Գլխավոր տեղեկություն
Համար
N 459-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.04.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.04.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 ապրիլի 2022 թվականի N 459-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ և 22-րդ հոդվածները, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման NN 1 և 2 հավելվածներով հաստատված կարգերի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, քաղաք Երևան, Ավան, Աճառյան փողոց 2-րդ նրբանցք 2/3 հասցեում գտնվող, 5552.1 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.695691 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ՝ գույք) (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 09062020-01-0226 վկայական) օտարել մրցույթով:

2. Սահմանել՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով՝ 2021 թվականի հոկտեմբերի 4-ի դրությամբ՝

ա. անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքը՝ 318 135 000 դրամ,

բ. անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքում ներառված, հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը՝ 328 000 000 դրամ,

գ. հատկացված հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 173 147 751 դրամ.

2) գույքի ապամոնտաժման աշխատանքների հետ կապված ընդհանուր ծախսերի շուկայական արժեքը 2021 թվականի սեպտեմբերի 24-ի դրությամբ՝  23 098 680 դրամ.

3) գույքի օգտահանության արժեքը 2021 թվականի սեպտեմբերի 24-ի դրությամբ՝ 13 233 635 դրամ.

4) մրցույթով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը՝ 318 135 000 դրամ:

3. Կոմիտեի նախագահին՝

1) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ կոմիտեի պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների և մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

3) մրցույթի հաղթողի կողմից (այսուհետ՝ գնորդ) գույքի վաճառքի գումարի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար մատուցված ծառայությունների և անշարժ գույքի օգտահանության դիմաց վճարի՝ 1 226 702 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) արժեքի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքի, պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված վճարներն ու տուրքերը.

4) առաջին մրցույթի ժամանակ գույքը չվաճառվելու դեպքում գույքի վաճառքի նպատակով կազմակերպել ևս երկու մրցույթ` նույն պայմաններով՝ առանց գույքի վաճառքի գնի նվազեցման։

4. Սահմանել, որ՝

1) մրցույթի հաղթողին որոշելու համար հիմք են ընդունվում հետևյալ պայմանները և պայմանների գնահատման կշռային գործակիցները՝

ա. գույքի համար առաջարկվող գին (չի կարող ցածր լինել սույն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված արժեքից)՝ արտահայտված մեկ թվային մեծությամբ՝ կշռային գործակիցը՝ 0.7,

բ. գործարար ծրագրին համապատասխան իրականացվելիք ներդրումների չափ` արտահայտված մեկ թվային մեծությամբ` կշռային գործակիցը՝ 0.3.

2) հաղթող է ճանաչվում լավագույն պայմաններ առաջարկած և ըստ կշռային գործակիցների առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը.

3) հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է գույքի համար բարձր գին առաջարկած մասնակցին.

4) գույքի օտարման և գրավի պայմանագրով նախատեսել, որ մինչև պայմանագրային պարտավորությունների ամբողջական կատարման ավարտը գույքը համարվում է գրավադրված Հայաստանի Հանրապետության օգտին և առանց կոմիտեի գրավոր համաձայնության գնորդն իրավունք չունի գրավի առարկան օտարելու, այն տրամադրելու վարձակալության, անհատույց օգտագործման կամ այլ կերպ տնօրինման։ Գրավ դրված գույքը կոմիտեի գրավոր համաձայնությամբ օտարելիս կամ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս գրավի իրավունքը պահպանելու է իր ուժը և նոր գնորդն իրավահաջորդության կարգով ստանձնելու է գործարքի արդյունքում գնորդին վերապահված ամբողջ պարտավորությունները։

5. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ: Նախավճարը չի վերադարձվում և փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, եթե հաղթող մասնակիցը հրաժարվում է հետագա վճարումները կատարելուց:

6. Գնորդը գույքի արժեքը պետք է վճարի Հայաստանի Հանրապետության արժույթով` «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

07.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ