Գլխավոր տեղեկություն
Համար
N 312-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (09.07.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 12.03.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.03.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 մարտի 2022 թվականի N 312-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208 ԵՎ 2402 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐ ԵՎ ԻՐԱՎԱՍՈՒ (ԼԻԱԶՈՐՎԱԾ) ՄԱՐՄԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 04.07.24 N 1053-Լ)

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 153-րդ հոդվածի 3-րդ մասը և 2018 թվականի փետրվարի 2-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագրի 1-ին և 5-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը լրաց. 04.07.24 N 1053-Լ)

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) 2204, 2205, 2206, 2207, 2208 և 2402 ծածկագրերին դասվող ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր)՝ համաձայն հավելվածի։

2. Սահմանել, որ՝

1) ծրագրի իրականացման լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն է.

2) ծրագիրը և ծրագրի արդյունքների գնահատումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Ազատության 24/1, պետական գրանցման համարը՝ 269.110.1117158, հարկ վճարողի հաշվառման համարը՝ 02284645) ընկերության (այսուհետ՝ «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ) կողմից`

ա. 2402 ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող ապրանքախմբերի համար՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ը,

բ. 2204, 2205, 2206, 2207, 2208 ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող ապրանքախմբերի համար՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մինչև 2023 թվականի հունվարի 31-ը,

գ. սույն ենթակետով սահմանված ժամկետների ավարտին հաջորդող մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում ծրագրի գնահատման արդյունքները։

2․1․ «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագրի 5-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված իրավասու (լիազորված) մարմինը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն է (այսուհետ՝ լիազորված մարմին)։

(2.1-ին կետը լրաց. 04.07.24 N 1053-Լ)

3. «Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների նույնականացման միջոցներով դրոշմավորման մասին» համաձայնագրով սահմանված Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր է համարվում «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ն։

3․1․ «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և լիազորված մարմնի միջև կնքվում է պայմանագիր, որով, ի թիվս այլնի, սահմանվում են լիազորված մարմնի և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի միջև ծագող հարաբերությունները կանոնակարգող, ինչպես նաև պայմանագրով նախատեսված պարտականությունները չկատարելու դեպքում ազգային օպերատորի նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու և վերջինիս լիազորությունները դադարեցնելու հետ կապված դրույթներ։ Ընդ որում, որպես ազգային օպերատոր, վերջինիս լիազորությունների դադարման դեպքում ազգային օպերատորը պարտավոր է դադարեցումից առնվազն 6 ամիս առաջ դրա մասին տեղեկացնել լիազորված մարմնին։

(3.1-ին կետը լրաց. 04.07.24 N 1053-Լ)

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ մինչև 2022 թվականի հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որով «Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների նույնականացման միջոցներով դրոշմավորման մասին» համաձայնագրի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ստանդարտներով իրականացնելու, հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկի, դրոշմավորման ներդրման ժամկետների, այդ թվում՝ փորձնական ծրագրերի իրականացման ժամկետների, մինչև դրոշմավորման ներդրման ժամկետը չօտարված՝ դրոշմավորման ենթակա ապրանքային մնացորդների դրոշմավորման կարգի, դրոշմավորման կանոնների, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման դադարեցման ժամկետների, ինչպես նաև ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիթորինգի տեղեկատվական համակարգի ներդրման առանձնահատկությունների սահմանման լիազորությունները կվերապահվեն Հայաստանի Հանրապետության կառավարությանը, այդ թվում՝

1) 2402 ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող ապրանքների դրոշմավորումը՝ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից.

2) 2204, 2205, 2206, 2207, 2208 ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող ապրանքների դրոշմավորումը՝ 2023 թվականի փետրվարի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

10.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

մարտի 10-ի N 312-Լ որոշման

 

ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ (ԱՏԳ ԱԱ) 2204, 2205, 2206, 2207, 2208 ԵՎ 2402 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Սույն ծրագրի նպատակն է, կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաները և մեթոդները, ստեղծել Հայաստանի Հանրապետությունում (այսուհետ՝ ՀՀ) թվային համակարգ, որն ավելի արդյունավետ կդարձնի շրջանառվող ապրանքների հետագծելիությունը և վերահսկողությունը, կգործի Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵԱՏՄ) օրենսդրությանը և կարգավորումներին համապատասխան, ինտեգրված կլինի ԵԱՏՄ երկրների համանման համակարգերի հետ և հարթակ կծառայի լրացուցիչ G2B և B2B թվային ծառայությունների զարգացմանը։

 

II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

 

2. Դրոշմապիտակների և դրոշմանիշների վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգը ՀՀ-ում ներդրվել է 2014 թվականից: Այդ ժամանակ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքները եղել են թվով 20-ը։ Տարիների ընթացքում ավելացել է դրոշմավորման ենթակա ապրանքների քանակը՝ հասնելով 111 տեսակի։ Սակայն ներկայումս կիրառվող մոդելն ունի որոշակի սահմանափակումներ։ Ապրանքի հետագծելիությունը ապրանքի ներմուծումից կամ արտադրումից մինչև վերջնական սպառում վերոնշյալ մոդելի կիրառմամբ հնարավոր չէ ապահովել, քանի որ ապրանքի իրացման դեպքում տվյալները լիարժեք չեն փոխանցվում ՀՀ պետական եկամուտների կոմիտե (այսուհետ՝ ՊԵԿ)՝ հսկիչ դրամարկղային մեքենաների (այսուհետ՝ ՀԴՄ) և հարկային հաշիվների էլեկտրոնային համակարգի միջոցով։ ՊԵԿ են փոխանցվում իրացված ապրանքների վերաբերյալ տվյալներ, սակայն դրոշմավորման վերաբերյալ տվյալները բացակայում են։ Դրոշմապիտակների կոդերի գեներացման տրամաբանությունը անհասանելի է, ուստի այն չի կարող օգտագործվել ապրանքների իրացման ժամանակ ՊԵԿ տվյալների փոխանցման համար։

3. 2018 թվականի փետրվարի 2-ին Ալմաթիում ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների կողմից ստորագրվել է «ԵԱՏՄ նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը: Համաձայնագրի հիմնական խնդիրը ԵԱՏՄ ամբողջ տարածքում մեքենայաընթեռնելի և միմյանց հետ փոխկապակցված նշաններով ապրանքների դրոշմավորման գործընթացների միասնականացումն է։ Այս դեպքում անհրաժեշտություն է առաջանում դրոշմավորել արտահանվող ապրանքները ԵԱՏՄ օրենսդրությանը համապատասխան, սակայն ներկայիս համակարգը թույլ չի տալիս դա իրագործել։

 

III. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

4. Ծրագրի հիմնական նպատակն է՝ տեխնոլոգիական նոր լուծումների կիրառմամբ ներդնել ՀՀ-ում ապրանքների շրջանառության հետագծելիության էլեկտրոնային համակարգ, որը հնարավորություն կընձեռի ունենալ շուկայում շրջանառվող ապրանքների նկատմամբ ճշտգրիտ և իրատեսական պատկեր և խոչընդոտել անորակ և կեղծ ապրանքների տարածումը, ինչը լուրջ խնդիր է ինչպես սպառողների, այնպես էլ արտադրողների համար։

5. Ներկայումս առկա խնդիրներն են՝

1) ծախսեր՝ դրոշմապիտակների ձեռքբերում ՊԵԿ-ի կողմից, որը պետության համար նշանակալի ծախս է.

2) հարկ վճարողի կողմից իրացված ապրանքների վերաբերյալ ՊԵԿ փոխանցված տեղեկատվության մեջ ոչ միշտ է հնարավոր իրականացնել վաճառված ապրանքների նույնականացում։ Հատկապես դա վերաբերում է տեխնիկական հագեցվածություն չունեցող մանրածախ առևտրի կետերին.

3) չի ապահովվում ապրանքների շրջանառության ամբողջ շղթայի լիարժեք հետագծելիությունը.

4) ԵԱՏՄ անդամ պետություններ արտահանողների համար գործող դրոշմապիտակները չեն կարող օգտագործվել։ Այս դեպքում անհրաժեշտություն է առաջանում դրոշմավորել արտահանվող ապրանքները ԵԱՏՄ օրենսդրության համաձայն, և կարող է տեղի ունենալ կրկնակի դրոշմավորում, եթե արտադրության ժամանակ չի առանձնացվում արտահանման համար նախատեսված ապրանքը, որը ևս լրացուցիչ դժվարություն է հարկ վճարողի համար.

5) ներկայիս դրոշմապիտակների վրա առկա 2D կոդի գեներացիայի տրամաբանությունը պատկանում է մասնավոր ընկերության և չի փոխանցվում ՊԵԿ։ Այդ իսկ պատճառով ՊԵԿ-ն անհրաժեշտության դեպքում այլ ընկերությունների կամ սեփական ուժերի միջոցով հնարավորություն չունի փոփոխություններ իրականացնելու առկա ծրագրում կամ ստեղծելու նոր բջջային հավելված։

6. Ծրագրի իրագործմամբ առաջադրվում են մի շարք նպատակներ.

1) պետության համար՝

ա. ստվերի նվազեցում և բիզնես միջավայրի առավել թափանցելիություն,

բ. լրացուցիչ հարկային եկամուտներ,

գ. ապրանքային շուկաների վերահսկման համար բյուջետային ծախսերի կրճատում,

դ. իրական ժամանակում վիճակագրական տվյալների առկայություն՝ երկրի կտրվածքով,

ե. ԵԱՏՄ երկրների վերահսկող մարմինների համագործակցության ավտոմատացում և համակարգում.

2) բիզնեսի համար՝

ա. թափանցիկ միջավայրում գործող մասնակիցների մրցունակության աճ՝ ստվերի կրճատման հաշվին,

բ. ՀՀ-ում գործող կարգավորումները ԵԱՏՄ կանոնակարգերի հետ ներդաշնակեցնելու արդյունքում պարզեցվելու է ապրանքների շրջանառությունը ԵԱՏՄ տարածքում,

գ. թվայնացման արդյունքում լոգիստիկ շղթայում ապրանքների տեղափոխման վերաբերյալ լրացուցիչ ծառայությունների մատուցման հնարավորության ստեղծում.

3) սպառողների համար՝

ա. կեղծ և անորակ ապրանքների շրջանառության սահմանափակման արդյունքում քաղաքացիների կյանքի և առողջության պաշտպանություն,

բ. հասարակական վերահսկողություն,

գ. սպառողների իրավունքների պաշտպանություն։

7. Ծրագրի իրականացումը նպատակ է հետապնդում ՀՀ-ում ստեղծել թվային էկոհամակարգ, որը ներդաշնակ ինտեգրված կլինի ԵԱՏՄ երկրների տնտեսության հետ և կծառայի ՀՀ-ում շրջանառվող ապրանքների քանակի և որակի իրական ժամանակում վերահսկողությանը (real-time trace and control)։ Ինչպես նաև համակարգը կնպաստի թվային տնտեսության հետագա զարգացմանը՝ հնարավորություն տալով ինտեգրվելու նաև այլ G2B և B2B էլեկտրոնային ծառայությունների հետ, օրինակ՝ էլեկտրոնային հարկային հաշիվներ, ռիսկերի գնահատում, շուկայի գնահատում, ապահովագրություն և այլն։

 

IV. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ

 

8. Եվրոպական միության (այսուհետ՝ ԵՄ) փորձ`

1) 2014 թվականի ապրիլի 3-ին Եվրոպական խորհրդարանում ընդունեցին Ծխախոտի արտադրանքի մասին դիրեկտիվը Tobacco Products Directive 2014/40/EU (այսուհետ՝ TPD): TPD-ի ընդհանուր նպատակն է ներդաշնակեցնել ԵՄ անդամ պետությունների օրենքները և կանոնակարգերը՝ ծխախոտի և հարակից ապրանքների արտադրության և վաճառքի վերահսկման և կարգավորման նպատակով.

2) համաձայն TPD-ի՝ 2019 թվականի մայիսի 20-ից ԵՄ-ում ներդրվել և գործում է ծխախոտային արտադրանքի դրոշմավորման և հետագծելիության համակարգը։ Ծխախոտի յուրաքանչյուր տուփ, որը շրջանառվում է ԵՄ շուկայում, պարտադիր դրոշմավորվում է պաշտպանված դրոշմանիշներով։ Էմիտենտկազմակերպությունները, որոնք գեներացնում են դրոշմավորման ունիկալ կոդերը, հանդիսանում են երրորդ կողմի անկախ կազմակերպություններ և նշանակվում են ԵՄ անդամ պետությունների կողմից։ Ունիկալ կոդերը գեներացնելու համար էմիտենտ-կազմակերպություններն իրավունք ունեն գանձել գումար ապրանքաշրջանառության մասնակիցներից։ Ունիկալ նույնացուցիչը փակցվում է երկչափ կոդի տեսքով (ըստ ընտրության՝ Data Matrix, QR-կոդ կամ կետային Dot-կոդ)։ Պաշտպանված չհեռացվող և չջնջվող դրոշմավորման կոդը մակնշվում է տուփի և փաթեթի վրա և հանդիսանում է տուփի և փաթեթի անբաժանելի մասը.

3) համաձայն Եվրոպական հանձնաժողովի վերլուծության՝ ԵՄ երկրներում ծխախոտի անօրինական շրջանառությունը կազմում է միջինում 11.26% (նվազագույնը՝ 1.34% Դանիայում, առավելագույնը՝ 30.89% Լատվիայում)։ Ակնկալվում է, որ համակարգի շահագործումը 30% կնվազեցնի մաքսանենգ ճանապարհով ներկրված ծխախոտի քանակը, իսկ կեղծ ապրանքների շրջանառությունը կպակասի շուրջ 10%-ով։ Հաշվի առնելով, որ շուկայում օրինական կշրջանառվի տարեկան լրացուցիչ 509.97 միլիոն տուփ ծխախոտ, ակնկալվում է ունենալ հետևյալ արդյունքները՝

ա. 528.84 միլիոն եվրո լրացուցիչ մուտք բյուջե, որպես ԱԱՀ,

բ. 1500.13 միլիոն եվրո լրացուցիչ մուտք բյուջե, որպես ակցիզային հարկ,

գ. 525.47 միլիոն եվրո լրացուցիչ շահույթ շրջանառության մասնակիցների համար.

4) 2020 թ. վերջի դրությամբ ԵՄ դրոշմավորման և հետագծելիության համակարգը տեղեկատվություն է հավաքագրել 795,000 կազմակերպության և 1,520,000 ծխախոտային արտադրանքի մշակման հաստատությունների վերաբերյալ։ Ծխախոտ արտադրողները և ներկրողները ստացել են և կիրառել 45 միլիարդ ունիկալ նույնացուցիչներ։

9. Ռուսաստանի Դաշնության (այսուհետ՝ ՌԴ) փորձ`

1) դրոշմավորման համակարգի ներդրման ՌԴ ընդհանուր փորձը վկայում է, որ տվյալ համակարգի ներդրումը հանդիսանում է արդյունավետ միջոց ստվերային շուկայի դեմ պայքարում.

2) ՌԴ վիճակագրական տվյալները վկայում են (տե՛ս աղյուսակը), որ շատ դեպքերում ստվերային շուկան հայտարարված մասից ավելի ծավալուն է.

 

Անվանում

Հայտարարված ծավալ

Իրական ծավալ

Ծխախոտ

7,7 %

12,0 %

Կաթնամթերք

1,0 %

20,0 %

Դեղորայք

2,0 3,0 %

4,0 5,0 %

Հանքային ջրեր

20,0 %

60,0 %

 ՌԴ վիճակագրական տվյալներ

 

3) 2018 թ. ապրիլի 28-ին, ՌԴ կառավարությունը N 792-р որոշմամբ ընդունեց դրոշմավորման ենթակա ապրանքային խմբերի ցանկ, որտեղ 2019 թ. ապրիլի 1-ից ծխախոտն ընդգրկվեց պարտադիր դրոշմավորմանը ենթակա ապրանքային խմբում.

4) մինչև ծխախոտի դրոշմավորման համակարգ ներդնելը՝ 2017-2019 թվականներին ապօրինի շրջանառության ծավալը կազմում էր 15,6%, և միայն 2020 թվականին այդ բացասական միտումը շտկվեց, և 2020-ի վերջին և 2021-ի սկզբին Business Analytics-ի և TNC Kantar-ի կողմից իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ ծխախոտի ապօրինի շրջանառության մակարդակը կայունացել է 10-11%-ի սահմաններում.

5) ծխախոտի արդյունաբերության մեջ դրոշմավորումը կիրառվել է հաջորդաբար, առաջին փորձը սկսվել է 2018 թվականի սկզբին։ Այս ընթացքում բիզնեսի հետ սերտ համագործակցությամբ հայտնաբերվեցին անհրաժեշտ տեխնոլոգիական լուծումներ, մշակվեց նորմատիվ դաշտը, հաստատվեցին դրոշմավորման կանոնները, որոնց համաձայն այժմ շուկան գործում է։ Դրոշմավորման գործընթացը սկսելուց առ այսօր դրոշմավորվել է մոտավորապես 22 միլիարդ տուփ ծխախոտ.

6) այսօր ՌԴ-ում ծխախոտ արտադրող 29 գործարան փաստացի աշխատում է նոր համակարգով.

7) համակարգի ներդրման շնորհիվ 2020 թվականի ընթացքում իրավապահ մարմինները հայտնաբերել և դադարեցրել են 12 ապօրինի արտադրությունների գործունեություն։ Իսկ 2021 թվականի առաջին եռամսյակում իշխանությունները դադարեցրել են 4 ապօրինի արտադրությունների գործունեությունը՝ առգրավելով ավելի քան 6,4 միլիոն տուփ ծխախոտ։ Սա 28%-ով ավելի է 2020 թվականի 1-ին եռամսյակում ապօրինի շրջանառությունից դուրս բերված ծավալից։

 

V. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

10. Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ներկայիս մակարդակը թույլ է տալիս ինչպես ավելի բարձր մակարդակով իրականացնել հետագծելիության և վերահսկողության գործառույթները, այնպես էլ համապատասխանեցնել այդ գործառույթները ԵԱՏՄ օրենսդրությանը և ինտեգրել հայկական թվային լուծումները ԵԱՏՄ երակների համակարգերի հետ։

11. Ծրագիրն իրենից ներկայացնում է ՀՀ-ում Ապրանքների դրոշմավորման ավտոմատացված տեղեկատվական համակարգի (ԱԴԱՏՀ) ներդրումը, որը կապահովի ապրանքների շրջանառության հետագծելիությունը շրջանառության բոլոր փուլերում։

12. Ծրագրի իրականացման հիմք են հանդիսացել՝

1) «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը՝ ստորագրված 2018 թվականի փետրվարի 2-ին.

2) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի N 19 որոշումը «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպական մոդելի մասին»:

13. Ապրանքների դրոշմավորման ավտոմատացված համակարգն իրենից ներկայացնում է կենտրոնացված տեղեկատվական ռեսուրս, որն ապահովում է նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա, հետագա օգտագործման և վերահսկման նպատակներով ՀՀ տարածքում արտադրված, ներմուծված և իրացված ապրանքների մասին տեղեկատվություն:

14. Ապրանքների դրոշմավորումն իրականացվելու է ապրանքի հատուկ տվյալների մատրիցային Data Matrix կոդով մակնշման միջոցով։ Թվային դրոշմավորման կոդը չկեղծվող է, ունիկալ է և չկրկնվող ապրանքների յուրաքանչյուր միավորի համար։ Դրոշմավորման կոդերը արտադրողներին և ներմուծողներին տրամադրելու է ՀՀ կառավարության կողմից լիազորված ազգային օպերատորը՝ թվային եղանակով։

15. Ապրանքների հետագծելիությունը հիմնվում է ապրանքի միավորների կամ ապրանքների խմբաքանակի եզակի նույնականացման իրականացման վրա, ինչն ապահովում է միավորի կամ բեռների շարժի հետագծելիությունը բաշխման ամբողջ շղթայով՝ շրջանառության մեջ մտնելուց (արտադրություն կամ ներմուծում) մինչև շրջանառությունից դուրս գալը (վաճառք, արտադրական նպատակով օգտագործում, արտահանում կամ ոչնչացում): Այսպիսով, յուրաքանչյուր ապրանքի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է դառնում իրական ժամանակում շրջանառության բոլոր փուլերում:

16. ԱԴԱՏՀ-ի փոխգործակցությունն ապրանքների շրջանառության մասնակիցների տեղեկատվական համակարգերի հետ պետք է իրականացվի տեղեկատվական էլեկտրոնային ծառայությունների միջոցով՝ օգտագործելով պրոտոկոլներ և էլեկտրոնային փոխազդեցության միջերեսներ, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը օպերատորի կողմից տեղադրվում է ինտերնետում օպերատորի պաշտոնական կայքում:

17. Բջջային հավելվածը, որի ստեղծումը նույնպես մտնում է սույն նախագծի շրջանակների մեջ, սպառողներին կօգնի հեշտությամբ ստուգել ապրանքի ծագման օրինականությունը և ունենալ ապրանքի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը՝ այսպիսով սահմանելով որակի նկատմամբ հասարակական անուղղակի վերահսկողություն։

18. Ապրանքների դրոշմավորման ավտոմատացված տեղեկատվական համակարգն ինտեգրվելու է հետևյալ էլեկտրոնային համակարգերին՝

1) ՊԵԿ-ի տեղեկատվական համակարգ.

2) ԷԿԵՆԳ-ի տեղեկատվական համակարգ.

3) այլ պետական համակարգերի հետ՝ ըստ անհրաժեշտության։

19. Ապրանքների շրջանառության մասնակիցների՝ այլ պետական տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական համակարգերի հետ ԱԴԱՏՀ-ի տեղեկատվական փոխգործակցությունը կիրականացվի օրենսդրությանը և ՀՀ նորմատիվ-իրավական բազայի հիման վրա:

20. Նպատակահարմար է ծրագիրն իրականացնել փուլերով, և առաջին փուլում իրականացնել փորձնական ծրագիր։

21. Փորձնական ծրագրում առաջարկվում է անցկացնել ծխախոտ (ԱՏԳ ԱԱ 2402) և ալկոհոլ (ԱՏԳ ԱԱ՝ 2204, 2205, 2206, 2207, 2208) ապրանքախմբերի համար՝ հետևյալ պատճառներով`

1) ԵՄ երկրներ արտահանվող ծխախոտային արտադրանքը, իսկ ՌԴ արտահանվող ծխախոտային և ալկոհոլային արտադրանքն արդեն իսկ ենթակա են նմանատիպ տեխնոլոգիայով երկնիշ Data Matrix կոդերի միջոցով դրոշմավորման.

2) ծխախոտ և ալկոհոլ արտադրողներն արդեն ունեն նմանատիպ փորձ և առնվազն մասամբ տեխնիկապես զինված են դրոշմավորման գործընթացն իրականացնելու համար։

22. Փորձնական ծրագրի ընթացքը հնարավորություն կընձեռի իրականացնել՝

1) նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մեխանիզմների և տեղեկատվական համակարգի ֆունկցիոնալության (գործառույթների) փորձարկումը և գործընթացի հղկումը.

2) ծրագրի մասնակիցների էֆեկտիվ (արդյունավետ) փոխգործակցության կազմակերպումը.

3) ծրագրի մասնակիցների տեղեկատվական համակարգերի ինտեգրումը և փորձարկումը օպերատորի տեղեկատվական համակարգի հետ.

4) դրոշմավորման ենթակա ապրանքների ապրանքաշրջանառության ամբողջ ցիկլի (դրոշմապիտակ պատվիրելուց մինչև շրջանառությունից դուրս գալը) գործառույթների փորձարկումը և կարգավորումը։

 

VI. ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

23. Ծրագրի մասնակիցներն են հանդիսանում՝

1) պետական մարմինները, որոնք լիազորված են ծրագիրն իրականացնելու համար.

2) ապրանքաշրջանառության մասնակիցները.

3) տեղեկատվական համակարգի օպերատորը։

24. Ապրանքաշրջանառության մասնակիցները փորձնական ծրագրին մասնակցում են կամավոր հիմունքներով:

25. Ծրագրի իրականացման լիազորված մարմին է հանդիսանում ՊԵԿ-ը, որը կապահովի՝

1) ազգային օպերատորի հետ աշխատանքների համակարգումը.

2) ազգային օպերատորի հետ համատեղ փորձնական ծրագրի պլանի, ժամանակացույցի և մեթոդական առաջարկությունների մշակումը և հաստատումը.

3) փորձնական ծրագրի արդյունքների գնահատումը և ներկայացումը ՀՀ կառավարություն.

4) ՀՀ ֆինանսների նախարարության հետ համատեղ օրենսդրական փոփոխությունների նախագծի մշակումը։

26. Ազգային օպերատորը կապահովի՝

1) տեղեկատվական համակարգի պահանջների մշակումը.

2) համակարգի տեղեկատվական անվտանգության պահանջների մշակումը.

3) տեղեկատվական համակարգի ներդրումը և շահագործումը.

4) փորձնական ծրագրի շրջանակներում ծրագրի մասնակիցներին նույնականացման միջոցների տրամադրումը՝ անհատույց սկզբունքով։

 

VII. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

27. Որպես ծրագրի իրականացման արդյունք ակնկալվում է հետևյալը՝

1) պետական բյուջեի ծախսերի կրճատում.

2) հայկական արտահանողների կողմից ԵԱՏՄ այլ երկրների օպերատորներին դրոշմապիտակների համար վճարվելիք գումարն այսուհետ կվճարվի հայկական տնտեսավարողներին և իր դրական ազդեցությունը կունենա ՀՀ տնտեսության վրա.

3) տեսանելի հեռանկարում ունենալ մեկ դրոշմապիտակի ձև ամբողջ ԵԱՏՄ-ի համար, ինչը զգալիորեն կպարզեցնի ապրանքների արտադրման գործընթացը.

4) համակարգի ինտեգրումը համապատասխան պետական մարմինների հետ կապահովի ապրանքների շրջանառության ամբողջ ցիկլի վերահսկումը՝ արտադրությունից (կամ ներմուծումից) մինչև սպառում.

5) ապրանքների նույնականացում և հետևաբար շրջանառության վերահսկում մինչև մեկ հատի ճշտությամբ.

6) ապրանքների իսկության վերահսկում հանրության կողմից՝ հատուկ բջջային հավելվածի միջոցով.

7) հնարավոր կլինի շատ ավելի ճշգրիտ գնահատել շրջանառվող ապրանքների քանակը և, հետևաբար, զգալիորեն նվազեցնել ստվերը։

 

VIII. ԾՐԱԳՐԻ ՌԻՍԿԵՐԸ

 

28. Ինչպես ցանկացած ծրագիր, այս նախագիծը նույնպես պարունակում է որոշակի ռիսկեր։ Ծրագրի իրականացման գնահատված ռիսկերը հետևյալն են՝

1) որոշ ծխախոտ արտադրողների հոսքագծերը կպահանջեն տեխնիկական վերազինում։ Ընթացիկ հաշվարկներով յուրաքանչյուր հոսքագծի վերազինումը կպահանջի 100,000-250,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք ներդրում։ Այլ ապրանքախմբերի համար նման ներդրումների անհրաժեշտություն չի առաջանա.

2) անհրաժեշտ կլինի, որպեսզի շուկայում գործող և տնտեսավարողների կողմից շահագործվող հաշվապահական հաշվառման ծրագրերում իրականացվեն որոշակի ծրագրային փոփոխություններ՝ պրոցեսների ավտոմատացման նպատակով։ Նախնական քննարկումների արդյունքում պարզվել է, որ հաշվապահական հաշվառման էլեկտրոնային ծրագրեր ապահովող մի շարք ընկերություններ ունեն պատրաստի լուծումներ.

3) անհրաժեշտ կլինի փոփոխել հսկիչ-դրամարկղային մեքենաների ծրագրային ապահովումը՝ դրոշմավորված ապրանքները շրջանառությունից հանելու համար.

4) հնարավոր է անհրաժեշտություն լինի, որ վաճառքի կետերը ձեռք բերեն Data Matrix կոդ ընթերցող սկաներներ (յուրաքանչյուրի գինը սկսած մոտ 20 000 դրամից) և համակարգիչներ։ Սակայն, փորձնական ծրագրի շրջանակներում, օպերատորի կողմից մշակվելու է բջջային հավելված, որը կծառայի որպես Data Matrix սկաներ և թույլ կտա փոքր մանրածախ առևտուր իրականացնող կետերին իրականացնել կանոնավոր գործունեությունը՝ ունենալով միայն ՀԴՄ և բջջային հեռախոս։

29. Չնայած նշված ռիսկերին, կանխատեսվող դրական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա զգալիորեն գերազանցում է ակնկալվող ծախսերը՝ հատկապես երկարաժամկետ հեռանկարում։

 

IX. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԾԱԽՍԵՐԸ

 

30. Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ծախսերը նկարագրված են «Ծրագրի ռիսկերը» բաժնում։ ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում չի նախատեսվում։

31. Արտադրողների հոսքագծերի վերազինման հետ կապված ծախսերն իրականացվելու են արտադրողների կողմից, իսկ վերջիններս ծրագրին մասնակցելու են կամավորության սկզբունքով։

32. ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերում ծրագրի իրականացման նպատակով կատարվող փոփոխությունները լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջ չեն առաջացնելու։

33. Ծրագրի իրականացման ընթացքում դրոշմանիշների տրամադրման հետ կապված ծախսերն իրականացնելու է օպերատորը։

34. Ծրագրին մասնակցող վաճառքի կետերում Data Matrix կոդ ընթերցող սկաներների անհրաժեշտության պարագայում օպերատորն անհատույց ժամանակավոր օգտագործման կտրամադրի համապատասխան սարքավորումներ։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

10.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ