Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 54-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.04.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.04.04-2022.04.17 Պաշտոնական հրապարակման օրը 12.04.2022
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
05.04.2022
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

05 ապրիլի 2022 թվականի

թիվ 54-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՔՍԱՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով կազմակերպել Հայաստանի Հանրապետության դրամանիշերի շրջանառությունը,

հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը, 41-րդ և 42-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2022 թվականի մայիսի 3-ից շրջանառության մեջ դնել սույն որոշման Հավելվածով սահմանված նմուշի և նկարագրությամբ քսան հազար դրամ անվանական արժեքով 2021 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները:

2. Սահմանել, որ քսան հազար դրամ անվանական արժեքով 2021 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական վճարամիջոց են և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով` փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց, առանց ժամկետային սահմանափակումների: Քսան հազար դրամ անվանական արժեքով 1999, 2007, 2009, 2012, 2018 թվականների թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

2022 թ. ապրիլի 8

 ք. Երևան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

 2022 թվականի ապրիլի 5-ի

թիվ 54-Ն որոշման

 

Քսան հազար դրամ անվանական արժեքով 2021 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի նմուշը

 

Ներմուծեք նկարագրությունը_21597

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Քսան հազար դրամ անվանական արժեքով 2021 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի

 

20000 դրամ անվանական արժեքով 2021 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի չափերն են՝ 150 x 72 մմ: Թղթադրամը տպագրված է Hybrid™ բարձրորակ կոմպոզիտային հումքի վրա, որը երկու կողմերից պոլիէսթերի բարակ շերտով պատված բամբակե թուղթ է: Թղթադրամը պարունակում է Հովհաննես Այվազովսկու դիմանկարը պատկերող բազմերանգ ջրանիշ, ինչպես նաև անվանական արժեքն արտահայտող երկերանգ ջրանիշ: Թղթադրամի հիմնական գույնն է՝ կանաչը:

 

Դիմերես

 

Թղթադրամի վերին մասում խորը տպագրության եղանակով տպագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրանից ներքև մանրատառաշարով՝ կրկնվող «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 20000 ՔՍԱՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը և թվերը:

Թղթադրամի ձախ հատվածում Հովհաննես Այվազովսկու դիմանկարն է և «ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿԻ» գրառումը: Դիմանկարից ձախ ուղղահայաց տպագրված են թղթադրամի անվանական արժեքը թվերով՝ «20000» և սև գույնով թղթադրամի համարանիշը՝ բաղկացած «ԵԲ» տառերից (թղթադրամի սերիան) և ութ թվերից (թղթադրամի համարը)։ Դրանց ներքևում առկա է օպտիկապես փոփոխական ներկով տպագրված պաշտպանական հատկանիշ, որն ունի շրջանակի տեսք և պարունակում է նավի պատկեր ու հորիզոնական «լողացող» 3D վառ էլեմենտ։

Հովհաննես Այվազովսկու դիմանկարի ֆոնին՝ իր կտավներից հատվածներ են և նավի պատկեր։ Թղթադրամի անվանական արժեքը բառերով և թվերով՝ «ՔՍԱՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ 20000» տպագրված է ներքևի աջ մասում:

Թղթադրամի մեջտեղում առկա է պատուհանաձև պաշտպանական ներգիծ կանաչից կապույտի գունափոխման հատկանիշով. պարունակում է «լողացող» 3D վառ պատկերներ անկյունակների տեսքով, ՀՀ դրամի գրանշանի պատկերը, ինչպես նաև «20000» ապամետաղականացված գրառումը։

Թղթադրամի վերևի աջ հատվածում, սև գույնով, տպագրված է թղթադրամի համարանիշը, որից ներքև ՀՀ կենտրոնական բանկի նախագահի և ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրություններն են: Դրանցից աջ գտնվում է թափանցիկ պատուհան՝ նավի հստակ պատկերով։

Թղթադրամի աջ եզրին հորիզոնական տպագրված է թողարկման տարեթիվը «2021», և ուղղահայաց՝ «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA»:

Տկարատեսների համար թղթադրամի ձախ և աջ եզրերին առկա են շոշափելի ուղղահայաց գծեր:

 

Դարձերես

 

Թղթադրամի վերին մասում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» գրառումն է, իսկ դրանից ներքև՝ մանրատառաշարով կրկնվող «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 20000 ՔՍԱՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը և թվերը:

Թղթադրամի վերևի ձախ անկյունում գտնվում է թափանցիկ պատուհան՝ նավի հստակ պատկերով։

Թղթադրամի մեջտեղի հատվածում Հովհաննես Այվազովսկու պատկերասրահի շենքն է, նրա ծննդավայր Թեոդոսիայի համապատկերը և երկգույն մարգարտափայլ ժապավեն։

Թղթադրամի աջ մասում Հովհաննես Այվազովսկու արձանի պատկերն է, որից աջ առկա են ուղղահայաց «20000» թիվը և «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը։

Թղթադրամի անվանական արժեքը թվերով և բառերով՝ «20000 ՔՍԱՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» տպագրված է ներքևի հատվածում:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 ապրիլի 2022 թվական: