Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.06.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.07.22-2024.08.04 Պաշտոնական հրապարակման օրը 26.07.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
28.06.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
28.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/0519/05/22
2024 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/0519/05/22

Նախագահող դատավոր՝

Կ. Ավետիսյան

Դատավորներ՝

Հ. Այվազյան

Ա. Բաբայան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Հ. Բեդևյան

զեկուցող

ռ. Հակոբյան

Ա. Թովմասյան

լ. Հակոբյան

 

2024 թվականի հունիսի 28-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ Ոստիկանություն) և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն) վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26.10.2023 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Սիմոն Մանուկյանի ընդդեմ Ծառայության, երրորդ անձ՝ Ոստիկանություն՝ Ծառայության 14122021 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին» որոշման՝ կատարողական վարույթ հարուցելու մասով, հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Սիմոն Մանուկյանը պահանջել է ճանաչել Ծառայության 14.12.2021 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին» որոշման՝ կատարողական վարույթ հարուցելու մասով, հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ե. Առաքելյան) (այսուհետ` Դատարան) 30.06.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Դատարանի 30.06.2022 թվականի լրացուցիչ վճռով Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից հօգուտ Սիմոն Մանուկյանի բռնագանձվել է 5.000 ՀՀ դրամ՝ որպես ներկայացուցչի վճարի փոխհատուցում։

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.10.2023 թվականի որոշմամբ Ծառայության և Ոստիկանության վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի վճիռը թողնվել է անփոփոխ, իսկ Սիմոն Մանուկյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 29.07.2023 թվականի լրացուցիչ վճիռը բեկանվել և փոփոխվել է հետևյալ կերպ Ծառայությունից հօգուտ Սիմոն Մանուկյանի բռնագանձվել է 25000 ՀՀ դրամ՝ որպես ներկայացուցչի վճարի գծով դատական ծախսի փոխհատուցում։ Սիմոն Մանուկյանի վերաքննիչ բողոքը մնացած մասով մերժվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Ոստիկանությունը (ներկայացուցիչ՝ Հրայր Կյուրեղյան) և Ծառայությունը (ներկայացուցիչ` Նաթելլա Տոնոյան)։

Վճռաբեկ բողոքների պատասխաններ չեն ներկայացվել:

 

2. Ծառայության վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 311-ին հոդվածը, որոնք չպետք է կիրառեր, խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածը, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 25-րդ, 27-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հարկադիր կատարողը չի կրում կատարման ներկայացված վարչական ակտի մասին ակտն ընդունած վարչական մարմնի կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգին համապատասխան ակտի հասցեատիրոջն իրազեկելու փաստի պարզման պարտականություն, քանի որ հարկադիր կատարողը չունի որևէ լիազորություն ստուգելու վարչական մարմնի կողմից ներկայացված անձի պատշաճ ծանուցմանը վերաբերող տվյալների հավաստիությունն ու արժանահավատությունը։ Ըստ այդմ վարչական մարմնի տրամադրած տեղեկատվությունն ընդունվում է որպես բավարար հիմք օրենքով նախատեսված ընթացք տալու համար։

Վերաքննիչ վարչական դատարանը պատշաճ չի ուսումնասիրել ներկայացված նյութերը, արդյունքում իրավախախտում կատարած անձին անհիմն ազատել է իրավախախտման համար տուգանքի վճարման պարտականությունից։

Միևնույն ժամանակ թիվ ՎԴ/0775/05/22 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ։

 

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2610.2023 թվականի որոշումը և փոփոխել այն կամ գործն ուղարկել նոր քննության։

 

2.1. Ոստիկանության վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ և 27-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով

Վերաքննիչ դատարանը սխալ է հետազոտել և գնահատել գործում առկա ապացույցները։

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ օրենսդրությամբ նախատեսված է, թե ինչ պետք է պարունակի որոշումը և առկա չէ պահանջ առ այն, որպեսզի հասցեատիրոջ կողմից որոշումը ստանալուց հրաժարվելու մասին նշումը որոշումը հանձնողի կողմից կատարվի որոշման մեջ, իսկ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ կարող են նշվել նաև գործի լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ և տվյալ դեպքում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ կատարված գրառումը (հասցեատիրոջ կողմից որոշումը ստանալուց հրաժարվելու մասին) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածի իմաստով կարող է հիմք հանդիսանալ որոշումն անձամբ հանձնված լինելու մասին։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.10.2023 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել։

 

3. Վճռաբեկ բողոքների քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ոստիկանության տեսուչի կողմից 27.09.2021 թվականին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության համաձայն՝ Սիմոն Մանուկյանը Լոռու մարզ, Ալավերդի, Բաղրամյան փողոցում տ/մ-ը վարել է անվտանգության գոտիով չամրակապված վիճակում։ Նշված արձանագրության մեջ կատարվել է գրառում. «Վարորդը հրաժարվեց բացատրությունից, ստորագրելուց և որոշումը ստանալուց» (հատոր 1-ին, գթ 40)

2) Ոստիկանության կողմից 27.09.2021 թվականին կազմվել է թիվ ԱՖ 674974 որոշումը, որով Սիմոն Մանուկյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.3-րդ հոդվածի կիրառմամբ ենթարկվել է վարչական տուգանքի՝ 10.000 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գթ 40)

3) Ոստիկանության կողմից 12.12.2021 թվականին Ծառայությանն ուղղվել է «Դրամական պահանջի հարկադիր կատարման վերաբերյալ» թիվ 11117995 գրությունը, որի համաձայն՝ պարտավոր անձ Սիմոն Մանուկյանի անվամբ կայացված 27.09.2021 թվականի թիվ ԱՖ 674974 վարչական ակտն անբողոքարկելի է դարձել 11.11.2021 թվականին (հատոր 1-ին, գթ 39)

4) ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության պետական բյուջեի օգտին բռնագանձումների բաժնի ՃՈ օգտին բռնագանձումների բաժանմունքի ավագ հարկադիր կատարողի 14.12.2021 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին» որոշմամբ հարուցվել է թիվ 08422710 կատարողական վարույթը, որով որոշվել է Սիմոն Մանուկյանից հօգուտ պետ. բյուջեի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ, ինչպես նաև որպես կատարողական գործողությունների կատարման ծախս 5000 ՀՀ դրամ, 15.000 ՀՀ դրամի չափով արգելանք դնել Սիմոն Մանուկյանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա (հատոր 1-ին, գթ 10

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առնվազն մեկ այլ, մասնավորապես՝ թիվ ՎԴ/0775/05/22 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ։ Միևնույն ժամանակ սույն գործով վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 27-րդ հոդվածների խախտման հետևանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը

- արդյո՞ք ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջները խախտելու համար ձևաթղթի վրա կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, որի մեջ առկա է նույն ձևաթղթի վրա նույն օրը կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ գործով որոշումը հանձնողի նշումն առ այն, որ հասցեատերը հրաժարվել է որոշումը ստանալուց, կարող է հիմք հանդիսանալ այդ որոշումը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածի 2-րդ պարբերության 1-ին կետի իմաստով հասցեատիրոջը հանձնված համարելու և ըստ այդմ՝ դրամական պահանջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն ներկայացնելու համար։

 

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է հարկադիր կատարման ենթակա ակտերի շրջանակը: Նույն հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ հարկադիր կատարման ենթակա են անբողոքարկելի վարչական ակտերը` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը նույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է և կատարողական մակագրության թերթը, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումը (․․․):

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31.1-ին հոդվածի համաձայն՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջներին չհամապատասխանող (․․․) փաստաթղթերը հարկադիր կատարողը վերադարձնում է վարչական մարմին:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դրամական պահանջները ենթակա են կատարման անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դրամական պահանջները ներկայացվում են հարկադիր կատարման նույն օրենքին համապատասխան` վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց, իսկ վարչական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու դեպքում՝ հետաձգելու կամ տարաժամկետելու ժամկետի ավարտից հետո՝ եռամսյա ժամկետում:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դրամական պահանջները նույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հարկադիր կատարման ներկայացնելիս վարչական մարմինը ներկայացնում է դրամական պահանջները հավաստող համապատասխան վարչական ակտը, այդ ակտի մասին նույն օրենքով սահմանված կարգով իրազեկելը կամ այլ օրենքներով սահմանված կարգով հասցեատիրոջը հանձնելը կամ այլ կերպ պատշաճ ծանուցելը, ինչպես նաև ուժի մեջ մտնելը և անբողոքարկելի դառնալը հավաստող ապացույցները և կատարման վերաբերյալ գրություն (․․․):

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկով եզրահանգել է, որ վարչական ակտերի հարկադիր կատարման վարույթի մեկնարկի, այսինքն՝ վարչական ակտի հարկադիր կատարման իրավահարաբերության ծագման և ըստ այդմ՝ հարկադիր կատարման միջոցների կիրառման համար անհրաժեշտ է Օրենքի 88-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում և նույն հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված գրության ու դրան կից ապացույցների առկայությունը: Այսինքն՝ հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարումն ապահովելու նպատակով Ծառայությունն իրավասու է հարուցել կատարողական վարույթ, իսկ վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերությունը ծագում է հետևյալ փաստական հիմքերի համակցությամբ.

- վարչական ակտն ընդունած վարչական մարմնի կողմից Ծառայություն է ներկայացվել Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները բավարարող կատարման վերաբերյալ գրություն,

- վերը նշված գրությունը ներկայացվել է Ծառայություն՝ վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց, իսկ վարչական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու դեպքում՝ հետաձգելու կամ տարաժամկետելու ժամկետի ավարտից հետո՝ եռամսյա ժամկետում,

- վարչական ակտն ընդունած վարչական մարմնի կողմից Ծառայությանն ուղղված գրությանը կցվել է հարկադիր կատարման ենթակա վարչական ակտը,

- վարչական ակտն ընդունած վարչական մարմնի կողմից Ծառայությանն ուղղված գրությանը կցվել են այդ ակտի մասին Օրենքով սահմանված կարգով իրազեկելը կամ այլ օրենքներով սահմանված կարգով հասցեատիրոջը հանձնելը կամ այլ կերպ պատշաճ ծանուցելը, ինչպես նաև ուժի մեջ մտնելը և անբողոքարկելի դառնալը հավաստող ապացույցները:

Վերը նշված պահանջներից որևէ մեկի պահպանված չլինելու դեպքում հարկադիր կատարողը պետք է իրացնի «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31.1-ին հոդվածով սահմանված՝ Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջներին չհամապատասխանող փաստաթղթերը վերադարձնելու լիազորությունը: Այսինքն՝ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերությունը կարող է ծագել միայն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31.1-ին հոդվածով նշված վերադարձի հիմքերի բացակայության դեպքում։

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել անդրադառնալ հարկադիր կատարման ենթակա վարչական իրավախախտման վերաբերյալ որոշման մասին հասցեատիրոջը պատշաճ իրազեկելու և ըստ այդմ՝ ուժի մեջ մտնելու և անբողոքարկելի դարձած լինելու փաստերը հավաստող անհրաժեշտ ապացույցների շրջանակին: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական ակտի ուժի մեջ մտնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով։ Վերջինիս 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին` նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ: Օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարույթի մասնակիցներին վարչական ակտի ընդունման մասին իրազեկում է նույն հոդվածով նախատեսված հանձնման կամ հրապարակման եղանակով: Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի նորմը, որպես ընդհանուր կանոն, վարչական ակտի ուժի մեջ մտնելը պայմանավորելով տվյալ ակտի մասին վարույթի մասնակիցներին իրազեկելու հանգամանքով, միաժամանակ թույլատրում է օրենքով կամ տվյալ վարչական ակտով սահմանել վերջինիս ուժի մեջ մտնելու այլ կարգ (տե՛ս, Սուրեն Հայրապետյանն ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/5468/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.04.2024 թվականի որոշումը)։

Վարչական իրավախախտման վերաբերյալ որոշման մասին հասցեատիրոջն իրազեկելու հատուկ կանոններ են սահմանված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածով։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք)՝ իրավահարաբերությունների ծագման պահին գործող խմբագրությամբ 283-րդ հոդվածի համաձայն՝ որոշման պատճենը երեք աշխատանքային օրվա ընթացքում անձամբ հանձնվում է այն անձին, որի վերաբերյալ այն ընդունվել է, ինչպես նաև տուժողին` նրա խնդրանքով: Որոշումը համարվում է անձամբ հանձնված, եթե՝

1) այն ստորագրությամբ առձեռն հանձնվել է հասցեատիրոջը, կամ հասցեատերը հրաժարվել է որոշումն ստանալուց, և առկա է որոշումը հանձնողի նշումն այդ մասին (․․․

Վերոգրյալ իրավակարգավորումից հետևում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը օրենսդիրը համարել է անձամբ հանձնված, ի թիվս այլնի, նաև այն դեպքում, երբ հասցեատերը հրաժարվել է որոշումն ստանալուց, և առկա է որոշումը հանձնողի նշումն այդ մասին։

Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ որոշումն անձամբ հանձնված լինելու, այսինքն՝ վարչական ակտի մասին դրա հասցեատիրոջ իրազեկման փաստը հաստատող պատշաճ ապացույց է ինչպես հասցեատիրոջ ստորագրությամբ փաստաթուղթը, որով հավաստվում է տվյալ որոշումը հասցեատիրոջն անձամբ հանձնելու փաստը, այնպես էլ այն փաստաթուղթը, որի վրա առկա է հանձնողի նշումն առ այն, որ հասցեատերը հրաժարվել է որոշումն ստանալուց։

Վերոգրյալ իրավական վերլուծությունների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջները խախտելու համար կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, որի մեջ առկա է վարչական իրավախախտման վերաբերյալ գործով որոշումը հանձնողի նշումն առ այն, որ հասցեատերը հրաժարվել է որոշումը ստանալուց, կարող է հիմք հանդիսանալ այդ որոշումը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածի 2-րդ պարբերության 1-ին կետի իմաստով հասցեատիրոջը հանձնված լինելու փաստը հաստատված համարելու և ըստ այդմ՝ դրամական պահանջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն ներկայացնելու համար։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը բովանդակում է վարչական ակտերի անբողոքարկելի դառնալու պայմանների վերաբերյալ ընդհանուր դրույթներ։

ԱյսպեսՕրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` վարչական բողոքը կարող է բերվել` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում (…):

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետները բաց թողնելուց հետո ակտը դառնում է անբողոքարկելի:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական ակտն անբողոքարկելիության հատկանիշ ձեռք է բերում այն պահից, երբ վարչական ակտի հասցեատիրոջ համար սպառվում են վարչական և դատական ընթացակարգերով տվյալ վարչական ակտը բողոքարկելու կամ վիճարկելու համար օրենքով սահմանված ժամկետները: Հաշվի առնելով, որ այդ ժամկետների հոսքի համար ելակետ է հանդիսանում վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ընդհանուր կանոնի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումն անբողոքարկելի է դառնում այդ ակտի ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետի ավարտին հաջորդող օրը։

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածով սահմանված եղանակներից որևէ մեկով վարչական իրավախախտման վերաբերյալ որոշման իրազեկման փաստը հավաստող վերոհիշյալ ապացույցներից որևէ մեկի (կամ համակցության) առկայությունն անհրաժեշտ պայման է հարկադիր կատարման ենթակա որոշման ուժի մեջ մտած լինելու փաստը հաստատված համարելու համար։ Իսկ այդ որոշման անբողոքարկելի դարձած լինելու հանգամանքը հավաստվում է վարչական ակտի անբողոքարկելի դառնալու համար անհրաժեշտ՝ որոշման ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետի սպառված լինելու փաստի ուժով։ Սահմանված կարգով վարչական ակտի մասին կողմին չիրազեկելու, հետևապես այդ ակտի ուժի մեջ չմտնելու և անբողոքարկելի չդառնալու պարագայում հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերություն չի կարող ծագել։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ կատարողական վարույթ հարուցելու փուլում հարկադիր կատարողի գործողությունների շրջանակը սահմանափակվում է այն փաստաթղթերի, ապացույցների ստուգմամբ, որոնք վարչական ակտը կայացրած վարչական մարմինը պարտավոր է ներկայացնել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածին համապատասխան։ Լրացուցիչ փաստաթղթեր, ապացույցներ ձեռք բերելու լիազորությամբ հարկադիր կատարողն օժտված չէ։

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին որոշման՝ դատական կարգով բողոքարկման իրավական կառուցակարգին արձանագրել է, որ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշման բողոքարկման վերաբերյալ հայցապահանջներն ընդդատյա են վարչական դատարանին և անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման համար կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումների՝ դատական կարգով անմիջական բողոքարկման հնարավորություն տվող միակ դատավարական կառուցակարգը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայցն է: Նշված հայցատեսակի միջոցով հայցվորը կարող է պահանջել ճանաչել անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը՝ դրանով իսկ, ըստ էության, դատական քննության առարկա դարձնելով վիճելի կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը (տե՛ս, Հայկ Ալումյանն ընդդեմ Ծառայության թիվ ՎԴ/3540/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.05.2016 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այս հայցատեսակով հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի քննության շրջանակներում դատարանի խնդիրն է պարզել արդյո՞ք կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը կայացվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31.1-ին հոդվածով սահմանված՝ Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջներին չհամապատասխանող փաստաթղթերը վերադարձնելու լիազորությունն իրացնելու հիմքերի բացակայության պայմաններում, այլ կերպ՝ արդյո՞ք կատարողական վարույթ հարուցելու որոշումը կայացնելիս հարկադիր կատարողն իր տրամադրության տակ ունեցել է հարկադիր կատարման ենթակա վարչական ակտը, բավարար ապացույցներ վարչական ակտի ուժի մեջ մտած լինելու և անբողոքարկելի դարձած լինելու վերաբերյալ, ինչպես նաև սահմանված ժամկետում ներկայացված և պահանջներին համապատասխանող՝ վարչական ակտը կայացրած վարչական մարմնի կատարման վերաբերյալ գրությունը։

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ որոշմամբ նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերությունը բացակայում է, եթե առկա է հետևյալ իրավիճակներից որևէ մեկը

- Ծառայությանը չի ներկայացվել հարկադիր կատարման ենթակա որոշումը,

- Ծառայությանը չեն ներկայացվել որոշման մասին իրազեկելու և ըստ այդմ՝ ուժի մեջ մտած լինելու փաստի վերաբերյալ ապացույց (ապացույցներ),

- որոշման մասին իրազեկման փաստի վերաբերյալ ներկայացված ապացույցներն ամբողջական կամ բավարար չեն վարչական ակտի ուժի մեջ մտած լինելու հանգամանքը հաստատված համարելու համար

- ուժի մեջ մտած որոշումը դեռևս անբողոքարկելի չի դարձել, այն է՝ չի ավարտվել տվյալ որոշումը վարչական և դատական կարգով բողոքարկելու ժամկետը,

- դրամական պահանջները ներկայացվել են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված եռամսյա ժամկետի խախտմամբ,

- Ծառայությանը ներկայացված կատարման վերաբերյալ գրությունը չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին։

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու հայցապահանջի վարչադատավարական կարգով քննությունը պետք է նպատակաուղղված լինի կատարողական վարույթի հարուցման փուլում հարկադիր կատարողին օրենսդրությամբ վերապահված լիազորությունների իրացման իրավաչափությունը ստուգելուն այն է՝ առկա են եղել հարկադիր կատարողի կողմից «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31.1-ին հոդվածով սահմանված՝ Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջներին չհամապատասխանող փաստաթղթերը վերադարձնելու, թե՞ կատարողական վարույթ հարուցելու լիազորության իրացման անհրաժեշտ հիմքեր (տե՛ս, Սուրեն Հայրապետյանն ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/5468/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.04.2024 թվականի որոշումը):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, ինչպես նաև այն իրավական ակտերը, որոնք պետք է կիրառվեին տվյալ գործով, սակայն օրենքին հակասելու պատճառով կիրառման ենթակա չեն, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ և 124-րդ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: (...) Ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը՝ որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին (տե´ս, Ջաջուռի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և մյուսների թիվ ՎԴ5/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ հավելել է նաև, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը դատարանը պարզում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների, այդ թվում` գրավոր ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով, և անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները՝ դատարանը որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ (տե´ս, Խաչատուր Լազյանը և Արթուր Լազյանն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի թիվ ՎԴ/3786/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.09.2023 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը պարզելու համար դատարանը պետք է գրավոր ապացույցների հետազոտումն ու գնահատումն իրականացնի ոչ միայն առանձին-առանձին՝ դրանցից յուրաքանչյուրը դիտարկելով իբրև ինքնուրույն ապացույց, այլև այդ ապացույցներից յուրաքանչյուրի հետազոտման ու գնահատման արդյունքում ձևավորված ներքին համոզմունքն ամբողջացնի գործում եղած բոլոր ապացույցների հետ համադրված վերլուծություն կատարելու և գնահատելու միջոցով (տե´ս, Արևիկ Ֆրանգուլյանն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/4532/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.03.2024 թվականի որոշումը):

Ամփոփելով վերոգրալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջները խախտելու համար ձևաթղթի վրա կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, որի մեջ առկա է նույն ձևաթղթի վրա կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ գործով որոշումը հանձնողի նշումն առ այն, որ հասցեատերը հրաժարվել է որոշումը ստանալուց, այդ որոշումն ուժի մեջ մտած լինելու վերաբերյալ բավարար ապացույց է հանդիսանում, ուստի, անբողոքարկելի դարձած լինելու պարագայում, կարող է հիմք հանդիսանալ նաև դրամական պահանջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն ներկայացնելու համար։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դիմելով դատարան` Սիմոն Մանուկյանը պահանջել է ճանաչել Ծառայության 14.12.2021 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին» որոշման՝ կատարողական վարույթ հարուցելու մասով, հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը:

Դատարանը 30062022 թվականի վճռով հայցը բավարարել է՝ գտնելով, որ «(․․․ որոշումը համարվում է անձամբ հանձնված նաև այն դեպքում, երբ հասցեատերը հրաժարվել է որոշումը ստանալուց և առկա է որոշումը հանձնողի նշումն այդ մասին: Դատարանի գնահատմամբ որոշումը ստանալուց հրաժարվելու մասին նշումը որոշումը հանձնողի կողմից պետք է կատարվի որոշման մեջ, որպիսի պարագայում միայն որոշումը կհամարվի անձամբ հանձնված:
Ինչ վերաբերում է արձանագրության «Վարչական իրավախախտում կատարած անձի բացատրությունը, դիտողությունը, ստորագրությունը» հատվածում կատարված գրառմանը. «Վարորդը հրաժարվեց բացատրությունից, ստորագրելուց և որոշումը ստանալուց», դատարանը փաստում է, որ նշյալ հատվածում առկա գրառումը վերաբերում է Վարչական իրավախախտում կատարած անձի բացատրությանը, դիտողությանը, ստորագրությանը, և դրանում կատարված գրառումը չի կարող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածի իմաստով չի կարող հիմք հանդիսանալ որոշումն անձամբ հանձնված լինելու մասին:

(․․․) Տվյալ դեպքում պատասխանող վարչական մարմնի կողմից դատարան ներկայացված նյութերից պարզ է դառնում, որ ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության պետական բյուջեի օգտին բռնագանձումների բաժնի ՃՈ օգտին բռնագանձումների բաժանմունքի ավագ հարկադիր կատարողի կողմից 14.12.2021թ. «Կատարողական վարույթ հարուցելու, գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու և արգելանք դնելու մասին» որոշումը կայացվել է Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ստացված 26.07.2021թ. թիվ 11117995 գրության հիման վրա։ Իսկ գրությանը կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դրանք չեն համապատասխանում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքներով սահմանված պահանջներին, հետևաբար հարկադիր կատարողը պարտավոր էր ներկայացված փաստաթղթերը վերադարձնել համապատասխան վարչական մարմին: (․․․) Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից 27.09.2021թ. կայացված թիվ ԱՖ 674974 որոշումը չէր կարող գնահատվել որպես ուժի մեջ մտած, հետևաբար անբողոքարկելի դարձած վարչական ակտ, ուստի դատարանը եզրակացնում է, որ հայցվորի և սույն գործով պատասխանողի միջև չէր կարող առաջանալ հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերություն:

Ավելին, դատարանն արձանագրում է, որ թեև հարկադիր կատարման գրությամբ նշված է եղել վարչական ակտն անբողոքարկելի դառնալու տարին, ամիսը և ամսաթիվը, այնուամենայնիվ, եթե նույնիսկ որպես որոշումն ուժի մեջ մտնելու հիմք ընդունվի արձանագրության մեջ առկա հանձնողի գրառումը այն ստանալուց հրաժարվելու մասին, ապա դատարանը փաստում է, որ գրությամբ նշված օրը՝ 11.11.2021թ. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածով նախատեսված ժամկետը դեռևս լրացած չէր, հետևաբար վարչական ակտը անբողոքարկելի դեռևս չէր դարձել»:

Վերաքննիչ դատարանը 26102023 թվականի որոշմամբ Ծառայության և Ոստիկանության վերաքննիչ բողոքները մերժել է, և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ հետևյալ պատճառաբանությամբ«(․․․) Քննարկվող դեպքում, փաստորեն, Ծառայությունը, ինչպես նաև երրորդ անձը գտել են, որ կատարման ներկայացված վարչական ակտը համարվում է հասցեատիրոջն անձամբ հանձնված՝ հաշվի առնելով այդ վարչական ակտի ընդունմանը նախորդող գործընթացում կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունում կատարված գրառումն առ այն, որ հասցեատերը հրաժարվել է բացատրություններ տալուց, ստորագրելուց և որոշումը ստանալուց։ Ըստ այդմ, Ծառայությունը հարուցել է դրամական պահանջի հարկադիր կատարման վարույթ՝ գտնելով, որ կատարման ներկայացված վարչական ակտի մասին հասցեատիրոջ իրազեկումն իրականացվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, հետևապես համապատասխան ժամկետն անցնելուց հետո ակտը դարձել է անբողոքարկելի։

(․․․) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ կատարման ներկայացված վարչական ակտի մասին հասցեատիրոջ իրազեկումը չի կատարվել ՀՀ օրենսդրությամբ, մասնավոր դեպքում, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 283-րդ հոդվածով սահմանված կարգով, քանի որ նշված իրավադրույթով ամրագրված կանոնակարգումից ամենևին չի հետևում, որ վարչական վարույթով գործի քննության արդյունքում ընդունված վարչական ակտը, որի ընդունմամբ, փաստորեն, եզրափակվում է վարչական վարույթը, կարող է համարվել անձամբ հասցեատիրոջը հանձնված, եթե այդ վարչական ակտն առձեռն ստանալուց հասցեատիրոջ հրաժարվելու մասին ակտը հանձնողի գրառումը կատարվել է վարչական վարույթի նյութ համարվող վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունում՝ հաշվի առնելով, որ որոշումը հասցեատիրոջն առձեռն հանձնելու գործողությունն իրականացվում է վարչական վարույթն ակտի ընդունմամբ ավարտվելուց հետո։

Միաժամանակ Վերաքննիչ դատարանը նկատում է, որ (․․․) վարչական ակտն անբողոքարկելի է դառնում ակտի ուժի մեջ մտնելուց հետո երկու ամիս անց, եթե այն վարչական կամ դատական կարգով չի բողոքարկվում։

Ըստ այդմ, Վերաքննիչ դատարանը հիմնավոր չի որակում Ծառայության դիրքորոշումն առ այն, որ քննարկվող իրադրությունում հարկադիր կատարման ներկայացված վարչական ակտի անբողոքարկելի դառնալու ժամանակային տիրույթը եզրագծվում է դրա ուժի մեջ մտնելու օրվանից հաշվված մեկամսյա ժամկետով։

(․․․) քննարկվող դեպքում հանրային իրավական դրամական պահանջ պարունակող վարչական ակտն ընդունած վարչական մարմնի կողմից հարկադիր կատարողին ուղարկված դիմումը (գրությունը) և դրան կցված փաստաթղթերը չեն համապատասխանել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքներով սահմանված պահանջներին, հետևապես հարկադիր կատարողը պարտավոր էր ներկայացված փաստաթղթերը վերադարձնել, որպիսի պայմաններում, (․․․) հարուցելով հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման վարույթ՝ Ծառայությունը դրսևորել է ոչ իրավաչափ վարքագիծ»։

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով սույն գործի փաստերը և Վերաքննիչ դատարանի դիրքորոշումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը

Սույն գործի փաստերի համաձայն՝ Ոստիկանության տեսուչի կողմից 27.09.2021 թվականին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության համաձայն՝ Սիմոն Մանուկյանը Լոռու մարզ, Ալավերդի, Բաղրամյան փողոցում տ/մ-ը վարել է անվտանգության գոտիով չամրակապված վիճակում։ Նշված արձանագրության մեջ կատարվել է գրառում. «Վարորդը հրաժարվեց բացատրությունից, ստորագրելուց և որոշումը ստանալուց»։

Ոստիկանության կողմից 27.09.2021 թվականին կազմվել է թիվ ԱՖ 674974 որոշումը, որով Սիմոն Մանուկյանը Օրենսգրքի 123.3-րդ հոդվածի կիրառմամբ ենթարկվել է վարչական տուգանքի՝ 10.000 ՀՀ դրամի չափով։

Ոստիկանության կողմից 12.12.2021 թվականին Ծառայությանն ուղղվել է «Դրամական պահանջի հարկադիր կատարման վերաբերյալ» թիվ 11117995 գրությունը, որի համաձայն՝ պարտավոր անձ Սիմոն Մանուկյանի անվամբ կայացված 27.09.2021 թվականի թիվ ԱՖ 674974 վարչական ակտն անբողոքարկելի է դարձել 11.11.2021 թվականին։

ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության պետական բյուջեի օգտին բռնագանձումների բաժնի ՃՈ օգտին բռնագանձումների բաժանմունքի ավագ հարկադիր կատարողի 14.12.2021 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին» որոշմամբ հարուցվել է թիվ 08422710 կատարողական վարույթը, որով որոշվել է Սիմոն Մանուկյանից հօգուտ պետ. բյուջեի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ, ինչպես նաև որպես կատարողական գործողությունների կատարման ծախս 5000 ՀՀ դրամ, 15.000 ՀՀ դրամի չափով արգելանք դնել Սիմոն Մանուկյանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա։

Տվյալ դեպքում Ոստիկանության 27.09.2021 թվականի թիվ ԱՖ 674974 որոշումը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածի 2-րդ պարբերության 1-ին կետի իմաստով հասցեատիրոջն անձամբ հանձնված լինելու փաստը ստորադաս դատարանները հաստատված չեն համարել՝ պատճառաբանելով, որ վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը ստանալուց հրաժարվելու մասին նշումը կատարվել է ոչ թե որոշման, այլ՝ արձանագրության մեջ։

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջները խախտելու համար ձևաթղթի վրա կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, որի մեջ առկա է նույն ձևաթղթի վրա կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ գործով որոշումը հանձնողի նշումն առ այն, որ հասցեատերը հրաժարվել է որոշումը ստանալուց, հանդիսանում է այդ որոշումն ուժի մեջ մտած լինելու վերաբերյալ բավարար ապացույց, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ոստիկանության կողմից 12.12.2021 թվականին Ծառայությանն ուղղված «Դրամական պահանջի հարկադիր կատարման վերաբերյալ» թիվ 11117995 գրությանը կից ներկայացվել է հարկադիր կատարման ենթակա վարչական իրավախախտման վերաբերյալ որոշման մասին հասցեատիրոջը պատշաճ իրազեկելու և ըստ այդմ՝ ուժի մեջ մտած լինելու փաստը հավաստող անհրաժեշտ ապացույց, ինչով փաստվել է նաև այդ որոշման անբողոքարկելի դարձած լինելը։

Այսպես27.09.2021 թվականին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ կատարված «Վարորդը հրաժարվեց բացատրությունից, ստորագրելուց և որոշումը ստանալուց» գրառումը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ բավարար ապացույց է հանդիսացել Ոստիկանության 27.09.2021 թվականի թիվ ԱՖ 674974 որոշումը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածի 2-րդ պարբերության 1-ին կետի իրավակարգավորումների իմաստով 28.09.2021 թվականից ուժի մեջ մտած լինելը փաստելու համար, հետևաբար Ոստիկանության 27.09.2021 թվականի թիվ ԱՖ 674974 որոշումը կարող էր դիտարկվել որպես անբողոքարկելի վարչական ակտ և հիմք հանդիսանալ դրամական պահանջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով Ծառայություն ներկայացնելու համար միայն այն պարագայում, եթե լրացած լիներ նույն օրենքի 71-րդ հոդվածով նախատեսված ժամկետը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ոստիկանության 27.09.2021 թվականի թիվ ԱՖ 674974 որոշումը 28.09.2021 թվականից ուժի մեջ մտած լինելու պարագայում այն անբողոքարկելի էր դառնալու 28112021 թվականին, հետևաբար այդ ակտով առաջադրված դրամական պահանջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով Ծառայություն կարող էր ներկայացվել այդ ժամկետից հետո միայն։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում «Դրամական պահանջի հարկադիր կատարման վերաբերյալ» թիվ 11117995 գրությունը Ոստիկանության կողմից Ծառայությանն է հասցեագրվել 12.12.2021 թվականին, այսինքն՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածով նախատեսված ժամկետը լրանալուց հետո։ Նման պայմաններում թիվ 11117995 գրության մեջ 11.11.2021 թվականը որպես թիվ ԱՖ 674974 վարչական ակտն անբողոքարկելի դառնալու օր Ոստիկանության կողմից կատարված գրառումը որևէ էական նշանակություն չի կարող ունենալ, քանի որ վարչական ակտի անբողոքարկելի լինելը պայմանավորված է ոչ թե վարչական մարմնի կողմից Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հասցեագրված դիմումում նշված ամսաթվով, այլ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածով նախատեսված ժամկետը լրանալու հանգամանքով։ Մինչդեռ Դատարանը կարևորել է թիվ 11117995 գրության մեջ 11.11.2021 թվականը որպես թիվ ԱՖ 674974 վարչական ակտն անբողոքարկելի դառնալու օր Ոստիկանության կողմից կատարված գրառումը, ինչն անտեսվել է նաև Վերաքննիչ դատարանի կողմից։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ոստիկանության կողմից 12.12.2021 թվականին Ծառայությանը հասցեագրված «Դրամական պահանջի հարկադիր կատարման վերաբերյալ» թիվ 11117995 գրությանը կից ներկայացված ապացույցները բավարար են եղել հարկադիր կատարման ենթակա վարչական իրավախախտման վերաբերյալ որոշման մասին հասցեատիրոջը պատշաճ իրազեկելու, ըստ այդմ՝ ուժի մեջ մտած լինելու և անբողոքարկելի դարձած լինելու փաստերը հաստատված համարելու համար, ուստի կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը կայացվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31.1-ին հոդվածով սահմանված՝ Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջներին չհամապատասխանող փաստաթղթերը վերադարձնելու լիազորությունն իրացնելու հիմքերի բացակայության պայմաններում։ Այլ կերպ՝ կատարողական վարույթ հարուցելու որոշումը կայացնելիս հարկադիր կատարողն իր տրամադրության տակ ունեցել է հարկադիր կատարման ենթակա վարչական ակտը, բավարար ապացույցներ վարչական ակտի ուժի մեջ մտած լինելու և անբողոքարկելի դարձած լինելու վերաբերյալ, ինչպես նաև սահմանված ժամկետում ներկայացված և պահանջներին համապատասխանող՝ վարչական ակտը կայացրած վարչական մարմնի կատարման վերաբերյալ գրությունը։

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ծառայության 14122021 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին» որոշման՝ կատարողական վարույթ հարուցելու մասով, հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու իրավական հիմքեր առկա չեն, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից։

Միևնույն ժամանակ համեմատական վերլուծության ենթարկելով սույն գործով Վերաքննիչ դատարանի որոշմամբ և բողոք բերող անձ Ծառայության կողմից վկայակոչված թիվ ՎԴ/0775/05/22 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածի 2-րդ պարբերության 1-ին կետի առնչությամբ արված մեկնաբանությունները՝ Վճռաբեկ դատարանը, իրացնելով ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածում ամրագրված օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու իր առաքելությունը, հարկ է համարում արձանագրել, որ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջները խախտելու համար ձևաթղթի վրա կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, որի մեջ առկա է նույն ձևաթղթի վրա նույն օրը կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ գործով որոշումը հանձնողի նշումն առ այն, որ հասցեատերը հրաժարվել է որոշումը ստանալուց, պետք է հիմք հանդիսանա այդ որոշումը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածի 2-րդ պարբերության 1-ին կետի իմաստով հասցեատիրոջը հանձնված համարելու և ըստ այդմ դրամական պահանջը Օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն ներկայացնելու համար։

 

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքների հիմքերի առկայությունը բավարար է` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցադիմումի համար հայցվորը վճարել է 10.000 ՀՀ դրամ պետական տուրք, ինչպես նաև կատարել է փաստաբանի վճարի և փոստային վճարների գծով դատական ծախսեր:

Ոստիկանությունը և Ծառայությունը վերաքննիչ բողոքների համար վճարել են 20.000-ական ՀՀ դրամ պետական տուրք, իսկ վճռաբեկ բողոքի համար Ոստիկանությունը վճարել է 30000 ՀՀ դրամ, Ծառայությունը՝ 40000 ՀՀ դրամ։ Այսինքն՝ Ծառայության կողմից վճռաբեկ բողոք ներկայացնելու համար ավել է վճարվել 10000 ՀՀ դրամ։

Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով, որ Ոստիկանության և Ծառայության վճռաբեկ բողոքները ենթակա են բավարարման, որի արդյունքում հայցը ենթակա է մերժման, գտնում է, որ սույն գործով դատական ծախսերի բաշխման հարցը պետք է լուծվի հետևյալ կերպ.

- հայցադիմումի համար սահմանված և հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի, ինչպես նաև այլ դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված,

- վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար Ոստիկանության և Ծառայության կողմից նախապես վճարված պետական տուրքերի գումարները՝ բացառությամբ Ծառայության կողմից ավել վճարված 10000 ՀՀ դրամի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով, ենթակա են հատուցման հայցվորի կողմից,

- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի «ա» կետի հիմքով՝ Ծառայության կողմից ավել վճարված 10000 ՀՀ դրամ պետական տուրքը ենթակա է վերադարձման Ծառայությանը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26.10.2023 թվականի որոշումը և փոփոխել այն` Սիմոն Մանուկյանի հայցն ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձ՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն՝ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության 14.12.2021 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին» որոշման՝ կատարողական վարույթ հարուցելու մասով, հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու մասով, մերժել։

2. Հայցադիմումի համար վճարված պետական տուրքի և այլ դատական ծախսերի հարցը համարել լուծված։

Սիմոն Մանուկյանից հօգուտ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության բռնագանձել 50000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի գումար։

Սիմոն Մանուկյանից հօգուտ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության բռնագանձել 50000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի գումար։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Հ. Բեդևյան

Զեկուցող

ռ. Հակոբյան

ա. Թովմասյան

լ. Հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հուլիսի 2024 թվական: