Գլխավոր տեղեկություն
Համար
N 972-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.06.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.06.24-2024.07.07 Պաշտոնական հրապարակման օրը 27.06.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.06.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հունիսի 2024 թվականի N 972-Ն

 

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 17-րդ մասով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Սահմանել ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորման կարգը՝ համաձայն հավելվածի:

2․ Սահմանել, որ ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորման գործընթացը յուրաքանչյուր տարի իրականացվում է տվյալ տարվա պետական բյուջեով սահմանված գումարի շրջանակներում։

3․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 27-ի «Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորման կարգը սահմանելու մասին» N 647-Ն որոշումը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն սկսված ատեստավորման գործընթացները սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո իրականացվում են սույն որոշմամբ սահմանված կարգով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

27.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

հունիսի 27-ի N 972-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ազգային անվտանգության մարմիններում գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ (այսուհետ՝ համապատասխան պաշտոն) զբաղեցնող ծառայողների ատեստավորման (այսուհետ՝ ատեստավորում) անցկացման հետ կապված հարաբերությունները: Սույն կարգի դրույթները տարածվում են նաև շարքային ու կրտսեր ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների վրա:

2. Ատեստավորման նպատակն է գնահատել ազգային անվտանգության մարմիններում համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների մասնագիտական և ծառայողական պարտականությունների իմացությունը, ունակություններն ու հմտությունները, իսկ սույն կարգի 19-րդ կետով նախատեսված առանձին պաշտոններ զբաղեցնող ծառայողների դեպքում նաև ֆիզիկական, մարտական և կրակային պատրաստության աստիճանը և գնահատման արդյունքներով որակավորման համար վճարել հավելավճար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված չափերով և կարգով:

3. Համապատասխան պաշտոնի առաջին անգամ նշանակված ծառայողները ենթակա են ատեստավորման պաշտոնի նշանակվելու օրվանից հետո՝ ոչ շուտ, քան երեք և ոչ ուշ, քան ինն ամսվա ընթացքում, իսկ առաջխաղացման կարգով սպայական պաշտոնի նշանակված ծառայողները ենթակա են ատեստավորման պաշտոնի նշանակվելու օրվանից հետո՝ ոչ շուտ, քան երեք և ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում:

4. Համապատասխան պաշտոնում ատեստավորված և տվյալ պաշտոնի խմբի համար սահմանված չափով հավելավճար ստացող ծառայողները ենթակա են ատեստավորման յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ՝ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար:

5․ Ատեստավորման ենթակա և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում կամ հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող ծառայողն ատեստավորվում է ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց երկու ամիս հետո:

6. Ատեստավորման ենթակա և արձակուրդում կամ գործուղման մեջ կամ կադրերի տրամադրության տակ գտնվող կամ ուսման (վերապատրաստման) ուղարկված կամ ժամանակավոր անաշխատունակ կամ պաշտոնավարումը կասեցված ծառայողն ատեստավորվում է ոչ շուտ, քան այդ հանգամանքները վերանալուց երկու ամիս հետո:

7․ Համապատասխան պաշտոնում ատեստավորված և տվյալ պաշտոնի խմբի համար սահմանված չափով հավելավճար ստացող ծառայողին այլ՝ հավասար կամ ցածր պաշտոնի նշանակելու դեպքում ծառայողը ենթակա չէ ատեստավորման, եթե չի լրացել սույն կարգի 4-րդ կետով սահմանված ժամկետը:

8․ Եթե հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերած ծառայողն ատեստավորվել է բարձր պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարման ընթացքում, ապա առաջխաղացման կարգով տվյալ պաշտոնին նշանակվելու դեպքում ծառայողը ենթակա չէ ատեստավորման, եթե չի լրացել սույն կարգի 4-րդ կետով սահմանված ժամկետը։

9․ Ատեստավորման գործընթացին չի թույլատրվում մասնակցել այն ծառայողին, որի նկատմամբ իրականացված թմրամիջոցի կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի օգտագործման թեստը դրական է:

 

2․ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

10. Սույն կարգի 3-րդ, 5-րդ, 6-րդ կետերին համապատասխան՝ մինչև յուրաքանչյուր ամսվա 15-րդ աշխատանքային օրն Ազգային անվտանգության ծառայության կադրային հարցերի համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանման (այսուհետ՝ կադրերի վարչություն) կողմից կազմվում է հաջորդ ամսվա ընթացքում ատեստավորման ենթակա ծառայողների անվանացուցակ և երկօրյա ժամկետում գրությամբ տեղեկացվում է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների պետերին՝ նշելով ատեստավորման անցկացման վայրը, օրը և ժամը:

11. Համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների պետերը սույն կարգի 10-րդ կետում նշված գրությունն ստանալու պահից մեկօրյա ժամկետում ծառայողին պարտադիր ծանոթացնում են դրան։ Ատեստավորման յուրաքանչյուր փուլի անցկացման օրը և դրան նախորդող երկու օրը համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների պետերը ծառայողին ազատում են ծառայողական պարտականությունների կատարումից՝ ատեստավորմանը մասնակցելու համար։

12․ Համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների պետերը սույն կարգի 10-րդ կետում նշված գրությունն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ծառայողի ծառայողական բնութագիրը ներկայացնում են կադրերի վարչություն:

13. Ծառայողի ծառայողական բնութագիրը պետք է պարունակի տվյալ ծառայողի գործառնական պարտականությունների, գործնական և անձնական հատկանիշների, ծառայողական պարտականությունների նկատմամբ վերաբերմունքի, կարգապահության, ծառայակիցների հետ փոխհարաբերությունների, վարքագծի, թույլ տված խախտումների, ծառայության ընթացքում ունեցած ձեռքբերումների, խրախուսանքների, կարգապահական տույժերի, բնավորության ուժեղ և թույլ կողմերի, կամային հատկանիշների, ըստ գործունեության ոլորտի առավել ընդգծված ծառայողական հատկանիշների (օպերատիվ կամ վերլուծական ունակությունները, ֆիզիկական, մարտական պատրաստվածությունը և այլն) վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև նախքան ատեստավորումը վերջինիս կողմից կատարված աշխատանքի համառոտ հաշվետվություն: Ծառայողական բնութագրում առկա տվյալների հավաստիության համար պատասխանատու են տվյալ ծառայողի վերադաս պետերը: Ազգային անվտանգության ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների պետերի ատեստավորման դեպքում ծառայողական բնութագիր չի ներկայացվում:

14. Ատեստավորումն իրականացվում է համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման հանձնաժողովի կողմից, որը կազմված է հանձնաժողովի նախագահից և անդամներից: Հանձնաժողովն ունենում է հանձնաժողովի քարտուղար, որն ի պաշտոնե կադրերի վարչության ներկայացուցիչն է, որը համակարգում է ատեստավորման գործընթացը և կազմակերպում ատեստավորման հարցազրույցի փուլի արձանագրումը:

15․ Ազգային անվտանգության մարմիններում բաժնի պետի և բարձր պաշտոն զբաղեցնող ծառայողների ատեստավորման հանձնաժողովի նախագահն ի պաշտոնե Ազգային անվտանգության ծառայության տնօրենն է, իսկ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալներն ի պաշտոնե հանձնաժողովի անդամներն են։ Ատեստավորման հանձնաժողովի աշխատանքներին կարող է մասնակցել նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարը: Ազգային անվտանգության ծառայության տնօրենի բացակայության դեպքում, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հանձնարարությամբ, ատեստավորման հանձնաժողովը նախագահում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալներից մեկը:

16․ Ազգային անվտանգության մարմիններում բաժնի պետի պաշտոնից ցածր պաշտոն զբաղեցնող ծառայողների ատեստավորումն իրականացնում են Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով ձևավորված հետևյալ հանձնաժողովները՝

1) սպայական պաշտոն զբաղեցնող ծառայողների ատեստավորման հանձնաժողովը.

2) ենթասպայական պաշտոն զբաղեցնող ծառայողների, ինչպես նաև կրտսեր ենթասպայական ու շարքային կազմերի պայմանագրային զինծառայողների ատեստավորման հանձնաժողովը:

17․ Սույն կարգի 16-րդ կետում նշված հանձնաժողովներից յուրաքանչյուրը ձևավորվում է գլխավոր կամ ավագ խմբերի պաշտոններ զբաղեցնող առնվազն 4 ծառայողներից, իսկ հանձնաժողովի նախագահ է նշանակվում Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալը, որոնք հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են ի պաշտոնե:

18. Համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման նպատակով ծառայողների մասնագիտական և ծառայողական պարտականությունների իմացությունը, ունակություններն ու հմտությունները գնահատվում են երկու փուլով՝ թեստավորման (գրավոր կամ էլեկտրոնային եղանակով) և հարցազրույցի: Սույն կարգի 19-րդ կետում նշված առանձին պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման նպատակով ծառայողների մասնագիտական և ծառայողական պարտականությունների իմացությունը, ունակություններն ու հմտությունները, ֆիզիկական, մարտական և կրակային պատրաստության աստիճանը գնահատվում են երեք փուլով` ստուգարքի, թեստավորման (գրավոր կամ էլեկտրոնային եղանակով) և հարցազրույցի:

19. Հաշվի առնելով համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման գործունեության և գործառույթների առանձնահատկությունները՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով սահմանվում է այն առանձին պաշտոնների ցանկը, որոնք զբաղեցնող ծառայողները նախքան ատեստավորման թեստավորման փուլին մասնակցելը պետք է հաղթահարած լինեն ատեստավորման ստուգարքի փուլը:

20. Ազգային անվտանգության ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների պետերը մասնակցում են ատեստավորման միայն հարցազրույցի փուլին:

21. Առանձին պաշտոններ զբաղեցնող ծառայողների ֆիզիկական, մարտական և կրակային պատրաստության աստիճանի գնահատումն ստուգարքի միջոցով իրականացվում է Ազգային անվտանգության ծառայությունում գործող նորմատիվների համաձայն: Առանձին պաշտոններ զբաղեցնող ծառայողների ստուգարքի փուլի անցկացման նպատակով Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով ձևավորվում են ստուգարքի փուլի ընդունման խմբեր, որոնք աջակցում են հանձնաժողովին ստուգարքի փուլի կազմակերպական և տեխնիկական ապահովման հարցերում։

22. Ստուգարքի փուլի արդյունքներով, դրա անցկացումից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ստուգարքի փուլի ընդունման խմբի կողմից կազմվում է ամփոփագիր ստուգարքի փուլի ընթացքի և յուրաքանչյուր մասնակցի ցուցաբերած արդյունքների վերաբերյալ՝ ըստ կատարած վարժությունների, որի հիման վրա կազմվում է ստուգարքի փուլի վերաբերյալ արձանագրություն: Ամփոփագիրը կցվում է արձանագրությանը և համարվում դրա անբաժանելի մասը։

23․ Ատեստավորման հանձնաժողովի կողմից ստուգարքի փուլի վերաբերյալ արձանագրությունն ստորագրելուց հետո երկօրյա ժամկետում կադրերի վարչությունը կազմում է ստուգարքի փուլը հաղթահարած և չհաղթահարած առանձին պաշտոններ զբաղեցնող ծառայողների անվանացուցակներ, որոնք գրությամբ ուղարկում է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների պետերին:

24․ Համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների պետերը սույն կարգի 23-րդ կետում նշված գրությունն ստանալու պահից մեկօրյա ժամկետում ստուգարքի փուլին մասնակցած ծառայողներին պարտադիր ծանոթացնում են դրան։

25. Թեստավորման փուլի առաջադրանքը բաղկացած է 20 հարցից, որից Ազգային անվտանգության ծառայության գործունեությունը կանոնակարգող օրենսդրության վերաբերյալ 10, համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման գործունեության ոլորտի օրենսդրության վերաբերյալ 7, ինչպես նաև համապատասխան պաշտոնի գործառնական պարտականությունների կամ մասնագիտական գիտելիքների վերաբերյալ 3 հարց, ընդ որում՝ հարցերը կարող են ներառել նաև իրավիճակային խնդիրներ:

26. Թեստավորման փուլի առաջադրանքների բարդության աստիճանը որոշվում է՝ հաշվի առնելով ատեստավորմանը մասնակցող ծառայողների պաշտոնների խմբերը:

27. Կադրերի վարչությունը յուրաքանչյուր ատեստավորումից առնվազն քսան աշխատանքային օր առաջ համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ է ուղարկում մեթոդական ուղեցույց, որում ներկայացվում են թեստերի կառուցվածքը, թեստային առաջադրանքներում ընդգրկվող նյութը, հարցերի շրջանակը, առաջադրանքների նմուշները և պատասխանների ձևաթղթի լրացման կարգը: Միաժամանակ կադրերի վարչությունը յուրաքանչյուր ատեստավորումից առնվազն տասն աշխատանքային օր առաջ Ազգային անվտանգության ծառայության ուսումնական հաստատությանն է տրամադրում ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների անվանացուցակը և թեստային առաջադրանքները:

28. Թեստավորման փուլն անցկացվում է Ազգային անվտանգության ծառայության ուսումնական հաստատությունում՝ թեստավորման համար առանձնացված սենյակներում, որոնք կահավորվում են տեսաձայնագրման համակարգերով:

29. Տեսաձայնագրությունները պահվում են մինչև ատեստավորման արդյունքների և կայացված գրավոր եզրակացության բողոքարկման ժամկետի ավարտը, իսկ դրանց բողոքարկման դեպքում՝ մինչև բողոքարկման արդյունքում վերջնական որոշում կայացնելը:

30. Թեստավորման համար առանձնացված սենյակում աշխատանքներն սկսվելուց մեկ ժամ առաջ առանձնացվում են թեստի հարցերի պատասխանների ձևաթղթերի ծրարը և ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների անվանացուցակը: Թեստավորումն էլեկտրոնային եղանակով անցկացնելու դեպքում համակարգիչ են ներմուծվում ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների տվյալները՝ կոչում, անուն, հայրանուն, ազգանուն՝ դրանց հիման վրա ստեղծելով նոր՝ անհատական օգտահաշիվներ համապատասխան օգտանունով և գաղտնաբառով՝ այլ անձանց մուտքը բացառելու և թեստավորվողի նույնականացումն ապահովելու նպատակով:

31. Պատասխանների ձևաթղթի ծրարը պարունակում է ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների թվով համարակալված պատասխանների ձևաթղթեր, ինչպես նաև երկու լրացուցիչ ձևաթուղթ, որոնք ծառայողներին տրվում են պատասխանների ձևաթղթերի՝ սույն կարգի 42-րդ կետով նախատեսված պատճառներով խոտանման դեպքում:

32. Ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների մուտքը թեստավորման համար առանձնացված սենյակ սկսվում է թեստավորման համար նշանակված ժամին: Թեստավորման համար առանձնացված սենյակ մուտք գործելիս, ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողներին նույնականացնելու նպատակով, վերջիններս ներկայացնում են իրենց ծառայողական վկայականները: Թեստավորման համար նշանակված ժամից հետո ատեստավորման ենթակա համապատասխան պաշտոն զբաղեցնող ուշացած ծառայողների մուտքը թեստավորման համար առանձնացված սենյակ չի թույլատրվում, և վերջիններս համարվում են թեստավորման փուլին չներկայացած:

33. Թեստավորման համար առանձնացված սենյակում ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողն ստանում է պատասխանների ձևաթուղթը, ստորագրում ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների անվանացուցակում իր անվան դիմաց և նստում համարակալված որևէ նստարանի: Թեստավորումն էլեկտրոնային եղանակով անցկացնելու դեպքում թեստավորման համար առանձնացված սենյակում ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողն ստանում է համակարգ մուտք գործելու համար մեկանգամյա մուտքանունը և գաղտնաբառը, ստորագրում անվանացուցակում իր անվան դիմաց և նստում իր պաշտոնի համար նախատեսված թեստային առաջադրանքներով ներբեռնված համակարգչի առջև:

34. Ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար ներկայացվում է թեստավորման անցկացման կարգը, ինչպես նաև պարզաբանվում բացառապես տեխնիկական բնույթի հարցերը:

35. Ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողները պատասխանների ձևաթղթում լրացնում են իրենց կոչումը, անունը, ազգանունը, հայրանունը, այնուհետև հանձնաժողովի քարտուղարը մոտենում է, կտրում պատասխանների ձևաթղթերի` անձնական տվյալները պարունակող հատվածները, հաշվում դրանք և հանձնում ատեստավորման հանձնաժողովի նախագահին կամ հանձնաժողովի անդամներից մեկին:

36. Պատասխանների ձևաթղթերի՝ անձնական տվյալները պարունակող հատվածները հաշվվում, ստուգվում, այնուհետև տեղավորվում են այդ նպատակով նախատեսված ծրարում` ծրարի վրա գրելով պատասխանների ձևաթղթերի՝ անձնական տվյալները պարունակող կտրված հատվածների թիվը:

37. Համապատասխան թեստերի փաթեթները ցուցադրվում են ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողներին` նրանց ուշադրությունը հրավիրելով փաթեթների փակ և ամբողջական լինելու հանգամանքի վրա, որից հետո բացվում են դրանք բոլորին տեսանելի ձևով: Փաթեթների բացման վերաբերյալ արձանագրությունների համապատասխան տողում կատարվում է նշում:

38. Թեստավորման խմբի անդամներն ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողներին են բաժանում թեստերը: Ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողը, ստանալով իր թեստը, ստուգում է այն և թեստի շապիկի համապատասխան մասում գրում իր կոչումը, անունը, ազգանունը, հայրանունը և նստարանի համարը: Հայտարարվում է թեստավորման սկիզբը, տևողությունը, ցուցատախտակի վրա կատարվում է նշում թեստավորման սկզբի և ավարտի վերաբերյալ: Թեստավորման համար հատկացվում է 40 րոպե:

39. Թեստավորման ընթացքում ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողներին արգելվում է այլ ծառայողների հետ խոսելը, թեստերը և պատասխանների ձևաթղթերը փոխանակելը, միմյանցից արտագրելը, բջջային հեռախոսներ կամ կապի այլ միջոցներ թեստավորման համար առանձնացված սենյակ բերելը, այլ նստարանին նստելը: Սույն կետով նախատեսված խախտումների դեպքում ծառայողը դուրս է հրավիրվում թեստավորման սենյակից: Դրա մասին կազմվում է արձանագրություն, իսկ նշված ծառայողները համարվում են թեստավորման փուլը չհաղթահարած:

40. Թեստավորման ընթացքում ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողը թեստավորման համար առանձնացված սենյակից կարող է դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ ատեստավորման հանձնաժողովի նախագահի կամ անդամի կամ հանձնաժողովի քարտուղարի թույլտվությամբ, թեստավորման աշխատանքների կազմակերպմանն աջակցող անձանցից (մասնագետներից) որևէ մեկի ուղեկցությամբ:

41. Թեստավորման համար առանձնացված սենյակում թեստի բովանդակության վերաբերյալ ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողի կողմից տրված հարցերը չեն քննարկվում:

42. Թեստավորման ընթացքում ի հայտ եկած տպագրական, բովանդակային թերություններ ունեցող կամ վնասված թեստերն ու պատասխանների ձևաթղթերը փոխարինվում են նորերով՝ արձանագրությունների համապատասխան տողում նշում կատարելով դրա մասին: Թերություններ ունեցող պատասխանների ձևաթղթերի և թեստերի վրա գրվում են «Խոտանված է» բառերը:

43. Թեստավորման ընթացքում ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողներից, ատեստավորման հանձնաժողովի նախագահից, անդամներից և հանձնաժողովի քարտուղարից բացի, թեստավորման համար առանձնացված սենյակում հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ կարող են գտնվել նաև թեստավորման աշխատանքների կազմակերպմանն աջակցող անձինք (մասնագետներ):

44. Թեստավորման ավարտից 15 րոպե առաջ ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողների ուշադրությունը հրավիրվում է ժամանակի վրա և հիշեցվում առաջադրանքների պատասխանները թեստերից պատասխանների ձևաթղթերի վրա անցկացնելու անհրաժեշտության մասին: Համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողը պատասխանների ձևաթղթում նախատեսված համապատասխան վանդակում կատարում է նշում` ընտրելով մեկ (իր կարծիքով` ճիշտ) պատասխանը: Պատասխանների ձևաթղթերի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարել, մեկ հարցի համար մեկից ավելի պատասխաններ նշել չի թույլատրվում, նման դեպքերում տվյալ հարցի պատասխանը համարվում է սխալ:

45. Թեստավորումն ավարտած՝ ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողը թեստը և պատասխանների ձևաթուղթը հանձնում է՝ ստորագրելով ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների անվանացուցակում իր անվան դիմաց: Թեստի վրա նշված և պատասխանների ձևաթղթում նշված՝ թեստի համարները համեմատվում են, պատասխանների ձևաթուղթը պատճենահանվում է և պատճենահանված օրինակը հանձնվում ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողին՝ իր մոտ պահելու նպատակով: Թեստավորումն էլեկտրոնային եղանակով անցկացնելու դեպքում թեստավորման ավարտից հետո համակարգչի էկրանի վրա արտացոլվում է թեստի ճիշտ և սխալ պատասխանների քանակը, որն արձանագրվում է որպես թեստի արդյունք:

46. Սույն կարգի 38-րդ կետում նշված՝ թեստավորման համար հատկացված ժամանակի ավարտից հետո պատասխանների ձևաթղթերի (օգտագործված, չօգտագործված, խոտանված), ատեստավորմանը մասնակցած համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների անվանացուցակի ծրարները, պատասխանների ձևաթղթերի՝ անձնական տվյալները պարունակող հատվածները և թեստերը (օգտագործված, չօգտագործված, խոտանված), ինչպես նաև սույն կարգի 39-րդ կետով նախատեսված արձանագրությունները հաշվվում են և արձանագրվում:

47. Պատասխանների ձևաթղթերի՝ անձնական տվյալները պարունակող հատվածների վերծանումից հետո ստուգման տվյալները գրանցվում են որպես ատեստավորմանը մասնակցած համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողի թեստավորման արդյունք: Թեստավորումը գրավոր եղանակով անցկացնելու դեպքում թեստավորման պատասխաններն ստուգվում են ատեստավորման հանձնաժողովի անդամների ներկայությամբ։

48. Թեստավորման ավարտից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ամփոփվում են թեստավորման արդյունքները, և ամփոփագրի հիման վրա կազմվում է թեստավորման փուլի արձանագրություն։ Ամփոփագիրը կցվում է թեստավորման փուլի արձանագրությանը և համարվում դրա անբաժանելի մասը։

49. Թեստավորման փուլը հաղթահարած են համարվում թեստավորման փուլին մասնակցած համապատասխան պաշտոններ զբաղեցնող այն ծառայողները, որոնք ճիշտ են պատասխանել թեստավորման առաջադրանքի հարցերից առնվազն 17-ին:

50. Ատեստավորման հանձնաժողովի կողմից թեստավորման փուլի վերաբերյալ արձանագրությունն ստորագրելուց հետո երկօրյա ժամկետում կադրերի վարչությունը կազմում է թեստավորման փուլը հաղթահարած և չհաղթահարած առանձին պաշտոններ զբաղեցնող ծառայողների անվանացուցակներ, որոնք գրությամբ ուղարկում է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների պետերին: Համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների պետերը սույն կետում նշված գրությունն ստանալու պահից մեկօրյա ժամկետում թեստավորման փուլին մասնակցած ծառայողներին պարտադիր ծանոթացնում են դրան։

51. Արձանագրությունը ատեստավորման հանձնաժողովի կողմից ստորագրվելուց հետո երեսուն օրվա ընթացքում անցկացվում է հարցազրույցի փուլը, որի անցկացման ժամանակի և վայրի մասին տեղեկացվում է ծառայողին։

52. Հարցազրույցի փուլին, մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողից, ատեստավորման հանձնաժողովից և ատեստավորման հանձնաժողովի քարտուղարից բացի, կարող է ներկա գտնվել ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը:

53. Հարցազրույցի փուլի ընթացքում համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողներին կարող են տրվել հարցեր, որոնց նպատակն է պարզել վերջիններիս մասնագիտական և ծառայողական պարտականությունների իմացությունը, ունակություններն ու հմտությունները:

54. Հարցազրույցի փուլի արդյունքներով ատեստավորման հանձնաժողովի կողմից կայացվում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված եզրակացություններից որևէ մեկը գրավոր ձևով, այն է՝

1) ենթակա է հավելավճար հաշվարկելու.

2) ենթակա չէ հավելավճար հաշվարկելու:

55. Ատեստավորման հանձնաժողովի կողմից հարցազրույցի փուլի արդյունքներով սույն կարգի 54-րդ կետով նախատեսված գրավոր եզրակացությունները կայացվում են ձայների պարզ մեծամասնությամբ, իսկ ձայների հավասարության դեպքում ատեստավորման հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

56. Ստուգարքի, թեստավորման կամ հարցազրույցի փուլին անհարգելի պատճառներով չներկայացած՝ համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների վերաբերյալ կայացվում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ կետով նախատեսված եզրակացությունը, այն է՝ «ենթակա չէ հավելավճար հաշվարկելու»:

57. Հարցազրույցի արդյունքներով, դրա ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ատեստավորման հանձնաժողովի քարտուղարի կողմից կազմվում է ատեստավորման արձանագրություն, որն ստորագրվում է ատեստավորման հանձնաժողովի նախագահի և անդամների կողմից: Ընդ որում՝ ստուգարքի կամ թեստավորման փուլը չհաղթահարած համապատասխան պաշտոն (այդ թվում՝ առանձին պաշտոն) զբաղեցնող ծառայողների վերաբերյալ կայացվում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ կետով նախատեսված եզրակացությունը, այն է՝ «ենթակա չէ հավելավճար հաշվարկելու», և վերջիններիս վերաբերյալ տվյալները ևս ներառվում են ատեստավորման արձանագրության մեջ:

58. Սույն կարգի 57-րդ կետով նախատեսված ժամկետի ավարտից հետո մեկօրյա ժամկետում կադրերի վարչությունն ատեստավորման արձանագրության ու գրավոր եզրակացությունների պատճեններն ուղարկում է Ազգային անվտանգության ծառայության ֆինանսների կառավարման համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանում՝ հավելավճար հաշվարկելու կամ հավելավճարի վճարումը դադարեցնելու համար:

59. Ատեստավորմանը մասնակցած համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողի վերաբերյալ կայացված գրավոր եզրակացությունը կցվում է վերջինիս անձնական գործին:

60. Կադրերի վարչության պետի կողմից վարվում է ատեստավորմանը մասնակցած համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների էլեկտրոնային գրանցամատյան: Սույն կետով նախատեսված էլեկտրոնային գրանցամատյանում գրառվում են համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողների անունները, ազգանունները, հայրանունները, զինվորական կոչումները, ատեստավորման ժամկետները, ատեստավորման յուրաքանչյուր փուլի արդյունքները և կայացված գրավոր եզրակացությունները:

61. Համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման պետը կադրերի վարչությունից սույն կարգի 58-րդ կետով նախատեսված գրությունը և կից ուղարկված ատեստավորմանը մասնակցած համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողի վերաբերյալ կայացված գրավոր եզրակացության պատճենն ստանալու պահից մեկօրյա ժամկետում դրանց պարտադիր ծանոթացնում է ատեստավորմանը մասնակցած համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողին: Ատեստավորմանը մասնակցած համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողն իրավունք ունի ատեստավորման արդյունքները և կայացված գրավոր եզրակացությունը բողոքարկելու Ազգային անվտանգության ծառայության տնօրենին վերադասության կարգով՝ դրանց ծանոթանալու օրվանից հետո ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում կամ դատական կարգով:

62. Ատեստավորման արդյունքների և կայացված գրավոր եզրակացության վերադասության կարգով բողոքարկումը չի կարող հանգեցնել նոր ատեստավորման անցկացման: Քննարկելով բերված բողոքը` Ազգային անվտանգության ծառայության տնօրենն իրավունք ունի`

1) բավարարելու բողոքն ամբողջությամբ՝ հանձնարարելով ատեստավորման հանձնաժողովին կայացնելու նոր եզրակացություն, իսկ սույն կարգի 39-րդ կետով նախատեսված խախտումները չհաստատվելու, ինչպես նաև ստուգարքի, թեստավորման կամ հարցազրույցի փուլին չներկայացած համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների չներկայանալու հանգամանքը հարգելի համարվելու դեպքում՝ հանձնարարելով ատեստավորման հանձնաժողովին կազմակերպել համապատասխան ծառայողների ստուգարքի կամ թեստավորման կամ հարցազրույցի անցկացումը՝ սույն կարգով նախատեսված ընթացակարգին համապատասխան.

2) մերժելու բողոքը` ատեստավորման հանձնաժողովի եզրակացությունը թողնելով անփոփոխ:

63. Ատեստավորմանը մասնակցած համապատասխան պաշտոն զբաղեցնող այն ծառայողները, որոնց վերաբերյալ կայացվել է սույն կարգի 54-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված եզրակացությունը, դրան ծանոթանալու պահից յուրաքանչյուր տարի մեկ անգամ կարող են դիմել նոր ատեստավորում անցնելու համար, որի դեպքում վերջիններիս ատեստավորումը կազմակերպվում և անցկացվում է սույն կարգի 2-րդ և 3-րդ գլուխների պահանջներին համապատասխան:

64. Թեստավորումն էլեկտրոնային եղանակով անցկացնելու համար անհրաժեշտ տեխնիկական պայմանների առկայության դեպքում հանձնաժողովի նախագահի որոշմամբ թեստավորումն անցկացվում է էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով անցկացվող թեստավորման վրա տարածվում են սույն գլխով նախատեսված նորմերը՝ այնքանով, որքանով դրանք կիրառելի են:

65. Հաստիքային գաղտնի աշխատակիցներով համալրվող համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման գործունեության և գործառույթների առանձնահատկություններով պայմանավորված՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով կարող են նախատեսվել ատեստավորման անցկացման գործընթացի առանձնահատկություններ:

66․ Սույն կարգի 4-րդ կետի համաձայն՝ համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման նպատակով յուրաքանչյուր տարի հունվար ամսին կադրերի վարչությունը կազմում է անվանացուցակ և ատեստավորման ժամանակացույց, որը գրությամբ ուղարկում է համապատասխան ստորաբաժանումներ։

 

3․ ՆՈՐ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

67․ Համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների նոր ատեստավորման կազմակերպման նպատակով ընդունվում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրաման, որով սահմանվում են ատեստավորման ժամանակացույցը, ատեստավորմանը մասնակցելու վերաբերյալ զեկուցագրերի ներկայացման ժամկետները և ատեստավորման գործընթացի իրականացման մանրամասները:

68․ Համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների նոր ատեստավորմանը մասնակցությունն իրականացվում է կամավոր հիմունքներով։

69. Համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողը նոր ատեստավորմանը մասնակցելու վերաբերյալ զեկուցագիրը ներկայացնում է կադրերի վարչության պետի անունով:

70. Համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողի՝ նոր ատեստավորմանը մասնակցելու վերաբերյալ զեկուցագիրը կադրերի վարչություն է ուղարկվում համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման պետի ուղեկցող գրությամբ, որին կցվում է նաև ծառայողի ծառայողական բնութագիրը:

71․ Համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների նոր ատեստավորումը իրականացվում է սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան։

72․ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» 2023 թվականի մարտի 1-ի ՀՕ-40-Ն օրենքի ընդունումից հետո կամավոր ատեստավորմանը չմասնակցած ծառայողների ատեստավորումը կազմակերպվում է սույն գլխով սահմանված կարգով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Ա. Խաչատրյան

 

27.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հունիսի 2024 թվական: