Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-53-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (24.03.2009-01.07.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.03.23/15.1 Հոդ.269.1
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
18.03.2009
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.03.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.03.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2009 թվականի մարտի 18-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 104-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-րդ կետով.
 

«10.1) որը կատարվել է զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից,»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
 

«1. Զանգվածային անկարգություններ կազմակերպելը`

պատժվում է ազատազրկմամբ` չորսից տասը տարի ժամկետով:

2. Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը`

պատժվում են ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով, եթե այդ արարքները կատարելն ինքնին չի առաջացնում սույն օրենսգրքի այլ հոդվածներով ավելի խիստ պատասխանատվություն:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 4. Օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «կամ զանգվածային անկարգությունների» բառերը:

 

Հոդված 5. Օրենսգրքի 225-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

 

«5. Սույն օրենսգրքում զանգվածային անկարգություններ են համարվում բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված մեկից ավելի անձանց գործողությունները, որոնց հետևանքով վտանգվում է հասարակական անվտանգությունը:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 2-րդ մասի դիսպոզիցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«2. Հրապարակային միջոցառումը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության ներկայացուցչի օրինական որոշմանը չենթարկվելուն ուղղված կոչերը`»:

 

Հոդված 7. Օրենսգրքի 300-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 300. Իշխանությունը յուրացնելը

 

1. Իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը`

պատժվում են ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:

2. Իշխանությունը պահելը` Հանրապետության Նախագահի, պատգամավորի, վարչապետի, նախարարի լիազորությունների ավարտից հետո այդ լիազորությունների իրականացումը շարունակելը`

պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործության նախապատրաստության փուլում դրան մասնակցող անձի կողմից հանցագործության նախապատրաստության մասին իրավապահ մարմիններին կամավոր հայտնած անձն ազատվում է սույն հոդվածի առաջին մասով նախատեսված քրեական պատասխանատվությունից:»:

 

Հոդված 8. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 300.1-րդ և 300.2-րդ հոդվածներով.

 

«Հոդված 300.1. Սահմանադրական կարգը տապալելը

 

1. Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ`

պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածով նախատեսված հանցագործության նախապատրաստության փուլում դրան մասնակցող անձի կողմից հանցագործության նախապատրաստության մասին իրավապահ մարմիններին կամավոր հայտնած անձն ազատվում է սույն հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից:

 

Հոդված 300.2. Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները

 

Տարածքային ամբողջականությունը խախտելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքի մասը առանձնացնելուն կամ Հայաստանի Հանրապետության տարածքը կամ դրա մասը այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելը`

պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:»:

 

Հոդված 9. Օրենսգրքի 301-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 301. Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը

 

Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը`

պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:»:

 

Հոդված 10. Օրենսգրքի 301-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 301.1-րդ հոդվածով.

 

«Հոդված 301.1. Հանրապետության Նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, սահմանադրական դատարանին պարտադրելը

 

1. Հանրապետության Նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը կամ սահմանադրական դատարանին` նրանց նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, նրանց լիազորություններից բխող որևէ գործողություն կատարել կամ չկատարել պարտադրելը, որն ուղղված չէ իշխանությունը յուրացնելուն`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից տասը տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որն առաջացրել է ծանր հետևանքներ`

պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:»:

 

Հոդված 11. Սույն օրենքի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ 1-ին, 6-րդ և 10-րդ հոդվածները` պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2009 թ. մարտի 20

Երևան

ՀՕ-53-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան