Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-129-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (06.12.2008-31.12.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.12.18/68.1 Հոդ.1384.1
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.11.2004
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2004 թվականի նոյեմբերի 22-ին

ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ  1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1.

Օրենքի նպատակը

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման, օգտագործման, գրանցման և հաշվառման հետ կապված հարցերը, ինչպես նաև դրանց նկատմամբ հսկողությունը և սահմանում է սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը:

 

Հոդված 2.

Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը կարգավորող իրավական ակտերը

 

Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը կարգավորող իրավական ակտերը ներառում են սույն օրենքը, հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառմանը վերաբերող Հայաստանի Հանրապետության այլ օրենքները, օրենքով նախատեսված դեպքերում` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները, ինչպես նաև իրավական այլ ակտեր:

 

Հոդված 3.

Օրենքի գործողության ոլորտը

 

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձանց, դրանց առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), Հայաստանի Հանրապետության տարածքում գործող օտարերկրյա կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), (այսուհետ՝ կազմակերպություններ) և անհատ ձեռնարկատերերի վրա:

2. Սույն օրենքը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի (ներառյալ` դուստր բանկերի), դրանց մասնաճյուղերի, ներկայացուցչությունների, գործառնական գրասենյակների (կետերի), օտարերկրյա բանկերի` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի և ներկայացուցչությունների, վարկային կազմակերպությունների, արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց` այդ գործունեության մասով, ֆոնդային բորսաների և Կենտրոնական դեպոզիտարիայի վրա:

(3-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-56-Ն, լրաց. 20.05.05 ՀՕ-115-Ն)


Գ Լ ՈՒ Խ  2.


ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ


Հոդված 4.

Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մանրածախ վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկների բոլոր դեպքերում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը, սույն հոդվածի 3-րդ մասում նշված ժամանակացույցին համապատասխան, պարտադիր է, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Գործունեության կամ գործունեության իրականացման (գտնվելու) վայրի առանձնահատկություններից ելնելով՝ կանխիկ դրամով դրամական հաշվարկներ կատարելիս կազմակերպությունների համար հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր չէ հետևյալ գործունեության տեսակների մասով`

ա) բնակչությանը կոմունալ ծառայությունների մատուցման, պայմանով, որ դրանց դիմաց կանխիկ դրամով դրամական հաշվարկներ իրականացնելիս վճարողին տրամադրվում է օրենսդրությամբ սահմանված կարգով վճարումը հավաստող փաստաթուղթ.

բ) կրպակներում թերթերի և ամսագրերի վաճառքի, պայմանով, որ թերթերի և ամսագրերի իրացման տեսակարար կշիռը գերազանցում է ապրանքաշրջանառության ծավալի 50 տոկոսը: Թերթերի և ամսագրերի իրացումից հասույթի հաշվառումն իրականացվում է առանձնացված կարգով.

գ) վիճակախաղի տոմսերի վաճառքի.

դ) ավտոմոբիլային, ջրային, երկաթուղային, օդային տրանսպորտով երթևեկելու համար երթևեկության տոմսերի վաճառքի.

ե) ուսումնական դասընթացների անցկացման ընթացքում հանրակրթական և դրանց հավասարեցված այլ ուսումնական հաստատությունների աշակերտներին և աշխատակիցներին սննդով ապահովման.

զ) առևտրի իրականացման վայրերում (առևտրի կենտրոններում, սպառողական ապրանքների շուկաներում, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, տոնավաճառներում և ցուցահանդես-վաճառքի անցկացման վայրերում) գտնվող բաց վաճառասեղաններից գյուղատնտեսական արտադրանքի և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող գործածության մեջ եղած անձնական օգտագործման իրերի վաճառքի.

է) ձեռքի սայլակներից, զամբյուղներից, արկղերից (ներառյալ` մթնոլորտային տեղումներից պոլիէթիլենային թաղանթով կամ այլ նյութերով պաշտպանված) պարենային և ոչ պարենային ապրանքների (բացառությամբ այնպիսի ապրանքների, որոնք պահանջում են պահպանման և վաճառքի հատուկ պայմաններ) շրջիկ և շրջածախ մանրածախ վաճառքի.

ը) գյուղական բնակավայրերի մանկաբարձական-բուժական կետերում գտնվող դեղատներից դեղանյութերի վաճառքի.

թ) կրպակներից ոչ ոգելից խմիչքների լցնովի վաճառքի.

ժ) բուսական յուղի և կշռովի բանջարաբոստանային մշակաբույսերի, ինչպես նաև ցիստեռններից (տակառներից) լցնովի գարեջրի և կվասի վաճառքի.

ժա) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գրանցված կրոնական կազմակերպությունների կողմից կրոնական պարագաների իրացման և կրոնական ծիսակատարությունների ծառայությունների մատուցման.

ժբ) փոստային ծառայությունների դիմաց վճարումը հավաստող փոստային վճարման պետական նշանների (փոստային նամականիշերի և այլ նշանների) անվանական արժեքով իրացման.

ժգ) նոտարական և փաստաբանական ծառայությունների իրականացման.

ժդ) փոստային և սուրհանդակային գործունեության իրականացման.

ժե) փորձագիտական բնագավառում գիտահետազոտական, գիտատեխնիկական և գիտամեթոդական աշխատանքների իրականացման.

ժզ) ավտոտրանսպորտային միջոցը տաքսամետրով (սակաչափիչով) կահավորված լինելու դեպքում` մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումների իրականացման:

3. Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մանրածախ վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկների դեպքում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը`

ա) 2005 թվականի հունվարի 1-ից պարտադիր է գործունեության հետևյալ ոլորտների համար` 

խաղատների և /կամ շահումով խաղերի կազմակերպում,

բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպում, 

ստացիոնար տեղակայված լիցքավորման կայաններում (կետերում) բենզինի, դիզելային վառելիքի և բնական ու հեղուկ գազի վաճառք,

խանութների և տաղավարների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում գտնվող խանութների և տաղավարների) միջոցով իրականացվող առևտրական գործունեություն,

Երևան քաղաքում 7մ2, իսկ այլ վայրերում 10մ2 գերազանցող ընդհանուր մակերես ունեցող կրպակների (բացառությամբ գյուղական բնակավայրերում գտնվող) միջոցով իրականացվող առևտրական գործունեություն,

հյուրանոցային ծառայությունների մատուցում,

սպասարկման սրահ ունեցող օբյեկտներում հանրային սննդի կազմակերպում,

դեղատնային գործունեություն,

վերգետնյա տրանսպորտային միջոցներով (ավտոկրպակներ, մոտոկրպակներ, ավտոսայլակներ, մոտոսայլակներ, կցորդներ, կիսակցորդներ և համանման այլ շարժական կետեր) իրականացվող մանրածախ առևտրի (բացառությամբ գյուղատնտեսական արտադրանքի, թերթերի, ամսագրերի, լցնովի գարեջրի, կվասի, կաթի, թանի, կերոսինի, բենզինի և /կամ դիզելային վառելիքի, հեղուկ գազի վաճառքի) գործունեություն.

բ) 2005 թվականի ապրիլի 1-ից պարտադիր է գործունեության հետևյալ ոլորտների համար`

Երևան քաղաքի տարածքում գտնվող առևտրի իրականացման վայրերում (առևտրի կենտրոններում, սպառողական ապրանքների շուկաներում, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, տոնավաճառներում և ցուցահանդես-վաճառքի անցկացման վայրերում) կրպակներից, վրաններից և ապրանքների ցուցադրումն ու պահպանումն ապահովող կահավորված այլ վաճառատեղերից, ինչպես նաև առևտրի իրականացման վայրերի մշտական շինություններում վաճառասեղաններից ապրանքների (բացառությամբ գյուղատնտեսական արտադրանքների և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող գործածության մեջ եղած անձնական օգտագործման իրերի) վաճառք,

մարզաառողջարարական համալիրների, հանգստյան տների կազմակերպում,

հիվանդանոցների և ամբուլատոր բուժհիմնարկների կողմից ծառայությունների մատուցում,

գեղեցկության սրահների կազմակերպում,

արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային-բրոքերային առքուվաճառքի գործունեություն.

գ) 2007 թվականի հոկտեմբերի 1-ից պարտադիր է գործունեության հետևյալ ոլորտների համար`

Երևան քաղաքում 7մ2, իսկ այլ վայրերում (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերի) 10մ2 չգերազանցող ընդհանուր մակերես ունեցող կրպակների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն,

Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում գտնվող խանութների, տաղավարների և 10մ2 գերազանցող ընդհանուր մակերես ունեցող կրպակների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն.

դ) 2010 թվականի հունվարի 1-ից պարտադիր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում գտնվող մինչև 10մ2 ընդհանուր մակերես ունեցող կրպակների միջոցով իրականացվող առևտրական գործունեության համար.

ե) 2006 թվականի հուլիսի 1-ից պարտադիր է սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասում և 3-րդ մասի «ա»-«դ» կետերում չնշված գործունեության այլ ոլորտների համար:

Հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերի ցանկերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը մինչև 2005 թվականի հուլիսի 1-ը:

(4-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-56-Ն, 13.11.07 ՀՕ-259-Ն, 22.10.08 ՀՕ-177-Ն)


Հոդված 5.

Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման պարտադիր պահանջները

 

Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները սահմանվում են սույն օրենքով: Հսկիչ-դրամարկղային մեքենաներին ներկայացվող պահանջները, գրանցման կարգը և շահագործման կանոնները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային-բրոքերային առքուվաճառքի գործունեություն իրականացնողների կողմից կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաներին կամ սույն օրենքի 8-րդ հոդվածում նշված պահանջներին բավարարող ծրագիր պարունակող համակարգչային սարքավորումներին ներկայացվող պահանջները, գրանցման կարգը և շահագործման կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը՝ հարկային մարմնի հետ համատեղ:

(5-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-56-Ն, 13.11.07 ՀՕ-259-Ն)

 

Հոդված 6.

Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները

 

Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը կանխիկ դրամով դրամական հաշվարկները պետք է իրականացնեն`

ա) սույն օրենքի 8-րդ հոդվածում նշված` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի թույլատրած հսկիչ-դրամարկղային մեքենաներով.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային մարմնի գրանցած և կապարակնքած հսկիչ-դրամարկղային մեքենաներով.

գ) հսկիչ-դրամարկղային մեքենայի մոդելին ներկայացվող պարտադիր տեխնիկական պահանջները բավարարող հսկիչ-դրամարկղային մեքենաներով.

դ) դրամական միջոցների պատշաճ հաշվառումը (վերահսկողական ժապավենի և ֆիսկալային հիշողության ֆիքսումը) ապահովող հսկիչ-դրամարկղային մեքենաներով:

Արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային-բրոքերային առքուվաճառքի գործունեություն իրականացնողները դրամական հաշվարկները պետք է իրականացնեն սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջները բավարարող հսկիչ-դրամարկղային մեքենայով կամ դրան համարժեք (նույն պահանջները բավարարող) համակարգչային սարքավորումներով:

(6-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-56-Ն, 13.11.07 ՀՕ-259-Ն)

 

Հոդված 7.

Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառող անձանց պարտականությունները

 

Կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք կիրառում են հսկիչ-դրամարկղային մեքենաներ, պարտավոր են`

ա) իրականացնել հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցումը հարկային մարմիններում.

բ) կիրառել այնպիսի հսկիչ-դրամարկղային մեքենաներ, որոնք բավարարում են սույն օրենքով և իրավական այլ ակտերով հսկիչ-դրամարկղային մեքենաներին ներկայացվող կիրառման կանոններին.

գ) օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռքբերման, շահագործման հանձնելու և կիրառելու հետ կապված փաստաթղթերի վարումը և պահպանումը, ինչպես նաև սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված հսկողության իրականացման նպատակով ապահովել հարկային մարմինների պաշտոնատար անձանց անարգել մուտքը դեպի համապատասխան հսկիչ-դրամարկղային մեքենան և տրամադրել սույն պարբերությունում նշված փաստաթղթերը:

 

Հոդված 8.

Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման թույլատրումը

 

Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենայի յուրաքանչյուր մոդելի կիրառման թույլատրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը, որը վարում է կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենայի մոդելների գրանցամատյանը: Արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային-բրոքերային առքուվաճառքի գործունեության մասով կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաների, համակարգչային սարքավորումների, ինչպես նաև համակարգչային ծրագրի կիրառման թույլատրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի և հարկային մարմնի հետ:

(8-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-56-Ն, 13.11.07 ՀՕ-259-Ն)

 

Հոդված 9.

Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման հսկողությունը

 

1. Հարկային մարմինները`

ա) իրականացնում են սույն օրենքի կիրառման նկատմամբ հսկողություն.

բ) իրականացնում են կազմակերպություններում և անհատ ձեռնարկատերերի մոտ հասույթի լիարժեք հաշվառման հսկողություն.

գ) ստուգում են հսկիչ-դրամարկղային մեքենաներին վերաբերող փաստաթղթերը, անհրաժեշտության դեպքում պահանջելով տվյալներ և այլ տեղեկություններ, բացատրություններ, տեղեկանքներ, որոնք անմիջականորեն առնչվում են իրենց իրավասության շրջանակներում իրականացվող ստուգման նպատակներին.

դ) անցկացնում են հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների տրամադրման ստուգումներ այն անձանց մոտ, որոնց համար հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է համաձայն սույն օրենքի.

ե) օրենքով սահմանված կարգով և սույն օրենքով սահմանված դեպքերում նշանակում են տուգանքներ.

զ) արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային-բրոքերային առքուվաճառքի գործունեություն իրականացնողների կողմից համակարգչային սարքավորումների կիրառման դեպքում իրականացնում են սույն մասի «ա»-«ե» կետերում նշված գործառույթները:

2. Սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված տուգանքների կիրառումից գոյացած գումարների 10 տոկոսի չափով մասհանումների հաշվին կազմավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հատուկ ֆոնդ, որի միջոցները ծախսվում են`

ա) հսկիչ գնումների ֆինանսավորման համար.

բ) սույն հոդվածով սահմանված հսկողական գործառույթների իրականացման ֆինանսավորման համար:

Սույն կետում նշված ֆինանսավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային-բրոքերային առքուվաճառքի գործունեություն իրականացնողների կողմից կիրառվող համակարգչային ծրագրին ներկայացվող պահանջների և կիրառման կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը՝ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(9-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-56-Ն, 13.11.07 ՀՕ-259-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3.

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ


Հոդված 10.

Պատասխանատվությունն օրենքի պահանջները խախտելու համար

 

Սույն օրենքի, ինչպես նաև սույն օրենքի 5-րդ հոդվածում նշված կարգերի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

Արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային-բրոքերային առքուվաճառքի գործունեության մասով սույն օրենքով սահմանված պատասխանատվության կիրառման առումով համակարգչային սարքավորումները հավասարեցվում են հսկիչ-դրամարկղային մեքենաներին:

(10-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-56-Ն, 13.11.07 ՀՕ-259-Ն)

 

Հոդված 11.

Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման և հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնները չպահպանելը

 

1. Սույն օրենքով սահմանված դեպքերում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր լինելու դեպքում կանխիկ դրամով դրամական գործարքներ իրականացնելու վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի բացակայության համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է հարյուր հիսուն հազար դրամի չափով:

Տուգանքը նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում սույն մասի առաջին պարբերությունում նշված խախտումը կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է երեք հարյուր հազար դրամի չափով, և նրա գործունեությունն այդ մասով կասեցվում է մինչև սահմանված կարգով հսկիչ-դրամարկղային մեքենայի ներդրումը:

2. Հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգի և /կամ շահագործման կանոնների խախտմամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում են յոթանասունհինգ հազար դրամի չափով:

Տուգանքը նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, սույն մասի առաջին պարբերությունում նշված խախտումն առաջին անգամ կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է հարյուր հիսուն հազար դրամի չափով, և նրա գործունեությունն այդ մասով կասեցվում է 5 օրով: Գործունեության կասեցման հիմքերի վերաբերյալ հայտարարությունը փակցվում է գնորդների և հաճախորդների համար տեսանելի տեղում:

Տուգանքը նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, սույն մասի երկրորդ պարբերությունում նշված խախտումը երկրորդ և ավելի անգամ կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է երեք հարյուր հազար դրամի չափով, և նրա գործունեությունն այդ մասով կասեցվում է 10 օրով: Գործունեության կասեցման հիմքերի վերաբերյալ հայտարարությունը փակցվում է գնորդների և հաճախորդների համար տեսանելի տեղում: Սույն մասում նշված խախտումը թույլ տված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ցանկը հարկային մարմնի ղեկավարի կողմից ենթակա է հրապարակման` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Սույն հոդվածով սահմանված գործունեության կասեցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի համապատասխան որոշման հիման վրա:

Սույն հոդվածով սահմանված տուգանքը, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից խախտման փաստն արձանագրելուց հետո երկամսյա ժամկետում չմուծելու դեպքում, կրկնապատկվում է:

 

Գ Լ ՈՒ Խ  4.


ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ


Հոդված 12.

Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից։

Հայաստանի Հանրապետության
  Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. դեկտեմբերի 18
Երևան
   ՀՕ-129-Ն

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան