու եմ», «ինձ ձեր կաշառքը պետք չի», «դու ազատություն ես ստանալու», «վայրկյանական կալանքի եմ վերցնելու առանց հարցուպատասխանի», «քննիչ-բան՝ դրանք իմ ախպերներն են», «Մելքոնյան Ռաֆոյի համար դատախազը դա իր ախպերն ա», «քեզ էս գլխից ասեմ, գնացքն արդեն գնացել ա, ինչ էլ անես-չանես, էդ ոչ փրկություն ա, ոչ բան ա», «իմ համար կապ չունի՝ ով ա խառնվել, ինչ ա արել, ինչ չի արել», «դնեմ ձեր համար ամեն ինչը անեմ, բայց որ Մելքոնյան Ռաֆոյի տունը պիտի 4 կուբամետր փետ էթա, որ հերը գիշերը տաք քնի, էդ ձեր համար վեջներդ չի հա՞»:
2) Իր՝ որպես Դատավորի պաշտոնը զբաղեցնող անձի և նրա վարքագծի վերաբերյալ թույլ է տվել հետևյալ արտահայտությունները՝ «Ձեր միջի կյաժն ե՞մ, դրել եք բանի տեղ», «Մելքոնյան Ռաֆոյի», «մի հատ տղավարի ներողություն եմ խնդրում», «Մելքոնյան Ռաֆոն երբեք էդ կարգի դատավոր ու տղա չի», «ես չեմ ուզում կապիկություն անեմ», «թքած ունեմ ձեր փողի վրա», «ես քո կաշին կքերթեմ», «տո ուրեմն ընենց կհարցաքննեմ, որ դուք զարմանաք», «էդ իմ ոճնա, ես չեմ գնում խորհրդակցական սենյակ», «գամ մաղարիչ անե՞մ, ի՞նչ ես ուզում՝ անեմ», «թե՞ 14 տարի ստեղ Իջևանում բոչկա ենք գլորում», «գիտես չէ՞ ոնց եմ որոշում կայացնում, Նոնան ոնց ասեց, ըտենց էլ կորոշեմ»:
3) Դիտողություններ է արել քրեական դատավարությանը մասնակցող անձանց (քննիչ, դատախազ, մեղադրյալ, պաշտպան, վկա)՝ նրանց գործունեությունը գնահատելով հետևյալ արտահայտություններով՝ «վճռաբեկ ա, չգիտեմ, Եվրոպական դատարան ա, միթամ մերը դորդուբեշ ենք արել, էս ի՞նչ եք գրել, իմաստը ո՞րն ա», «էլ ըտենց խաղեր մի տվեք», «ըտե խաղեր ես ոնց որ տալիս», «դու քեզ ի՞նչի տեղ ես դրել», «խաբում ես», «տե՞ղը չես բերում», «կարճ կտրի, շատ ես երկարացնում», «դու տենց ուզում ես ֆռաս իմ վրա», «ծնգլ արիք», «ի՞նչ ես էսքան ամբաղ-զամբաղ ծանրաբեռնել», «մզցրիք այ ախպեր», վերջիններիս հանդեպ թույլ է տվել նաև «վայ, ձեր տիրոջ մերը», «տո ջանդամ ձայնագրառումն էլ մյուսն էլ, շան տեղ մի դիր», «վայ, մեռնի ձեր գրավորը», «անարխիա՞ է, ի՞նչ է, ես գլուխ չեմ հանում (…) պետություն չկա՞, կարգ չկա՞, դիմում չկա՞, նախաքննություն չկա՞, հետաքննություն չկա՞, (…) պատալոկին եմ հարցնում», «սև տալիս են վրեքները խեղճ տղերքի», «հետո էլ ասում եք գործ չունենք, փող չունենք, փարա չունենք, սաղ օր զբաղված եք» արտահայտությունները:
4) Քրեական դատավարությանը մասնակցող անձանց, դատարանի դահլիճում գտնվող անձանց դիմել է «արա», «ախպեր», «ախպերո», «ախպերս», «իմ ախպերը», «իմ ախպերտիք», «քուր», «իմ քուրն ես», «իմ պստիկ քուրիկն ես», «իմ տղերքը», «իմ քննիչները», «քննիչս», «իմ ախպեր դատախազը» բառերով:
5) Դատական կարգադրիչին տվել է գործի քննության հետ առնչություն չունեցող հետևյալ հանձնարարությունները՝ «պաբիրոզ-մոխրամանով բեր», «տուր էդ պաբիրոզը ծխեմ», նաև ծխել է:
6) Հիշատակել, քննարկել է գործի հետ առնչություն չունեցող թեմաներ դատավարության մասնակիցների ծննդավայրի, դատավարության մասնակցի ԲՈՒՀ-ի, կրթություն ստանալու ժամանակահատվածի, արտաքին տեսքի, դրա հանդեպ Դատավորի վերաբերմունքի, Դատավորի ծննդավայրի, բարբառներով արտահայտվելու կարողության, տարիքի, անձնական որակների, անցած ճանապարհի, ոստիկանության կողմից երբևէ իրեն տհաճություն պատճառված լինելու, նախաքննության մարմնի վրա բարկացած լինելու վերաբերյալ, փորձել է ճշտել քննիչի պատկերացումները դատավորի անձի մասին, անձնական պատկերացումների վրա հիմնված գնահատականներ է տվել մեղադրյալի հնարավոր վարքագծին, ազգակցական հարաբերություններին և այլն:
7) Քննիչից, պաշտպանից, վկայից 4-5 անգամ հարցրել է նրանց անունները:»։
Բացի այդ, Նախարարը միջնորդությամբ նշել է․ «Բացատրությամբ Դատավորը ժխտել է իր կողմից կարգապահական խախտում համարվող արարքների կատարումը՝ հիմքում դնելով մեղքի բացակայությունը: Բացատրության, դրան կից ներկայացված փաստաթղթերի, 26.10.2020թ.-ին տեղի ունեցած դատական նիստի ձայնային արձանագրության ուսումնասիրությունից հետևում է, որ նշված և հաջորդ՝ 09.12.2020թ. դատական նիստերի ընթացքում Դատավորի կողմից դատավորի վարքագծի կանոնների խախտումները կատարվել են դիտավորությամբ: Մասնավորապես՝ 26.10.2020թ. դատական նիստի ընթացքում Դատավորը հայտարարել է, որ նիստի ձայնային արձանագրության հիման վրա իրեն կարող են աշխատանքից հեռացնել, սակայն այդ հանգամանքը Դատավորին ընդհանրապես չի անհանգստացնում, ինչպես նաև դատական նիստերի քարտուղարին նիստի ընթացքում Դատավորի կողմից կատարվելիք հետագա քայլերի մասին հարցնելիս հանձնարարել է վստահ խոսել և անտեսել դատական նիստի արձանագրվելու հանգամանքը: Այսինքն՝ Դատավորը գիտակցել է իր կողմից կարգապահական խախտում թույլ տալու փաստը և նախատեսել է դրա իրավական հետևանքը՝ կարգապահական պատասխանատվության ենթարկվելու հնարավորությունը:»։
Նախարարն արձանագրել է, որ Դատավորի կողմից թույլ տրված վարքագծի կանոնների խախտումներն էական կարգապահական խախտումներ են, քանի որ Դատավորը զերծ չի մնացել դատական իշխանությունը վարկաբեկող, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող, դատարանի անկախությունը և անաչառությունը վտանգող ու կասկածի տակ առնող հայտարարություններ անելուց և վարքագիծ դրսևորելուց, անհարգալից և անբարեկիրթ վերաբերմունք է ցուցաբերել դատավարության մասնակիցների, դատարանի աշխատակազմի և բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվել է ի պաշտոնե, չի եղել անաչառ, զերծ չի մնացել խոսքով և վարքագծով կողմնակալություն և խտրականություն դրսևորելուց, ողջամիտ, անկողմնակալ դիտորդի մոտ նման տպավորություն ստեղծելուց, զերծ չի մնացել այլ դատարանի գործողությունները հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց, չի եղել ինքնուրույն դատական ակտը կայացնելիս:
3․ Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.
Սույն կարգապահական վարույթի շրջանակում Դատավորը ներկայացրել է բացատրություն Նախարարին և պատասխան՝ Բարձրագույն դատական խորհրդին հայտնելով հետևյալը․ «Շուրջ 15 տարի որպես դատավոր պաշտոնավարում եմ Տավուշի մարզի Իջևան քաղաքի նստավայրում, այդ ընթացքում բնակություն եմ հաստատել Իջևանի հարակից Գետահովիտ գյուղում, ունեմ երկու դպրոցական և մեկ մանկահասակ երեխա։ Չեմ ցանկանում անդրադառնալ այն ողբերգական անցուդարձին, որ տեղի ունեցան իմ կյանքում 2020 թվականի մինչև չորրորդ եռամսյակը։ Դրանք հաղթահարելուց հետո 2020 թվականի սեպտեմբերի վերջերին առողջական վիճակս կտրուկ վատացավ, ստիպված էի անաշխատունակության թերթիկ բացել և բուժումներ ստանալ։ Բժիշկները խորհուրդ էին տալիս անցնել երկշաբաթյա ինտենսիվ ստացիոնար բուժում, իսկ ես որոշել էի այդ քայլին գնալ ձմեռային դպրոցական արձակուրդներին։ Հաջորդ անգամ հիվանդագին վիճակս առանձնակի սրվեց 2020 թվականի հոկտեմբերի 26-ին և դեկտեմբերի 9-ին։ 2020 թվականի դեկտեմբերի 10-ին կրկին դիմեցի բժշկական միջամտության՝ հայտնելով, որ արդեն երկու անգամ դատական նիստից հետո չեմ կարողանում վերհիշել նիստի ընթացքը։ Կրկին հորդորեցին անհապաղ անցնել պահանջվող բուժման երկշաբաթյա կուրսը։ Անհրաժեշտ բուժումները ստացել եմ 2020 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2021 թվականի հունվարի 7-ը ներառյալ, ապա 2021 թվականի փետրվարի 3-ից մինչև փետրվարի 7-ը ներառյալ՝ կրկին բացելով անաշխատունակության թերթիկ։
Այսպիսով, 2020 թվականի հոկտեմբերի 26-ին և դեկտեմբերի 9-ին ինչպես տանը, դրսում, այնպես էլ՝ դատարանի շենքում, ադեկվատ չեն եղել իմ վարքագծի առանձին դրսևորումներ, ինչը բացառապես ունեցել է պաթոլոգիկ պատճառ։ Ինչ վերաբերվում է ՀՀ գլխավոր դատախազի 2020 թվականի դեկտեմբերի 18-ի հաղորդման փաստարկներին, առ այն, որ իմ՝ հիշյալ ոչ ադեկվատ վարքագծի պատճառը «հարբածությունն» է, ապա չեմ կարող ասել, թե ՏՄ դատախազի տեղակալ Գոռ Ալոյանը երբ, որտեղ և ինչ պարագայում է նկատել իմ կողմից «ալկոհոլի չարաշահում» կամ գուցե չափել է իմ հարբածությունը, բայց ես չգիտեմ։ Պարզապես, ինքնահաստատման բարդույթը չի կարելի փարատել՝ պիտակավորելով այլ պաշտոնատար անձի։ Խնդրո առարկա հարցի կապակցությամբ օբյեկտիվ կողմնորոշվելու համար կարևոր եմ համարում ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված ծառայողական քննության արդյունքները, որոնք հնարավորություն կտան պարզելու, թե իմ հնարավոր «հարբած լինելու մասին» ինչ են հայտնել մարզի դատախազության այն դատախազները, որոնք մասնակցել են 2020 թվականի հոկտեմբերի 26-ին և դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած այլ դատական նիստերին, որոնք անցկացվել են իմ նախագահությամբ»։
4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.
1․ 2020 թվականի հոկտեմբերի 26-ին թիվ ՏԴ/0030/06/20 դատական գործով և 2020 թվականի դեկտեմբերի 9-ին թիվ ՏԴ/0001/11/20, թիվ ՏԴ/0109/01/19, թիվ ՏԴ2/0043/01/17 դատական գործերով տեղի ունեցած նիստերի արձանագրությունների համաձայն՝ Դատավորը արել է հետևյալ արտահայտությունները (այսուհետ՝ Արտահայտություններ)․
● «Ձեր երկրորդ փաստաբանն եմ», «ես քեզնից լավ պաշտպան եմ», «վսյո, էս տղեն կալանավորվում ա», «դու հիմա ոնց ուզես՝ էդպես էլ կլինի», «Իջևանի տարածքում ինչ գործով կուզես իմ մոտ գալ, դու կգաս ու դա կհաղթես», «ասեմ Նազիկը փողի կեսը քեզ տա, թող լրիվ փողը քեզ տա, ես չեմ ուզում», «ընենց չի, որ ինձ փողերը տվել են, ես քեզ կեսը չեմ տվել, կարո՞ղ ա տվել եք՝ խաբար չեմ», «դու ինձ թև ու թիկունք եղի՝ թող էդ տղեն էթա», «կասես՝ պարոն Մելքոնյան, պիտի կալանավորվի, եթե չկալանավորեմ՝ պասլեդնի տղեն եմ», «ես իմ ախպորը օգնելու եմ՝ իրան կալանավորելու եմ», «ինձ ձեր կաշառքը պետք չի», «դու ազատություն ես ստանալու», «վայրկյանական կալանքի եմ վերցնելու առանց հարցուպատասխանի», «քննիչ-բան՝ դրանք իմ ախպերներն են», «Մելքոնյան Ռաֆոյի համար դատախազը դա իր ախպերն ա», «քեզ էս գլխից ասեմ, գնացքն արդեն գնացել ա, ինչ էլ անես-չանես, էդ ոչ փրկություն ա, ոչ բան ա», «իմ համար կապ չունի՝ ովա խառնվել, ինչ ա արել, ինչ չի արել», «դնեմ ձեր համար ամեն ինչը անեմ, բայց որ Մելքոնյան Ռաֆոյի տունը պիտի 4 կուբամետր փետ էթա, որ հերը գիշերը տաք քնի, էդ ձեր համար վեջներդ չի հա՞», «Ձեր միջի կյաժն ե՞մ, դրել եք բանի տեղ», «Մելքոնյան Ռաֆոյի», «սովորական տղա եմ», «մի հատ տղավարի ներողություն եմ խնդրում», «Մելքոնյան Ռաֆոն երբեք էդ կարգի դատավոր ու տղա չի», «ես չեմ ուզում կապիկություն անեմ», «թքած ունեմ ձեր փողի վրա», «ես քո կաշին կքերթեմ», «տո ուրեմն ընենց կհարցաքննեմ, որ դուք զարմանաք», «էդ իմ ոճնա, ես չեմ գնում խորհրդակցական սենյակ», «գամ մաղարիչ անե՞մ, ի՞նչ ես ուզում՝ անեմ», «թե՞ 14 տարի ստեղ Իջևանում բոչկա ենք գլորում», «գիտես չէ՞ ոնց եմ որոշում կայացնում, Նոնան ոնց ասեց, ըտենց էլ կորոշեմ»:
● Համաձայն արձանագրությունների, դիտողություններ է արել քրեական դատավարությանը մասնակցող անձանց (քննիչ, դատախազ, մեղադրյալ, պաշտպան, վկա)՝ նրանց գործունեությանը տալով հետևյալ գնահատականները՝ «վճռաբեկա, չգիտեմ, Եվրոպական դատարանա, միթամ մերը դորդուբեշ ենք արել, էս ի՞նչ եք գրել, իմաստը ո՞րնա», «էլ ըտենց խաղեր մի տվեք», «ըտե խաղեր ես ոնց որ տալիս», «դու քեզ ի՞նչի տեղ ես դրել», «խաբում ես», «տե՞ղը չես բերում», «կարճ կտրի, շատ ես երկարացնում», «դու տենց ուզում ես ֆռաս իմ վրա», «ծնգլ արիք», «ի՞նչ ես էսքան ամբաղ-զամբաղ ծանրաբեռնել», «մզցրիք այ ախպեր», վերջիններիս հանդեպ թույլ է տվել նաև հետևյալ արտահայտությունները՝ «վայ, ձեր տիրոջ մերը», «տո ջանդամ ձայնագրառումն էլ մյուսն էլ, շան տեղ մի դիր», «վայ, մեռնի ձեր գրավորը», «անարխիա՞ է, ի՞նչ է, ես գլուխ չեմ հանում (…) պետության չկա՞, կարգ չկա՞, դիմում չկա՞, նախաքննություն չկա՞, հետաքննություն չկա՞, (…) պատալոկին եմ հարցնում», «սև տալիս են վրեքները խեղճ տղերքի», «հետո էլ ասում եք գործ չունենք, փող չունենք, փարա չունենք, սաղ օր զբաղված եք» արտահայտությունները:
● Քրեական դատավարությանը մասնակցող անձանց, դատարանի դահլիճում գտնվող անձանց դիմել է «արա», «ախպեր», «ախպերո», «ախպերս», «իմ ախպերը», «իմ ախպերտիք», «քուր», «իմ քուրն ես», «իմ պստիկ քուրիկն ես», «իմ տղերքը», «իմ քննիչները», «քննիչս», «իմ ախպեր դատախազը» բառերով:
● Դատական կարգադրիչին տվել է գործի քննության հետ առնչություն չունեցող հետևյալ հանձնարարությունները՝ «պաբիրոզ-մոխրամանով բեր», «տուր էդ պաբիրոզը ծխեմ», նաև ծխել է:
● Անդրադարձել է գործի հետ առնչություն չունեցող թեմաների՝ դատավարության մասնակիցների ծննդավայրին, դատավարության մասնակցի ԲՈՒՀ-ին, կրթություն ստանալու ժամանակահատվածին, տեսքին, դրա հանդեպ Դատավորի վերաբերմունքին, Դատավորի ծննդավայրին և բարբառներով արտահայտվելու կարողությանը, տարիքին, անձնական որակներին, անցած ճանապարհին, ոստիկանության կողմից երբևէ իրեն տհաճություն պատճառած չլինելուն, նախաքննության մարմնի վրա բարկացած լինելուն։
● Փորձել է ճշտել քննիչի պատկերացումները դատավորի անձի մասին, անձնական պատկերացումների վրա հիմնված գնահատականներ է տվել մեղադրյալի հնարավոր վարքագծին, ազգակցական հարաբերություններին և այլն:
● Դատական նիստերի ընթացքում արտահայտվել է ոչ գրական հայերենով՝ կիրառելով օտարալեզու ժարգոնային բառեր և արտահայտություններ:
● Քննիչից, պաշտպանից, վկայից 4-5 անգամ հարցրել է նրանց անունները:
● 2020 թվականի հոկտեմբերի 26-ի դատական նիստի ընթացքում Դատավորը հայտարարել է, որ նիստի ձայնային արձանագրության հիման վրա իրեն կարող են աշխատանքից հեռացնել, սակայն ըստ նրա դրսևորած վարքագծի՝ այդ հանգամանքը Դատավորին ընդհանրապես չի անհանգստացրել, ինչպես նաև դատական նիստերի քարտուղարին նիստի ընթացքում Դատավորի կողմից կատարվելիք հետագա քայլերի մասին հարցնելիս հանձնարարել է վստահ խոսել և անտեսել դատական նիստի արձանագրման հանգամանքը:
2. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մայիսի 13-ի թիվ ԲԴԽ-29-Ո-Կ-09 որոշմամբ բավարարվել է Դատավորի միջնորդությունը և նշանակվել է դատաբժշկական, դատահոգեբանական, դատահոգեբուժական համալիր ամբուլատոր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է Առողջապահության նախարարությանը կից միջգերատեսչական ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություններ իրականացնող հանձնաժողովին, միաժամանակ Ռաֆիկ Մելքոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթը (այսուհետ՝ Վարույթ) կասեցվել է։
3․ Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունիսի 14-ի թիվ ԲԴԽ-29-Ո-Կ-09 որոշմամբ նշանակվել է դատաբժշկական, դատահոգեբանական, դատահոգեբուժական համալիր ամբուլատոր փորձաքննություն, որով դատահոգեբանական և դատաբժշկական հարցադրումների մասի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներին և Վարույթը կասեցվել է։
4. 2021 թվականի օգոստոսի 19-ին Բարձրագույն դատական խորհուրդ է ստացվել ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետների 18․08․2021 թվականի եզրակացությունը՝ թիվ 21-0023Վ ուղեկցական գրությամբ։
5. 2021 թվականի սեպտեմբերի 25-ին Բարձրագույն դատական խորհուրդ է ստացվել Առողջապահության նախարարությանը կից միջգերատեսչական ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի 25․08․2021թ․ եզրակացությունը՝ թիվ 1060/21 ուղեկցական գրությամբ:
5. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը, լսելով Արդարադատության նախարարի ներկայացուցչի հաղորդումը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Oրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝ դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը:
Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»: Այդ կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում:
Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ ներկայացված Միջնորդության մեջ, որպես Դատավորի կողմից թույլ տրված խախտման հիմքեր նշված են Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6-րդ և 8-րդ կետերը, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերը։
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.
● արդյո՞ք թիվ ՏԴ/0030/06/20, թիվ ՏԴ/0001/11/20, թիվ ՏԴ/0109/01/19, թիվ ՏԴ2/0043/01/17 դատական գործերով Դատավորի կողմից թույլ են տրվել դատավորի վարքագծի խախտումներ,
● արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված խախտումները կատարվել են դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ,
● արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված խախտումները Oրենքի իմաստով կարող են գնահատվել որպես էական կարգապահական խախտումներ:
Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:
Oրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6-րդ և 8-րդ կետերոը համապատասխանաբար սահմանում են, որ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց, զերծ մնալ դատարանի գործողությունները, դատական ակտերը հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց, բացառությամբ օրենքով նախատեսված կամ գիտական ազատության շրջանակում իրականացվող մասնագիտական գործունեության դեպքերի, զերծ մնալ այնպիսի հայտարարություն անելուց կամ վարքագիծ դրսևորելուց, որը վտանգում կամ կասկածի տակ է առնում դատավորի կամ դատարանի անկախությունը և անաչառությունը։
Օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերը համապատասխանաբար սահմանում է, որ ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է դատական ակտերը կայացնելիս լինել ինքնուրույն, լինել անաչառ և զերծ մնալ իր խոսքով կամ վարքագծով կողմնակալություն կամ խտրականություն դրսևորելուց կամ ողջամիտ, անկողմնակալ դիտորդի մոտ նման տպավորություն ստեղծելուց, պարտավոր է հարգալից և բարեկիրթ վերաբերմունք ցուցաբերել դատավարության մասնակիցների, դատավորների, դատարանի աշխատակազմի և բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ դատավորը շփվում է ի պաշտոնե։
Դատավորների միջազգային միության Կենտրոնական խորհրդի կողմից 1999 թվականին նոյեմբերի 17-ին Թայվանում ընդունված, Վերանայված 2017 թվականի նոյեմբերի 14-ին Սանտյագոյում (Չիլի) դատավորների համընդհանուր խարտիայի 6.2 հոդվածի համաձայն՝ իր պարտականությունները կատարելիս դատավորը պետք է անկողմնակալ լինի, և դա պետք է լինի տեսանելի: Իր պարտականությունները կատարելիս դատավորը պետք է դրսևորի զսպվածություն և ուշադրություն դարձնի դատարանի պատվի ու գործով ներգրավված այլ անձանց արժանապատվության պահպանման հարցերին: Դատավորը պարտավոր է ձեռնպահ մնալ ցանկացած այնպիսի վարքագծից, գործողություն կատարելուց կամ արտահայտություն անելուց, որն արդյունավետորեն ազդեցություն կունենա նրա անկողմնակալության և անկախության հանդեպ վստահության վրա:
Դատավորի վարքագծի Բանգալորյան սկզբունքների 4-րդ կետի համաձայն՝ վարքագծի կանոնների պահպանումը և դրա դրսևորումը դատավորի ողջ գործունեության կարևորագույն մասն է:
Բանգալորյան սկզբունքների մեկնաբանությունների համաձայն՝ դատավորը պետք է պահպանի վարքագծի կանոնները և դատավորի պաշտոնի հետ կապված ցանկացած գործողություն կատարելիս զերծ մնա ոչ պատշաճ տպավորություն թողնելուց:
Որպես հասարակության սևեռուն ուշադրության առարկա՝ դատավորը պարտավոր է գիտակցաբար և ինքնակամ իր համար ընդունել անձնական սահմանափակումներ, չնայած նրան, որ դրանք շարքային քաղաքացու համար կարող են դժվար իրականանալի թվալ: Մասնավորապես դատավորի վարքագիծը պետք է համապատասխանի դատավորի պաշտոնի արժանապատվությանը:
Այն դատարանում, որտեղ դատավորն աշխատում է, մշտապես գործունեություն ծավալող փաստաբանների հետ ունեցած իր անձնական հարաբերություններում վերջինս պետք է խուսափի այնպիսի իրավիճակներից, որոնք կարող են հիմնավոր կասկածի կամ որևէ կողմին հատուկ վերաբերմունքի արժանացնելու կամ կողմնապահության տպավորություն ստեղծել:
Դատավորը, ինչպես ցանկացած այլ քաղաքացի, ունի ազատ արտահայտվելու (...) իրավունք, սակայն այդ իրավունքների իրականացման ճանապարհին դատավորը միշտ պետք է դրսևորի իրեն այնպես, որ բարձր պահի պաշտոնի համբավը և զերծ մնա այնպիսի գործողություններից, որոնք անհամատեղելի են դատական իշխանության անաչառության և անկախության հետ:
Վերոգրյալի հաշվառմամբ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ դատավորի կողմից վարքագծի կանոնների պահպանման կարևորումն էական նշանակություն ունի նաև հասարակության կողմից դատական իշխանության նկատմամբ վստահության ամրապնդման տեսանկյունից: Ըստ այդմ, ընդհանրապես Դատավորի դրսևորած վարքագիծն ուղղակի ազդեցություն է ունենում դատական իշխանության նկատմամբ հանրային ընկալման ձևավորմանը, ինչպես նաև էական գործոն է հանդիսանում դատական իշխանության հեղինակության ամրապնդման համար:
Վերը նշված իրավանորմերից ու դրանց մեկնաբանություններից բխում է, որ դատավորի և դատարանի անկախության, անկողմնակալության և արդարության հանդեպ նաև հասարակական վստահության ապահովման երաշխիք է դատավորի՝ բարձր կոչմանը համապատասխանող վարքագիծը: Դատավորը պետք է գիտակցի, որ, օժտված լինելով արդարադատություն իրականացնելու բացառիկ լիազորությամբ, պետք է իր վարքագծով վստահություն ստեղծի դատավարության մասնակիցների մոտ՝ դատավարության գործընթացի, դատավարական գործողությունների և որոշումների նկատմամբ։ Իր վարքագծով դատավորը հասարակության մոտ պետք է համոզմունք ձևավորի, որ կողմերը դատարանում հասնելու են արդարության: Հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ նվազում է այն բոլոր դեպքում, երբ դատավորն անպատշաճ վարքագիծ է դրսևորում, չի գործում իր բարձր առաքելությանը համապատասխան, արհամարհում է կողմերին կամ դատական իշխանության այլ մարմիններին, դուրս է գալիս բարեկրթության շրջանակներից, դատավարության ընթացքում խախտում է վարքագծի ընդունելի կանոնները, ինչի արդյունքում էլ հեղինակազրկում է դատական իշխանությունը:
Հետևաբար դատավորները պետք է խուսափեն ինչպես անպատշաճ վարքագիծ դրսևորելուց, այնպես էլ այնպիսի գործողություններ իրականացնելուց, որոնք կարող են նման տպավորություն թողնել:
Հաշվի առնելով վերոգրյալը և քննարկելով Դատավորի կողմից թույլ տրված արտահայտություններն ու վարքագիծը՝ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Միջնորդության հիմքում վկայակոչված բոլոր փաստական հանգամանքներն ապացուցում են, որ Դատավորի կողմից թույլ են տրվել արտահայտություններ և դրսևորվել է վարքագիծ, որոնք անհամատեղելի են դատավորի կարգավիճակի հետ: Իր արտահայտություններով Դատավորն ուղղակիորեն արհամարհել է դատավարության բոլոր մասնակիցներին, անհարգալից է եղել աշխատակազմի նկատմամբ, դուրս է եկել քաղաքավարության նորմերի շրջանակից, խախտել է բարեկրթության կանոնները, ժառգոնային բառապաշարի օգտագործմամբ ցածրացրել է Դատավորի բարձր պաշտոնը։
Որոշ դեպքերում թույլ տալով նմանատիպ արտահայտություններ՝ ««ես քեզնից լավ պաշտպան եմ», «վսյո, էս տղեն կալանավորվում ա», «դու հիմա ոնց ուզես՝ էդպես էլ կլինի», «Իջևանի տարածքում ինչ գործով կուզես իմ մոտ գալ, դու կգաս ու դա կհաղթես», «ասեմ Նազիկը փողի կեսը քեզ տա, թող լրիվ փողը քեզ տա, ես չեմ ուզում», «ընենց չի, որ ինձ փողերը տվել են, ես քեզ կեսը չեմ տվել, կարո՞ղ ա տվել եք՝ խաբար չեմ», «դու ինձ թև ու թիկունք եղի՝ թող էդ տղեն էթա», «կասես՝ պարոն Մելքոնյան, պիտի կալանավորվի, եթե չկալանավորեմ՝ պասլեդնի տղեն եմ», «ես իմ ախպորը օգնելու եմ՝ իրան կալանավորելու եմ», «ինձ ձեր կաշառքը պետք չի», «դու ազատություն ես ստանալու», Դատավորը դրսևորել է վարքագիծ, ըստ որի Դատավորը կարող է արդարադատություն իրականացնել կամայականորեն՝ հիմքում ունենալով ոչ օրինական շարժառիթներ, ինչով խախտել է կանխակալ վարքագիծ ցուցաբերելու անթույլատրելիության կանոնը՝ կասկածի տակ դնելով Դատարանի անաչառությունն ու օբյեկտիվությունը։
Բարեկրթության ու մասնագիտական բարձր հատկանիշների հետ որևէ աղերս չունեցող այդպիսի վարքագիծն այն ուղղակի օրինակն է, երբ Դատավորն իր գործունեությունն իրականացնելիս խախտել է դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց զերծ մնալու օրենսդրական իր պարտականությունը:
Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորը խախտել է նաև իր պարտականությունը՝ զերծ մնալ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում այնպիսի վարքագիծ դրսևորելուց, որը վտանգում կամ կասկածի տակ է առնում դատավորի կամ դատարանի անկախությունը և անաչառությունը։
Բարձրագույն դատական խորհուրդը, անդրադառնալով Դատավորի առարկություններին և պատճառաբանություններին, ի արդարացումն իր դրսևորած վարքագծի նրա առողջական վիճակի վերաբերյալ ներկայացրած փաստարկներին, արձանագրում է հետևյալը.
Դատավորը հայտնել է, որ 2020 թվականի հոկտեմբերի 26-ին և դեկտեմբերի 9-ին ինչպես տանը, դրսում, այնպես էլ՝ դատարանի շենքում, ադեկվատ չեն եղել իր վարքագծի առանձին դրսևորումներ, ինչը բացառապես ունեցել է պաթոլոգիկ պատճառ:
Բարձրագույն դատական խորհուրդը, հաշվի առնելով այն, որ նշված հանգամանքի պարզաբանումը պահանջել է հատուկ մասնագիտական գիտելիքներ, նշանակել է համալիր ամբուլատոր փորձաքննություն։
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետների 18.08.2021թ. եզրակացությամբ և Առողջապահության նախարարությանը կից միջգերատեսչական ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի 25.08.2021թ. եզրակացությամբ՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծումը կանխորոշող որևէ հանգամանք չի հիմնավորվել:
Մասնավորապես, նշված ապացույցների հետազոտման և գնահատման հիման վրա Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ կատարված հետազոտությունների արդյունքում Ռաֆիկ Մելքոնյանի մոտ հայտնաբերված հիվանդություններն ու ախտաբանական փոփոխությունները, հետազոտման ժամկետներում արձանագրված կլինիկական դրսևորումների պայմաններում անձի գիտակցական մակարդակի վրա ազդեցություն չեն ունեցել:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորը թույլ է տվել Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6-րդ և 8-րդ կետերով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնների խախտումներ, ինչը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է հանդիսանում:
Որոշելու համար Դատավորի մեղքի հարցը Խորհուրդը կարևորում է այն հանգամանքը, որ 2020 թվականի հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած դատական նիստի ձայնային արձանագրության ուսումնասիրությամբ հաստատվել է այն փաստը, որ դատական նիստի ընթացքում Դատավորը հայտարարել է, որ նիստի ձայնային արձանագրության հիման վրա իրեն կարող են աշխատանքից հեռացնել, սակայն այդ հանգամանքը Դատավորին ընդհանրապես չի անհանգստացնում, ինչպես նաև դատական նիստերի քարտուղարին նիստի ընթացքում Դատավորի կողմից կատարվելիք հետագա քայլերի մասին հարցնելիս հանձնարարել է վստահ խոսել և անտեսել դատական նիստի արձանագրվելու հանգամանքը։
Նշվածը Բարձրագույն դատական խորհրդին բավարար հիմք է տալիս հաստատված համարելու, որ Դատավորը գործել է դիտավորությամբ՝ գիտակցելով իր կողմից կարգապահական խախտում թույլ տալու փաստը և նախատեսելով դրա իրավական հետևանքը՝ կարգապահական պատասխանատվության ենթարկվելու հնարավորությունը:
Միաժամանակ, քննության առնելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջոցի ընտրության հարցը՝ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ ընտրվող պատասխանատվության միջոցը պետք է համաչափ լինի խախտմանը, որպիսի պարագայում անհրաժեշտ է նաև իրավական գնահատական տալ այն հարցին, թե արդյո˚ք դատավորի դրսևորած վարքագիծը բավարար հիմքեր է պարունակում վերջինիս կողմից թույլ տրված կարգապահական խախտումն էական գնահատելու համար:
Օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ էական կարգապահական խախտում է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խախտումը, որը դրսևորվել է 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 8-րդ և 9-րդ, 11-րդ և 12-րդ, 15-րդ և 16-րդ կետերով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ, 7-րդ և 8-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված դատավորի պարտականությունների խախտմամբ և պայմանավորված կատարման հանգամանքներով և (կամ) առաջացրած հետևանքներով՝ համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ։
Կարգապահական խախտումն էական գնահատելու համար Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 8-րդ և 9-րդ, 11-րդ և 12-րդ, 15-րդ և 16-րդ կետերով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ, 7-րդ և 8-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված դատավորի պարտականություններից յուրաքանչյուրի խախտումը, կապված խախտման հանգամանքներով և (կամ) առաջացրած հետևանքներով կարող է դիտվել որպես էական խախտում։
Քննարկվող դեպքում, ի թիվս Օրենքով նախատեսված վարքագծի մի շարք կանոնների խախտման (Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ) Դատավորը թույլ է տվել Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 8-րդ կետերի, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի խախտումներ, որոնք Օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն հանգեցնում են էական կարգապահական խախտման։
Այսպիսով, Դատավորը իր գործողություններում զերծ չի մնացել դատական իշխանությունը վարկաբեկող, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող, դատարանի անկախությունը և անաչառությունը վտանգող ու կասկածի տակ առնող հայտարարություններ անելուց և վարքագիծ դրսևորելուց, անհարգալից և անբարեկիրթ վերաբերմունք է ցուցաբերել դատավարության մասնակիցների, դատարանի աշխատակազմի և բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվել է ի պաշտոնե, չի եղել անաչառ, զերծ չի մնացել իր խոսքով և վարքագծով կողմնակալություն և խտրականություն դրսևորելուց, ողջամիտ, անկողմնակալ դիտորդի մոտ նման տպավորություն ստեղծելուց, զերծ չի մնացել այլ դատարանի գործողությունները հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց և չի եղել անկողմնակալ դատական ակտը կայացնելիս:
Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ նման խախտումների միաժամանակյա առկայությունը չի կարող համատեղելի լինել դատավորի կարգավիճակի հետ։
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 149-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելու արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը կարող է դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժերի հետևյալ տեսակներից մեկը.
1) նախազգուշացում.
2) նկատողություն.
3) խիստ նկատողություն.
3.1) առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի հերթական և արտահերթ համալրման ժամանակ ցուցակում ընդգրկվելու արգելք՝ մեկ տարի ժամկետով.
3.2) դատարանի նախագահի կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնից ազատում.
4) էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում:
Այսպիսով, Միջնորդության քննությամբ հաստատված փաստերի հաշվառմամբ, Բարձրագույն դատական խորհուրդը գալիս է այն եզրահանգման, որ Դատավորի կողմից թույլ տրված վարքագծի կանոնների խախտումներն էական կարգապահական խախտումներ են, որոնք համատեղելի չեն դատավորի կարգավիճակի հետ։
Օրենքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ: Միաժամանակ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ սույն որոշման կայացման պահին Բարձրագույն դատական խորհրդի 6 մայիսի 2021թ. թիվ ԲԴԽ-20-Ո-Կ-08 որոշմամբ Դատավորի նկատմամբ կիրառված է եղել «խիստ նկատողություն» տույժը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ կետով, 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը,
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ՝ բավարարել: Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ | |
ԱՆԴԱՄՆԵՐ՝ |
Գ. ԲԵՔՄԵԶՅԱՆ | |
Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ | ||
|
Մ. ՄԱԿՅԱՆ | |
Լ. ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆ | ||
Ա. ՄԽԻԹԱՐՅԱՆ | ||
Ս. Չիչոյան | ||
Վ. Քոչարյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 նոյեմբերի 2021 թվական: