Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.04.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.08.19-2024.09.01 Պաշտոնական հրապարակման օրը 19.08.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
26.04.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
26.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Նախագահող դատավոր` Ա. Ազարյան

Դատավորներ` Ռ. Բարսեղյան

       Լ. Աբգարյան

ԼԴ/0139/01/20

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Լ. Թադևոսյանի

Դ. Խաչատուրյանի

 

Ա. Պողոսյանի

 

Ս. Օհանյանի

 

26 ապրիլի 2024 թվական

ք. Երևան

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի մարտի 3-ի որոշման դեմ ամբաստանյալ Վիտալի Վրեժի Ամիրխանյանի պաշտպան Տ.Մկոյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում 2020 թվականի օգոստոսի 27-ին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 273-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 71167620 քրեական գործը և նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:

Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի սեպտեմբերի 22-ի որոշմամբ Վիտալի Վրեժի Ամիրխանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի սեպտեմբերի 29-ի որոշմամբ Վ.Ամիրխանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և 2020 թվականի հոկտեմբերի 1-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 273-րդ հոդվածի 1-ին մասով։

2020 թվականի նոյեմբերի 27-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հոկտեմբերի 22-ի դատավճռով ամբաստանյալ Վ.Ամիրխանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ու 273-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ ազատազրկում՝ 4 (չորս) ամիս ժամկետով, 273-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկում՝ 3 (երեք) ամիս ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններով՝ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, ՎԱմիրխանյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 6 (վեց) ամիս ժամկետով:

3. Ամբաստանյալ ՎԱմիրխանյանի պաշտպան Տ.Մկոյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2022 թվականի մարտի 3-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հոկտեմբերի 22-ի դատավճիռը` թողել անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Տ.Մկոյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի նոյեմբերի 14-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1: Վճռաբեկ դատարանը 2024 թվականի ապրիլի 17-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանը, դատավճիռ կայացնելիս, հիմնվել է իրեղեն ապացույց ճանաչված առարկաների վրա, որոնք դատաքննության ժամանակ չեն հետազոտվել, ինչի արդյունքում թույլ է տրվել քրեադատավարական օրենքի խախտում:

5.1. Բողոք բերած անձը վիճարկել է նաև այլ ապացույցների թույլատրելիությունը, արժանահավատությունը, դրանք դատական ակտերի հիմքում դնելու իրավաչափությունը։

Բողոք բերած անձը գտել է նաև, որ Վ.Ամիրխանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, իսկ նրա նկատմամբ նշանակված պատիժը պետք է պայմանականորեն չկիրառվեր։

6. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է Վերաքննիչ դատարանի` 2022 թվականի մարտի 3-ի որոշումը բեկանել, ճանաչել և հռչակել Վ.Ամիրխանյանի անմեղությունը, կամ ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով որոշակի ժամկետով փորձաշրջան։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Վիտալի Ամիրխանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 273-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(...) նա առանց իրացնելու նպատակի՝ անձնական օգտագործման համար, «Կանեփ» տեսակի բույսի տերևներից չորացման եղանակով թմրամիջոց պատրաստելու նպատակով, խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները, այն է՝ չունենալով բժշկական նպատակներով կամ բժշկի նշանակմամբ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառություն իրականացնելու իրավունք՝ 2020 թվականի գարնանը հարևանուհու՝ Վազգուհի Բենիամինի Կիրակոսյանի՝ Վանաձոր քաղաքի Մաշտոցի փողոցի 57-րդ հասցեում գտնվող տնամերձ հողամասում ցանել և մինչև նույն թվականի հուլիսի 28-ն ընկած ժամանակահատվածում աճեցրել է շրջանառությունն արգելված՝ տետրահիդրոկաննաբինոլ տեսակի թմրալկալոիդներ և ալկալոիդներ պարունակող, խոշոր չափերով՝ թվով 30 թուփ «Կանեփ» տեսակի բույս:

(…)

Բացի այդ, Վիտալի Ամիրխանյանը, անձնական օգտագործման համար թմրամիջոց ապօրինի պատրաստելու դիտավորությամբ, 2020 թվականի գարնանից մինչև նույն թվականի հուլիսի 28-ն ընկած ժամանակահատվածում, Վանաձոր քաղաքի Մաշտոցի փողոցի 57-րդ հասցեում՝ կանեփ տեսակի բույսի գագաթային մասերից քաղելու եղանակով, խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները, այն է՝ չունենալով բժշկական նպատակներով կամ բժշկի նշանակմամբ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառություն իրականացնելու՝ թմրամիջոց ձեռք բերելու և պահելու թույլտվություն՝ առանց իրացնելու նպատակի ապօրինի պատրաստել է խոշոր չափերով՝ 58.03 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, ապա այն լցրել ստվարաթղթե արկղի մեջ և ապօրինի պահել Վանաձոր քաղաքի Մաշտոցի 57 հասցեի խորդանոցում առկա երկաթյա պահարանի վրա, ինչը 2020 թվականի հուլիսի 28-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի աշխատակիցների կողմից կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել է (…)»2:

8. Առաջին ատյանի դատարանի` 2021 թվականի հոկտեմբերի 22-ի դատավճռի համաձայն` «(...) Դատարանը վերոգրյալը հիմնավորված է համարում ներքոհիշյալ ապացույցներով.

(…)

Իրեղեն ապացույց ճանաչված և քրեական գործի հետ պահվող թվով 30 կանեփ տեսակի խոտաբույսերով, հողակտորով, թվով 2 մկրատներով և 1 հատ փոցխով, ինչպես նաև 58.03 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցով (…)»3:

9. Վերաքննիչ դատարանի` 2022 թվականի մարտի 3-ի որոշման համաձայն` «(…) Ինչ վերաբերում է պաշտպանի այն պնդմանը, որ Առաջին ատյանի դատարանը դատաքննության ընթացքում իրեղեն ապացույցների զննություն չի իրականացրել, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վիճարկվող դատական ակտից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը դատաքննության ընթացքում ուսումնասիրել է իրեղեն ապացույցներ ճանաչելու մասին որոշումը, ինչը սույն դեպքում բավարար է դրանք մեղադրանքի հիմքում դնելու համար (…)»4:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավասու էր արդյո՞ք Առաջին ատյանի դատարանը Վ.Ամիրխանյանի վերաբերյալ դատավճիռ կայացնելիս հիմնվել իրեղեն ապացույցների վրա՝ այն պայմաններում, երբ դրանք դատաքննության ժամանակ չեն հետազոտվել։

11. ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

(…)

3. Հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված կամ արդար դատաքննության իրավունքը խաթարող ապացույցի օգտագործումն արգելվում է»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք (…) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 348-րդ հոդվածի համաձայն՝ «1. Դատարանում գտնվող իրեղեն ապացույցները և դատական նիստում կողմերի ներկայացրած և իրեղեն ապացույցներ ճանաչված առարկաները զննում են մեղադրանքի կողմը, պաշտպանության կողմը և դատարանը: Եթե իրեղեն ապացույց ճանաչված առարկան ներկայացրել է կողմը` նա առաջինն է մասնակցում դրա զննությանը: Զննության ժամանակ իրեղեն ապացույցները նախագահողը կարող է ներկայացնել վկաներին, փորձագետին, մասնագետին: Այդ անձինք պարտավոր են դատարանի ուշադրությունը հրավիրել իրեղեն ապացույցի զննման ժամանակ հայտնաբերված և գործի համար նշանակություն ունեցող բոլոր հանգամանքների վրա:

2. Այն իրեղեն ապացույցների զննումը, որոնք չեն կարող բերվել դատարան, կատարվում է սույն հոդվածի առաջին մասի կանոնների պահպանմամբ»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ «Երբ ապացույցները հետազոտված են, նախագահողը`

1) կողմերին բացատրում է, որ նրանք դատական վիճաբանությունների փուլում, իսկ դատարանը` դատավճիռ կայացնելիս, իրավունք ունեն հիմնվել միայն այն ապացույցների վրա, որոնք հետազոտվել են դատաքննության ժամանակ»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Դատարանի դատավճիռը հիմնավորված է, եթե`

դրա հետևությունները հիմնված են միայն դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Մեղադրական դատավճիռը չի կարող հիմնված լինել ենթադրությունների վրա և կայացվում է միայն այն դեպքում, երբ հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունն ապացուցված է դատական քննության ընթացքում: Հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունը կարող է համարվել ապացուցված, եթե դատարանը, ղեկավարվելով անմեղության կանխավարկածով, հիմնվելով պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատական քննության ընթացքում գործի հանգամանքների հետազոտման արդյունքների վրա, դատաքննության ժամանակ հետազոտված հավաստի ապացույցների հիման վրա, ամբաստանյալի մեղավորության մասին չփարատվող բոլոր կասկածները նրա օգտին մեկնաբանելով, սույն օրենսգրքի 360 հոդվածի առաջին մասի 1-4-րդ կետերում նշված հարցերին տալիս է հաստատող պատասխաններ»:

11.1. Վճռաբեկ դատարանը Հարություն Հակոբյանի գործով արտահայտել է իրավական դիրքորոշումներ այն մասին, որ. «(…) «հավաuարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ (…) իր գործի (…) քննության իրավունքը» և Կոնվենցիայի իմաստով «արդարացի (…) դատաքննության իրավունքը», inter alia, ենթադրում է, որ դատավարության յուրաքանչյուր մասնակից պետք է հնարավորություն ունենա ծանոթանալ դատավարական հակառակորդի ներկայացրած ցանկացած ապացույցի և, դատարանի դիրքորոշման վրա ազդելու ակնկալիքով, իր վերաբերմունքը հայտնել դրա առնչությամբ։ Վճռաբեկ դատարանի այս իրավական դիրքորոշումը բխում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատասխան նախադեպային իրավունքից (տե՛ս Լոբո Մաչադոն ընդդեմ Պորտուգալիայի (Lobo Machado v. Portugal) գործով Պալատի 1996թ. փետրվարի 20-ի վճիռը, գանգատ թիվ 15764/89, կետ 31, Կ.Ս.-ն ընդդեմ Ֆինլանդիայի (K.S. v. Finland) գործով Մեծ Պալատի 2001թ. մայիսի 31-ի վճիռը, գանգատ թիվ 29346/95, կետ 21, Վալստոնն ընդդեմ Նորվեգիայի (Walston (no. 1) v. Norway) գործով Պալատի 2003թ. հունիսի 3-ի վճիռը, գանգատ թիվ 37372/97, կետ 56)։

ՀՀ Սահմանադրության իմաստով «իր գործի հրապարակային քննության իրավունքը» և Կոնվենցիայի իմաստով «հրապարակային դատաքննության իրավունքը», inter alia, ենթադրում է, որ, որպես կանոն, ապացույցների հետազոտումը պետք է իրականացվի հրապարակային դատաքննության պայմաններում։ Դա ապահովում է արդարադատության իրականացման նկատմամբ հասարակության վերահսկողությունը, ինչը կարևոր հանրային արժեք է։ Վճռաբեկ դատարանի այս իրավական դիրքորոշումը բխում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատասխան նախադեպային իրավունքից (տե՛ս Աքսենն ընդդեմ Գերմանիայի (Axen v. Germany) գործով Պալատի 1983թ. դեկտեմբերի 8-ի վճիռը, գանգատ թիվ 8273/78, կետ 25, Դիենեն ընդդեմ Ֆրանսիայի (Diennet v. France) գործով Պալատի 1995թ. սեպտեմբերի 26-ի վճիռը, գանգատ թիվ 18160/91, կետ 33, Հումատովն ընդդեմ Ադրբեջանի (Hummatov v. Azerbaijan) գործով Պալատի 2007թ. նոյեմբերի 29-ի վճիռը, գանգատներ թիվ 9852/03 և 13413/04, կետ 140) (...)»5:

Վճռաբեկ դատարանը Համայակ Սահակյանի գործով արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները. «(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով` «Հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունը» «ապացուցված» համարվելու համար inter alia անհրաժեշտ է, որ դատարանը բացառապես «[հիմնվի] պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատական քննության ընթացքում գործի հանգամանքների հետազոտման արդյունքների վրա» և «դատաքննության ժամանակ հետազոտված հավաստի ապացույցների» վրա:

(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հիման վրա` (ա) մեղադրյալին և նրա պաշտպանին օրենքի ուժով տրվում է քրեական գործի նյութերին, այդ թվում` ապացույցներին ծանոթանալու հնարավորություն, (բ) դատավճռի հիմքում չեն կարող դրվել այնպիսի ապացույցներ, որոնք չեն հետազոտվել դատաքննության ընթացքում, (գ) մեղադրական դատավճռի հիմքում չեն կարող դրվել այնպիսի ապացույցներ, որոնց հետազոտումը չի կատարվել պատշաճ իրավական ընթացակարգով:

(…) Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առանց պաշտպանության կողմին ծանոթանալու հնարավորություն տալու, առանց դատաքննության ընթացքում հետազոտվելու` որևէ ապացույց չի կարող դրվել մեղադրական դատավճռի հիմքում (…)»6:

12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- Վիտալի Ամիրխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 273-րդ հոդվածի 1-ին մասով7։

- Առաջին ատյանի դատարանը առաջադրված մեղադրանքը հիմնավորված է համարել, ի թիվս այլնի՝ իրեղեն ապացույց ճանաչված թվով 30 «կանեփ» տեսակի խոտաբույսերով, հողակտորով, թվով 2 մկրատներով և 1 հատ փոցխով, ինչպես նաև 58.03 գրամ հաստատուն քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցով8։

- Վերաքննիչ դատարանը, անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը։ Անդրադառնալով պաշտպանի այն պնդմանը, որ Առաջին ատյանի դատարանը դատաքննության ընթացքում իրեղեն ապացույցների զննություն չի իրականացրել, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ վիճարկվող դատական ակտից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը դատաքննության ընթացքում ուսումնասիրել է իրեղեն ապացույցներ ճանաչելու մասին որոշումը, ինչը սույն դեպքում բավարար է դրանք մեղադրանքի հիմքում դնելու համար9։

13. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-11.1-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, իրեղեն ապացույցներ ճանաչված առարկաները, այդ թվում նաև՝ ենթադրյալ հանցագործությունների առարկաները, դատաքննության ընթացքում հետազոտած չլինելու պայմաններում, իրավասու չէր դատավճիռ կայացնելիս հիմնվել դրանց վրա։

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն փաստարկին, որ Առաջին ատյանի դատարանը դատաքննության ընթացքում ուսումնասիրել է իրեղեն ապացույցներ ճանաչելու մասին որոշումը, ինչը սույն դեպքում բավարար է իրեղեն ապացույցները մեղադրանքի հիմքում դնելու համար, ապա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանի այդ մոտեցումը չի կարող համարվել հիմնավոր փաստարկ` իրեղեն ապացույցների փոխարեն նախաքննության մարմնի կողմից կազմված դատավարական ակտը՝ իրեղեն ապացույցներ ճանաչելու մասին որոշումը, դատաքննության ընթացքում հետազոտած լինելը իրավաչափ դիտարկելու համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրեղեն ապացույցները կարող էին որպես ապացույց օգտագործվել միայն անմիջական հետազոտման արդյունքում10։

14. Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանն իրավասու չէր Վ.Ամիրխանյանի վերաբերյալ դատավճիռ կայացնելիս հիմնվել իրեղեն ապացույցների վրա այն՝ պայմաններում, երբ դրանք դատաքննության ժամանակ չեն հետազոտվել։

15. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները դատական ակտ կայացնելիս թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 348-րդ, 353-րդ, 358-րդ, 365-րդ հոդվածների պահանջների խախտումներ, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, քրեադատավարական օրենքի էական խախտում է և հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և գործն Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության ուղարկելու համար։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշմամբ արձանագրված խախտման պարագայում զրկված է բողոքաբերի մյուս փաստարկներին անդրադառնալու հնարավորությունից։ Հետևաբար, նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը պետք է վերացնի սույն որոշմամբ արձանագրված խախտումը և հանգի համապատասխան հետևությունների, այդ թվում նաև՝ բողոքաբերի մյուս փաստարկների վերաբերյալ։

16 Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ չեն վերացել ամբաստանյալ Վ.Ամիրխանյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերն ու պայմանները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը պետք է թողնել անփոփոխ։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Ամբաստանյալ Վիտալի Վրեժի Ամիրխանյանի վերաբերյալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ու 273-րդ հոդվածի 1-ին մասով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի հոկտեմբերի 22-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի մարտի 3-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

2 Ամբաստանյալ Վիտալի Վրեժի Ամիրխանյանի նկատմամբ ընտրված` ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնել անփոփոխ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

________________________

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 106-108։

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 37-43։

4 Տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 66-93։

5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Հարություն Հակոբյանի գործով 2010 թվականի հուլիսի 23-ի թիվ ԵԱՔԴ/0128/01/09 որոշման 18-րդ կետը։

6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Համայակ Սահակյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԼԴ/0212/01/10 որոշման 18-19-րդ և 21-րդ կետերը։

7 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

8 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

9 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

10 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Տիգրան Գասպարյանի գործով 2018 թվականի մարտի 20-ի թիվ ԳԴ1/0058/01/16 որոշման 19-րդ կետը։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Լ. Թադևոսյան

 

Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2024 թվական: