ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի մայիսի 26-ին
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
(գլուխն ուժը կորցրել է 08.02.12 ՀՕ-23-Ն)
Գ Լ ՈՒ Խ 2.
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՈՒՄԸ
(գլուխն ուժը կորցրել է 08.02.12 ՀՕ-23-Ն)
Գ Լ ՈՒ Խ 3.
ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ
(գլուխն ուժը կորցրել է 08.02.12 ՀՕ-23-Ն)
Գ Լ ՈՒ Խ 4.
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 32. | ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ |
1. Պետական վերահսկողության հիմնական խնդիրներն են`
1) տնտեսավարող սուբյեկտների կողմից արտադրանքի, ծառայությունների տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների խախտումների կանխարգելումը և վերացումը.
2) տեխնիկական կանոնակարգերին արտադրանքի, ծառայությունների համապատասխանության ապահովումը:
Հոդված 33. | ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆԸ |
1. Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի, ծառայությունների համապատասխանության պետական վերահսկողությունն իրականացնում են ազգային մարմինը և գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը` իրենց կազմում գործող համապատասխան տեսչության (այսուհետ` տեսչություն) միջոցով, որի ղեկավարը տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի, ծառայությունների համապատասխանության պետական վերահսկողության գլխավոր պետական տեսուչն է (այսուհետ` գլխավոր պետական տեսուչ):
Պետական վերահսկողությունն իրականացվում է գլխավոր պետական տեսուչի և պետական տեսուչների կողմից ստուգումներ կատարելու միջոցով` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
2. Գլխավոր պետական տեսուչի և պետական տեսուչների կողմից արձակվող կարգադրագրերի ձևերը հաստատում է ազգային մարմինը և գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը:
3. Պետական վերահսկողությունն իրականացվում է տեխնիկական կանոնակարգով սահմանված արտադրանքն արտադրելու, իրացնելու, պահելու, փոխադրելու և օգտահանելու, ծառայությունները մատուցելու փուլերում:
(33-րդ հոդվածը փոփ., լրաց. 27.11.06 ՀՕ-197-Ն)
Հոդված 34. | ԳԼԽԱՎՈՐ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ և ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
1. Գլխավոր պետական տեսուչը`
1) Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքին համապատասխան` քննում է տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտումների հետ կապված վարչական պատասխանատվության մասին գործերը և իր իրավասության սահմաններում ընդունում համապատասխան որոշումներ.
2) տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտման դեպքերում արձակում է կարգադրագրեր` արտադրանքի իրացումն արգելելու, արտադրանքը շրջանառությունից հանելու, սպառողներին այդ մասին տեղեկացնելու և սպառողներից արտադրանքը հետ վերցնելու մասին.
3) օրենքով նախատեսված դեպքերում արձակում է ստուգումն իրականացնելու մասին հանձնարարագրեր.
4) օրենքով նախատեսված դեպքերում վերահսկողության արդյունքների վերաբերյալ նյութերն ուղարկում է իրավապահ մարմիններին կամ դիմում դատարան` պատասխանատվության միջոցներ կիրառելու համար.
5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
2. Պետական տեսուչը`
1) առաջարկություններ է ներկայացնում գլխավոր պետական տեսուչին` վերջինիս իրավասության հարցերով.
2) արձակում է կարգադրագրեր տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի իրացումը կասեցնելու վերաբերյալ.
3) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
Հոդված 35. | ԳԼԽԱՎՈՐ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ և ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ |
1. Գլխավոր պետական տեսուչը և պետական տեսուչներն իրենց պարտականությունները չկատարելու, անպատշաճ կատարելու, իրենց լիազորությունները վերազանցելու, պետական և (կամ) ծառայողական գաղտնիքները հրապարակելու դեպքում պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան:
2. Պետական տեսուչների անօրինական գործողությունների հետևանքով տնտեսավարող սուբյեկտներին պատճառված վնասը հատուցվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով:
3. Պետական տեսուչների գործողությունները կարող են գանգատարկվել գլխավոր պետական տեսուչին կամ դատարան:
4. Գլխավոր պետական տեսուչի գործողությունները կարող են բողոքարկվել ազգային մարմնի ղեկավարին կամ դատարան:
5. Գլխավոր պետական տեսուչի և պետական տեսուչների արձակած կարգադրագրերի բողոքարկումը չի կասեցնում դրանց կատարումը:
Հոդված 36. | ԿԱՐԳԱԴՐԱԳԻՐԸ |
1. Կարգադրագիրը գլխավոր պետական տեսուչի և պետական տեսուչների կողմից օրենքով սահմանված կարգով իրականացված ստուգման արդյունքներով կազմված ակտի հիման վրա իրենց իրավասության սահմաններում ընդունված իրավական ակտ է, որն ուղղված է`
1) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի իրացման արգելմանը, արտադրանքը շրջանառությունից հանելուն, սպառողներին այդ մասին տեղեկացնելուն և սպառողներից արտադրանքի վերադարձմանը, եթե հայտնաբերված անհամապատասխանությունը հնարավոր չէ վերացնել.
2) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի իրացման կասեցմանը` մինչև հայտնաբերված խախտման վերացումը:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված կարգադրագրերով սահմանվում է հայտնաբերված խախտումների վերացման ժամկետ` համաձայնեցված տնտեսավարող սուբյեկտի հետ:
3. Տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է կարգադրագրով սահմանված ժամկետում կարգադրագրի կատարման մասին տեղյակ պահել տեսչությանը:
4. Կարգադրագիրը չկատարելը, ոչ պատշաճ կատարելը կամ կատարման մասին սահմանված ժամկետում տեսչությանը գրավոր չտեղեկացնելը համարվում է կարգադրագրի չկատարում, որն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
5. Կարգադրագրերով նախատեսված պատասխանատվության միջոցները վերացվում են գլխավոր պետական տեսուչի կողմից` տնտեսավարող սուբյեկտի դիմումով, կարգադրագրերի կատարման ստուգման դրական արդյունքների հիման վրա:
Գ Լ ՈՒ Խ 5.
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
(գլուխն ուժը կորցրել է 08.02.12 ՀՕ-23-Ն)
Գ Լ ՈՒ Խ 6.
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
(գլուխն ուժը կորցրել է 08.02.12 ՀՕ-23-Ն)
Գ Լ ՈՒ Խ 7.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
(գլուխն ուժը կորցրել է 08.02.12 ՀՕ-23-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|