Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-246-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (28.06.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.06.14-2021.06.27 Պաշտոնական հրապարակման օրը 18.06.2021
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.06.2021
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի հունիսի 3-ին

 

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 7-րդ կետից հանել «օրենքով նախատեսված դեպքերում՝ իրավաբանական անձանց իրական սեփականատերերի,» բառերը․

2) 23-րդ և 24-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել․

3) 25-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«ա. որոնցից մեկին ուղղակի կամ անուղղակի պատկանում է մյուսի կանոնադրական կապիտալում 20 և ավելի տոկոս մասնակցություն,

բ. որոնցից մեկի կանոնադրական կապիտալում մասնակցության 20 և ավելի տոկոսն ուղղակի կամ անուղղակի պատկանում է ֆիզիկական անձին, որին ուղղակի կամ անուղղակի կերպով պատկանում է նաև մյուս իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում 20 և ավելի տոկոս մասնակցություն.»․

4) 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«26) փոխկապակցված ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք, եթե՝

ա. ֆիզիկական անձին ուղղակի կամ անուղղակի պատկանում է 20 և ավելի տոկոս մասնակցություն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում,

բ. ֆիզիկական անձն օրենքով չարգելված այլ ձևով հնարավորություն ունի կանխորոշելու իրավաբանական անձի որոշումները,

գ. ֆիզիկական և իրավաբանական անձինք գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից.».

5) 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«27) փոխկապակցված ֆիզիկական անձինք՝ անձը և նրա ամուսինը, անչափահաս զավակը, անձի խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, անձի հետ մեկ տարվա ընթացքում 180 և ավելի օր համատեղ բնակվող յուրաքանչյուր չափահաս անձ, ինչպես նաև ֆիզիկական անձինք, որոնք գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից.»․

6) 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«28) միջանկյալ իրավաբանական անձ՝ իրավաբանական անձ և իրական շահառու շղթայում գործող ցանկացած այլ իրավաբանական անձ.»։

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«Հոդված 6. Գրանցամատյանում պահվող տվյալների հրապարակայնությունը

 

1. Պետական միասնական գրանցամատյանում պահպանվող տեղեկությունները հրապարակային են, բացառությամբ ֆիզիկական անձանց անձնագրային տվյալների, սոցիալական քարտի համարի (ՀԾՀ), նրանց բնակության և հաշվառման հասցեների և կապի միջոցների մասին տեղեկությունների:

2. Տեղեկությունները, ինչպես նաև գրանցամատյանից քաղվածքները տրամադրվում են սույն օրենքով նախատեսված կարգով:»։

 

Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 24-րդ կետով.

«24) տեղեկություններ իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ (անունը, ազգանունը, քաղաքացիությունը, ծննդյան ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, ՀԾՀ, բնակության (հաշվառման) վայրը, կապի միջոցները, իրական շահառու դառնալու ամսաթիվը, իրական շահառու հանդիսանալու հիմքերը):»․

2) 20-27-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 29-րդ մասով․

«29․ Կենտրոնական բանկի կողմից գրանցվող իրավաբանական անձանց իրական շահառուների վերաբերյալ սույն հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով նախատեսված տեղեկությունները պետական ռեգիստրի գործակալությանը տրամադրում է Կենտրոնական բանկը։»:

 

Հոդված 4. Օրենքի 39-րդ հոդվածի 3.1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին գլխով.

 

«ԳԼՈՒԽ 12.1.
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՌՈՒՄԸ

 

Հոդված 60.1.  Իրավաբանական անձանց իրական շահառուները

 

1. Սույն օրենքի իմաստով՝ իրական շահառու է համարվում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափանիշներով իրավաբանական անձի իրական շահառու հանդիսացող անձը։

2. Ոլորտային օրենսդրությամբ կարող են սահմանվել իրական շահառուների բացահայտման` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված չափանիշներից խիստ չափանիշներ, եթե դա բխում է իրավաբանական անձի գործունեության ոլորտի առանձնահատկություններից կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից։

3. Սույն գլխի դրույթները չեն տարածվում Կենտրոնական բանկի կողմից գրանցվող իրավաբանական անձանց վրա։ Կենտրոնական բանկի կողմից գրանցվող իրավաբանական անձանց իրական շահառուների բացահայտման, գրանցման և տվյալների արժանահավատության ապահովման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ իրավաբանական անձանց գործունեությունը կարգավորող օրենսդրությամբ։

Հոդված 60.2.  Իրավաբանական անձանց իրական շահառուների հայտնաբերումը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված իրավաբանական անձը պարտավոր է տիրապետել արժանահավատ տեղեկությունների իր իրական շահառուների և նրանց՝ իրավաբանական անձի իրական շահառու հանդիսանալու հիմքերի վերաբերյալ։

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունների բացահայտման համար իրավաբանական անձը պարտավոր է պարբերաբար, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ, իրականացնել պատշաճ ուսումնասիրություն՝ պահպանելով իրականացված ուսումնասիրությանն առնչվող բոլոր փաստաթղթերը։ Իրական շահառուների հայտնաբերմանն առնչվող փաստաթղթերը ենթակա են պահպանման առնվազն հինգ տարի ուսումնասիրության իրականացման պահից, բայց ոչ պակաս, քան հինգ տարի՝ սկսած այն պահից, երբ անձը, որին դրանք առնչվում են, դադարում է լինել իրավաբանական անձի իրական շահառու։ Սույն մասով նախատեսված փաստաթղթերն իրենց լիազորությունների իրականացման նպատակով ներկայացված պահանջի հիման վրա անմիջապես, բայց ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում հասանելի են դարձվում գործակալությանը և պետական մարմիններին։

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պատշաճ ուսումնասիրության իրականացման ընթացքում իրավաբանական անձը պարտավոր է հարցումներով դիմել այն անձանց, որոնց իրական շահառու հանդիսանալու վերաբերյալ առկա են կասկածներ, ինչպես նաև իրավաբանական անձի մասնակիցներին կամ մասնակից իրավաբանական անձանց ներկայացուցիչներին, որոնք կարող են տիրապետել իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների։ Սույն մասով նախատեսված հարցում ստացած անձինք պարտավոր են 20 օրվա ընթացքում պատասխանել հարցմանը և հարցումն իրականացրած իրավաբանական անձին տրամադրել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի ներկայացման համար անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթեր։

4. Իրավաբանական անձի իրական շահառուները պարտավոր են իրենց իրական շահառուի կարգավիճակ ձեռք բերելու կամ իրենց առնչվող տվյալների փոփոխվելու պահից քսան օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնել հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող իրավաբանական անձին և տրամադրել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի ներկայացման համար անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթեր։

 

Հոդված 60.3. Իրավաբանական անձանց իրական շահառուների բացահայտումը

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված իրավաբանական անձը պարտավոր է սույն օրենքով նախատեսված պատշաճ ուսումնասիրության արդյունքներով գործակալություն ներկայացնել իր իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր։

2. Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրում ներառվում են տեղեկություններ՝

1) իրավաբանական անձի անունից հայտարարագիրը ներկայացնող անձի վերաբերյալ (անունը, ազգանունը և պաշտոնը).

2) իրավաբանական անձի բաժնետոմսերի ցուցակման կամ կարգավորվող շուկայում առևտրին թույլատրման (այսուհետ՝ ցուցակման) վերաբերյալ․

3) իրավաբանական անձն ամբողջությամբ վերահսկող իրավաբանական անձի բաժնետոմսերի ցուցակման վերաբերյալ, ցուցակված բաժնետոմսերով իրավաբանական անձի վերաբերյալ (իրավաբանական անձի պետական գրանցման տվյալները և դրա գործադիր մարմնի ղեկավարի անունը և ազգանունը), ինչպես նաև այդպիսի իրավաբանական անձի մասնակցության ծավալների վերաբերյալ․

4) իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում պետության, համայնքի կամ միջազգային կազմակերպության մասնակցության ծավալների վերաբերյալ․

5) իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ (անունը, ազգանունը, քաղաքացիությունը, ծննդյան ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, ՀԾՀ, բնակության (հաշվառման) վայրը, կապի միջոցները՝ առկայության դեպքում, իրական շահառու դառնալու ամսաթիվը)․

6) անձի իրական շահառու հանդիսանալու հիմքերի վերաբերյալ և իրավաբանական անձին առանձին կամ իր հետ փոխկապակցված ֆիզիկական կամ իրավաբանական անձի հետ համատեղ վերահսկելու վերաբերյալ.

7) միջանկյալ իրավաբանական անձանց վերաբերյալ (իրավաբանական անձի պետական գրանցման տվյալները և դրա գործադիր մարմնի ղեկավարի անունը և ազգանունը)։

3. Ցուցակված բաժնետոմսերով առևտրային կազմակերպությունները կամ այնպիսի առևտրային կազմակերպությունները, որոնց ամբողջությամբ վերահսկում է ցուցակված բաժնետոմսերով մեկ այլ առևտրային կազմակերպություն, ներկայացնում են միայն սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով նախատեսված տեղեկությունները, եթե իրավաբանական անձի բաժնետոմսերը ցուցակված են կարգավորվող շուկայում, որտեղ իրական շահառուների բացահայտման չափանիշները համարժեք են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված չափանիշներին։

4. Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը ենթակա է ներկայացման սույն օրենքով սահմանված կարգով իրավաբանական անձի գրանցման պահից 40 օրվա ընթացքում։ Իրական շահառուների վերաբերյալ տվյալների փոփոխման դեպքում դրանք ենթակա են հայտարարագրման իրավաբանական անձին հայտնի դառնալուց հետո՝ անմիջապես, բայց ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում։

5. Անկախ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամկետներից՝ մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 20-ը իրավաբանական անձը պարտավոր է գործակալություն ներկայացնել՝

1) հաստատում առ այն, որ իրական շահառուների վերաբերյալ գործակալություն ներկայացված վերջին հայտարարագիրը պարունակում է արդիական տեղեկություններ նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, կամ

2) փոփոխված տեղեկություններ իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ։

6. Իրավաբանական անձանց իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի ձևը, դրա լրացման և ներկայացման կարգը, իրական շահառուների վերաբերյալ գործակալություն ներկայացված վերջին հայտարարագրի հաստատման կարգը, իրական շահառուների բացահայտման համարժեք չափանիշներով կարգավորվող շուկաների ցանկը սահմանում է արդարադատության նախարարը։ Սույն մասով նախատեսված հայտարարագրի լրացման կարգում արդարադատության նախարարը կարող է նաև սահմանել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի ներկայացման պարտականություն ունեցող ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց կողմից հայտարարագրի լրացման առանձնահատկությունները։

 

Հոդված 60.4. 

Իրավաբանական անձանց իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների պետական գրանցումը և հրապարակումը

 

1. Իրավաբանական անձանց իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների պետական գրանցման համար գործակալություն է ներկայացվում իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը։

2. Իրական շահառուների փոփոխության գրանցման համար գործակալություն է ներկայացվում՝

1) իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ նոր հայտարարագիրը.

2) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ։

3. Եթե իրավաբանական անձի իրական շահառուն օտարերկրյա ֆիզիկական անձ է, ապա պետական գրանցման համար, սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացվում է տվյալ անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը՝ վավերացված և հայերեն թարգմանված:

4. Մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման ոլորտային պահանջների հիման վրա գործակալություն ներկայացված իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունները, բացառությամբ հրապարակային չհամարվող տեղեկությունների, հասանելի են տեղեկատվական համակարգի միջոցով գործակալության պաշտոնական կայքից առանց պետական տուրք վճարելու։

 

Հոդված 60.5. 

Իրավաբանական անձանց իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների արժանահավատության ապահովումը

 

1. Գործակալությունն իրականացնում է ընթացիկ վերահսկողություն իրավաբանական անձանց իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների արժանահավատության ապահովման նպատակով։

2. Պետական մարմինը, որն իր լիազորությունների իրականացման ընթացքում իրավաբանական անձանց իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների արժանահավատության առնչությամբ հայտնաբերում է կասկածներ, այդ մասին անմիջապես ծանուցում է գործակալությանը։

3. Գործակալությունն իր նախաձեռնությամբ կամ դիմումի հիման վրա կարող է հարուցել վարույթ իրական շահառուների հայտարարագրման՝ սույն օրենքով նախատեսված պահանջների պահպանումն ստուգելու նպատակով, իսկ խախտում հայտնաբերելու դեպքում՝ կիրառել օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ։

4. Սույն հոդվածով նախատեսված գործառույթներն իրականացնելիս գործակալությունն իրավասու է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից պահանջելու և ստանալու իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող իրավաբանական անձանց առնչվող տեղեկություններ, այդ թվում՝ հարկային և մաքսային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ։

5. Սույն հոդվածով նախատեսված գործառույթներն իրականացնելիս Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով արգելված արարքի առերևույթ հատկանիշներ հայտնաբերելու դեպքում, ինչպես նաև եթե տեղեկությունների արժանահավատության առնչությամբ կասկածների առկայության դեպքում իրավաբանական անձը գործակալության պահանջով չի ներկայացնում իր հայտարարագրի հիմքում ընկած պատշաճ ուսումնասիրության փաստաթղթերը, կամ դրանք բավարար չեն կասկածները փարատելու համար, ապա գործակալությունը նյութերը եռօրյա ժամկետում ուղարկում է գլխավոր դատախազություն՝ ընդունելով վարչական վարույթը կասեցնելու մասին որոշում։

6. Սույն օրենքի 60.3-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված պարտականությունը երեք տարի անընդմեջ չկատարելու, ինչպես նաև սույն գլխի կանոններն այլ կերպ բազմակի կամ կոպիտ խախտելու դեպքում գործակալությունը կարող է դիմել դատարան՝ իրավաբանական անձին լուծարելու պահանջով։

7. Մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման ոլորտի կազմակերպության առնչությամբ կայացված վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, գործակալությունն այդ մասին տեղեկացնում է ընդերքօգտագործման ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնին։»։ 

 

Հոդված 6. Օրենքի 61-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1. Պետական միասնական գրանցամատյանի հրապարակային տեղեկությունները բաց են համընդհանուր ծանոթացման համար:»

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«2. Առանց պետական տուրք վճարելու տեղեկատվական համակարգի միջոցով գործակալության պաշտոնական կայքից հասանելի են իրավաբանական անձի, անհատ ձեռնարկատիրոջ և պետական մարմնի վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանի հետևյալ տեղեկությունները․

1) անունը, ազգանունը կամ անվանումը և կազմակերպաիրավական ձևը․

2) պետական գրանցման (հաշվառման) ամսաթիվը․

3) պետական գրանցման (հաշվառման) համարը․

4) հարկ վճարողի հաշվառման համարը․

5) ձեռնարկության կոդային դասակարգիչը (ՁԿԴ)․

6) գտնվելու վայրը կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հասցեն․

7) իրավաբանական անձի իրական շահառուի անունը, ազգանունը, քաղաքացիությունը, իրական շահառու դառնալու ամսաթիվը, իրավաբանական անձի իրական շահառու հանդիսանալու հիմքերը.

8) տեղեկություններ լուծարման գործընթացում գտնվելու մասին կամ հաշվառումից հանվելու մասին:».

3) 3-րդ մասը «տրամադրվում են» բառից հետո լրացնել «թղթային կրիչով կամ տեղեկատվական համակարգի միջոցով գործակալության պաշտոնական կայքից» բառերով։

 

Հոդված 7. Օրենքի 62-րդ հոդվածի 3-րդ մասի 12.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 8. Օրենքի 66-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 66. 

Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակներով տրամադրվող տեղեկությունները

 

1. Գործակալությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազոր մարմնին է տրամադրում պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն այդ օրենքով սահմանված կարգով։»։

 

Հոդված 9

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

2. Հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործունեություն իրականացնող, ինչպես նաև տեսալսողական մեդիածառայություն մատուցող իրավաբանական անձանց համար սույն օրենքով նախատեսված պարտականությունները ծագում են 2021 թվականի սեպտեմբերի 1-ից։

3. Սույն հոդվածի 2-րդ մասում չներառված իրավաբանական անձանց համար սույն օրենքով նախատեսված պարտականությունները ծագում են 2022 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի։

4. Միայն ֆիզիկական անձ մասնակիցներ ունեցող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունների համար սույն օրենքով նախատեսված պարտականությունները ծագում են 2023 թվականի հունվարի 1-ից:

5. Սույն հոդվածի 2-4-րդ մասերով նախատեսված օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված իրավաբանական անձինք պարտավոր են իրական շահառուների վերաբերյալ սույն օրենքով նախատեսված հայտարարագիրը ներկայացնել սույն օրենքով նախատեսված պարտականությունները ծագելու օրվանից՝ երկու ամսվա ընթացքում։

6. Իրավաբանական անձանց իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի ձևը, դրա լրացման և ներկայացման կարգը, իրական շահառուների վերաբերյալ գործակալություն ներկայացված վերջին հայտարարագրի հաստատման կարգը, իրական շահառուների բացահայտման համարժեք չափանիշներով կարգավորվող շուկաների ցանկը արդարադատության նախարարի կողմից սահմանվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում։

7. Եթե մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն իրավաբանական անձը գործակալություն է ներկայացրել իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիր, ապա սույն օրենքի հիման վրա այդպիսի իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների գրանցումը համարվում է իրավաբանական անձի իրական շահառուների փոփոխության գրանցում «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 60.4-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով։

8. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիր ներկայացրած անձանց վրա սույն օրենքով նախատեսված կարգավորումները տարածվում են 2021 թվականի սեպտեմբերի 1-ից։ Սույն մասով նախատեսված իրավաբանական անձինք պարտավոր են իրական շահառուների վերաբերյալ սույն օրենքով նախատեսված հայտարարագիրը ներկայացնել մինչև 2022 թվականի փետրվարի 20-ը։

9. Կենտրոնական բանկը սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին գործող իր գրանցած իրավաբանական անձանց իրական շահառուների վերաբերյալ տվյալները տրամադրում է մինչև 2022 թվականի հունիսի 1-ը։

10. Մինչև սույն հոդվածի համապատասխանաբար 2-4-րդ մասերով նախատեսված օրը իրավաբանական անձը պարտավոր է պետական գրանցման, կանոնադրական կապիտալի կամ մասնակիցների կազմի փոփոխվելու դեպքում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գործակալություն ներկայացնել իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ հայտարարություն: Հայտարարության մեկ օրինակը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին՝ վերջինիս պահանջով:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. հունիսի 17
Երևան
ՀՕ-246-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հունիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան