ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 փետրվարի 2025 թվականի N 184-Ն
ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻՑ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱԿԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության «Թանգարանների մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել թանգարանների հավաքածուներից թանգարանային առարկաները և հավաքածուները Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային հավաքածուի կազմում ընդգրկելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
20.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի փետրվարի 20-ի N 184-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻՑ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱԿԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են թանգարանների հավաքածուներից թանգարանային առարկաները և հավաքածուները Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային հավաքածուի կազմում ընդգրկելու գործընթացները:
2. Թանգարանների հավաքածուներից թանգարանային առարկաները և հավաքածուները Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային հավաքածուի կազմում ընդգրկումը իրականացվում է «Թանգարանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն կարգի պահանջներին համապատասխան:
2. ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻՑ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱԿԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
3. Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային հավաքածուի կազմում թանգարանային առարկայի և թանգարանային հավաքածուի ընտրության չափորոշիչներն են՝
1) ունի պատմական, ներառյալ` ժողովրդի կյանքի հիշարժան դեպքերի, հասարակության և պետության զարգացման գործընթացները բնորոշելու համար որոշիչ նշանակություն, հնագույն քաղաքակրթության վկայություն է, եզակի պատմական փաստաթուղթ կամ վկայագիր է.
2) ունի գիտության և ճարտարագիտության պատմության հետազոտման համար առանցքային նշանակություն, առանց որի հնարավոր չէ իրականացնել թեմայի հետազոտումը, ճարտարագիտական օբյեկտի նույնականացումը.
3) ունի ավանդույթների, մշակույթի կամ երևույթների ուսումնասիրության համար կարևորություն՝ արտացոլելով ազգային, կրոնական կամ տեղային մշակույթի կարևոր կողմերը, ուստի դրա կորուստը կամ փոխարինումը կհանգեցնի պատմական կամ գիտական արժեքի կորստի, կխաթարի մշակութային երևույթի պահպանությունը և սերնդեսերունդ փոխանցումը.
4) նշանավոր մարդկանց (պետական, քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների, ազգային հերոսների) կյանքն ու գործունեությունը վերարտադրելու համար ունի կարևոր նշանակություն, վերջիններիս անձնական- անվանական կամ ընտանեկան մասունք է.
5) հնագիտական հետազոտություններից և պեղումներից ստացված, ինչպես նաև հողային, շինարարական, հողաբարելավման և այլ աշխատանքների ժամանակ հայտնաբերված իրենց տեսակի մեջ եզակի կամ հազվագյուտ հնեաբանական գտածոներ են.
6) ազգային և համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակների ստեղծագործություններ են, որոնք ըստ մշակութաբանական, արվեստաբանական փորձագիտական եզրակացության ունեն գնահատված բարձր արժեք.
7) պատմական, գեղարվեստական, ձեռագիր և տպագիր գրական, պաշտամունքային արժեք ներկայացնող հուշարձանների բաղկացուցիչ մասեր և բեկորներ են, առանց որոնց հնարավոր չէ պատկերացում կազմել հուշարձանի մասին և նույնականացնել այն.
8) առանձին կամ հավաքածու հնագույն գրքեր, փաստաթղթեր.
9) հազվագյուտ ձեռագրեր և փաստաթղթային հուշարձաններ, արխիվներ, ներառյալ` ձայնագրման, տեսագրման, լուսանկարչական և կինոարխիվներ.
10) հազվագյուտ աղեղնային նվագարաններ (Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի 2003 թվականի մարտի 4-ի N 131 հրամանի 5-րդ կետով «Ա. Խաչատրյանի տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված հազվագյուտ աղեղնային նվագարանների հավաքածու).
11) առանձին կամ հավաքածու փոստային նամականիշերի, այլ նամականիշային նյութերի եզակի կամ հազվագյուտ օրինակներ.
12) բուսական, կենդանական և երկրաբանական հավաքածուներ և նմուշներ, հանքաբանության, անատոմիայի և հնէաբանության համար հետաքրքրություն ներկայացնող հազվագյուտ առարկաներ.
13) հազվագյուտ կահույք, գոբելեններ, գորգեր, կարպետներ, տարազներ.
14) հազվագյուտ ազգագրական, մարդաբանական նյութեր և բանահյուսական նյութերի անտիպ ժողովածուներ.
15) այլ առարկաներ, ներառյալ` պատմական, գեղարվեստական, գիտական կամ մշակութային այլ նշանակություն ունեցող պատճեններ, որոնց բնօրինակները չեն պահպանվել և դրանք որպես պատմության և մշակույթի հուշարձաններ վերցված են պետական պահպանության:
3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱԿԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ԳՐԱՆՑՄԱՆ ՆԿԱՐԱԳՐԻՉՆԵՐԸ
4. Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային առարկաների ցանկում գրանցումն իրականացվում է համաձայն հետևյալ նկարագրիչների՝
1) անվանումը, անունը կամ վերնագիրը.
2) ստեղծողը (հեղինակը).
3) ստեղծման ժամանակը.
4) ստեղծման վայրը.
5) նյութը.
6) քանակը/բաղկացուցիչ մասերը.
7) չափերը.
8) վիճակը.
9) ծածկագիրը.
10) ծանոթագրությունը.
11) արտահանման սահմանափակում (ունի/չունի):
4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱԿԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
5. Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային հավաքածուի կազմում ընդգրկվում են պետական կամ համայնքային, հավատարմագրված ոչ պետական թանգարանների և Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուում հաշվառված՝ հավաքածու ունեցող ոչ պետական թանգարանների բացառիկ արժեք ունեցող թանգարանային առարկաները և հավաքածուները՝ համաձայն դրանց ընտրության չափորոշիչների:
6. Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային հավաքածուի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը (այսուհետ՝ նախարար):
7. Յուրաքանչյուր տարվա նոյեմբերի տասից դեկտեմբերի տասը թանգարանները Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային հավաքածուի կազմում ընդգրկելու նպատակով ներկայացնում են հայտ՝ կցելով գրանցման ենթակա թանգարանային առարկայի կամ հավաքածուի մասին հետևյալ փաստաթղթերը.
1) նկարագիրը.
2) ձեռքբերման աղբյուրը.
3) ֆոնդային գնահատող հանձնաժողովի նիստի արձանագրությունը.
4) փորձագիտական եզրակացության պատճենը:
8. Հայտը և կից փաստաթղթերը ընդունում է նախարարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը (այսուհետ` կառուցվածքային ստորաբաժանում) և երեք աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում դրանք: Եթե հայտին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա կառուցվածքային ստորաբաժանումը թանգարանին առաջարկում է հինգ աշխատանքային օրվա ընթացքում համալրել այն:
9. Հայտն ու կից փաստաթղթերի փաթեթն ամբողջական լինելու դեպքում կառուցվածքային ստորաբաժանումը հինգ աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստում է նախարարի հրամանի նախագիծ:
10. Նախարարը երեք աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային հավաքածուի կազմը հաստատելու (արդեն հաստատված կազմի առկայության դեպքում՝ կազմում փոփոխություն, լրացում և համալրում կատարելու) մասին հրաման:
11. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված կարգով ներկայացված հայտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային հավաքածուի կազմը կարող է փոփոխվել, լրամշակվել և համալրվել:
12. Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային հավաքածուի կազմում փոփոխությունը, լրամշակումը և համալրումն իրականացվում է նախարարի համապատասխան հրամանով:
13. Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային հավաքածուի կազմում ընդգրկելու նպատակով ներկայացված հայտը կարող է մերժվել, եթե՝
1) չի համապատասխանում սույն կարգի 3-րդ կետով սահմանված չափորոշիչներին.
2) սույն կարգի 7-րդ կետով պահանջվող փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ և 8-րդ կետով սահմանված ժամկետում համալրումը չի ապահովվել:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
20.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 փետրվարի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|