ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 13-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31.3-րդ գլխով.
«ԳԼՈՒԽ 31.3
ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 222.11. | Անհետաձգելի միջամտության որոշման բողոքարկման վերաբերյալ գործերը |
1. «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ անհետաձգելի միջամտության որոշումը վիճարկող հայցադիմումի քննությունն իրականացվում է սույն օրենսգրքով նախատեսված կանոնների պահպանմամբ՝ հաշվի առնելով սույն գլխի առանձնահատկությունները:
2. «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ անհետաձգելի միջամտության որոշումը վիճարկող հայցադիմումի պարագայում դատարանը սույն օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասում նշված որոշումներից մեկը կայացնում է հայցադիմումն ստանալուց հետո՝ 36 ժամվա ընթացքում:
3. Անհետաձգելի միջամտության որոշման բողոքարկման վերաբերյալ գործերով ծանուցագիրը հայցվորին, պատասխանողին և ընտանիքում բռնության ենթարկված անձին կամ նրա օրինական ներկայացուցչին ուղարկվում է դատական նիստը նշանակվելուց հետո` անհապաղ: Հրապարակային ծանուցումը չի կարող օգտագործվել որպես ծանուցման եղանակ:
4. «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ անհետաձգելի միջամտության որոշումը վիճարկող հայցադիմումը դատարանը քննում և գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացնում է հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո՝ 48 ժամվա ընթացքում:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից վեց ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2017 թ. դեկտեմբերի 30 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|